HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Կանգառներով փոփոխվող տարածք

««Ողջաբերդ» նախագծի հաջողության բանալին պրոբլեմը ժամանակակից արվեստ բերելն է, որը ձեւավորում է մեկ այլ հնարավոր հայացք, վերաբերմունք, այսինքն' ակտիվացնում է մշակույթի դերը: Ես չեմ ասում' ժամանակակից արվեստը լուծում է տալիս պրոբլեմին, բայց մի այլ մոտեցում է ձեւավորվում: Ժամանակակից արվեստի մասին Հայաստանում ոչ մի բան չգիտեն, այն դրել են ստանդարտների մեջ եւ հեռացրել հասարակությունից, որովհետեւ չեն աշխատում սոցիալական իրադրության հետ»,-կարծում է www.voghchaberd.am կայքի հեղինակ Կարեն Անդրեասյանը:

«Ողջաբերդ» նախագիծը Կարեն Անդրեասյանը նախաձեռնել է 2003թ. մայիսից Ուտոպիանայի (www.utopiana.am) հետ համագործակցությամբ: Նա ուսումնասիրել, հետազոտել է Երեւանից 10կմ հեռավորության վրա գտնվող Ողջաբերդ գյուղը, եւ այն տեղափոխել էլեկտրոնային միջավայր: 1970-ականներին գյուղը բարգավաճ եւ հեղինակավոր մի բնակավայր է եղել, որտեղ երկրի ղեկավարները ամառանոցներ են կառուցել: Այսօր Ողջաբերդի հողը փլուզումների եւ սողանքների է ենթարկվում:

«Կնոջս ընկերուհու ամուսինը Ողջաբերդից է, մի օր ինքը պատմեց իրենց գյուղի մասին, թե ոնց են մարդիկ կառուցում, կառուցածի հետ ապրում, հետո քանդվում է, հիմա էլ քանդվածի հետ են ապրում: Ինձ հետաքրքիր էր' ո՞նց է ոչինչից ստեղծվում մի բան, հետո' ավելի կոնկրետանում, հետո' էդ կոնկրետից նորից ոչնչանում»,-պատմում է Կ. Անդրեասյանը:

Փլուզման եւ սողանքի գործընթացն այստեղ միշտ էլ եղել է, բայց 1988թ. երկրաշարժը արագացրել եւ խորացրել է այն: Սակայն հողի խոնավությունը ոչ միայն սողանքի, այլեւ բերրիության պատճառն է, ինչն էլ ստեղծված անկայունության մեջ բնակչության համար սոցիալական հարաբերական կայունություն է ստեղծում: Բնակավայրի շարժական բնույթի եւ բնակիչների' տեղում մնալու կամքի վրա է Կ. Անդեասյանը կառուցել իր նախագիծը' գյուղը տեղադրելով էլեկտրոնային միջավայրում:

«Ինձ հետաքրքրեց այդ գյուղը, ուսումնասիրեցինք եւ հասկացանք, որ դա ձեւավորված տարածություն է, որը չունի հեռանկար: Այս ամեն ինչը համընկավ նրան, որ www.utopiana.am-ը համակարգող Աննա Բարսեղյանը մի նախագիծ ներկայացրեց Ժնեւում գտնվող «Ժամանակակից պատկերի կենտրոն», եւ այդ ծրագրով սկսեցի աշխատել»,-շարունակում է Կ. Անդրեասյանը:

Կայքն իր կառուցվածքով եզակի է: Այն ունի գյուղի գլխավոր հատակագիծ, ինտերակտիվ քարտեզ, որը նավարկման իր գործիքների միջոցով թույլատրում է մուտք գործել գյուղի «շերտերը»: Գյուղի պատմությունն ու առօրյան ներկայացվում է տեղացիների պատմություններով. հնարավոր է լսել կամ կարդալ ողջաբերդցի Զոհրապ Սարգսյանի ընտանիքի պատմությունը, նայել նրա գերդաստանի նկարը, հասկանալ, թե ինչով են ապրում նրանք, ինչ բերք ունի նրանց այգին եւ այլն: Այս կայքը իրավիճակի ստեղծագործական վերարտադրություն է:

www.voghchaberd.am-ը փոխկապակցված է www.format.am -ի հետ: Գլխավոր կապն այն է, որ www.voghchaberd.am -ի վրա մկնիկի ցանկացած երկու սեղմումների միջեւ ընկած ժամանակամիջոցը վայրկյաններով փոխանցվում է www.format.am' դառնալով նյութ-ժամանակ: Կայքի հեղինակի ասելով' հետագայում այդ «մաքուր ժամանակ»-ն անպայման կօգտագրծվի: Իր տեսակով յուրահատուկ այս կայքը գրավել է ժամանակակից արվեստի եվրոպական միջավայրի ուշադրությունը: Այս նախագծի մասին գրել են գերմանական «Springerin» եւ անգլիական «Frieze» հայտնի ամսագրերը:

«Այս ամսագրերի էջերում հայտնվելով' ես կարող եմ ինչ-որ բաներ հաղթահարած եւ հաղթանակած համարել: Եվրոպական իրադրության մեջ արվեստի դերը շատ ուժեղ է, համարյա հասել է ժուռնալիստիկայի մակարդակին, եթե պրոբլեմը մտավ արվեստ, ուրեմն անպայման ուշադրություն կգրավի: Այսօր արվեստը ճամփորդում է: Եթե տիրապետում ես տեխնոլոգիային, ապա հանգիստ կարող ես բոլորի հետ ճամփորդել, այսօր կա հավասար հաղորդակցություն եւ շփում: Այսօրվա իրադրությունը թույլ է տալիս մտածել լոկալ, բայց աշխատել գլոբալ' շրջանցելով բոլոր տեսակ' իշխանական, քաղաքական համակարգերը: Ասենք' Գերմանիայում մի միջոցառման ժամանակ ինձ ներկայացնում էին ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանին, ով զարմացել էր, թե ոնց եմ առանց նախարարության հետ կապ ունենալու հասել այնտեղ»,-պատմեց Կարենը:

Չնայած եվրոպական ամսագրերն ուշադրություն են դարձրել այս յուրօրինակ նախագծին' Հայաստանում www.voghchaberd.am կայքի գոյության մասին շատ քչերը գիտեն: Կ. Անդրեասյանի կարծիքով' ոլորտի մասնագետներից շատերը զբաղված են ցուցադրական երեւույթներով, իսկ հանրությունն էլ հաղորդակից չէ ժամանակակից արվեստին: «Հայաստանում դեռ չենք կարողանում ձեւավորել էդ հանրույթը, որովհետեւ մեզ մոտ ժամանակակից արվեստը դրեցին ստանդարտների մեջ եւ ասացին' «սա հասու չէ բոլորին»: Իսկ Ողջաբերդի նախագիծը ժամանակակից արվեստ է, բայց հանրության հետ շփվելու խնդիր չունի: Ես այս նախագծի մասին շատ ավելի հեշտ խոսում եմ հասարակ գյուղացու հետ, քան ոլորտի մասնագետների»,-ասում է Կ. Անդրեասյանը:

Կ. Անդրեասյանը Ողջաբերդի պատմությունը ներկայացրել է պատկերների միգրացիայի ու բառերի արտաբերման կրկնության միջոցով' այն դարձնելով ժամանակակից արվեստի արտադրանք: «Այս նախագիծն արդեն ինձնից անկախ է, այն երբեք չի ունենա ավարտուն տեսք, այն կանգառներով փոփոխվող մի տարածք է: Ես մտածում եմ' այս կայքի զարգացման ամենալավ տարբերակն այն կլինի, որ երբ Ողջաբերդ գյուղի դպրոցականները հնարավորություն ունենան դառնալ կայքի սեփական թղթակիցներ, կայքը նվիրեմ նրանց, եւ թող իրենք իրենց պատմությունը արվեստ դարձնեն»,-կայքի հետագա զարգացումն այսպես է պատկերացնում հեղինակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter