HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի համայնքապետի պաշտոնակատարը հրաժարվել է Մանվել Գրիգորյանի հետ կապվող «045» համարանիշերից

«Հետք»-ի հարցերին պատասխանում է էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:

Այս պահին Հայաստանի միակ կին քաղաքապետն եք: Ինչպե՞ս եք Ձեզ զգում այս պաշտոնում:

Չեմ թաքցնի, շատ հաճելի է առաջին կին քաղաքապետը լինելը: Իսկապես պատիվ է, միաժամանակ՝ պատասխանատու, որովհետև ընկալումներ, կարծրատիպեր կոտրելու  խնդիրն ունենք, ոչ միայն կին, այլև երիտասարդ լինելու առումով: Սակայն, եթե անկեղծ, սոցիալական ցանցերում բավականին դրական արձագանքներ ստացել եմ, փորձում եմ հետևել քննարկումներին: Բացասական էներգիա դեռ չեմ ստացել: Աշխատակազմի հետ շփումներում դարձյալ հարգանքի մթնոլորտ է տիրում: Ես որևէ մեկի նկատմամբ թշնամաբար տրամադրված չեմ եկել: Ճիշտ է, ինձ պաշտոնապես ներկայացնելու արարողակարգն այսօր է լինելու, սակայն երեկվանից արդեն ներկայացել եմ աշխատավայր, ծանոթացել եմ բոլոր աշխատակիցների հետ, շրջել եմ աշխատասենյակներով: Մի քանի առաջնահերթ խնդիրների մասին արդեն խոսել ենք, տվել եմ հանձնարարականներ: Այսինքն՝ բավականին բուռն սկսել եմ գործունեությունս: Ինձ լավ եմ զգում, չեմ վախենում, վճռական եմ տրամադրված:

Հանրությունը հիմնականում բացասական է արձագանքում, երբ երիտասարդ է նշանակվում լուրջ, պատասխանատու պաշտոններում, ինչպես եղավ, օրինակ՝ սփյուռքի նախարարի դեպքում: Մտավախություն չունե՞ք, որ Ձեզ էլ լուրջ չեն ընկալի:

Եթե անկեղծ, ավելի շատ իմ տարիքի հետ կապված բացասական մեկնաբանություններ լսել եմ լրատվամիջոցներով, որն ամենևին չի նշանակում, թե մեկնաբանություն անողն իմ քաղաքի բնակիչ է: Քաղաքի բնակիչներից հիմնականում լսում եմ դրական արձագանք: Ինձ թվում է` հանրությունն արդեն պետք է սովորած լինի Ձեր նշած նախարարի նշանակումից հետո, որը չեմ կարծում, թե պրոֆեսիոնալիզմի հետ կապված խնդիրներ ունի: Ինչքան ես գիտեմ, կառավարության միջին տարիքն այսօր գնահատվում է 31 տարեկան, այնպես որ շատ քիչ եմ ներքև միջին տարիքից, 30 տարեկան եմ:

Հունիսի 22-ից արդեն զբաղեցնում եք Էջմիածնի համայնքապետի պաշտոնակատարի պաշտոնը, ո՞րն է եղել Ձեր առաջին լուրջ հանձնարարականը:

Առաջինը եղել է ծառայողական ավտոմեքենայի պետհամարանիշից ձերբազատվելը, որովհետև մարդկանց մեջ բավականին բացասական ասոցիացիաներ և հիշողություններ է առաջացնում պետհամարանիշի «045» թիվը: Առաջին հերթին ես իմ ծառայողական ավտոմեքենայի հետ կապված էի անհանգստացած, սակայն իմ օրինակին հետևեցին փոխքաղաքապետերը: Երկու փոխքաղաքապետին հատկացված է մեկ ծառայողական ավտոմեքենա, նրանք էլ նման ցանկություն հայտնեցին:

Այնուհետև հրահանգել եմ ավագանու արտահերթ նիստ հրավիրել: Որոշում է եղել, որ մինչև հուլիսի 1-ը գույքահարկի մայր գումարի վճարման դեպքում ներվելու են տույժ-տուգանքները: Ես հակված եմ այդ ժամկետը երկարացնել: Գնումների գործընթացի վրա եմ կենտրոնացել, ուսումնասիրում եմ: Բոլոր ստորաբաժանումներին խնդրել եմ ներկայացնել հաշվետվություններ, թե անցյալ տարի, թե այս տարի ինչ աշխատանքներ են իրականացվել:

Էջմիածնում հանրային ճանաչում չունեք: Այդ պայմաններում կկարողանա՞ք լիարժեք կատարել Ձեր պարտականությունները, արժանանալ քաղաքացիների վստահությանը:

Ծնվել և մշտապես ապրում եմ Էջմիածնում, պարզապես ուսանողական տարիներից կյանքս տեղափոխվել է Երևան, մշտապես աշխատել եմ Երևանում: Այդ պատճառով գուցե Էջմիածնում լայն ճանաչում չունեմ: Ինձ «մեղադրում» են նաև Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջով ցույցերին մասնակից չլինելու մեջ, սակայն միայն ֆիզիկապես է, որ ներկա չեմ եղել, անընդհատ հետևել եմ և հոգեպես, մտքերով եղել եմ քաղաքի բնակիչների հետ: Քանի որ Էջմիածնի նախկին բարքերի կազմաքանդումը բոլորիս շահերից է բխել:

Իսկ ճանաչված չլինելու բացասական ընկալումը փորձում եմ կոտրել սոցիալական ցանցերով, ինչի հնարավորությունն այսօր կա: Իմ գործունեության հիմքում հակված եմ դնել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ օրվա մասին թեկուզ փոքր, բայց բովանդակալից տեղեկատվություն հաղորդելով և այլն: Հնարավոր է նաև ուղիղ եթերների միջոցով իրականացնեմ՝ վարչապետի օրինակով: Այստեղ մի քիչ անձնական բարդույթներ ունեմ, մտածում եմ այդ բարդույթները հաղթահարելու մասին: Ցանկանում եմ նաև օրվա մեջ, թեկուզ մեկ ժամ շրջել քաղաքում, մարդկանց հետ շփվել և ծանոթանալ նրանց առօրյա խնդիրներին:

Էջմիածնի քաղաքապետարանում աշխատում են հիմնականում Մանվել Գրիգորյանի և նրա ընտանիքի համախոհները: Նրանց հետ կկարողանա՞ք աշխատել:

Իմ անձնական փորձով կարող եմ հավաստիացնել, որ կարող ես լինել պետական ծառայող, բայց լինել ընդդիմադիր, համաձայն չլինել քաղաքական կուրսի հետ՝ լինի երկրի, թե համայնքի, սակայն պրոֆեսիոնալիզմի շնորհիվ աշխատանքային պարտականությունները կատարել: Միջին օղակի աշխատակիցներից ազատվելու խնդիր իմ առջև չեմ դրել, որովհետև, ցավով եմ նշում, ցածր աշխատավարձեր են ստանում քաղաքապետարանում: Երեկվանից մտահոգված եմ և շատ եմ ցանկանում ինչ-որ ձևով մի փոքր բարձրացնել աշխատավարձերը: Օրինակ՝ ընդունարանի աշխատակցուհին 65.000 դրամ աշխատավարձ է ստանում, վարորդը՝ 60.000:

Անկեղծությունը գնահատում եմ, բոլորն էլ գիտեն, թե ինչպես է վարորդը կամ քարտուղարուհին վճարվում: Մարդիկ հավելավճարներ են ստանում իրենց ղեկավարից: Սակայն, ես ինձ նման շռայլություն չեմ կարող թույլ տալ, որովհետև կողմնակի եկամուտ չունեմ: Միշտ իմ միակ եկամուտը եղել է աշխատավարձը: Վճարման այդ տարբերակը ճիշտ էլ չեմ համարում: Այդ օղակի աշխատողները ցածր աշխատավարձով ծանր աշխատանք են կատարում, և պետք է նրանց շնորհակալություն հայտնել, այլ ոչ թե «դատապարտել»: Մարդիկ գուցե կատարել են հրահանգ, տեղյակ չեն եղել և այլն:

Ինչ վերաբերում է տեղակալներին, խորհրդականներին, աշխատակազմի ղեկավարին և այլն, աշխատանքից ազատվելու դիմումներ արդեն ունեմ: Մանվել Գրիգորյանի հետ շատ ասոցացվող մարդկանցից շատերն իրենց կամքով ցանկանում են գնալ և կարծում եմ, որ կգնան:

Այժմ բոլորը խոսում են Մանվել Գրիգորյանի և նրա ընտանիքի անդամների մասին: Դուք` որպես քաղաքի բնակիչ, երբևէ ըմբոստացե՞լ եք կամ պատկան մարմիններին տեղեկացրե՞լ եք քաղաքում տարիներ շարունակ տիրող վատ բարքերի մասին:

Անկեղծ կասեմ` ըմբոստացել և այդ բարքերի մասին խոսել եմ իմ շրջապատում, ծանոթների, ընկերների շրջանում: Դա եղել է նաև արդարադատության նախարարությունը, որտեղ աշխատում էի, այսինքն՝ նախկին կառավարությունում եմ աշխատել: Սակայն խոսվել է ոչ պաշտոնական մակարդակով: Պետք է ազնիվ լինեմ` որևէ պատկան մարմնի չեմ դիմել: Այստեղ, նույնիսկ իմ դեպքում, որ իրավաբան եմ, գործել է նստվածք տված այն համոզմունքը, որ որևէ բան չի փոխվելու, քանի դեռ այդ ընտանիքն ունի պետության հովանավորությունը: Հիմնական պատճառը եղել է դա, որ խնդիրների մասին չեմ տեղեկացրել: Ինչպես ես, այնպես էլ Էջմիածնի բնակիչների մեծ մասը, հավատացե՛ք, այդ կերպ են մտածել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter