HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Արդար ընտրություններին այլընտրանք չկա

«Անպայման մասնակցելու եմ ընտրություններին ու արդեն որոշել եմ, թե ում եմ ընտրելու»,-առանձնահատուկ ուրախությամբ իմ հարցին պատասխանեց 23-ամյա Նելլի Գալստյանը:

«Գնամ ընտրությունների, թե չգնամ, տարբերություն չկա: Իմ գնալով ոչինչ էլ չի որոշվում»,-ասաց 67-ամյա Գրետա տատը:

«Չեմ հավատում ու չեմ էլ գնալու ընտրեմ: Ոչ թեկնածուների ասածներին եմ հավատում, ոչ էլ' որ արդար ընտրություն կլինի ու իմ տված ձայնը տեղ կհասնի: Չեմ գնալու ու շատ կուզեմ, որ ժողովուրդը միասնական չգնա ընտրությունների, որրովհետեւ բոլորը խաբում են»,-ասաց 46-ամյա Վլադ Հակոբյանը:

«Ոչ մեկին էլ չեմ ընտրելու: Ընտրություններն էլ են ձեւական, հիմա ամեն ինչ վերեւների համար է. բանվոր դասակարգը ընտրի' վերեւները վայելեն»,-դժգոհեց 41-ամյա Ֆլորա Օհանյանը:

«Ես գնալու եմ ընտրության, որ ընտրեմ մեր շենքից մի տղայի: Լավ էլ խելոք, համեստ, հարգանքով տղա է, ժուլիկ չի: Կգնամ ու իրեն կընտրեմ, կարող է իմ ձենն էդ տղուն պետք է գալիս»,-ընտրություններին իր մասնակցությունը պատճառաբանեց 76-ամյա Գենա Բալյանը:

Հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են: Առաջին անգամ խորհրդարանը ձեւավորվելու է համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով: «2004թ. դեկտեմբերին ընդունված ԼՂՀ «Ընտրական օրենսգիրքը» հնարավորություն ընձեռեց, որ ձեւավորվեն կուսակցություններ, եւ ընտրությունը լինի նաեւ համամասնական ընտրակարգով: 33 պատգամավորական տեղերից 22-ը նախատեսված են համամասնական, իսկ 11-ը' մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների համար: «Ամեն քայլ արվել է համաձայն օրենքի' ձեւավորել ենք 274 տեղամասային ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովները, ինչպես նաեւ ԿԸՀ-ն, ձեւավորվել են համաձայն օրենքի' 3 անդամ նշանակել է ԼՂՀ նախագահը, եւ 2-ական անդամներ' ներկայիս ԱԺ-ում եղած խմբակցություններից»,-ասաց Կենտրոնական ընտրական հնաձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Սերգեյ Նասիբյանը:

Համամասնական ընտրակարգով առաջադրվել է 8 կուսակցություն, որից երկուսը ներկայացել են դաշինքով' «Ազատ Հայրենիք» կուսակցություն, Արցախի ժողովրդավարական կուսակցություն (ԱԺԿ), «Բարոյական վերածննդի» կուսակցություն, ԼՂ կոմունիստական կուսակցություն, «ՀՅ Դաշնակցություն-Շարժում 88» դաշինք, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն, «Սոցիալական արդարություն» կուսակցություն:

Ակտիվ քարոզարշավ իրականացնում են «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ) եւ «ՀՅ Դաշնակցություն-Շարժում 88» դաշինքը:

Մնացած կուսակցությունները, կարելի է ասել, չեն էլ մասնակցում ընտրարշավին: «Բարոյական վերածննդի» կուսակցության նախագահ Մուրադ Պետրոսյանին հնարավոր չեղավ հանդիպել, քանի որ նա 5 օրով մեկնում էր ԱՄՆ եւ կուսակցությունում ուրիշ ոչ ոք չէր կարող հանդիպել լրագրողի հետ: Հարցազրույցի փոխարեն պրն Պետրոսյանն առաջարկեց ընթերցել մամուլում հրապարակված իր հարցազրույցը: ԼՂ կոմունիստական կուսակցությունը եւ «Սոցիալական արդարություն» կուսակցությունը երբեւէ չպատասխանեցին իրենց գրասենյակում հնչած հեռախոսազանգերին: «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ Արարատ Պետրոսյանին հանդիպելն էլ էր մեծ խնդիր, որովհետեւ նրա գրասենյակը միշտ փակ էր, ու հեռախոսազանգերին պատասխանող աղջիկն էլ ասում էր, որ նա անընդհատ ընտրողների հետ է շփվում, եւ նրան կարող ենք գտնել փողոցներում: Այդպես էլ եղավ, Արարատ Պետրոսյանին գտա փողոցում, սակայն նա ասելիք չուներ, ինձ պարզեց նախընտրական բուկլետները, պատմեց մի քանի ընտրակաշառքների եւ ճնշումների մասին եւ խնդրեց չհրապարակել դրանք:

