HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաճաճկուտում հակասողանքային միջոցառում չի իրականացվում. «Սեդվի էներգո»-ն հէկ կառուցելու մտքից չի հրաժարվում

Ալավերդի համայնքի Կաճաճկուտ գյուղի մուտքի մոտ 500 մմ տրամաչափի, 10 մ երկարությամբ 100 հատ խողովակ է թափված: Կաճաճկուտի վարչական ներկայացուցիչ Ռուզաննա Թամազյանի ասելով՝ մոտ 1000 մ խողովակները թավշյա հեղափոխությունից 10 օր առաջ են տեղափոխվել Կաճաճկուտ:

Ռուզաննա Թամազյան

Դրանք մինչ այդ կուտակված են  եղել Ալավերդու Սանահին կայարանային թաղամասի  նախկին նավթաբազայի  տարածքում: Նախկին գյուղապետ Հայկազ Դավթյանի ասելով՝ այդ խողովակները Կաճաճկուտ գետակի վրա 2-րդ փհէկ կառուցելու նպատակով են տեղափոխվել գյուղ:  

«Էն մեկը մարսեցին, հիմա 2-րդ փհէկ-ն են ուզում  կառուցել»,- ասաց Հայկազը Դավթյանը: Խոշորացված Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը  տեղյակ չէր խողովակներից: Կաճաճկուտի վարչական ներկայացուցիչ Ռուզաննա Թամազյանը հայտնեց, որ խողովակներին տիրություն է անում Սանասար Շերմազանյանը:

Վերջինս հեռախոսով մեզ բացատրեց, որ դրանք իր սեփական խողովակներն են,  Երևանից է գնել՝ անասնագոմ կառուցելու նպատակով: Սանասար  Շերմազանյանը Կաճաճկուտի հարևան Աքորի գյուղի նախկին գյուղապետ Կամո Սիմոնյանի փեսան է:

Կամո Սիմոնյանը «Սեդվի էներգո» ՍՊԸ-ի փոքր  բաժնետերերից է:  «Սեդվի էներգո» ՍՊԸ-ի հիմնական բաժնեմասը՝ 87 տոկոսը, պատկանում է  հէկ-եր նախագծող «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի սեփականատեր՝ Գրիգոր և տնօրեն՝ Ինեսա Գաբայանների որդուն՝ Սարգիս Գաբայանին:

Ընկերությունը վերջին տարիներին ցանկացել է Կաճաճկուտ գետակի վրա հէկ կառուցել, սակայն հանդիպել է գետակի ջրով ոռոգվող Հագվի գյուղի այգետերերի կոշտ դիմադրությանը: Բնապահպանության նախարարությունը մերժել է «Սեդվի էներգո»  ՍՊԸ-ի ներկայացրած փորձաքննության հայտը:

Սարգիս Գաբայանը հեռախոսով մեզ հայտնեցոր Կաճաճկուտ գյուղի մուտքի մոտ գտնվող խողովակները իր սեփական խողովակներն են։ 

«Դրանք 3-4 տարի թափված են եղել Ալավերդու նախկին նավթաբազայի տարածքում: Տարածքի սեփականատերը  պահանջեց ազատել տարածքը, ես այլ տեղ չեմ ունեցել, խողովակները տեղափոխել եմ  Կաճաճկուտ»,- ասաց Ս. Գաբայանը:

Թե ինչ կապ ունի ինքը Կաճաճկուտի հետ և ինչու է խողովակները տեղափոխել հենց Կաճաճկուտ, Ս․ Գաբայանը չբացատրեց: Հեռախոսազրույցից ակնհայտ էր, որ Ս. Գաբայանը դեռ չի կորցրել «Կաճաճկուտ»  գետակի վրա  փոքր հէկ կառուցելու հույսը։ 

«Այս պահի դրությամբ  հէկ կառուցելու մտադրություն չկա: Դա պայքար է:  Ժողովուրդը էս պահի դրությամբ հէկ կառուցելու մասին չի ուզում լսել, վաղը կուզենա լսել: Ես դա չեմ բացառում: Տեսեք, ես Ձեզ չեմ խաբում, ես ամենազոր չեմ,  բայց միշտ էլ  ման եմ գալիս ճանապարհներ՝ ժողովրդի հետ համաձայնության գալու համար»,- պարզաբանեց Ս. Գաբայանը: Ասաց այս պահին  խողովակները դրել է վաճառքի, եթե ժողովուրդը համաձայնի իր հէկ-ի կառուցմանը, կարող է նոր խողովակներ գնել:

Կաճաճկուտը գտնվում է Լալվար լեռան հարավային լանջի ստորոտում:  Գյուղը 400 բնակիչ  և 119 հա վարելահող ունի: Վարչական ներկայացուցիչ  Ռուզաննա Թամազյանի ասելով՝ սողանքային վիճակի պատճառով գյուղի վարելահողերը չեն սեփականաշնորհվել, դրանք վարձակալությամբ գյուղացիներն օգտագործում են որպես խոտհարքներ: Կաճաճկուտի  խոտհարքները հիմնականում թեք լանջերի վրա են և գյուղտեխնիկայի աշխատելու համար հարմար չեն: 20-ամյա Արեն Լալայանը բացատրում է, որ Կաճաճկուտի Յեարտաշ, Կալքարեր, Մաղարոներ, Կալեր հանդամասերի թեքության պատճառով խոտը ձեռքով են հնձում:  

«Մեր գյուղում աշխատելն ու ապրելը դժվար է, բայց այստեղ ապրողներն իրենց գյուղը շատ են սիրում, Կաճաճկուտի բնությունը այլ տեղ չեմ տեսել»,- ասում է Արենը:

Արմենուհի Խլոպուզյանը՝ Արենի մայրը, դժգոհեց, որ կաճաճկուտցիների կյանքում դրական ոչ մի փոփոխություն չի լինում:

Արեն Լալայան

Արմենուհին  հիշեց, որ գյուղ եկող ավտոբուս երբեք չեն ունեցել: Ալավերդցի վարորդները վթարային ճանապարհով վախենում են գալ Կաճաճկուտ: Գյուղացիները գյուղի  մեքենաներով են գնում Ալավերդի, որի համար մեկ մարդը 500 դրամ է վճարում: Կաճաճկուտում մանկապարտեզ չկա: Հինգ տարի առաջ կապիտալ վերանորոգված մշակույթի տունը կաճաճկուտցիներն անգամ մեկ օր չեն օգտագործել:

Շենքի պատերը միմյանցից հեռացել են, հատակն էլ խոնավությունից քայքայվել է: Արմենուհին ասաց, որ խոշորացված Ալավերդի համայնքին միանալուց հետո Կաճաճկուտում ոչինչ չի փոխվել: 86-ամյա Լադիկ Թամազյանը, պատմեց, որ 50 տարի աշխատել է Կաճաճկուտում՝ վար ու ցանքս է արելգյուղի փոստատար, ապա ֆերմայի վարիչ և բրիգադիր է աշխատել: Լադիկ Թամազյանն ասում է, որ գյուղը չի զարգանում։ 

Կաճաճկուտում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում:  

Լադիկ Թամազյան

«Հիմա մեր գյուղը բրախած գյուղ ա:  Տենում ես, մեր գեղի էլեկտրական սյուները չիմ վեր ա թափում»,- հեռվում  թեքված սյուները ցույց տալով՝ ասաց Լադիկ Թամազյանը: Դեռ 1969թ.-ին ՀՀ նախարարների խորհրդի 393 որոշմամբ կատարված ինժեներա-երկրաբանական հետազոտությունների արդյունքներով Կաճաճկուտը ճանաչվել է սողանքային գյուղ: Այդ պատճառով գյուղի բնակչությանն անցյալ դարի 70-ական թվականներին երկու անգամ վերաբնակեցրել է Մեծ Այրում և Այգեհատ գյուղերում:

Կաճաճկուտցիները չեն հարմարվել այդ գյուղերին և վերադարձել են իրենց գյուղ: Քաղաքաշինության նախարարության պատվերով՝  «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերությունը 2005թ.-ին  իր հետազոտություններով պարզել է, որ Կաճաճկուտի սողանքավտանգ տարածքը զբաղեցնում է մոտ 160 հաՍողանքային պրոցեսների զարգացումը և մակերևույթային ճեղքառաջացումը առավել վտանգավոր են գյուղի անմիջական տարածքում  և նրա շրջակայքում: Այստեղ  առանձնացվում են մոտ երկու տասնյակ խոշոր ու փոքր սողանքային մարմիններ, որոնցից մեծ մասը ներկայումս ակտիվ է և անընդհատ շարունակում է զարգանալ:

Սողանքային տարածքում ակտիվ, անընդհատ շարժվող 1,5 հա տեղադիրքեր կան Կաճաճկուտ գետակի աջ ափին՝ 150 մ հեռավորության վրա:  Ակտիվ և անընդհատ շարժվող տեղադիրքեր կան նաև գետակի աջ ափի 60 մետր հեռավորության վրամեկ հա՝ գետակի հունից 240 մ հյուսիսարևմուտք և 110 մ արևմուտք: Հատակային էրոզիայի և նրա հետևանքների կանխարգելման համար ինժեներա-երկրաբանական հետազոտություններ կատարող մասնագետներն առաջարկել են ջրորդանների միջոցով գետակի ու նրա վտակների ջրերի տեղափոխում գյուղի սահմաններից դուրս, կամ կատարել առվակների հատակային մասերի բետոնապատում:

Բացի այդ, առաջարկվել է գյուղի անմիջական տարածքում խստորեն կարգավորել  ոռոգման ջրերի ծախսը, կապտաժի ենթարկել առավել դեբիտով գյուղի աղբյուրները մասնավորապես N 15 սողանքային մարմնի մոտակայքում, որի ակտիվացումը սպառնում է գյուղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհին: Դեռ խորհրդային տարիներից առ այսօր հակասողանքային առաջարկված որևէ միջոցառում Կաճաճկուտում չի կատարվել:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գյուղի սողանքային տարածքում, Կաճաճկուտ գետակի վրա 3 հէկ-եր կառուցելու լիցենզիաներ է տվել: 2014թ.-ի մարտին Կաճաճկուտ գետակի վրա շահագործվել է «Վան Ալ Էն Կ» ՍՊԸ-ին պատկանող «Կաճաճկուտ» փհէկը:

Այս փհէկ-ի ջուրը Կաճաճկուտ գետակի ակունքից է վերցրվում, իսկ փհէկի ջրահավաք կայանը և ձկնանցարանը կառուցված են հենց սողանքային վտանգավոր գոտում:

Լսելով սողանքային տարածքով հոսող Կաճաճկուտ գետակի ջրերի սպառնալիքների մասին, Սարգիս Գաբայանը մի պահ ոգևորվեց։ «Ես այդ գործից հասկանում եմ, գետի ջուրը խողովակների մեջ քաշելը կվերացնի գետակի սողանքային վտանգները: Ես իմ հէկը կկառուցեմ հենց գործող հէկ-ի շարունակությամբ»,- ասաց նա:

Ամենայն հավանականությամբ՝ այդ ակնկալիքով էլ Ս. Գաբայանը իր հէկ-ի համար նախատեսած 1000մ խողովակները տեղափոխել է Կաճաճկուտ: Ստիպված էինք Ս. Գաբայանին հիշեցնելու, որ Կաճաճկուտ գետակը հոսում է գյուղի սողանքային վտանգավոր տարածքով, բացի այդ 514 բնակիչ ունեցող Հագվի գյուղի զարգացման համար կարևորվում է ոռոգման ջրագծի կառուցումը, որը պետք է սնվի Կաճաճկուտ գետակից: Գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող աղբյուրի մոտ Սիլվա Գևորգյանը, որ դույլերով ջուր էր տանում, դժգոհեց խմելու ջուր և գյուղում մանկապարտեզ չունենալու համար:

Սիլվան ասաց, որ վերջերս կաճաճկուտցիների հետ հանդիպման եկած Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը խոստացել է լուծել գյուղացիների մի մասին չբավարարող խմելու ջրի և մանկապարտեզի հարցը։

«Մեր գյուղի խնդիրը այն է, որ խմելու ջուրը գյուղացիներն օգտագործում են նաև ոռոգման նպատակով: Սողանքային Կաճաճկուտի տնամերձերը ոռոգել չի թույլատրվում, բայց կաճաճկուտցիները չեն լսում նախազգուշացումները»,- բացատրեց Ռուզաննա Թամազյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter