HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Ամսագրային բիզնեսն առայժմ ինքնանպատակ է

«Աֆիշա», «Գորոդ», «Քաղաք», «Էլ-էլիտար կյանք», «Մենք», «Խարիսխ», «Երեւան». այս հանդեսները ստեղծվել են վերջին 1,5-2 տարիների ընթացքում: Այսօր Հայաստանում 100 դրամ արժողությամբ օրաթերթերը չեն սպառվում, եւ դրանց խմբագիրները դժգոհում են, թե ներկա պայմաններում հնարավոր չէ գին կամ տպաքանակ բարձրացնել: Այս նույն իրադրությունում հայտնվել են հանդեսներ' լավորակ տպագրությամբ, պատկերազարդ, որոնք հաճախ վաճառվում են ինքնարժեքից ցածր գնով' 500-1000 դրամ: Թվում է' այս իրավիճակում հանդես ստեղծելն անհույս ձեռնարկ է, բայց օր-օրի ավելանում են անունները:

Հանդեսները ստեղծվել եւ գոյատեւում են օրինաչափության ու դիպվածի զուգադրմամբ. անհատը որոշել է ստեղծել իր ճաշակով հրատարակություն, այլ երկրում նման նախագիծ իրականացնող հայերը ցանկացել են ունենալ ամսագիր նաեւ Հայաստանում, կամ մեկը ձգտում է իրականություն դարձնել խմբագիր լինելու իր երազանքը...

«Ամսագրի կարիք հայաստանցի ընթերցողը չունի: Մենք ամենասկզբից էլ գիտակցում էինք, որ մեր ամսագրի լսարանը դեռ չկա: Այս ամսագրի անհրաժեշտությունը զգացել եմ ես եւ իմ ստեղծագործական խումբը»,- ասում է «Քաղաք» ամսագրի գլխավոր խմբագիր Մհեր Դավոյանը:

«Ստեղծել ենք ամսագիր նրանց համար, ովքեր սիրում են գեղեցիկ եւ հարուստ կյանք: Իսկ յուրաքանչյուր մարդ ձգտում է լավագույնին, ու մենք էլ ենք ընտրել այդ «ոչ միջինը», այլ լավագույնն ու հաճելին: Մեզ մոտ դեռ չկա հոգեւոր եւ ֆինանսական հարստության միատեղում, բայց դրա ձեւավորման գործում մեր ամսագիրն արդեն ունի իր դերը»,-կարծում է «Էլ-էլիտար կյանք» ամսագրի խմբագիր Ավետիս Խախամյանը:

«Մենք աշխատում ենք ամբողջ աշխարհում տպագրվող ամսագրի մի ձեւի մեջ' ժամանցային կյանքի անոնսի, տեղեկատվության տարբերակով, որը մի քիչ տեղայնացվել է: Հիմնադիրը Մոսկվայում գործող «Տվիգա» գովազդային գործակալությունն է: Իրենք Ղազախստանում էլ են իրականացնում նման նախագիծ ու քանի որ հայ են, որոշել են, որ նման ամսագիր պետք է ունենան նաեւ Հայաստանում»,-ասում է «Աֆիշա» ամսագրի խմբագիր Գենոֆիա Մարտիրոսյանը:

Հայաստանում տպագիր տեղեկատվամիջոցի այս տեսակի' հանդեսի հրատարակումն ու զարգացումը չպետք է վերագրել միայն անհատների քմահաճույքներին ու որոշումներին: Ինչու՞ հենց 2 տարի առաջ սկսեցին իրար ետեւից լույս տեսնել նոր տիպի հանդեսներ, պետք է մեզ մո՞տ էլ լիներ այն, ինչ կար ամբողջ աշխարհում, ընթերողի պահա՞նջն էր, կամ գուցե այստեղ կամ դրսում կուտակվել էին ֆինանսական ազատ միջոցներ, որոնք կարող էին եւ պետք է ներդրվեին մեդիայում, եթե նույնիսկ այս պահին այդ ներդրումները շահույթ չեն բերում:

«Այն, որ հենց երկու-երեք տարի առաջ սկսեցին տպագրվել նման ամսագրեր, կարելի է կապել, ասենք, վերջին նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ։ Դրանց նախորդող շրջանում արդեն Հայաստանում ձեւավորման եւ օրինականացման ընթացքի մեջ էր հասարակական նորմերի եւ արժեքների բոլորովին տարբեր մի խումբ, որը սերտորեն առնչված է սպառողական հասարակության, սպառողականության՝ որպես հոգեբանության եւ տրամաբանության հետ։ Խորհրդային ժամանակից ժառանգված եւ արդեն իրենց ուժը կորցնող արժեքները տեղի էին տալիս նորերի առաջ։ Նոր իրադրության սրընթաց ձեւավորման համար մանր ու մեծ այլ պատճառներ էլ կարելի է գտնել։ Կարելի է կապել, օրինակ, Երեւանի կենտրոնի ասֆալտապատման հետ (Լինսի հիմնադրամի միջոցներով). մեծ-մեծ փոսերով, քանդված փողոցներով միջավայրում դժվար է խոսել էլիտար կյանքի մասին, գունավոր եւ բարձրորակ տպագրությամբ հանդեսներն այս դեպքում շատ ավելի անտեղի կամ անհեթեթ կթվային։ Զվարճության, ժամանցի մշակույթը որեւէ հասարակության մեջ չի կարող ձեւավորվել առանց մեդիայի, այդ թվում՝ տպագիր հանդեսների օգնության, որոնք աստիճանաբար «մասնագիտանում» են՝ ընտրելով հասարակության որոշակի նեղ շերտեր։ Միեւնույն ժամանակ, այս «որակի» (ուղղվածության եւ տպագրական մակարդակի առումով) ամսագրերն ունեն գաղափարաբանական գործառույթ' ցույց տալ հմայիչ միջավայրեր, ներշնչել գեղեցիկ եւ հաճելի ապրելու ցանկալի, հնարավոր եւ «ճիշտ» լինելը, որը կարող է զգալիորեն ապաքաղաքականացնել մարդկանց, բթացնել հասարակության սոցիալական բողոքի քաղաքական գիտակցությունը։ Այդուհանդերձ, առանց սեփական զանգվածային եւ սպառողական մշակույթի հնարավոր չի յոլա գնալ, իսկ այսպիսի ուղղվածություն ունեցող տպագիր մեդիայի ստեղծումը մեկ օրվա հարց չէ եւ պահանջում է, մասնավորապես, համապատասխան լեզվի, պատկերման ձեւերի (լուսանկարչության, հանդեսի ձեւավորման) ստեղծում նույնպես (պատահական չէ ռուսերեն լեզվով հանդեսների առատությունը)։ Այսպիսի իրադրության մեջ նման խնդիրների հետ է կապվում նաեւ այս կամ այն չափով վերլուծական, մեկնաբանական հավակնություններ ունեցող հանդեսների ստեղծումը։ Այստեղ գուցե շատ ավելի բարդ խնդիր է համապատասխան լեզվի եւ ներկայացման այլ միջոցների մշակումը։ Առհասարակ, նոր իրադրությունը պահանջում է նոր լրագրություն, նոր լուսանկարչություն, նոր տեքստ, նոր ձեւավորում, ընթերցելու եւ դիտելու նոր ունակություններ»,-ասում է մշակութաբան Հրաչ Բայադյանը:

«Աֆիշա» եւ «Երեւանյան ժամանց»

2003թ. հոկտեմբերից երկշաբաթյա պարբերականությամբ հրատարկվում է «Աֆիշա» հանդեսը: Հանդեսը ռուսերենով ներկայացնում է երեւանյան ժամանցը. կինո, թատրոն, համերգներ, ցուցահանդեսներ, ձայնասկավառակներ, գրքեր, սպորտ, ակումբներ, հեռուստատեսություն, կրկես եւ այլն:

Հանդեսը ստեղծվել է ամբողջ աշխարհում տպագրվող հանդեսների մի «բռենդի» (brand) մեջ, որոնք անոնսային ամսագրեր են եւ պատասխանում են որտե՞ղ, ի՞նչ, ո՞վ հարցերին: «Մեր մշակութային կյանքը շատ նեղ է, եւ հնարավոր չէր այդ ձեւի մեջ աշխատել: Բացի անոնսից, մենք ներկայացնում ենք հետաքրքիր մարդկանց' արվեստագետներ, երաժիշտներ եւ այլք, գրում ենք երիտասարդների մասին, օգնում ենք նրանց կայացմանը: Մենք փորձում ենք ապահովել թեթեւ, հանգիստ, հաճելի ժամանց»,-ասում է Գենոֆիա Մարտիրոսյանը:

Հանդեսի երրորդ համարից սկսած' նույն բովանդակությամբ զուգահեռ տպագրվել է «Երեւանյան ժամանց» հայերեն տարբերակը: Սակայն ընդամենը մի քանի համար է լույս տեսել, որովհետեւ թարգմանության խնդիր է առաջացել, եւ չեն գտնվել մարդիկ, որոնք պատշաճ տիրապետեն ե՛ւ հայերենին, ե՛ւ ռուսերենին ու կարողանան ներկայացնել երեւանյան ժամանցը: Գրելու նյութի եւ լեզվի խնդիր ունի նաեւ ռուսերեն տարբերակը: Այստեղ աշխատում են ռուսերենին տիրապետող մարդիկ։ Պարտադիր չէ ժուռնալիստ լինել, պետք է ուղղակի կարողանալ գրել երեւանյան ժամանցի մասին:

Ի սկզբանե, հիմնադիրները ցանկացել են ստեղծել երիտասարդական, ժամանցային, թեթեւ ամսագիր 18-25 տարեկանների համար: Սակայն երեւանյան ժամանցի սահմանափակ լինելու արդյունքում հանդեսը դարձել է ընտանեկան, որտեղ իրեն հետաքրքրող բաժին կարող է գտնել ցանկացած տարիքի մարդ:

1500-2000 տպաքանակով այս ամսագիրը «կայացման» մեկ ու կես տարիների ընթացքում դեռ չի գտել կամ ձեւավորել իր լսարանը եւ սպառվում է շատ քիչ քանակությամբ: «Աֆիշա»-ն Երեւանի սահմաններից դուրս է գալիս միայն դեպի Մոսկվա, որտեղ եւս դեռ լավ չի կազմակերպվում իրացումը: Ամսագիրը հնարավոր չէ գտնել Երեւանի բոլոր համայնքներում: Կրպակների աշխատողները հաճախ չեն ցանկանում վերցնել վաճառքի' ասելով, թե «չի ծախվի», իսկ «Հայմամուլ»-ին տրվող առանց այն էլ քիչ քանակությունը միշտ չէ, որ սպառվում է: Խմբագրակազմը կարծում է, որ չսպառվելն ավելի շատ կապված է մարդկանց' տեղյակ եւ ամսագրային մշակույթին սովոր չլինելու հետ, եւ որ իրականում բովանդակության առումով ամեն բան նորմալ է:

«Չեմ կարող ասել, թե ամսագրի որ բաժինը պետք է փոխվի կամ ինչը պետք է փոխվի: Մենք ցույց ենք տալիս, թե ինչ կա, ընթերցողը պիտի որոշի՝ այդ ամենից ինչն է իրեն պետք եւ գնա այդ կինոն, թատրոնը կամ խանութը: Իրականում հնարավոր չէ դեռ հասկանալ, թե ամսագրում ինչ պետք է փոխել, որովհետեւ աշխատում ենք ստեղծված ձեւի մեջ ու դեռ չունենք այն սպառումը, որը թույլ կտար հասկանալ, թե ամսագրի որ մասը պետք է փոխել եւ ինչ է ուզում ընթերցողը»,-ասում է Գենոֆիա Մարտիրոսյանը:

Հանդեսը չի սպառվում, չնայած վաճառվում է ինքնարժեքից ցածր գնով' 500 դրամով: «Հիմնադիրը նախատեսել էր, որ այս ժամանակահատվածում արդեն իր ներդրումն աստիճանաբար կնվազի, մեկ տարի տպագրելուց հետ գովազդի հոսք կլինի: Մենք ունենք գովազդ, բայց ոչ այնքան, որքան պետք է: Եվ այսօր էլ, եթե հիմնադիրը ներդրում չանի, մենք կփակենք ամսագիրը: Մեզ մոտ նոր է այս կուլտուրան' որակով թղթի վրա, որակյալ նկարներով ամսագիր: Ու այդ ամսագրում գովազդ ունենալու կուլտուրան էլ է նոր ձեւավորվում»,-պարզաբանեց Գ. Մարտիրոսյանը:

«Աֆիշա»-ում պատրաստվում են տպագրել հեռուստառադիոծրագիր, խաչբառ, հորոսկոպ, անվճար հայտարարություններ. սրանք այն պատրվակներն են, որի համար մարդիկ գուցե կգնեն հանդեսը եւ կսովորեն կարդալ այն: «Ես հիմա չգիտեմ' ով ինչ է ուզում, հիմա նյութի խնդիր չկա: Ես համոզված եմ, որ եթե ամենալավ նյութերը լինեին, միեւնույն է, չէին առնի: Հիմա պետք է մարդիկ սովորեն, որ նման ամսագրեր կան, հետո երեւի կստեղծվի որոշակի պահանջարկ»,-ասում է գլխավոր խմբագիր Գենոֆիա Մարտիրոսյանը:

«Գորոդ» եւ «Քաղաք»

«Աֆիշա»-ի հետ գրեթե միաժամանակ սկսվեց մեկ այլ հանդեսի' «Գորոդ»-ի տպագրությունը: Այն տեղեկատվական, նկարազարդ հանդես է, որը պատմում է քաղաքի մասին, որտեղ մենք ապրում ենք. անդրադարձ կարեւոր իրադարձություններին, հարցազրույցներ, մշակութային կյանք, առողջ ապրելակերպ եւ այլն:

«Երբ «Գորոդ»-ի խմբագիր Աննա Մկրտչյանը ներկայացրեց ամսագիր ստեղծելու իր ծրագիրը, այն մի քիչ ավելի միտված էր դառնալու «Աֆիշա»-ի նման, ավելի ժամանցային: Մենք միասին մի քիչ փոխեցինք այն: Իմ հովանավորությամբ, աջակցությամբ եւ խորհրդատվությամբ ստեղծեցինք «Գորոդ»-ը: Մի քանի համար տպագրելուց հետո իմ մեջ խանդ առաջացավ' ինչու՞ չանել հայերեն ամսագիր: Ու ստեղծեցի «Քաղաք»-ը»,-պատմում է Մհեր Դավոյանը:

«Քաղաք» հանդեսի աշխատակազմը որոշել եւ ստեղծել է իր համար հաճելի, հետաքրքիր, լավորակ թղթի վրա ճաշակով ձեւավորված մի ամսագիր:

«Մենք կարիք ունեինք ստեղծել ամսագիր, որտեղ ամեն բան կներկայացվեր հանգիստ տոնով, կստեղծվեր ճաշակով, հաճելի միջավայր, ուր մենք հագուրդ կտայինք մեր ստեղծագործական նկրտումներին»,-ասում է Մ. Դավոյանը:

Չնայած լույս է տեսել «Քաղաք»-ի ընդամենը 3 համար, բայց, Մ. Դավոյանի կարծիքով, այդ երեք համարներում արդեն կա արդյունք. գտնվել է ամսագրի լեզուն, դիզայնը, որը «ընդունված կանոններից դուրս է, բայց շատ կանոնավոր է, նոր է ու վերցված չէ արտասահմայան ամսագրերից» եւ, ամենակարեւորը, հանդեսը լուսանկար ներկայացնելու նոր կուլտուրա է մշակել' «չշեշտադրված լուսանկարչություն' ավելի նրբերանգային, խորը, բազմաշերտ»:

Տարբեր պարբերականությամբ ընդամենը երեք համար տպագրած «Քաղաք»-ի պահանջարկի մասին խոսելը սխալ կլինի: Այն տպագրվում է 1500 օրինակով' հակառակ հանդեսում նշված 3300 օրինակի: Հանդեսը բաժանվել է գովազդային նպատակներով, իսկ վաճառքի տրված քանակի 80%-ը վաճառվել է: Գինը 500 դրամ է, ինչը, բնականաբար, ինքնարժեքից ցածր է:

«Առանց հովանավորի շատ դժվար է, մանավանդ, եթե դու չես ուզում կցվել որեւէ քաղաքական խմբավորման: Ես կարեւորում եմ մամուլի կայացումը իբրեւ բիզնես' նորմալ շուկայական կանոններով, բայց առայժմ վնասներ ենք կրում: «Գորոդ»-ն ու «Քաղաք»-ը մի տնտեսական մեխանիզմ են: Այդ տնտեսական մեխանիզմը անցյալ տարին փակել է 9մլն դրամ վնասով: Իսկ այս տարի այդ վնասը կրելու հնարավորություններ չունենք»,-ասում է նա:

«Գորոդ»-ն ու «Քաղաք»-ը փնտրում են հովանավոր, որը կընդունի իրենց աշխատաոճն ու չափանիշները, եւ հանդեսները հիմնական բովանդակային փոփոխության չեն ենթարկվի:

2004թ.-ի սեպտեմբերից «Գորոդ»-ն իր ներկայացուցչությունն ունի Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, սակայն այնտեղ իրացումը դեռ այնքան էլ լավ չի կազմակերպված, ինչին ամսագրի աշխատակազմն այս տարի հատուկ ուշադրություն է դարձնելու:

«Հայաստանում ռուսերենով հրատարակությունների սպառումը բոլոր ժամանակներում զիջել է հայերենին: Բայց ռուսերենն էլ է սպառվում: Սկզբից կարող է թվալ, թե ռուսերեն ամսագրեր կարդացող ինտելեկտուալ խավը լքեց Հայաստանը, բայց ղարաբաղցիները, Բաքվի փախստականները լրացրին այդ բացը: Ռուսալեզու ընթերցողի կորուստ մենք չունենք, բայց հայալեզու որակյալ ընթերցողի կորուստ ունեցանք վերջին տարիներին»,-մտահոգություն է հայտնում Մ. Դավոյանը: Նա կարծում է, որ «Քաղաքը» իր զարգացման մեջ անպայման դառնալու է սոցիալական պրոբլեմների անդրադարձող, ավելի առօրեական, որպեսզի լայն զանգվածի հետաքրքրությունը շարժի, քանի որ ներկայիս հանգիստ ու մեղմ «Քաղաք»-ի ճաշակն ու կարիքը ունի շատ նեղ ընթերցողական զանգված: «Քաղաք»-ը պարբերաբար հրատարակելու հնարավորությունը Մ. Դավոյանը տեսնում է միայն այս փոփոխության արդյունքում: «Լավ կլիներ, եթե գտնվեր հովանավոր, որը կուզենար ոչ թե փոխել ամսագիրը, այլ որին դուր կգար մեր արած աշխատանքը եւ կուզենար ուղղակի ուենենալ լավ ամսագիր: Պետք է լինեն մարդիկ, ովքեր իրենց դրամի եւ նյարդերի հաշվին կհաստատեն այլ արժեքների գոյությունը' այս դեպքում ամսագրով»,-հույս է հայտնում Մ. Դավոյանը:

«Էլ-Էլիտար կյանք»

«Մենք խոսում ենք միայն գեղեցիկ եւ հարուստ կյանքի մասին». այս կարգախոսով ներկայացավ «Էլ-էլիտար կյանք» հանդեսը 2004թ. փետրվարին: Ապրելակերպ, միջոցառումներ, նորաձեւություն, երեւանյան ժամանց, ազնվական խմիչքներ, արքայավայել հանգիստ, նոր ոճ, գիշերային կյանք, շքեղ ավտոմեքենաներ, թվանշային տեխնոլոգիաների աշխարհ եւ գովազդ. այս բովանդակությամբ է լույս տեսնում «Էլիտար կյանք» հանդեսը' տարեկան 10 համար: Ամսագրի 100 էջերում ամեն ինչ ներկայացվում է բացառիկության տեսանկյունից, եւ այստեղ ոչ մի տարր «չի հանդուրժում էժանագին վերաբերմունք»:

Հանդեսն ունի «Էլ-զրուցակից»' յուրաքանչյուր համարում ֆոտո էջեր եւ հարցազրույց ճանաչված դերասանի, երգչի, մոդելի կամ հաղորդավարի հետ: Զրույցը ծավալվում է նրանց աստղ կամ սեքս-խորհրդանիշ լինելու, աստղային կյանքի ու այն ամենի շուրջ, ինչը նրանց դարձնում է խորհրդավոր, ցանկալի եւ յուրահատուկ: «Հարցազրույցի առաջին պայմանն այն է, որ զրուցակիցը պետք է ասի այն, ինչ ոչ մի տեղ դեռ չի ասվել, պետք է կատարվեն այնպիսի նկարներ, որոնք ոչ մի տեղ չեն նկարվել, զրուցակիցը տվյալ կերպարով չի ներկայացել: Այսինքն' փորձում ենք մարդուն, աստղին ցույց տալ մեր աչքերով: Մենք առիթ ենք ունենում մի քանի անգամ հարցազրույցներ վերցնել, եւ արդյունքում տպագրվում են այն հատվածները, որը մենք ցանկանում ենք»,-բացատրեց Ա. Խախամյանը:

Հանդեսի առաջին համարները քննադատվել են' գովազդի առատության եւ մշտական ներկայության համար. գրեթե բոլոր նյութերը եղել են գովազդային: Ինչպես ասաց Ա. Խախամյանը, փորձում են թերությունները վերացնել. հիմա հանդեսի ծավալի ընդամենը 20%-ն է իմիջային գովազդ եւ 5%-ը' գովազդային նյութ: Իրականում ավելի մեծ թվեր պետք է նշվեն, այդուհանդերձ, խմբագրի կարծիքով' իրենց հանդեսի համար սա ցածր ցուցանիշ է, որովհետեւ նմանատիպ արտասահմանյան ամսագրերում 45-50%-ը գովազդ է:

«Մեր ամսագրի առաջին արժեքը բարձրորակ ֆոտոն է եւ ֆոտոպատմությունները: Մենք որակով չենք զիջում արտասահմանյան նմանատիպ լավագույն ամսագրերին: Սա մեր ամսագրի ամենածախսատար, բայց եւ ամենակարեւոր մասն է»,-ասում է Ավետիս Խախամյանը:

Ֆոտոպատմությունների սցենարը, մոդելները, բեմադրությունը' ամեն բան պատրաստվում է ամսագրի կողմից:

«Էլիտար կյանք»-ը հաջողել է հատկապես գովազդի ոլորտում: Մեկ տարվա ընթացքում հանդեսը ձեռք է բերել մշտական գովազդատուներ. Երեւանի կոնյակի գործարան,«Արմենիա Մարիոթ» հյուրանոց, «Naf-naf» եւ «Boss» խանութ-սրահներ, ռեստորան «Soho» եւ այլն:

«Գովազդներն, իհարկե, օգնում են, սակայն միայն գովազդով չի կարելի ամսագիր պահել: Մենք ունենք մեր ներքին քաղաքականությունը, մեր մարքեթինգը, որը բիզնես է: Սեպտեմբերին մենք մարքեթինգային պլանի մի այլ փուլ ենք մտնում եւ պատրաստվում ենք փոփոխությունների»,-նշեց Ա. Խախամյանը:

Հանդեսը պատրաստում է էլեկտրոնային էջ, որտեղ հնարավոր կլինի գտնել ֆոտոներ, ֆոտոպատմություններ, օնլայն բաժանորդագրության ձեւ, տպագրվելիք համարի մասին մանրամասն տեղեկություններ:

«Սեպտեմբերից բովանդակային որոշակի փոփոխություններ կլինեն, կհարստանա բովանդակությունը, բայց գնի բարձրացում չենք նախատեսում։ Նախընտրելի արժեքն է' 1000 դրամ: Մինչեւ հիմա ամսագիրը մեծ քանակով բաժանվել է անվճար: Սեպտեմբերից կրճատում ենք տարածելու այդ ձեւը։ Պետք է նորմալ վաճառք սկսենք: Ամսագրի առաջին համարից մենք գիտեինք, որ այս ամսագիրը պետք է արտահանել: Բայց ուզում էինք կայացած, լիովին ձեւավորված արտահանել, քանի որ դրսում ավելի մեծ քննադատության կենթարկվեին մեր թերությունները: Սեպտեմբերից զբաղվելու ենք արտահանելու խնդրով»,- հանդեսի նախատեսվող առաջընթացի մասին պատմեց Ա. Խախամյանը:

Բնական է, որ այս ամսագիրը Երեւանից բացի Հայաստանի այլ քաղաքներում սպառելու մասին մտածել հնարավոր չէ. Երեւանից դուրս «միայն հարուստ եւ գեղեցիկ կյանքը» չի գտնի իր սպառողին: Էլիտար հասարակություն առայժմ կարող է ձեւավորվել միայն Երեւանում: Մեր հարցին' ո՞վ է հանդեսի ընթերցողը' էլիտար կյանքով ապրող հասարակությու՞նը, հանդեսի հիմնադիր եւ խմբագիր Ավետիս Խախամյանը պատասխանեց. «Կա էլիտար հասարակություն, պարզապես նրանք դեռ ձեւավորման փուլում են: Երբ պատգամավորի տղան սովորում է Օքսֆորդի համալսարանում, նրա հետաքրքրությունների շրջանակը մեծանում է, նրա համար ավտոմեքենայի շքեղությունից ավելի առաջնային է դառնում գիտությունն ու կրթությունը: Եթե նրա տղան էլ այդ կյանքով ապրի, կարծում եմ' այդ ժամանակ կձեւավորվի էլիտար հասարակություն: Առայժմ ֆինանսական եւ հոգեւոր հարստությունները շատ քիչ դեպքերում են միատեղվում»:

Փաստորեն, արդեն 1,5 տարի է հանդեսները լույս են տեսնում անորոշության մեջ' հաճախ ենթարկվելով փոփոխությունների, որպեսզի գտնեն այն առաջարկը, որի կարիքն ունի ընթերցողը: Այս երեք հանդեսներից, թերեւս, «ամենակողմնորոշվածը» «Էլիտար կյանք»-ն է. նրանք գիտեն, թե ինչ են անում, հստակ ընդգծված ուղի եւ թիրախ ունեն, բայց այս դեպքում էլ, փաստորեն, չկա «թիրախային խումբը»: Այդ առումով այս նախագիծը թվում է ամենաանհավանականն ու անիրատեսականը։ Կամ, առնվազն, հավակնություններն են վերամբարձ, իրականությունից կտրված։

«Իհարկե, նման հանդեսներ պետք է լինեն. գլոբալացման համատեքստում, մշակույթի եւ մեդիայի փոփոխությունը, հասարակության հարաճուն սպառողականությունը նույնպես «բնական» ընթացք է ...Ինչո՞ւ ամսագրերը չգիտեն, թե ովքեր են ընթերցողները եւ ինչ պահանջարկ ունեն։ Նաեւ այն պատճառով, որ հասարակության բաժանարար գծերը դեռ լավ չեն երեւում, լղոզված են, այսինքն՝ ներկայացված-պատկերված չեն, ինչպես ձեւավորված եւ ամրագրված չեն արժեքներն ու նախապատվությունները։ Աստիճանաբար կընդգծվեն (նաեւ այս հանդեսների միջոցով), բայց, ցավոք, ավելի շատ՝ սպառողականության դաշտում (ոչ թե, ասենք, քաղաքացիական հասարակության) ունեցած իրենց մասնակցությամբ կամ բացառվածությամբ…

Մենք ուզում ենք օրինաչափություններ գտնել ու գտնում ենք, բայց անպայման դիպվածն էլ կա: Այս բոլոր հանդեսները մի օր կարող են փակվել: Առայժմ հասարակությունն այնքան միջոցներ չունի, որ դա հիմնավորված պահանջ դառնա: Ինքն իրեն տեսնելու հնարավորությունը փող է պահանջում, բայց նաեւ շահույթ, նաեւ ճաշակներ ու կենսակերպեր ձեւավորելու-տարածելու գայթակղիչ հնարավորություն խոստանում: Հասարակությունը կարող է կարիքն ունենալ, բայց չունենալ համապատասխան միջոցներ»,-ասում է մշակութաբան Հրաչ Բայադյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter