HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կարեն Սարուխանյան. «Որևէ մեկն իրավունք չունի սեփական բիզնեսի հաշվին երկրին վնաս հասցնելու՝ Արդենիսը լիճ է մնալու»

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը Արփի լիճ ազգային պարկի տարածքում գտնվող Արդենիս բնական լճի տարիներով չլուծված խնդրին ծանոթացել էր հունիսի 20-ին՝ Արփի խոշորացված համայնք կատարած այցի ժամանակ: Ասում է, ընդամենը մեկ շաբաթ է, որ նշանակվել էր, երբ հարցը բարձրացվել է. արձագանքել է անմիջապես: «Ես եղել եմ տեղում, տեսել եմ լճի վիճակը, եղել եմ խոզաբուծարանի եւ կաթի գործարանի տարածքում, հանդիպել սեփականատիրոջ՝ Սամվել Ղարիբյանի եւ Արփի համայնքի ղեկավարի՝ Մերգել Ղարիբյանի հետ, որ Սամվելի եղբայրն է, ասել եմ, որ հարցը պետք է լուծվի, որ չի կարող նման կերպ շարունակվել»,- հանդիպման ժամանակ հայտնեց Կարեն Սարուխանյանը:

Մարզպետի համոզմամբ, տարիներ շարունակ ծախսեր անող, ընդլայնվող բիզնեսի համար եթե գումարներ գտնվել են, ապա ցանկության դեպքում կգտնվեր հարկավոր գումարը նաեւ թափոնների հարցը լուծելու համար:

«Սեպտիկ հորի կառուցումը 20 մլն դրամի շրջանակներում հնարավոր է իրականացնել: Իրենք ասեցին, թե էս պահին գումար չունեն, ես առաջարկել եմ ունեցած խոզի գլխաքանակը մի 100-ով պակասեցնել, այսինքն՝ արագ կարգով իրացնել ու հարցը լուծել: Իմ առաջարկը սեփականատիրոջ սրտով չի եղել: Ես համայնքապետին ասել եմ մեկ շաբաթ քեզ ժամանակ՝ հարցը լուծես, մեկ շաբաթից գնացել եմ, բնականաբար ոչ մի բան այդ ուղղությամբ չի արվել, ինչպես կար վիճակը, այդպես էլ մնացել էր,-տեղեկացրեց մարզպետը,- սա խնդիր է, որ լուծում չի ստացել տարիներ շարունակ եւ իմ կարծիքով այս հարցում ամենամեծ մեղավորը ազգային պարկն է՝ ի վերջո իր տարածքում է, ինքը կոչված է զբաղվելու բնական միջավայրի պահպանությամբ, սակայն հակառակ պատկերն ենք տեսնում: Ես փորձեցի հանդիպել ազգային պարկի ներկայիս տնօրեն Հովսեփ Սիմոնյանի հետ, հրավիրել եմ մարզպետարան՝ զրուցելու, հասկանալու, թե ինչ պետք է արվի, սակայն տեղակալը պատճառաբանել է, թե վատառողջ է ու այդ պատճառաբանությամբ մենք դեռ չենք հանդիպել խնդիրը քննարկելու համար: Եղել է հեռախոսազրույց, որի ժամանակ ես հորդորել եմ տնօրենին հարցը լուծել իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ասել եմ՝ կանչի սեփականատիրոջը, ժամանակ տուր, որ հորը սարքի, ասել եմ՝ գնա տուգանի, որեւէ ձեւով հարցը լուծի»:

Կարեն Սարուխանյանի կարծիքով, 1600 խոզից, եթե 100-ից 200-ն էլ վաճառվի, ապա կոյուղաջրերի մաքրման համար նախատեսված այդ երկու հորը կկառուցվի: Համարում է, որ բիզնեսի հաշվին բնությունը չպետք է տուժի, համամիտ է, որ տեղի է ունեցել որոշ կառույցների կողմից թողտվություն եւ հովանավորչություն: Մարզպետի փոխանցմամբ, սեփականատերերի հետ հանդիպման ժամանակ եղել է բավականին լարված խոսակցություն:

«Ես ձեզ հավատացնում եմ, որ մենք հարցին անպայման լուծում ենք տալու, եւ դա լինելու է բնության օգտին: Մարդն անձնական բիզնես է անում, անձնական եկամուտներն է շատացնում՝ լավ է անում, բայց դա չպետք է լինի երկրին, բնությանը վնասելու հաշվին: Հասկանում եմ նաեւ, որ լճի խնդիրը մի տիրույթում է, որտեղ ես որպես մարզպետ լայն լիազորություններ չունեմ, այսինքն՝ ազգային պարկի հետ կապված բնապահպանության նախարարությունն ավելի շատ անելիք ունի, սակայն հավատացնում եմ ձեզ, մինչեւ վերջ հետամուտ եմ լինելու, որ ապագայում այլեւս նման պրոբլեմ չունենանք: Որեւէ մեկն իրավունք չունի սեփական բիզնեսի հաշվին երկրին վնաս հասցնելու. Արդենիսը լիճ է մնալու»:

Օգոստոսի սկզբին սպասվում է, որ Արփի լիճ ազգային պարկի տարածք է այցելելու գյուղատնտեսության փոխնախարարը: Թե ինչ հարցեր են քննարկվելու այցի ընթացքում, դեռեւս պարզ չէ, սակայն միանշանակ է, որ Արդենիս լճի շուրջ բարձրացված աղմուկից հետո, պարկի այդ հատվածն անպայման ուշադրության է արժանանալու:

Մեկնաբանություններ (1)

Սամվել Ղարիբյան
Արդենիսը լիճ կմնա , բայց ոչ թե խոզերի կեսը վաճառելով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter