HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ազատամուտի համայնքապետի ենթադրյալ չարաշահումները կապված են եղել նաև իր ընտանիքի անդամների հետ

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի կատարած ենթադրյալ չարաշահումների, համայանքապետ-ավագանի տարաձայնություններին բազմիցս անդրադարձել ենք։ Դրանցից մի քանիսի հիմքով 2017 թվականին քրեական գործ էր հարուցվել, որը սակայն քննությունից հետո անհասկանալի պատճառով կարճվեց։ Կարճված այդ գործին ևս մեկ անգամ կանդրադառնանք, քանի որ այն հայտնաբերվել է նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարության կատարած ուսումնասիրությունների արդյունքում։

Օրեր առաջ Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի որոշումներն ու գործունեությունը ուսումնասիրել են նաև Տավուշի մարզպետարանի և տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցները։

Նշենք, որ Ազատամուտը հանրապետության միակ համայնք է, որը ֆինանսական ծասխերը կատարում է 2016 թվականին հաստատված բյուջեով, քանի որ ավագանու նախկին կազմը, կասկածելով Ժորա Մարտիրոսյանի կողմից ծախսված համայնքային բյուջեի արդյունավետության վրա, հրաժարվել էր հաստատել 2017 թվականի բյուջեն՝ պահանջելով 2016 թվականի ծախսերի փաստաթղթերը, որոնք նա այդպես էլ չէր տրամադրել։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը երեկ տեղեկացրեց, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա երեկ դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Ինչպես արդեն հայտնել էինք, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ևս օրեր առաջ հանձնարարել էր ստուգել Ազատամուտ համայնքի վերջին 4 տարիների ֆինանսական գործունեությունը:



Նախարարի հանձնարարականով՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցները հուլիսի 17-ին գործուղվել էին Ազատամուտ։ Նրանց կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի գործողություններում առկա են հանցագործության տարրեր, որոնց հիմքով նախարարը դիմել է գլխավոր դատախազին։

Համայնքապետը սոցօգնություն է դուրս գրել, սակայն չի փոխանցել հասցեատերերին

Նախարարության կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը, չունենալով ավագանու կողմից ընդունված սոցիալական աջակցության գործառույթը կարգավորող իրավական հիմքեր, համայնքի բնակիչներին տրամադրել է դրամական օգնություններ, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ այդ օգնության տրամադրումը լուծվում է համայնքի ավագանու սահմանած չափորոշիչներով։

Օգնությունը ստացած քաղաքացիները և համայնքի ավագանու անդամները նախարարության աշխատակիցներին հայտնել են, որ օգնություն ստացող քաղաքացիների մի մասը համայնքի ղեկավարի ազգականներն են կամ խնամիությամբ կապված անձինք։ Անգամ որոշ քաղաքացիներ գրավոր կերպով նախարարությանը հայտնել են, որ չնայած իրենց անունով գումարներ են դուրս գրվել, բայց իրենք չեն ստացել։ Օրինակ՝ Ազատամուտի բնակիչ Ռիմա Ստեփանյանը հուլիսի 17-ին նախարար Պապիկյանին հայտնել է, որ 2016 թվականի դեկտեմբերի 22-ին իր անունով 40 հազար դրամ սոցիալական օգնություն է դուրս գրվել, սակայն ինքը համայնքապետարանում դիմում չի գրել, օգնություն չի խնդրել և այդ գումարը չի ստացել։

Նման մի քանի դեպքի անդրադարձել էինք դեռևս 2017 թվականի մայիսի 3-ին։ Զրուցել էինք սոցիալական օգնություն ստացած երկու ազատամուտցիների հետ, ովքեր տեղյակ չէին, որ իրենց անունով սոցիալական օգնություն է դուրս գրվել։ Մասնավորապես՝ 2016 թվականի օգոստոսին 30000 դրամ «ստացած» Նարեկ Ղազարյանի հայրը՝ Արսեն Ղազարյանը պնդել էր, որ որդին որևէ գումար չի ստացել․

«Հնարավոր չի։ Կարող ա ինչ-որ օգնություն եղել ա, բայց իրան չեն տվել, հարյուր տոկոս»,- ասել է Արսենը Ղազարյանը։

Մեր զանգի հաջորդ օրը Ղազարյանը գնացել էր Ժորա Մարտիրոսյանի մոտ` պարզելու, թե որդուն երբ են 30 000 դրամ տվել, որ իրենք չեն իմացել, և նրա փոխանցմամբ՝ համայնքի ղեկավարը տվել էր դեռևս օգոստոս ամսին դուրս գրած 30 000 դրամը՝ պատճառաբանելով, որ թյուրիմացություն է եղել։

Անվանացանկում կար նաև հայր և որդի Արթուր և Անդրանիկ Քոքոբելյանների անունները: Համաձայն անվանացուցակի՝ Անդրանիկը հունիսին 30000 դրամ սոցիալական օգնություն էր ստացել, իսկ որդին՝ Արթուրը, նույնչափ ստացել էր օգոստոսին։ Սակայն Անդրանիկ Քոքոբելյանը մեզ հետ զրույցում հերքել էր իր՝ սոցիալական օգնություն ստանալու փաստը։

«Հետք»-ի հրապարակումից հետո հարուցվել էր քրեական գործ և պարզվել, որ չպարզված անձի կողմից կեղծվել են Ազատամուտ համայնքի բնակիչներ Լևոն Մանուչարյանի և Անդրանիկ Քոքոբելյանի՝ համայնքի ղեկավարին ուղղված, սոցիալական օգնություն ստանալու վերաբերյալ դիմումները։ Սակայն դրանից ամիսներ անց քրեական գործը կարճվել էր։

Համայնքապետի ենթադրյալ չարաշահումները կապված են եղել նաև ընտանիքի անդամների հետ

Համայնքի ղեկավար Ժորա Մարտիրսյանը իր անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան տասը տարի շարունակ պայմանագրով օգտագործել է որպես համայնքի ղեկավարի ծառայողական ավտոմեքենա այն դեպքում, երբ համայնքն ունի  ծառայողական «Գազ 2705-222» մակնիշի ավտոմեքենա։ 2016-2017 թվականներին յուրաքանչյուր տարի 1,2 միլիոն դրամ է ուղղվել համայնքապետին պատկանող այդ մեքենայի վառելիքի և պահեստամասերի ձեռքբերման համար, իսկ յուրաքանչյուր տարի 450 հազար դրամ՝ գործուղման ծախս։ Սակայն իրավական ակտերից պարզ չի դարձել, թե Ժորա Մարտիրոսյանը ինչ ժամկետով և նպատակով է գործուղվել։

Ուսումնասիրող խումբը պարզել է նաև, որ համայնքային ենթակայության կազմակերպությունների մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, սակայն ստացել են աշխատավարձ։ Մասնավորապես, Ժորա Մարտիրոսյանի որդի Արկադի Մարտիրոսյանը՝ «Ազատամուտի համայնքային կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրենը, դուստր Մելինե Մարտիրոսյանը՝ Ազատամուտի արվեստի դպրոցի գանձապահը, հարս Արաքսյա Շահինյանը՝ դպրոցի քարտուղարը։

Ուսումնասիրության ժամանակ համայնքային սեփականություն հանդիսացող «Գազ-66» և «Գազ 2705-222» մակնիշի ավտոմեքենաները գտնվել են համայնքապետի բակում։ Ավագանու անդամների հավաստմամբ՝ դրանք օգտագործվել են բացառապես համայնքապետի ընտանիքի կարիքների համար։

Համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամները վարձակալել են համայնքային սեփականության շենքեր, սակայն պատշաճ կարգով վարձավճարներ չեն տրամադրել։ Ինչպես օրինակ՝ Ազատամուտի ավագանին 2015 թվականին որոշել է համայնքի մշակույթի պալատից 50 քառակուսի տարածք 20 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել համայնքապետի կնոջը՝ Մարիետա Մարտիրոսյանին։ Նա տարեկան համայնքային բյուջե պետք է վճարեր 78 հազար դրամ, որը մինչ այս տարի չի վճարել և հունիսի 26-ին դադարեցրել է վարձակալության պայմանագիրը։


Ազատամուտի մշակույթի պալատը / © Արման Հայրապետյան

Բացի այդ, համայնքի ավագանին 2015 թվականի դեկտեմբերին համայնքի սեփականություն հանդիսացող 176 քառ. մետր մակերեսով տարածք է վարձակալությամբ տրամադրել «Ռադ-Զավ ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ին։ Կազմակերպության ղեկավարը Ժորա Մարտիրոսյանի որդին է՝ Արկադի Մարտիորսյանը։ Այն համայնքային բյուջե տարեկան պետք է վճարեր 123 հազար դրամ, սակայն կուտակել էր 307 հազար դրամի վարձավճար, որը վճարել է հունիսի 25-ին։ Մինչդեռ վարձակալության պայմանագրով վարձավճարի յուրաքանչյուր օրվա ուշացման համար նախատեսված է 0,01 տոկոսով տույժ, որը համայնքապետի որդին չի վճարել։



Համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի կատարած չարաշահումների մասին տարիներ շարունակ բարձրաձայնել է նաև համայնքի նախկին ավագանին։ Ավագանու և համայնքապետի տարաձայնությունն այնքան մեծ էր, որ նախկին ավագանու հինգ անդամների լիազորությունները դադարեցվեցին։ Ավագանու անդամները պնդում էին, որ համայնքապետը խոչընդոտում է իրենց գործունեությունը և ավագանու նիստերին հաճախ վեճեր հրահրում։

Չնայած ամիսներ առաջ Ազատամուտ համայնքում ավագանու անդամների նոր ընտրություններ եղան, սակայն նոր ավագանին ևս չկարողացավ համակերպվել համայնքապետի աշխատելաոճին և համայնքում առկա խնդիրները կարգավորելու, չարաշահումները բացահայտելու համար դիմեց պետական մարմիններին։