Իրականում ընտրապայքարն ընթանում է «Ազատ Հայրենիք»-ի, Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) եւ «ՀՅ Դաշնակցություն-Շարժում 88» դաշինքի միջեւ:

ԱԺԿ-ն (նախկինում ԺԱՄ' «Ժողովրդական Արցախի Միություն» հասարակական-քաղաքական կուսակցություն) 5 տարվա պատմություն ունի եւ ներկայումս ԱԺ մեծամասնությունն է կազմում: «Մենք ստեղծվել ենք Ղարաբաղում բեկումնային ժամանակաշրջանում: 5 տարի է խորհրդարանում մեծամասնություն ենք կազմում եւ արդեն ապացուցել ենք, որ մենք ծառայում ենք ժողովրդավարության ամրապնդմանը եւ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը»,-ասում է ԱԺԿ նախագահ, ԼՂՀ Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Աշոտ Ղուլյանը:

2005թ. հունվարին ստեղծված «Ազատ Հայրենիք» կուսակցությունը սկզբունքներով եւ ծրագրով ԱԺԿ-ից գրեթե չի տարբերվում: Ժողովուրդը եւ ընտրարշավի մյուս մասնակիցներն ասում են, որ «Ազատ Հայրենիք»-ը ստեղծել է ԼՂ գործող իշխանությունը, որովհետեւ հասկացել է, որ ԱԺԿ-ով չի հաջողելու նոր խորհրդարանում մեծամասնություն ունենալ:

«Մի խումբ մտավորականներով ստեղծել ենք «Ազատ Հայրենիք» կուսակցությունը: Մեր գերխնդիրը քաղաքացիական հասարակություն ձեւավորելն է: Այս խորհրդարանական ընտրությունները մեր առաջին փորձությունն է, եւ անկախ արդյունքներից' մեզնից յուրաքանչյուրը շահագրգռված է, որ անցկացվեն ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ»,-ասում է «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ Արթուր Թովմասյանը:

«Շարժում 88» հասարակական-քաղաքական շարժումը ստեղծվել է 2004թ. փետրվարին: 2004-ի տեղական ինքնակառավարման ընտրություններին, հակառակ իշխանությունների ջանքերին, «Շարժում 88»-ի նախագահ Էդիկ Աղաբեկյանը ընտրվեց Ստեփանակերտի քաղաքապետ:

«Սա մեծ հաղթանակ էր: Ներկայիս իշխանությունը հասկացավ, որ ժողովուրդը չի ընդունում իրեն եւ չընտրեց իր աջակցությունը վայելող թեկնածուին, ու ժողովուրդն էլ զգաց, որ իր քվեն ունի արժեք: Ստեփանակերտցիներն ազատվեցին այն բարդույթից, թե միեւնույնն է' իշխանության թեկնածուն է հաղթելու, նրանք սկսեցին հավատալ ու վստահել իրենց տված քվեին,- կարծում է «Շարժում 88»-ի փոխնախագահ Գեղամ Բաղդասարյանը,-այդ ընտրություններին միակ իսկապես կայացած ուժը' ՀՅ Դաշնակցությունը օգնության ձեռք մեկնեց մեզ: Մեր նպատակներն ինչ-որ տեղ նույնն են, Դաշնակցությունն էլ պայքարեց արդար ընտրությունների համար, եւ ինքնաբերաբար ծնվեց դաշինքը»:

Ընտրակաշառքներ Ղարաբաղում

Կուսակցությունները հանդիպում են ընտրողներին, օգտագործում են վճարովի հեռուստաեթերի հնարավորությունը, նախընտրական ծրագրերի եւ քարոզարշավի ելույթների տեքստերը տպագրում են թերթերում: Սակայն Ղարաբաղ են թափանցել հայաստանյան ընտրությունների «ավանդույթները»' ճնշումներ եւ ընտրակաշառքի տարբեր դրսեւորումներ:

«Ով ինչ տալիս է, լավ էլ վերցնում եմ, ինչի՞ չվերցնեմ: Բայց հո բոլորին չեմ կարող ընտրել, ընտրելու եմ նրանցից մեկին»,-ասում է Չանախչի գյուղից մի կին:

«Ամբողջ Ղարաբաղով մեկ ընտրակաշառք է բաժանվում' տարբեր չափերի, տարբեր ձեւերի: Հադրութում ստացականներով պարկով ալյուր են բաժանել, եթե ընտրվեց ալյուր բաժանող թեկնածուն, ուրեմն բնակիչը չի վճարի, իսկ եթե ոչ, ապա ստացականներով պետք է վճարեն ալյուրի համար: Բաժանում են դիզվառելիք, ու խոսակցություններ կան, որ դա բանակի դիզվառելիքն է: Ինֆորմացիա ունենք, որ Ճարտարում իշխանամետ թեկնածուն ընտրողներին ցորեն է բաժանում»,-ասում է ԱԺ պատգամավոր, ՀՅ Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ Ալբերտ Համբարձումյանը:

Կաշառքների մասին խոսակցություններում կուսակցությունները մեղադրում են միմյանց, սակայն ոչ մի կուսակցություն չի դիմում դատարան կամ ԿԸՀ, ինչպես պահանջում է Ընտրական օրենսգիրքը: Նրանք վստահ են, որ կաշառք վերցրած քաղաքացին կվախենա հետագա ճնշումներից եւ չի ասի, թե ումից ինչ է ստացել իր քվեի համար: Կուսակցություններն ասում են' չենք կարող ապացուցել, իսկ բնակիչներն էլ' եթե տալիս են, ինչի՞ չվերցնեմ:

«Լավ չենք ապրում, շատ ծանր վիճակում ենք, աշխատանք չկա: Մենք ի՞նչ անենք, որ էդ դեպուտատները մենակ ընտրությունների ժամանակ են մեր մասին մտածում ու ինչ-որ բան տալիս, դրանից էլ հո չե՞նք հրաժարվի: Եթե տալիս են, ինչի՞ չվերցնեմ»,-ասում է բազմազավակ մայր Արմիկը:

«Ընտրական օրենսգրքի ոչ մի խախտում դեռ չի գրանցվել: Ընտրակաշառքների մասին ես էլ եմ լսում, բայց դեռ ոչ մեկը գրավոր բողոք կամ փաստ չի ներկայացրել: Եվ եթե մայիսի 9-ին զոհված ազատամարտիկների ընտանիքիներին կամ երեխաների պաշտպանության օրը ինչ-որ թեկնածուներ ինչ-որ բան են բաժանում, ես չեմ ուզում դա համարել ընտրակաշառք, քանի որ նման բաներ մեզ մոտ հաճախ են լինում»,-ասում է ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը:

Ստեփանակերտում լուրեր էին պտտվում, որ թիվ 4 դպրոցի տասներորդցիները մեծ խնջույք են արել Ամարասում, եւ դրա կազմակերպմանը ֆինանսապես աջակցել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին եռյակում գտնվող Արայիկ Հարությունյանը: «Խնջույքը կազմակերպել ենք մենք: Աշակերտներն իրենց տներից են ուտելիք բերել, իսկ ուսուցիչներով էլ 2000-ական դրամ ենք հավաքել խնջույքի համար: Արայիկ Հարությունյանը տրամադրել է միայն ավտոբուսներ Ամարաս գնալ-գալու համար: Ավտոբուսները տրամադրել է որպես բարերար, երեխաների համար է արվել, դա նախընտրական քարոզի հետ կապ չունի, դա ի՞նչ է, որ նախընտրական քարոզարշավ համարենք»,-հեռախոսազրույցի ժամանակ ասաց թիվ 4 դպրոցի տնօրեն տիկին Մինասյանը: Չնայած պնդմանը, որ միայն ավտոբուսներն են տրամադրվել, եւ դա նախընտրական քարոզարշավ չէ, մեր այն հարցին, թե արդյոք բարերարն ամեն տարի՞ է նման ձեւով աջակցում դպրոցին, տիկին Մինասյանն անկեղծորեն ասաց' ոչ:

Նախընտրական քարոզչության սկզբունքի մեկ այլ խախտում է թեկնածուների վրա գործադրվող վարչական ճնշումը: «Մեր կուսակցության համամասնական ցուցակում գրանցված մի անդամ աշխատում է «Ղարաբաղ տելեկոմ»-ում: Քարոզարշավի ընթացքում ելույթի ժամանակ սուր քննադատության է ենթարկել իշխանություններին, որից հետո զգուշացվել է, որ կկորցնի աշխատանքը, եթե իրեն հանգիստ չպահի, ու լավ կլինի կուսակցությունից էլ դուրս գա»,-պատմեց «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ ԱրարատՊետրոսյանը:

ԼՂ գործող իշխանությունը խորհրդարանական ընտրություններում սատարում է ԱԺԿ-ին: Նախիջեւանիկ համայնքի ղեկավար Արամ Սարուխանյանն ասում է, որ վարչակազմերի ( շրջանների կառավարման մարմին ) նիստերի ժամանակ ղեկավարները բոլոր համայնքապետերին զգուշացրել են, որ պետք է պաշտպանեն ԱԺԿ-ի թեկնածուներին: Մինչեւ քարոզարշավի սկսվելը Պրն Սարուխանյանի աշխատանքը, ըստ նրա, վարչակազմի նիստերի ժամանակ միշտ գովասանքի է արժանացել եւ համարվել օրինակելի, սակայն հիմա նա վարչակազմի որոշմամբ ժամանակավորապես ազատված է աշխատանքից: Վարչակազմը նման որոշում է կայացրել դատախազության միջնորդության հիման վրա, որը ստուգումներ է անցկացնում Սարուխանյանին պատկանող ալրաղացում: Սարուխանյանն անձամբ իր ազատման պատճառը համարում է այն, որ ընդվզել է ԱԺԿ թեկնածուին ձայն տալու պարտադրանքի դեմ, եւ իշխանությունը գտել է նրան աշխատանքից ժամանակավորապես ազատելու առիթ: «Ես ասել եւ ասում եմ, որ ես չեմ կարող իմ ձայնը տալ իրենց թեկնածուին, քանի որ մեր ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել իմ հրամանատարը: Ես նրա զինվորն եմ, ու ես չեմ կարող դեմ գնալ իմ հրամանատարին: Ես ազնիվ, արդար, հայրենասեր ղարաբաղցի եմ: Զինվորը չի կարող դեմ գնալ իր հրամանատարին, ում հետ կրակի տակ է ընկել ու հաղթել թշնամուն: Իրենց թեկնածուին չպաշտպանելու համար ինձ ասում են հակապետական, իսկ իրենք, որ կաշառք են բաժանում, հակապետական չե՞ն»,-վրդովված ասում է Արամ Սարուխանյանը:

Ընտրարշավին մասնակցող ակտիվ կուսակցությունները ունեն պաշտոնաթերթեր, եւ յուրաքանչյուրն իր թերթի միջոցով է քարոզարշավ իրականացնում. «Ազատ Հայրենիք»-ը' «Ակունք» պաշտոնաթերթով, ԱԺԿ-ն' «Հայրենիք» հասարակական-քաղաքական թերթով, ՀՅ Դաշնակցությունը' «Ապառաժ» պաշտոնաթերթով: Տպագիր մամուլում իբրեւ թե «ոչ կուսակցական» են մնացել «Ազատ Արցախ» հանրապետական թերթը եւ «Դեմո» հանրային երկշաբաթերթը, որոնք փորձում են օբյեկտիվորեն ներկայացնել նախընտրական իրավիճակը ԼՂՀ-ում: Չնայած «Դեմո»-ի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը «Շարժում 88»-ի փոխնախագահն է եւ առաջադրել է իր թեկնածությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց փորձում է պահպանել թերթի չեզոք դիրքորոշումը: «Ես հիմա չեմ աշխատում որպես խմբագիր. դա է պահանջում օրենքը: Բայց միեւնույնն է' մարդկանց թվում է, թե ես երկակի խաղ եմ խաղում: Փորձում եմ պահել թերթի չեզոքությունը, որ այն չդառնա կուսակցական: Բայց այս պետությունում ես ապրում, չես կարող լրիվ վերանալ ամեն ինչից ու չառնչվել: Թերթում կա վճարովի նախընտրական քարոզչություն, բայց նաեւ կան տարբեր հարցազրույցներ մրցակից կուսակցությունների անդամների հետ, որոնք քարոզարշավի շրջանակում չեն, այլ ժուռնալիստիկա են: Ես գիտեմ, որ ես հարյուր տոկոսով չեմ անում իմ գործը: Ընտրություններից հետո ես պետք է ընտրեմ' կամ լրագրող կամ քաղաքական գործիչ: Էսպես չի լինի աշխատել, քանի որ նվազում է ընթերցողի վստահությունը հանրային թերթի նկատմամբ»,-ասում է նա:

Բոլոր կուսակցություններն իրենց գերխնդիրն են համարում ժողովրդավարության հաստատումը եւ ակնկալում են արդար ընտրություններ: Նրանց նախընտրական ծրագրերն իրարից տարբերվում են միայն Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ունենցած դիրքորոշումներով:

«ԼՂՀ ԱԺ-ն պետք է առաջին հերթին ամրագրի մեր տարածքները, ճանաչի որպես պետություն եւ դիմի Հայաստանին ու միջազգային հանրությանը Ղարաբաղը որպես ազատ, անկախ պետություն ճանաչելու համար: Եվ հենց առաջինը Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը»,-ասում է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ Ալբերտ Համբարձումյանը:

«Ղարաբաղը մշտապես պետք է լինի Հայաստանի կողքին եւ Հայաստանի հետ: Այլ ճանապարհ Ղարաբաղի համար ես չեմ տեսնում»,-կարծում է «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ Արթուր Թովմասյանը:

«Ղարաբաղյան հիմնախնդիրը ես համարում եմ լուծված: Հիմա պետք է միջազգային միջնորդների միջոցով լուծել Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ եղած վիճելի հարցերը: Մեր գերակա խնդիրն է ճանաչել տալ Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն»,-ասում է ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ընտրապայքարի առաջատար կուսակցություններից յուրաքանչյուրը համոզված է, որ հաղթանակելու է այս ընտրություններում:

«Մենք անպայման առաջին տեղն ենք լինելու, վստահ եմ: Կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է լինեն ԱԺ-ում, որ քաղաքական դաշտ լինի, բայց ոչ հավասար քանակությամբ, որովհետեւ չկա էդ քաղաքական մտածողությունը բոլորի մոտ: Այսօր ամենահարմար տարբերակն այն է, որ խորհրդարանում մի կուսակցություն պետք է գերիշխի»,-ասում է Աշոտ Ղուլյանը:

«Մեր կուսակցությունն անպայման մտնելու է խորհրդարան, բայց ես պատրաստ եմ կորցնել իմ մանդատը, թող իմ կուսակցությունը ոչ մի մանդատ չվերցնի, միայն թե Ղարաբաղում հաստատվի ժողովրդավարություն»,-ասում է «Ազատ Հայրենիք»-ի համանախագահ Ռուդիկ Հյուսնունցը:

«Արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը կախված է ժողովրդի խոհեմությունից: Ցավոք, իշխանությունները, որ պետք է ապահովեն արդար ընտրություններ, առայսօր ոչ մի քայլ չեն արել, նման բան ապահովելու երաշխիք չկա: Կուսակցությունները պետք է բոլոր ռեսուրսներն ուղղեն արդար ընտրություններ ապահովելուն' անկախ ընտրության արդյունքներից»,-կարծում է Ստեփանակերտի քաղաքապետ Էդիկ Աղաբեկյանը:

Է. Աղաբեկյանի կարծիքին հակադրվեց ԱԺԿ նախագահ Ա. Ղուլյանը. «Արդար ընտրությունների երաշխիքն այն մթնոլորտն է, որ ստեղծվել է վերջին 5 տարիներին, որ ամեն մարդ ազատ է ոչ միայն իր ասելիքում, այլեւ իր գործունեության մեջ: Մեր կուսակցությունը ստանձնում է արդար ընտրությունների ապահովումը, դա նաեւ մեր ուսերին է, սա պետք է զգան նաեւ պակաս կենսագրություն ունեցող կուսակցությունները: Արտաքին աշխարհի կողմից մեզ որեւէ որակական գնահատական տալը չեմ կարծում, թե միայն իշխանությունների կամ մի քաղաքական ուժի մտահոգությունը պետք է լինի»:

Բոլոր կուսակցությունների առաջնորդները նշում են, որ ընտրություններին ուշադիր հետեւում է արտաքին աշխարհը, եւ կարծես թե հասկանում են, որ անարդար ընտրությունները ծանր կարող են նստել Ղարաբաղի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter