HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Դավիթ Հարոյան. «Պարը քանդակ չէ՝ բայց պարի միջոցով դարերով սերունդներին մեր պատմությունն է փոխանցվել»

Զուռնայի զիլ, հրամայական հնչյունների ներքո կարմիր թաշկինակ բռնած ձեռքը բարձրանում է վեր ու «հե՜յ» հրահանգից հետո պարն ալիքվում է բեմում: Հպարտ, վեհ, մի գծով, երբեմն-երբեմն զատվող ու կրկին միացող, բայց ողջ ընթացքում ամբողջականության իմաստն երբեք չխաթարող շարժումների համափաչափությունը դիտողին տանում է մի քանի դար հետ՝ մինչեւ հեթանոսական շրջան:

Տաճարներում ու մեհյաններում ծեսերի ժամանակ իշխանական տոհմերի ներկայացուցիչների կողմից կատարվող «Իշխանաց պար»-ը, որ արգելված էր եղել ռամիկին, դարեր անց, իր ողջ շքեղությամբ ներկայանում է հասարակ մահկանացուների կատարմամբ:

Իշխանաց պար 

Կա մարդկանց երկու տեսակ. մարդիկ՝ որոնք պարում են, եւ մարդիկ՝ որ երազում են դրա մասին: Պարը սիրում ու պարով ապրում են նրանք, ովքեր երաժշտությունը հասկանում են ոչ թե բառերի, այլ շարժումների միջոցով: Պարը շատ հաճախ միավորում է տարբեր բնավորության ու մասնագիտության տեր մարդկանց: Հույզերի, ապրումների յուրօրինակ ինքնաարտահայտման միջոց է պարը, գուցե շատ ավելի արտահայտիչ՝ քան հոդաբաշխ հնչյուններից կազմված բառային ձեւակերպումները: Մարդիկ պարում են ուրախության ու տխրության ժամանակ, պարում են, երբ սիրահարված են կամ դժբախտ, երբ ցանկանում են իրենց բողոքը կամ շնորհակալությունը հայտնել: Պարի միջոցով կարելի է մի ողջ ազգի պատմություն փոխանցել սերնդե սերունդ՝ պահպանելով այն մաքրությունը, որ շատ հաճախ կորչում է լեզվամտածողության աղավաղումների պատճառով:


«Հրայրք» ավանդական ազգագրական երգի-պարի խմբի հիմնադիր, քանդակագործ, նկարիչ Դավիթ Հարոյանին պարի աշխարհ տանող ճանապարհը հեշտերից չէր: Պարի այբուբենը՝ պարաքայլերի յուրացումը սկսեց բավական ուշ՝ 16-17 տարեկանում: «Մեծ էի տարիքով ու բավական դժվար տրվեց ինձ պարել հասկացողությունը, շատ դժվար, որովհետեւ ճկունություն չկար, էդ տարիքում արդեն որոշակիորեն ձեւավորված ոսկրամկանային համակարգ ունես, երեխա չես, որ փոքրուց սորվցնեն՝ վարժվի համ միտքդ, համ մարմինդ,-բացատրում է Դավիթը,- սերը պարի նկատմամբ մանկուց էր, բայց չէի պարե, որովհետեւ կկոմպլեքսավորվեի, մանավանդ հավաքույթների ժամանակ հենց կսեին՝ ախպեր արի կեղնի դու մի պարե: Ըդպես կոմպլեքսավորված երկար ժամանակ կապրեի, մինչեւ Գյումրիում գործող «Ընտանիք» կենտրոնում ծանոթացա պարուսույցի հետ: Ես էդ ժամանակ թիվ 4 արհեստագործական ուսումնարանի առաջին կուրսի ուսանող էի»:

Դավիթ Հարոյան

Սեւ սաթի գույնի բեղ-մորուքի մեջ կորած շրթունքներից բացվող ժպիտը սահուն բարձրանում է դեպի խոշոր, շագանակագույն աչքերն ու այնտեղ տեղավորվելով՝ տարածվում այտերով մեկ՝ տիրոջ դեմքին հաղորդելով մանկական պարզություն: Պարի մասին խոսելիս Դավիթն ամբողջովին կերպարանափոխվում է՝ ջերմությունն ուղղակի ծորում է բառերից: Ասում է, որ մեծագույն երազանքը «Յարխուշտա» պարել սովորելն է եղել, միշտ մտածել է, որ եթե ոչ մի պարաձեւի էլ չտիրապետի՝ միեւնույն է, ռազմապարը սովորելու է: «Ընտանիք» կենտրոնի պարուսույց Մուրադ Թորոսյանի հետ ծանոթության ժամանակ հնչած առաջին հարցն ունեցել է մոտավորապես հետեւյալ ձեւակերպումը. «ընձի կռնա՞ս յարխուշտա պարել սորվցնես»: Մուրադ Թորոսյանը, որ Գյումրիում լեգենդ համարվող Աղասի Շաբոյանի աշակերտներից էր, հարցը լսելուց հետո պատասխանել է. «Յարխուշտա չէ, բայց պարել կսորվցնեմ»:

«Ընկեր Մուրադը հետեւողական էր, ինքը ընձի թողել էր ազատ, որ ես կանգնիմ, նայեմ, սորվիմ: Ինքը հասկացել էր, որ եթե ասի էս կամ էն մի շարժումնը սխալ կենես՝ ես կկոմպլեքսավորվիմ ու մոտս ավելի վատ կստացվի: Հետո կամաց-կամաց սկսեցի բացվել: Սկզբից շատ կոպիտ էր, չոր, չէր ստացվի, ես կնեղվեի, բայց որ գլուխս մտցրել էի, որ պիտի պարեի, ուրեմն պիտի պարեի»:

Համառության ու սիրո շնորհիվ Դավիթն ի վերջո սովորեց պարել, անգամ մասնակցել հրապարակային ելույթների, հանդես գալ տարբեր բեմերում: «Մեր կուրսում 15 տղա էինք, որից 8-ին համոզել տարել էի պարի,-ասում է Դավիթն ու խորամանկ ժպտում,-պարը դարձել էր մեր տարերքը: Ու ես երեւի թե սովորեցի ամեն ինչ պարել, բացի ազգային, ավանդական պարերից, որովետեւ մասնագետը չկար»: Դավիթի համար վճոռորոշ է դառնում որպես կամավոր «Ծիրանափող» երիտասարդական հկ-ի բանահավաքչության ծրագրին մասնակցությունը:

«Ես պարզապես սիրահարվեցի էդ գործին,-խոստովանում է զրուցակիցս,-կարող եմ ասել, որ շատ մեծ գործ էր արվում: Երբ օր կերթաս գյուղեր ու կտեսնիս, թե քու կողքիդ ապրող մարդիկ ինչքան խորն են կպած արմատներին: Ես տեսա տատիկներ, որոնք մինչեւ հմի իրանց տատի տատերի երգը կերգեին: Տեսա տատիկների, որոնք էն ձեւի սիրուն «Գյովընդ» կպարեին, օր ես շշմած էի ու կամնչեի, օր 5 տարի է կպարեմ, բայց չգիտեմ «Գյովընդ»-ն ինչ է: Էդ ժամանակ առաջին անգամ սգո կոծի երգեր լսեցի, ես ըդպես բան չէի լսել ու դա թիվ մեկ քայլերից եղավ`խթան, որ ես ավելի խորանամ ազգային արմատների ճանաչողության մեջ: Հենց էդ ժամանակ հաստատապես որոշեցի, որ պիտի սովորեմ պարել մեր ավանդական ազգայինը: Ներքուստ կհասկնայի, որ սեփական ինքնությունս բացահայտելու ամենաճիշտ ուղին է դա»:


«Կարին» ավանդական ազգային երգի-պարի համույթից Ստեփան Թորոյանի հետ ծանոթությունը դառնում է որոշիչ Գյումրիում «Հրայրք» խմբի հիմնադրման հարցում: Դավիթը պատմում է, որ մշտական որոնումները, ազգային պար տանող տարբեր ուղիները մի օր հանգեցրին հստակ որոշման՝ ձեւավորում է սիրողական պարային խումբ: «Միտքը կար, ցանկությունն եւս, տեղն էլ խնդիր չէր, քանի որ էդ ժամանակ մանկավարժական ինստիտուտում կսորվեի, մտա էն ժամանակվա ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի մոտ, խնդրեցի դահլիճը տրամադրել բուհի պարապմունքների համար: Ինձ ասեց 30 հոգու անուն բեր, ես 40 հոգու անուն տարա,-Դավիթը ծիծաղում է,-պարզվեց պարել սովորել ցանկացողների թիվն ավելի մեծ էր քան ես կպատկերացնեի: Հետո դիմեցի Գագիկ Գինոսյանին, որովետեւ մեզ պետք էր մարդ, ով կսովորեցներ ու ընկեր Գինոսյանն առաջարկեց հենց Թորոյան Ստեփանին մեզ պարուսույց, քանի որ ծնունդով Արեւիկ գյուղից էր Ստեփանն ու շաբաթը մեկ Գյումրի գալու դեպքում կեցության խնդիր չէր ունենա»:

2015թ-ի հոկտեմբերին ստեղծվեց խումբը, որն իր անունը ստացավ միայն 3 ամիս անց: «Մենք այդ ժամանակ պետք է մասնակցեինք ամենամյա «Հիրուրխեդ»-ին, երբ հավաքվում են «Կարին»-ի բոլոր ճյուղերը ու անուն չունեինք ներկայանալու համար: «Հրայրք» անունն առաջարկել է Ստեփանը: Ես նայեցի բառի բացատրությունը, որ նշանակում էր մղում, կիրք, ներքին կրակ ու շատ հավանեցի անունը, որպես լոգո էլ պատկերել էի ատրուշան, որի մեջ կրակ է վառվում, իսկ սյուների գլխին ցլեր են պատկերված, որպես նստակյաց ցեղի սիմվոլ: Այդ պահից սկսած մենք դարձանք «Կարին»-ի մեծ ընտանիքի լիարժեք անդամը»,-նկատում է Դավիթը:

Գրեթե մեկ տարի պետք եղավ, մինչեւ կարողացան տարազի հարցը լուծել: Ասում է, որ չէր ցանականում որեւէ մեկը հովանավորեր, ինչ որ մեկից կախում ունենային: Աշխատել են, մասնակցել են միջոցառումների, գումար են հավաքել ու ինքնուրույն հասել ամեն ինչի: «Հրայրքը» միավորում է 9-ից 35 տարեկան մոտ 40 տղաների ու աղջիկների՝ դպրոցականից մինչեւ ուսանող ու աշխատող: «Հրայրք»-ին միացած Արսեն Վարդանյանը համերաշխ այդ ընտանիքի մի մասնիկը դառնալը ներկայացնում է իրեն բնորոշ գունեղությամբ:

«Տպավորություն կա, որ ես ամեն տեղ կամ, բայց դա այդպես չէ,-Արսենը ծիծաղում է,-իմ՝ «Հրայրք»-ում հայտնվելը, լրիվ ուրիշ հիմքեր ունի: Դավիթի հետ ծանոթացրել էր Վարդերեսյան Մամիկոնը մի 4 տարի առաջ: Մի օր Դավիթն առաջարկեց ծանոթանալ Ստեփան Թորոյանի հետ, ասում էր՝ արի, որովհետեւ պարից բացի, երբ հավաքվում ենք, տարբեր հարցեր ենք քննարկում՝ երկրի պատմությունից, մշակույթից եւ այլն, ասում էր՝ քեզ հետաքրքիր կլինի: Գնացի, զրույցը ստացվավ ու ես 20 րոպե անց արդեն պարի շարքի մեջ էի: Ինձ գրավեց էն, որ յուրաքանչյուր շարժում, քայլ բացատրվում էր, ինքը պարզապես գեղեցկություն չէր, ինքը գաղափար կկրեր իր մեջ»:


Արսենը խոստովանում է, որ ուսուցման առաջին ամիսները շատ դաժան էին թե իր, թե սովորեցնողի համար. «Որոշ բաներ ես շատ շուտ կընկալեմ, որոշ բաներ՝ ահավոր բարդ կստացվի մոտս: Առաջինը պարերից մոտս ստացվել է Կարնո քոչարին, «Գյովընդն» է շատ դժվար ստացվել, Սղըրդի քոչարին հենց միացավ՝ արյունս մեջն է, ինքը իմն է, ես կարող է սխալվիմ զուտ շարժման մեջ, բայց ըմբես իմպրովիզ կենեմ՝ նայողը չի ջոկե, «Վանա ձկնորսը», որ աշխատանքային պար է, չափազաց շատ կսիրեմ իրա բնույթի համար, մեկ էլ «Խամխաման», որն էլի չափազանց գրավիչ ու չափազանց դրական ազդակներ փոխանցող պար է` անկախ նրանից գիտես շարժումները, թե չէ, երաժշտությունը, գոնե իմ կարծիքով, կնպաստե, որ շատ մարդիկ ներգրավվեն»:


«Հրայրքի» բոլոր անդամներն են պնդում. ազգային, ավանդական պարերը մեծ ազդեցություն են ունեցել իրենց կյանքի ու մտածողության, մարդ տեսակի ձեւավորման, սեփական եսը ճանաչելու վրա: Արսենը խոստովանում է, որ հղկվել է անգամ բանավոր խոսքը: «Մենք միայն պարի փորձերի չենք գնում, մենք ունենք նաեւ ընթերցանության օրեր ու կարդացած գրքերը քննարկելու օրեր, որ զարգացնում է խոսքն ու միտքը: Բացի դրանից կոփվում ես ֆիզիկապես, որովհետեւ հատկապես ռազմապարերի դեպքում ֆիզիկական պատրաստվածություն պետք է ունենաս եւ իհարկե սովորում ես կարգապահություն: Մենք ամեն պարի հետ ուսումնասիրում ենք մեր ազգի պատմությունը»:


Խմբի հիմնադիր, 24-ամյա Դավթի համար շատ դժվար է առաջնահերթություն տալ պարին կամ քանդակին: «Ինձ համար արվեստը՝ արվեստ է: Ես երազում եմ, որ էն ամբողջը, ինչ որ ես ապրում եմ պարելուց կարողանամ ամբողջովին փոխանցել քանդակին: Ես երկար ժամանակ կփորձեի ընտրություն կատարել իրանց մեջ, կար ժամանակ, որ չէի կարողանում ասենք լիարժեք երկուսին էլ ժամանակ հատկացնեի, ու անկեղծ ասած, պարը սաղ ժամանակս կտաներ: Բայց հիմի, երբ հիմնականում պարով եմ զբաղվում, զգում եմ, որ անհագ ցանկություն կա նկարչությամբ ու քանդակագործությամբ զբաղվելու: Եթե չեմ էնե իրանից մեկը, ինձի կթվա, թե ինչ որ բան կիսատ է՝ երկուսի մեջ էլ կա զգացմունք: Քանդակագործն ասում է՝ քանդակ անելիս ես ինձ արարիչ կզգամ, բայց քանդակագործի ու արարիչի տարբերությունն էն է, որ քանդակագործը չի կարող շունչ տալ իր ստեղծածին, բայց մյուս կողմից էլ կարող է այնպես քանդակել, որ նայողի մոտ պատրանք ստեղծի, թե հիմա կշարժվի: Այդ շարժումը կա պարում, որն ինձ օգնում է քանդակելիս»:


Դավիթը ցույց է տալիս իր «Պար» կոչվող քանդակը, որի բրոնզաձույլ տարբերակը կցանկանար երբեւէ տեսնել Գյումրիում: «Պարը էդ պահի ապրումներն են, որ դու արտահայում ես շարժումների միջոցով, դու պատմություն ես պատմում հենց հիմա, էս պահին, իսկ քանդակը պիտի հասնես էն վիճակին, որ կարողանաս ստեղծագործել: Պարը տեսողական արվեստ է ու նայողը միանգամից վերցնում է: Դու նույն պարը կարող ես պարել հազար անգամ ու ամեն անգամ տարբեր: Քանդակի դեպքում մտածում ես հազար տարբերակ, բայց անում ես մեն միակը: Չկա քանդակագործ, որ ասի՝ ես քանդակը երկու ամսվա ծեփի պրծա՝ պիտի խմորվի, հասունանա: Պարը քանդակ չէ՝ բայց ազգային պարի միջոցով դարերով սերունդներին մեր պատմությունն է փոխանցվել: Ինձ համար արվեստի այս երկու տեսակն անբաժանելի են»:

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ հեղինակի

Գլխավոր լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter