HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքի՝ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային հավաքականի՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ և ֆրանսիական թիմին մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Ֆրանսիայի հետ ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։ 

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Հանձնառու ենք այն ամենաբարձր մակարդակով կազմակերպելուն։ Շնորհակալ ենք Ֆրանսիային նախապատրաստական աշխատանքներում ցուցաբերվող աջակցության համար»,- ասել է ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ գագաթնաժողովի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու նաև տնտեսական բաղադրիչին. նախատեսվում է անցկացնել ֆրանկոֆոն երկրների գործարարների և գործատուների բիզնես ֆորում և այդ ֆորումի արդյունքում ստեղծել ֆրանկոֆոն երկրների գործարարների ցանց:

Վարչապետը հավելել է, որ Հայաստանում գործարարության համար ստեղծված են հավասար պայմաններ և համոզմունք հայտնել, որ նոր պայմաններում նոր խթան կստանան նաև հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան և մասնակցությունը գագաթնաժողովին այդ կարևոր միջոցառումն առավել հնչեղ կդարձնի թե՛ Հայաստանի և թե՛ ողջ ֆրանկոֆոն համայնքի համար։ 

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորել մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով հանգուցալուծումը: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական: Էմանուել Մակրոնը վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երևանում կանցկացվի բարձր մակարդակով և հույս է հայտնել, որ Հայաստան կատարելիք այցի ընթացքում հնարավորություն կլինի առավել առարկայական քննարկել հայ-ֆրանսիական կապերի հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցերն ու նախագծերը: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանը և կարևորել դրա կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել համանախագահ երկրների, այդ թվում Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին և հավելել, որ հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter