HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Գարեգինյան

Դժվար վերադարձ

Հայաստանի մայրաքաղաքում այդ հուշարձանը կանգնեցնելու տեղը դեռ չի որոշվել։ Երեւանի փողոցներում դուք չեք տեսնի ճարտարապետների ու պաշտոնյաների, որոնք հուշարձանի համար տեղ են փնտրում։ Այդուհանդերձ, խոսակցություններ վարվում են։

Խոսքը Երեւանում ռուս հզոր տիրակալի՝ Պետրոս Առաջինի հուշարձանը կանգնեցնելու մասին է։ Հատկանշական է, որ նման գաղափար առաջացել է հենց հիմա, երբ թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը անկախ, ինքնիշխան պետություններ են։ Ո՛չ այն ժամանակ, երբ Հայաստանը Ռուսական կայսրության կազմի մեջ էր, ո՛չ խորհրդային ժողովուրդների եղբայրական ընտանիքի ժամանակաշրջանում, «գահին նստած հավերժ աշխատավորի» հուշարձանն այստեղ չի կանգնեցվել։ (Ի միջի այլոց, մինչեւ այժմ արժանին չի մատուցվել այնպիսի մի անհատականության, որը Հայաստանի եւ հայերի համար ոչ պակաս վիթխարի դեր է խաղացել, քան Պետրոս Ալեքսեեւիչը Ռուսաստանի եւ ռուսների համար' Տիգրան Երկրորդ Մեծ արքային, որը մ.թ.ա. առաջին դարում միավորեց բոլոր հայկական հողերը եւ երկար ժամանակ հաջողությամբ դիմագրավում էր Հռոմեական կայսրությանը)։ Պետք է կարծել, որ հենց հիմա Երեւանում Պետրոս Առաջինի հուշարձանի հայտնվելը նվիրվում է կայսեր մահվան 280-ամյակին։ Եւ այսպիսի խորհրդանշական քայլը կոչված է հաստատելու, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերն առաջվա պես ամուր են, փոխշահավետ եւ հեռանկարային։ Այդուհանդերձ, սպասել, թե նման մի բան կիրականացվի, ասենք, Կիեւում, Թբիլիսիում կամ նույնիսկ Մինսկում, կլինի միամտություն։ Այսօր մթնոլորտն ուրիշ է։

Այսօր Ռուսաստանի համար դժվարացել է անգամ ետխորհրդային տարածության մեջ տեղաշարժվելը։ Քաղաքական նոր էլիտաները, որոնք իշխանության են եկել նախկին խորհրդային հանրապետություններում, առաջնորդվում են այլ նախապատվություններով, քան իրենց նախորդները։ Իսկ Ռուսաստանն այդ նախապատվությունների շարքում բնավ էլ առաջին տեղում չի գտնվում։

«Ռուսաստանի դժբախտությունն այն է,-ասում է Հայաստանի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը չցանկացավ իր անունը հիշատակել,-որ նրա ղեկավարները հաճախ մտածում են հին, իրենց դարն ապրած կատեգորիաներով։ Այնինչ, «խալյավայի» ժամանակները վաղուց անցել են։ Բայց նախկին պարտոկրատական ապարատը, որը պահպանել է իր դիրքերը, այդ բանը դեռ չի զգում։ Իհարկե, այսօր էլ Ռուսաստանի դերը հարավկովկասյան տարածաշրջանում մեծ է, այդ մասին ոչ մեկը չի վիճում։ Այլ բան է, որ ոմանց դա ձեռք է տալիս, իսկ ոմանք էլ ցանկանում են դուրս գալ այդ ազդեցության շրջանակից»։

Այդպիսի վերաբերմունքը նյարդայնացնում է Կրեմլին, եւ նրա գործողություններում ակնհայտորեն նկատելի է եթե ոչ ստատուս-քվոն վերականգնելու, ապա գոնե սեփական դիրքերը վերջնականապես չկորցնելու ձգտումը։

Ռուսաստանը ձգտում է արտաքին քաղաքականությունն իրականացնել՝ առաջին հերթին հաշվի առնելով իր ազգային շահերը։ Դրանց թվում հիմնականներից մեկը Հարավային Կովկասի երկրների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելն է։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա բազմիցս Ռուսաստանի Դաշնությունն անվանել է իր ռազմավարական գործընկերը։

Ըստ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականների՝ ռուս-հայկական փոխհարաբերություններում ոչ մի խնդիր չկա։ Իսկ Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը բացառիկ կարեւորություն է տալիս երկկողմանի հարաբերություններին տարածաշրջանային մակարդակում։ Բացի այդ, Օսկանյանի կարծիքով, Ռուսաստանի եւ Հայաստանի ընդհանուր մոտեցումները եւ ընդհանուր շահերը պահանջում են մշտական շփումներ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի շրջանակներում։ Այդպիսի շփումները տարածաշրջանում կայունության պահպանման կարեւոր լծակ են համարվում։

Կողմերը պակաս լուրջ չեն համարում ռազմաքաղաքական ոլորտին վերաբերող կապերը։ Այստեղ հաշվի է առնվում Գյումրիում ռուսական ռազմական հենակայանի եւ Արմավիրի մարզում տեղակայված սահմանային կայազորի առկայությունը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանը կընդունի նաեւ ռուսական զինծառայողներին (զրահատեխնիկայի եւ մնացած զենքի հետ միասին), եթե վերջնական որոշում ընդունվի այդ մասին։

Ընդհանուր տնտեսական շահեր

Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներկայությունը էապես ամրապնդվեց եւ ընդլայնվեց երեք տարի առաջ նախաձեռնված «Գույք' պարտքի դիմաց» ծրագրի շնորհիվ։ Ծրագիրն իրականացվում է երկկողմանի առեւտրատնտեսական գործընկերության շրջանակում, ընթացիկ վերահսկողությունն իրականացնում է տնտեսական համագործակցության գծով միջկառավարական հանձնաժողովը։ Մասնավորապես, ռուսական կողմին պարտքի դիմաց (առաջին հերթին՝ բնական գազի եւ միջուկային վառելիքի առաքման համար) հանձնված է «Մարս» գործարանի, Հայկական ատոմակայանի, Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի ֆինանսական հոսքերի կառավարումը։
«Լինելով Ռուսաստանի համար բարեկամական երկիր' Հայաստանը, համենայնդեպս, կարող էր եւ չմարել անցած տարիներին կուտակված պարտքը. վերջ ի վերջո, նման իրավիճակ ստեղծվել է եւ ուրիշ երկրներում, որտեղ պարտքի վճարումն անընդհատ հետաձգվել է,-ասում է ՌԴ-ում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը։-Բայց մենք այդ հարցին ցուցաբերեցինք սկզբունքային մոտեցում։ Եւ այստեղ, պարտքի փոխարեն հանձնելով մի շարք ձեռնարկություններ' մենք հետապնդում ենք երկարաժամկետ շահեր։ Դրանով մենք հասնում ենք նրան, որ այդ ձեռնարկությունները նորից կաշխատեն։ Այդ խնդիրը մեր ուժերով չէինք կարող լուծել, քանի որ չունենք համապատասխան ֆինանսական միջոցներ…»:

Մյուս առանցքային ասպեկտն այն է, որ արտադրանքը պետք է արտահանվի, որպեսզի յուրացվեն արտաքին շուկաներ։ Այնինչ Հայաստանն այսօր մշտապես բախվում է տրանսպորտային խնդիրների, քանի որ երկաթուղու աբխազական հատվածը, որը Հայաստանը միացնում էր Ռուսաստանին, մինչեւ այժմ չի գործում։ Սա նշանակում է, որ մեծանում է ռուսական կողմի շահագրգռվածությունը՝ հնարավորինս արագ կարգավորելու այդ հարցը։

Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների համար ռուսական շուկան ավանդաբար համարվում է կարեւորագույններից մեկը։ Ցանկալի է, որ մատչելի լինեն «հյուսիսային հարեւանի» հումքի պաշարները։ Ուստի պատահական չէ, որ սեփական ձեռնարկատիրական գործունեությունը ծավալելիս նրանք հաճախ առաջին հերթին կողնորոշվում են հենց դեպի Ռուսաստանը։

«Երկկողմանի տնտեսական համագործակցությունը նոր դինամիկա ստացավ 2001թ.-ին նախագահներ Պուտինի եւ Քոչարյանի փոխադարձ այցելություններից հետո,-ասում է Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։-Եւ այստեղ առաջին պլան մղվեց այսպես կոչված էթնիկական կապիտալը. ակտիվացան Ռուսաստանի՝ հայկական ծագում ունեցող գործարարները։ Այսօր նրանք ներդրումներ են կատարում իրենց պատմական հայրենիքում, ընդ որում՝ բավական նշանակալի, արտադրության եւ շինարարության մեջ, բանկային-ֆինանսական համակարգում եւ այլ ոլորտներում»։

Այսօր տեղի է ունենում կարեւոր կառուցողական տեղաշարժ. Ռուսաստանն այլեւս Հայաստանին չի վերաբերվում որպես իր «կրտսեր եղբորը», որը մշտապես օգնության կարիք ունի, այլ որպես իրավահավասար գործընկերոջ։ Հայաստանյան շուկան դառնում է գրավիչ ռուսական շահերի համար։ Այդ թվում՝ որպես փոխադրման հարմար ճանապարհ դեպի Իրան, Մերձավոր Արեւելքի եւ Պարսից ծոցի երկրներ։

Գոյության պարույրի մի օղակը

Խորհրդային տարիներին Ռուսաստանն ավանդաբար ընկալվում էր որպես ողջ Խորհրդային Միությունը։ Պատահական չէ, որ զարգացած Արեւմուտքը, էլ չխոսեենք Արեւելքի եւ «երրորդ աշխարհի» երկրների մասին, հաճախ խառնում էր "Soviet" եւ "Russian" հասկացությունները։ Կրեմլի աստղերը լուսավորում եւ ուղղորդում էին կյանքը Կինգիսեպից մինչեւ Նախոդկա ձգվող վիթխարի տարածքի վրա։ Յուրացնելով ըստ համընդհանուր կրթության պահանջների ստեղծված դպրոցական ծրագիրը՝ մատաղ հայորդիներն ավելի շատ բան գիտեին Կուլիկովոյի ճակատամարտի կամ Երմակի արշավանքի, քան 1918թ.-ի մայիսի 28-ին տեղի ունեցած Սարդարապատի ճակատամարտի մասին, որը վճռական նշանակություն ունեցավ Հայաստանի գոյության համար։

Այդուհանդերձ, ռուսական դպրոցներն այն ժամանակ ապահովում էին կրթական ոչ վատ մակարդակ եւ համարվում էր, որ դրանց մեծ մասը հայկական դպրոցներից ավելի լավն էին (ի միջի այլոց, այն ժամանակ կային նաեւ ադրբեջանական դպրոցներ)։ Այդպես էր ստացվել։ Ռուսերենի իմացությունը պատվաբեր էր եւ լրացուցիչ գործոն' հեղինակավոր ԲՈՒՀ ընդունվելու, հետագայում՝ արտադրության, գիտության մեջ, ինչպես նաեւ կոմերիտական-կուսակցական նոմենկլատուրային համակարգում լավ կարիերա անելու համար։ «Ազգային կադր է, բայց ռուսերեն լավ է խոսում»- այս հանգամանքը հաշվի էր առնվում ցանկացած կազմակերպությունում մասնագետներ ընտրելիս։ Նման բաներ վաղուց արդեն չկան։ Մնացել են մի քանի ռուսական դպրոցներ, որտեղ ընդունում են ոչ բոլորին՝ միայն էթնիկ ռուսներին եւ ռուսալեզուներին։

Միամտություն կլիներ ժխտել, որ հենց ռուսերենի իմացության շնորհիվ շատերը կարողացան լիովին գնահատել Պուշկինի, Գոգոլի, Եսենինի, Չեխովի եւ ռուս գրականության մի ամբողջ համաստեղության ստեղծագործությունների ողջ հմայքը։ Ռուս գրականությունը հավասարի իրավունքով գոյություն ուներ հայ գրականության կողքին, որը նույնպես տվել է համաշխարհային մասշտաբի հանճարներ։ Բայց կա նաեւ երաժշտությունը, գեղանկարչությունը, ճարտարապետությունը… Նման զորեղ հոգեւոր ներգործությունը, թերեւս, կարելի է համարել ավելի կարեւոր, քան քաղաքականն ու տնտեսականը։ Այդ առնչությամբ դեսպան Ա. Սմբատյանը բերում է շատ տպավորիչ օրինակ. ռուս ուղղափառ եկեղեցիներում հնչող բազմաձայն պատարագների արմատները շատ առումներով ձգվում են մինչեւ հայկական շարականներ՝ միջնադարյան միաձայն հոգեւոր երգասացություններ։ Դրա սկիզբը դրել են մեր հայրենակիցները՝ երաժիշտներ ու կրոնականներ, որոնք Անիի թագավորության կործանումից հետո' 11-րդ դարի կեսերին տեղափոխվեցին ռուսական քաղաքներ։

«Ափսո~ս, դպրոցում մեզ վատ են սովորեցրել ռուսերեն,-տրտնջում է բանաստեղծ Հուսիկ Արան, որը գլխավորում է Հայաստանի Գրողների միության երիտասարդ գրողների սեկցիան։-Չեմ կարող բնագրով Եսենին ու Բլոկ կարդալ։ Լավ է, գոնե, որ կարգին թարգմանություններ կան։ Գրչի առաջին փորձերը կատարող երիտասարդ բանաստեղծներին ու արձակագիրներին ես միշտ խորհուրդ եմ տալիս. մի՛ ալարեք, կարդացեք «Պարսկական մոտիվները», «Տասներկուսը», «Տափաստանը»։ Բա այսօրվա գրողները' Դովլաթով, Երոֆեյեւ, Բիտով։ Ո՛չ, չի կարելի խզել կապերը ռուս գրականության հետ, դրանից մենք միայն կաղքատանանք»։

Դու՝ ինձ, ես՝ քեզ

Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը չի խանգարում Հայաստանում ապրողներին՝ զգալու նրա մերձությունը։ Այդ թվում՝ նրանց, ովքեր Խորհրդային Միության կործանումից հետո այնտեղ գնալու հնարավորություն չունեն. երկաթուղին չի գործում, ինքնաթիռով թանկ է (մի ուղղությամբ տոմսը համեմատելի է ամսական աշխատավարձի հետ), ավտոբուսով կամ ավտոմեքենայով գլխացավանք է։ Մերձության զգացողությունն ամրապնդվում է ավանդական կապերով, որ պահպանվում են երկրների ու ժողովուրդների միջեւ, ինչպես նաեւ Ռուսաստանում առկա մեծաթիվ, գործունյա եւ բավական ազդեցիկ հայկական սփյուռքի միջոցով։ Բացի այդ, վերջին 10-12 տարիների ընթացքում այդ սփյուռքը ակտիվորեն համալրվում է. մարդիկ Ռուսաստան են գնում լավ կյանքի հույսով։ Միացյալ Նահանգների հետ միասին, ռուսական երթուղիներն առաջվա պես տիրապետող են հայ ճանապարհորդների միգրացիոն գործընթացներում։ Բայց դա հանգիստ կյանք չի ապահովում, առավել եւս, որ այսօր Ռուսաստանում նույնպես շատ թե քիչ շահավետ բիզնես անելն այնքան էլ պարզ բան չէ։ Իսկ նրանք, ովքեր լավ չգիտեն Ռուսաստանում միգրանտների կացության պայմանները, կարող են բախվել հավելյալ խնդիրների։

Երեւանցի Վլադիմիր Դավթյանը կանոնավոր այցելում է «Վերնիսաժ»: Նրան հատկապես հետաքրքրում է արծաթե զարդեղենը։ Դրանց շնորհիվ իր փոքրիկ գործն է կազմակերպել. ձեռք է բերում եւ վստահելի մարդկանց միջոցով այդ զարդերն ուղարկում Մոսկվա' իրացնելու։ Առաջարկը ծնում է պահանջարկ։

«Մի կարծեք, թե ինձ համար շատ հաճելի է այդ զբաղմունքը։ Բայց պետք է, չէ՞, ինչ-որ կերպ ապրել,-ասում է նա։-Առողջությունս թույլ չի տալիս վերադառնալ նախկին աշխատանքին (Վլադիմիրը բարձր որակավորման ինժեներ է)։ Իսկ որտե՞ղ գտնեմ այդ աշխատանքը։ Արդյունաբերական համալիրն առհասարակ փուլ եկավ։ Իսկ մեզ՝ ռուսական կրթությամբ մասնագետներիս վրա մինչ օրս էլ ծուռ են նայում։ Համաձայն եմ' պետք է ինտեգրվել համաշխարհային հասարակությանը։ Բայց մեզ մոտ դա շատ կոպիտ է արվում… Մյուս կողմից՝ չգիտես ինչու համարում են, որ զարգացման ամերիկյան մոդելը մեզ համար ռուսականից ավելի լավն է։ Անձամբ ես համոզված եմ, որ Հայաստանի ապագան կապված է հենց Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն անպայման ոտքի կկանգնի, թեեւ շատերն այդ բանը չեն ուզում։ Մեր կապերը պետք է շարունակվեն»։

Վլադիմիրը պատկանում է այսպես կոչված միջին սերնդին, որի ներկայացուցիչները հատուկ կարեւորություն են տալիս ռուսական գործոնի ամրապնդմանը։ Դա դժվար չէ բացատրել. նրանց գիտակցական երիտասարդությունն անցել է հենց ռուս գործընկերների հետ սերտ համագործակցության ժամանակաշրջանում։ Նրանք գնահատում են դա եւ չեն ցանկանում հրաժարվել դրանից։

«Ես արդեն 50 տարեկան եմ եւ նույնիսկ զուտ հոգեբանորեն համարում եմ, որ մենք շարունակում ենք մնալ միասնական ամբողջություն,-ասում է Արմեն Բաբայանը, որը ղեկավարում է կաթնամթերք արտադրող «Նորմա-կաթ» ֆիրման եւ սնկեր աճեցնող «Ա. Բաբայան» անհատական ձեռնարկությունը։-Հավանաբար, մեր սերնդին այդպես էլ չի հաջողվի Ռուսաստանն ընկալել որպես միայն հարեւանի։ Սկզբում ես զբաղվում էի գիտությամբ եւ շատ լավ հիշում եմ, որ ամբողջ գիտական գրականությունը մեզ մոտ գալիս էր Ռուսաստանից։ Այդ ժամանակից լավ կապեր են պահպանվել։ Հիմա, երբ ես սեփական բիզնես եմ վարում, պարզապես չեմ պատկերացնում, թե ինչպես կկարողանայի առանց ռուս մասնագետների փորձն օգտագործելու հասնել այս արդյունքներին։ Մեր երկու մասնավոր ձեռնարկությունն էլ ստեղծել ենք Ռուսաստանից ստացված տվյալների հիման վրա։ Անցյալ տարի նոյեմբերին ես մեկնեցի Մոսկվայի սնկաբուծության դպրոց եւ յուրացրի սնկերի աճեցման ժամանակակից տեխնոլոգիաները։ Հավատացնում եմ ձեզ, ինձ ընդունեցին այնպես, ինչպես այն ժամանակ, երբ մենք ապրում էինք նույն երկրում»։

Առհասարակ գիտությունը եղել եւ մնում է այն ուղղություններից մեկը, որտեղ համատեղ շարժումն առանձնապես ծանրակշիռ արդյունքներ է տալիս։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի առաջատար տեսաբաններից մեկի՝ Գայանե Գրիգորյանի խոսքերով՝ ռուսական գիտությունը երբեք չի զիջել ամերիկյանին կամ արեւմտաեվրոպականին, որի շնորհիվ հայ գիտնականները նույնպես ունեին ամենահրատապ եւ հետաքրքիր խնդիրներով զբաղվելու հնարավորություն։ «Այսօր Ռուսաստանում գիտությունը ոտքի է կանգնում, լուրջ ֆինանսավորում է ստանում,-ասում է նա,-իսկ մենք, ցավոք, ավելի ու ավելի ենք վերածվում խուլ գավառի»։

Արդյոք ճի՞շտ է Սոլժենիցինը

Մինչ պետական գործիչները բարձր ամբիոններից Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերն ընդարձակելու եւ ամրապնդելու պատրաստակամություն են հայտնում, հասարակ քաղաքացիները համարում են, որ այդ պատրաստակամությունն առայժմ ամբողջովին չի իրականացվում։ Ավելին՝ աննկատելիորեն սասանվում են նրանց դիրքերը, ովքեր Ռուսաստանին առաջին տեղն են տալիս։ Իսկ ռուսերեն լեզուն ակտիվորեն դուրս է մղվում «ազգամիջյան շփման» մեկ այլ լեզվի՝ անգլերենի կողմից։

Դա շատ լավ երեւում է Երեւանի փողոցներում։ Այսօր գրեթե չես տեսնի ռուսերեն գրություններ ու ցուցանակներ, մեծամասնությունը հայերեն եւ անգլերեն լեզվով են։ Այդ լեզուները լավ չիմացող հյուրերի համար սկզբում դժվար է լինում կողմնորոշվել մայրաքաղաքում։ Ճիշտ է, Հայաստանի հյուսիսում, որտեղ ավանդաբար ռուսական ազդեցությունը ուժեղ է եղել, հաճախ կարելի է տեսնել ռուսերեն մակագրություններ…

Այդուհանդերձ, Հայաստանում Ռուսաստանի ազդեցության չափի վերաբերյալ մեկնաբանություններում եւ բարեկամական զրույցներում ի հայտ են եկել կասկածի նոտաներ. ինչ-որ բան պակասում է։ Դժվար է ասել, թե ում մեղքով, բայց ներկա մակարդակը ակնհայտորեն այն չէ, ինչ կարող էր լինել։ Նկարիչ-վիտրաժիստ Ռուբեն Մխոյանը կարծում է, որ դա զգալի չափով կատարվում է ռուսական կողմի մեղքով։

«Մենք չափից ավելի շատ ենք իդելականացրել Ռուսաստանը, հիմա էլ ենք իդեալականացնում,-ասում է նա,-բայց իրականում այն բոլորովին այնպիսին չէ, ինչպիսին կցանկանայինք տեսնել։ Ռուսաստանի մեջ անհասկանալի ձեւով համատեղվում են ե՛ւ առաջընթացը, ե՛ւ դիկտատուրան։ Չեմ ուզում պնդել, թե հիմա Կրեմլում հիմարներ են նստած: Ճիշտ հակառակը։ Բայց եւ այնպես, սխալը սխալի ետեւից են կատարում։ Համաձայն եմ Սոլժենիցինի մի գաղափարի հետ. «Ավելի լավ կլինի, եթե Ռուսաստանը հրաժարվի որոշ տարածքներից, որոնք նա այսօր պահում է արյան եւ զոհերի գնով, մի քիչ սեղմվի, բայց փոխարենը վերախմբավորվի եւ մեկընդմիշտ վերջ տա տարածքային եւ ազգային սպեկուլյացիաներին»։ Դրանով իսկ Ռուսաստանի տրամադրության տակ մնացած տարածքը կդառնա անխոցելի։ Կարծում եմ' այստեղ ինչ-որ ռացիոնալ բան կա։

Հակառակ ամեն ինչի, Ռուսաստանի ներկայությունը Հայաստանի կյանքում շարունակվում է։ Ինչպե՞ս եւ ի՞նչ ուղղությամբ կարտահայտվի այն ապագայում՝ հավասարապես կախված է թե՛ Ռուսաստանից, թե՛ մեզանից։

Աշոտ Գարեգինյան, Հայաստան
«Դելովոյ էքսպրես» թերթ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter