HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատության մեջ միավորվեցին մոր ու որդու, մի ամբողջ հայ ընտանիքի հոգիները...

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Անգամ բանտում գտնվելով՝ ուզում եմ լավ լուրեր հայտնել: Բայց ոչ միշտ է ստացվում: Այս անգամ տխուր լուրով եմ սկսում նամակս: Մի քանի օր առաջ իմացա, որ բանտում իմ միակ ընկեր, Արցախյան պատերազմի մասնակից, հետախուզական ջոկատի հրամանատար Սողոմոն Քոչարյանի մայրը` տիկին Զինան է մահացել: Կործանվեց մի ամբողջ ընտանիք՝ կինը, դուստրը, ինքը՝ Սողոմոնը… հիմա էլ մայրը:

Ով չգիտի, ասեմ, որ Սողոմոնը կրակել էր թուրքի արմնկին, նա ընկել էր, գլուխը խփել բութ մակերեսի ու մահացել: Նրան մահվան էին դատապարտել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք քաղաքական նպատակներից ու նպատակահարմարությունից ելնելով՝ հարևան Իրանին սիրաշահելու համար: Այնուամենայնիվ, Սողոմոնը եղավ առաջինը ցմահ ազատազրկվածներից, ով դատարանի որոշմամբ ազատ արձակվեց: Իսկ 15 օր անց իր հանգիստը գտավ Եռաբլուրում:

Հիշում եմ՝ 20 տարի շարունակ տիկին Զինան ամեն 10 օրը մեկ Տաշիրից ավտոբուսով գալիս էր Երևան, հետո՝ «Նուբարաշեն» կլոր բանտ, մոտ 1 կիլոմետր ծանր պայուսակները ձեռքին դանդաղ քայլերով մոտենում էր բանտին, ձմռան ցրտին, ամառվա տոթին ժամերով հերթ էր կանգնում, որ որդուն իր ձեռքերով պատրաստած  սնունդն ու հացը փոխանցի: Ու այսպես չնչին աշխատավարձի կեսը ծախսում էր, որ թշնամու դեմ կռված, երկու անգամ կանտուզիա ստացած, բեկորային վնասվածքներով հիվանդանոցից պատերազմի դաշտ փախած որդին հայկական բանտում սովից չմահանա:

Այս տարիների ընթացքում առնվազն 3 անգամ թե՛ Հայ Առաքելական եկեղեցուց, թե՛ տարբեր պաշտոնյաներ Սողոմոնին ասում էին՝ ուր որ է նախագահը ներում է շնորհելու նրան, բայց այդպես էլ ոչ մի ներում չէր շնորհվում: Առաջին նախագահին հաջորդած մյուս երկու նախագահները մահապատիժ-ցմահ ազատազրկվածների հարցում առհասարակ ցուցաբերեցին նույն մոտեցումը` ոչ մի վերանայում, ոչ մի ներում, ոչ մի համաներում, պատժաչափի ոչ մի փոփոխություն...

«Զգացմունքների պետություն» գրքում, որը նվիրեցի հենց Սողոմոնին, շատ դրվագներ եմ պատմել մահապատժի դատապարտված հետախույզի մասին: Սակայն էլի դրվագներ եմ վերհիշում, որոնք դուրս են մնացել գրքից: Հիմա պատմեմ դրանցից մեկը:

2004 թ-ի դեկտեմբերն էր, երբ առաջին անգամ բանտից փախանք միասին: 3 օր անց որոշեցինք, որ տակտիկապես ճիշտ կլինի, եթե մեկս մյուսի գտնվելու վայրի մասին չիմանանք: Սա անհրաժեշտ մոտեցում էր, որ մեկիս բռնվելու պարագայում, մյուսը կարողանա մնալ ազատության մեջ: Ինձ ձերբակալեցին 11 օր անց, իսկ Սողոմոնը ազատության մեջ կարողացավ մնալ 1 ամսից ավելի: Հետագայում Սողոմոնն ինձ պատմեց, որ մայրը՝ տիկին Զինան, Երևանում բնակարան էր վարձել, և որդու հետ այնտեղ էին ապրում: Պատմում էր, թե ոնց է տանը մաքրություն արել, մինչև մայրը գնացել է շուկա...

Իսկ երբ առաջին փախուստից հետո արդեն երկուսիս էլ ձերբակալել էին ու տարել «Նուբարաշեն» ՔԿՀ, հրահանգ կար՝ այլևս մեզ նույն խցում չպահեն: Սակայն անցավ մի քանի ամիս, ու ստիպված էին մեզ նորից իրար հետ պահել: Մեր խցում կանոնակարգ էինք սահմանել՝ չծխել ու պահպանել մաքրություն, հետևել գրաֆիկին, հեռուստացույց նայել միայն երեկոյան:

Հիշում եմ, երբ ազատության մեջ, բնության գրկում էինք, խորոված էինք սարքել: Սեղան գցեցինք: Սողոմոնը նայեց ինձ.

-Մհե՛ր, համ ծխելու եմ, համ՝  խմելու, իսկ քեզ խմիչք պետք չի, դու առանց դրա էլ համարյա միշտ ուրախ ես:

Լավ ծիծաղեցինք, անցանք կերուխումի, կենացների:  

Հետախույզ, իմ ընկեր Սողոմոնն էլ էությամբ ուրախ, կենսախինդ, կյանքը սիրող մարդ էր: Ցավոք, ճակատագիրը նրան հարվածը հարվածի հետևից էր հասցնում: Կնոջ մահը, հետո նաև դստեր՝ 19-ամյա Սյուզիի ինքնասպանությունը նրան ծանր հարված հասցրեց:

Մի քանի օր առաջ նորից նայում էի «Պատերազմից վերադարձած հետախույզը. 20 տարի բանտում» ֆիլմը, ծանր էր: Պարբերաբար կադրը կանգնեցնում էի մե՛կ Սողոմոնի, մե՛կ տիկին Զինայի կադրի վրա: Կադր կա, որտեղ տիկին Զինան ծանր պայուսակները ձեռքին մոտենում է բանտին: Նրա տանջված աչքերն ու դեմքն ամեն բան պատմում էին իր ապրած կյանքի մասին:

Տիկին Զինային հուղարկավորել են Տաշիրում, գերեզմանի վրա լցնելով Եռաբլուրից՝ Սողոմոնի գերեզմանից բերված հող: Ազատության մեջ իրար միացան մոր ու որդու, մի ամբողջ հայ ընտանիքի հոգիները...