HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անպատժելիությունն ամենամեծ խնդիրն է խոշտանգումների գործերով

Հայաստանի ու Վրաստանի ՄԻ պաշտպաններն այսօր մարդու իրավունքների խախտման դեպքերի կանխարգելման փորձի փոխանակման էին հրավիրել միջազգային ու տեղական, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչներին:

«Մարդու իրավունքների ապահովման վիճակն ազատությունից զրկման վայրերում» քննարկման բացման խոսքում արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ ՔԿՀ-ներում խնդիրները բազում տարիների վաղեմություն ունեն՝ 100 տարվա պատմություն, որ այդ պրոբլեմները պետք է լուծվեն աստիճանաբար և հետևողական: Իսկ կտրուկ լուծումներն, ըստ նախարարի, կբերեն նոր ցնցումների:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում ներկայացված միջազգային հանրությանը, ԵՄ-ին, քաղաքացիական հասարակությանը, լրագրողներին ու իր աշխատակազմին: ՄԻ պաշտպանը տեղեկացրեց, որ ՄԻՊ գրասենյակ մուտքագրվող բողոքների թիվը վերջին ժամանակներս եռապակվել է։ «Օրական 80 դիմում է ստացվում, ավելացել են նաև դրական ելքերով գործերը։ Սակայն դրան զուգահեռ, բնական է, ավելացել է պաշտպանի աշխատողների ծանրաբեռվածությունը»,- ասաց Արման Թաթոյանը։

ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ու ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիյասինն ընդգծեցին մարդու իրավունքների խախտումների կանխարգելման ոլորտում Հայաստանում նոր իրավիճակին համահունչ արդյունքներ գրանցելու համոզմունքի մասին:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով մեր երկրում եռօրյա այցով գտնվող Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան շեշտեց, որ «ուս ուսի պիտի տանք ու միասին աշխատենք»՝ տեղեկացնելով՝ Արման Թաթոյանի նշանակումից ի վեր ունեցել են ակտիվ համագործակցություն:

Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը շեշտեց խոշտանգումների զոհերի պաշտպանության ու վերականգնման կարևորությունը: Անդրադարձավ 18-21 տարեկանում պատժի առավելագույն չափի դատապարտվածների զինվորական գործերին, դրանցով հաճախ ոչ արդյունավետ քննության խնդրին, նաև բանտերում դատապարտյալների կրթության իրավունքի իրացմանը:  

Վրացի փորձագետ. «Խոշտանգումների կանխարգելումը համաշխարհային մարտահրավեր է դարձել» 

Մարդու իրավունքների խախտման դեպքերն առավել շատ արձանագրվում են այն պետական օղակներում, որտեղ քաղաքացին զրկված է ազատությունից՝ քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրեր: Ժողովրդավարական հասարակություններում ՄԻ պաշտպանի ինստիտուտները հանդիսանում են որպես խոշտանգումների ազգային կանխարգելիչ մեխանիզմներ:  Կանխարգելումն իր մեջ ներառում է, առաջին հերթին, արդյունավետ քննություն:

«Խոշտանգումների կանխարգելումը համաշխարհային մարտահրավեր է դարձել։ Կանխարգելում նախ և առաջ նշանակում է արդյունավետ քննություն յուրաքանչյուր դեպքով: Անպատժելիություն ամենամեծ խնդիրն է, մենք քննարկում ենք անկախ քննչական մարմին ստեղծելու հարցը»,- նշեց Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Նիկա Կվարացխելիան:

Անպատժելիության խնդիրն արդիական է նաև Հայաստանում

Չնայած ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (Խոշտանգում) խախտմամբ վճիռներ են արձանագրվում, այդուհանդերձ վերջին երեքուկես տարիներին ներպետական դատարաններ խոշտանգման 6 գործ է բերվել:

Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Վարուժան Ղահրամանյանը, «Հետքի» հարցին պատասխանելով, բերեց վիճակագրական տվյալներ: Ըստ այդմ՝

  • 2015-ին խոշտանգման և պաշտոնական լիազորությունների անցման հատկանիշներով (ՔՕ 309.1 և 309 հոդվածի 2-րդ մաս) հարուցվել է 114 քրեական գործ, որոնցից ընդամենը 1-ն է մեղադրական եզրակացությամբ հասել դատարան:

  • 2016-ին նույն հատկանիշներով 104 գործ է հարուցվել, բայց դատարան է մտել 3 գործ:

  • 2017-ին՝ 99 քրեական գործ, որոնցից 1-ն է դատարանում քննվել:

  • 2018-ի առաջին կիսամյակում հարուցվել է 71 քրեական գործ, դարձյալ 1-ն է հասել դատարան:

Մնացած հարյուրավոր քրեական գործերը կամ կարճվել են կամ կասեցվել:

Փոխարենը ավելացել են սուտ մատնության մեղադրանքները

Խոշտանգման հատկանիշներով հարուցված գործերով անձինք վկայել են իրենց դեմ խոշտանգման մասին, սակայն հետո սուտ մատնության հատկանիշներով քրեական գործեր հարուցվել են հենց նրանց դեմ: Այսպես՝ վերջին 3,6 տարվա ընթացքում շուրջ 130 քրեական գործ է հարուցվել սուտ մատնության հոդվածով:

Ինչո՞ւ է տարեկան շուրջ 100 գործից 1-3 գործ հասնում դատարան

Արդյո՞ք խոշտանգողները անպատժելի են Հայաստանում: Վարուժան Ղահրամանյանն ընդգծեց, որ «հիշյալ հանցատեսակի քննության դժվարություններից մեկն այն է, որ խոշտանգումները շատ հաճախ կրում են թաքնված, լատենտային բնույթ, որպիսի հանգամանքը պարտավորեցնում է մեզ մշակել և կիրառել դրանք ի հայտ բերելու քրեաբանական ու քրեագիտական նոր և արդյունավետ մեթոդներ, ինչը լինելու է 2018 թվականի մեր առաջնային խնդիրներից մեկը: Այդ աշխատանքներն ընդգրկելու են նաև միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունն ու դրա գործնական կիրառումը»:

Վրաստանի ազգային կանխարգելման մեխանիզմն առաջիններից է հետսովետական երկրներում

2009-ին է ձևավորվել Վրաստանի ազգային կանխարգելման մեխանիզմը Այս գործառույթը տրվել է Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակին։ Հատուկ կանխարգելիչ խումբ է գործում։  Խմբի անդամներն արտոնություն ունեն այցելելու ՔԿՀ հիմնարկներ։ «Նաև մենք կարող ենք այցելել բոլոր այն անձանց, ում ազատությունը սահմանափակված է։ Ունենք հատուկ մշտադիտարկման վարչություն, անդամներին ընտրում ենք հանրային օֆերտայով՝ հանրային հրավերի միջոցով: Նրանք աշխատում են որպես անհատներ, ոչ թե ներկայացնում իրենց ՀԿ-ները։ Սկզբում առանձին գործերին էինք անդրադառնում, հիմա ավելի շատ կանխարգելման վրա ենք աշխատում»,- Վրաստանի փորձը ներկայացրեց հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Նիկա Կվարացխելիան։

Կին ու երեխա ազատազրկվածների խնդիրները «Աբովյան» ՔԿՀ-ում

ՄԻՊ գրասենյակը հրապարակել է արտահերթ զեկույց, որը վերաբերում է ազատազրկված կանանց ու երեխաների խնդիրներին: Հայաստանի ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը  ներկայացրեց արտահերթ զեկույցը:

«Աբովյան» ՔԿՀ-ում, որտեղ պահվում են անչափահաս ու կին կալանավորներն ու դատապարտյալները չկա բժիշկ- թերապևտ: Գինեկոլոգ թեև կա, սակայն մատյանի ուսոմնասիրությունը ցույց է տվել՝ ընդամենը երկու անձ է անցել հետազոտություն։ «Սքրինինգային հետազոտություն չեն անցնում։ Բժշկական սենյակների պահմանները բավարար չեն, դեղորայքի ապահովվածության մակարդակը ևս։ Հաճախ ընտանիքի անդամներն են ապահովում դեղերը։ Դատապարտյալների հիվանդանոցում կանանց ու անչափահասների համար հարմարեցված բաժանմունքներ չկան: «Աբովյան» ՔԿՀ-ում 1 հոգեբան է աշխատում: Ինչքան էլ մեծ ցանկություն ունենա լսել 116 մարդու, ողջամտորեն դա հնարավոր չէ»,-ասաց Գոհար Սիմոնյանը։

ՄԻՊ ներկայացուցիչը ներկայացրեց, որ «Աբովյան» ՔԿՀ-ի կիսաբաց բաժնում երեք կացարան կա՝ տարբեր պահման պայմաններով: Ամենամեծ մասում 49 կանայք հսկվում են ապակե միջնորմի միջոցով, հսկիչներից 5-ից 3-ը արական սեռից են, ստիպված են մեջքով նստել։

Առանձին բաժնով անդրադարձ կա նաև ՔԿՀ ծառայողների աշխատանքային պայմաններին ու սոցիալական ոչ բավարար երաշխիքներին, ինչը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:  

ՄԻՊ մասնագետ-բժիշկ Լաուրա Գևորգյանն էլ ընդգծեց, որ թեպետ ձեռք է բերվել  բավականին լավ բժշկական գործիքակազմ, այնուամենայնիվ չկան համապատասխան մասնագետ-շահագործողներ։

Ըստ ՄԻՊ ներկայացուցչի, խնդրահարույց է դեղերով ապահովվածությունը: Գրանցված դեղերի ռեեստրում ավելի քան 4000 անուն դեղ կա, մինչդեռ ՔԿՀ-ների համար գնվում է 389 անուն դեղ։ «Արձանագրվել են դեպքեր, երբ անձին չորս ամիս ուշացումով, ավելի բարդացած իրավիճակում են տեղափոխել հիվանդանոց»,-ասաց Լաուրա Գասպարյանը։

Պատժի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդություններով անձանց ազատումը ևս խնդրահարույց է. «Հաճախ այդ հարցի լուծումը այնքան է դանդաղում, որ մահնալուց մի քանի օր, նույնիսկ մի քանի ժամ առաջ է անձը ազատվում ՔԿՀ-ից»։

ՀՀ ԱՆ ՔԿՎ ներկայացուցիչն ի պատասխան ընդգծեց, որ «Աբովյան» ՔԿՀ-ում իգական սեռի ներկայացուցիչները չեն ցանկանում ընդունվել աշխատանքի, «իսկ ծառայությունը չենք կարող թողնել բարձիթողի»:

Արթուր Սաքունց. «Քրեակատարողական հիմնարկը չպիտի լինի պետության փրկության միակ միջոցը» 

Միակ ոլորտը, որտեղ թավշյա հեղափոխությունից հետո դեռ փոփոխություն չի կատարվել ՔԿ համակարգն է. սա իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիտարկումն է: «Բանտերում շարունակում են մնալ մարդու իրավունքների հետ կապված լրջագույն խնդիրները։ Առաջին պատճառը քրեական ենթամշակույթի չհաղթահարումն է։ Հիմա քաղաքական կամքն առկա է, բայց ՔԿ համակարգում կոռուպցիայի բացահայտման դեպքեր չունենք, գեթ մեկ կոռուպցիոն շղթա բացահայտված չէ»,-ասաց Արթուր Սաքունցը։

Մարդու իրավունքների խախտման թիվ մեկ խնդիրն, ըստ իրավապաշտպանի, կոռուպցիան է։ Դա է պատճառը, նրա համոզմամբ, որ պայմանական վաղաժակետ կիրառել-չկիրառելու հարցեր են առաջանում, բուժսպասարկման որակն է ցածր, ծանր հիվանդությունների հետ կապված հանձնաժողովի խնդիր կա։ «Այն ժամանակ չկար քաղաքական կամք, հիմա կա, բայց այս դանդաղկոտությունը չեմ հասկանում։ Քրեակատարողական հիմնարկը չպիտի լինի պետության փրկության միակ միջոցը։ Այն անձինք, ովքեր տարիներով առնչվել են ապօրինությունների, պետք է լույս տեսնեն: Այս տրամադրության փոփոխությունը, ցավոք, չի հասցվել ՔԿՀ-ներ»,-կարծիք է հայտնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter