HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Կյանքը մանկատան ներսում ու մանկատնից դուրս

Վանաձորի Դիմաց թաղամասի հանրակացարանում բնակվող Մարիամ Թումասյանին հանդիպում ենք առաջին հարկի նախասրահում: Չնայած ամառային շոգին, տաք հագուստի մեջ կծկված Մարիամն ասում է, որ հանրակացարանի խոնավ շենքում մրսում է: Կորացած մեջքով կինը դանդաղ քայլերով բարձրանում է աստիճաններն ու մեզ ուղեկցում երրորդ հարկում գտնվող իր փոքրիկ սենյակը: Մահճակալ, զգեստապահարան ու հեռուստացույց. սա Մարիամի ունեցած ողջ գույքն է: Սենյակի պատուհաններին դեռ ձմեռվանից մնացած ցելոֆաններն են, մի անկյունում՝ փոքրիկ փայտե վառարանը:

Մարիամը ծնունդով Հրազդանից է: Ասում է՝ 5 օրական է եղել, երբ մայրը մահացել է: Հայրն էլ անմիջապես հրաժարվել է իրենից, ու տարել են Երևանի մանկատներից  մեկը:

Երկու տարի Երևանի մանկատանն անցկացնելուց հետո նրան տեղափոխել են Գավառի մանկատուն, որտեղ ապրել է 14 տարի, մինչև որ հայտնվել է եղբայրն ու առաջարկել տեղափոխվել իր տուն:

«Մանկատանը լավ չէին վերաբերվում մարդկանց, լավ ծեծեր եմ կերել 6-7 տարեկանից: Եղբայրս ասում էր՝ ես քո եղբայրն եմ, ես քեզ կպահեմ, ոնց որ պետք ա, կխնամեմ: Հույս ու հավատ տվեց, ես էլ որ ընտանիք չունեի, չգիտեի դա ինչ բան ա, երջանկությունից եսիմ ինչ երանության մեջ էի։ Միասին ապրում էինք ես, եղբայրս, հայրս, որին ես հերացու եմ համարում, քանի որ ինձնից հրաժարվել էր ու նրա կինը՝ մայրացուս: Այդ տանը ընտանեկան անդորրի փոխարեն ինձ դիմավորեցին բազում տանջանքները: Ծեծեր շատ են եղել, անընդհատ հարևանները տարբեր տեղեր բողոքում էին, որ էդ երեխուն բերել ա, ծեծում ա, սոված ա պահում: Խամ մարդ եմ, աչքերս բացել եմ մանկատունն եմ տեսել, մանկատան իրավիճակը գիտեմ, դաստիարակություն չեմ ստացել, բացի մանկատնից ես ոչ մի բան չեմ տեսել: Ասենք՝ ասում էր՝ ես շորն ըսենց լվա: Մի հատ սխալ լվանում էի ՝ ծեծ, էն էլ ինչ ձևի...»,- պատմում է Մարիամը:

Եղբայրը հաճախ է ասել՝ վերցրել է խնամքի տակ, որ դրա համար թոշակ ստանա պետությունից:

Զարմանալի է, բայց Մարիամը ջերմությամբ է հիշում խորթ մորը, ով ինչպես ինքն է  ասում, շատ բան է սովորեցրել, օտար լինելով հանդերձ՝ շատ հաճախ իրեն փրկել է հոր ու եղբոր ծեծերից:

Չնայած նրան, որ տասնամյակներ են անցել, Մարիամը լավ է հիշում հատկապես ամանորներից մեկի ժամանակվա ծեծը.

«Էդ Նոր տարուն այնքան էր ծեծել եղբայրս, որ անչափահասների գործերով հանձնաժողովը դիմել էր իրավապահ մարմիններին: Չթողեցի, որ իրան դատեն, ասի՝ ախպերս ա, ինձ մանկատնից բերելա ա, ինչի՞ դատել տամ»,- ասում է Մարիամը:

Շուրջ 10 տարի  նման պայմաններում ապրելուց հետո  քաղաքային իշխանությունները Մարիամին տնակ են հատկացրել քաղաքի ծայրամասում: Դպրոցն ավարտելուց հետո տարբեր ֆաբրիկաներում ու գործարաններում որպես բանվորուհի աշխատած Մարիամի առողջական վիճակը գնալով վատանում է: Այսօր արդեն Մարիամը վստահ է՝ ներկայիս առողջական վատ վիճակը կիսաքաղց ապրելու ու ծեծերի հետևանքն է:

Մարիամը պատմում է, որ մի քանի անգամ տարբեր վիրահատություններ է տարել՝ վահանաձև գեղձի, ականջախեցու թարախային պարկերի, կանացի օրգանների: Դրան զուգահեռ ստիպված է եղել պարբերաբար դիմել ստացիոնար բուժման, գնել նշանակված դեղերը:

Վերջին տարիներին կնոջ առողջական խնդիրներին գումարվել է նաև դստեր վիճակը: Մարիամն ասում է՝ չնայած նրան, որ դուստրն ամուսնացած է, նրա բուժման հետ կապված բոլոր ծախսերը ևս ստիպված է եղել ինքը կատարել:

Բուժման համար պարբերաբար պարտքեր է վերցրել, ինչի հետևանքով այսօր հայտնվել է անելանելի վիճակում: Ասում է՝ շուրջ 1 մլն դրամ է պարտք տարբեր մարդկանց, դեղատանը, մթերային խանութներին: Ստացած հաշմանդամության համար տրվող 19 հազար դրամ թոշակով ու 18 հազար դրամ ընտանեկան նպաստով կարողանում է  մարել պարտքերի մի չնչին մասը միայն: Իսկ պարտատերերն այլևս չեն ցանկանում սպասել:

«Երանի ամեն օր ծեծ ուտեմ, բայց պարտքատեր չունենամ, որ ոչ մի պարտքատեր ոչ զանգի, ոչ ասի՝ փողերս տուր: Մանկատանը մեծացել եմ, թող ծերանոցում էլ մեռնեմ, բայց պարտք չունենամ: Հոգեպես ավելի վատ եմ զգում, քան էն ֆիզիկական տանջանքների ժամանակ, որ ես եմ կրել իմ կյանքում»,- ասում է Մարիամը:

Վերջին շրջանում պարտքերի դիմաց Մարիամը վճարում է ունեցած կահ-կարասիով: Ամեն ինչ արդեն վաճառել է: Նա բացում է սենյակի միակ պահարանն ու ցույց տալիս սպասքի կիսադատարկ արկղիկը:

Կիսաքաղց անցկացրած օրերի մասին Մարիամը շատ չի խոսում: Հիմա միայն մի խնդրանք ունի. մարդիկ օգնեն իրեն վճարել կուտակված պարտքերը, որ կարողանա հանգիստ ապրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter