HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի օդանավակայաններում ուղեւորների թիվը նվազում է փետրվարին, աճում՝ ամռանը

Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններից՝ «Զվարթնոցից» եւ «Շիրակից», այս տարվա առաջին կիսամյակում օգտվել է 1.206.952 մարդ: Սրանցից 1.130.864-ին սպասարկել է Երեւանի օդանավակայանը, իսկ Գյումրու օդանավակայանից օգտվողների թիվը կազմել է 76.088:

Երկուսի պարագայում էլ գերազանցվել են նախորդ տարիների կիսամյակին ցուցանիշները, ինչից կարող ենք եզրակացնել, որ տարեկան տվյալները նույնպես բարձր կլինեն անցած տարիների ցուցանիշներից:

Ստորեւ ներկայացվող ինֆոգրաֆիկաներում կարելի է տեսնել, որ, օրինակ, «Զվարթնոցում» փետրվարից հետո, երբ ուղեւորահոսքի մեջ տարվա ամենացածր ցուցանիշն է արձանագրվում, գարնանը սկսվում է աճը, ինչը, որպես կանոն, շարունակվում է մինչեւ օգոստոս: Սա պայմանավորված է տուրիստական սեզոնով, այսինքն՝ թե մեկնողներն են շատանում, թե ժամանողները: Աշնան ամիսներին որոշակի անկումից հետո ցուցանիշները կրկին բարձրանում են դեկտեմբերին:

Passengers: Zvartnots (06.2014-06.2018)
Infogram

«Շիրակի» պարագայում պատկերը մի փոքր այլ է: Եթե նախորդ տարիներին, երբ Գյումրու օդանավակայանը գործում էր թերբեռնված, լավագույն ցուցանիշները գրանցվում էին մայիսին ու նոյեմբերին, ապա 2017-ին եղել է մի քանի վերելք ու անկում. այսպես՝ ուղեւորահոսքը փետրվարյան «ավանդական» վայրէջքից հետո սկսել է աճել գարնանը ու բարձրակետի հասել մայիսին, հունիսին թվերը կրկին նվազել են, սակայն արդեն օգոստոսին, ինչպես «Զվարթնոցում», այստեղ էլ գրանցվել է անցած ժամանակահատվածի լավագույն ցուցանիշը: Բայց արդեն նոյեմբերին գրանցվել է նոր ռեկորդ. «Շիրակում» 2017-ի նոյեմբերին ամսական ուղեւորահոսքն անցել է 14 հազարի սահմանը: 

Ինչպես կարելի է տեսնել «Շիրակի» վերաբերյալ ինֆոգրաֆիկայում, այս մայիսին ու հունիսին Գյումրու օդանավակայանում գրանցվել են նոր ռեկորդներ: Ամսական ուղեւորահոսքն անցել է 16 հազարի շեմը: Ցավալին այն է, որ այստեղ որոշիչ դեր ունի ոչ թե հայկական, այլ ռուսական ավիափոխադրողը:  

Հիշեցնենք, որ Գյումրիում բազավորվող «Տարոն-Ավիա» ընկերությունը հունվարին հաշված թռիչքներ է կատարել Երեւանից Մոսկվա, ապա դադարեցրել չվերթները, չնայած անցյալ տարի Գյումրուց թռչում էր նաեւ Կրասնոդար, Սամարա, Մոսկվա, Դոնի Ռոստով: Այս պահին «Շիրակից» կանոնավոր օգտվում է միայն ռուսական «Պոբեդան», որը քաղաքից մեկնողներին ու այստեղ ժամանողներին սպասարկում է 2016-ի դեկտեմբերից:   

Հայկական մյուս ավիաընկերությունը՝ «Ավիակոմպանիա Արմենիան», Գյումրուց թռիչքներ չի կատարում: Օպերատորը 2016-ից Երեւանից թռչում է Ռուսաստան, Մերձավոր Արեւելք, Եվրոպա:  

Passengers: Shirak (06.2014-06.2018)
Infogram

Բեռնափոխադրման ոլորտում այս տարի «Զվարթնոցի» ցուցանիշները զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի թվերին: Եթե 2017-ի առաջին կիսամյակում երկրի գլխավոր օդանավակայանով տեղափոխվել էր 10.912 տոննա բեռ, ապա այս տարի՝ 7980 տ: «Շիրակով» էլ ամբողջ կիսամյակի ընթացքում տեղափոխվել է ընդամենը 500 կգ բեռ:

Cargo (t): Zvartnots (06.2014-06.2018)
Infogram

Այս տարի աճել են նաեւ թռիչք-վայրէջքները: Եթե 2017-ի առաջին կիսամյակում «Զվարթնոցում» կատարվել էր 4795 թռիչք-վայրէջք, ապա այս տարի՝ 5251: «Շիրակում» էլ այս ցուցանիշը 123-ից դարձել է 227:

Լուսանկարը՝ Արմեն Գասպարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter