HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1 լումա` վիրավորանքի և զրպարտության համար. Լեռնապատի գյուղապետը փոխեց գումարային պահանջը

Այսօր Վանաձորի դատարանում, դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, կայացավ նախնական դատական նիստ՝ Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի՝ ընդդեմ «Հետքի» լրագրող Ադրինե Թորոսյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:

Գյուղապետը պնդում է, որ լրագրողը «Հետք» էլեկտրոնային թերթում հրապարակված հոդվածով զրպարտել և վիրավորել է իր անձը:

Վանո Եղիազարյանը զրպարտություն է համարում հոդվածի վերնագիրը, այն է՝ «Գյուղապետի հասցեին ասված «արածել» բառն արժե 1 միլիոն», և հետևյալ արտահայտությունները. «Իր հասցեին արված վիրավորանքի համար գյուղապետ Վ. Եղիազարյանը 1 միլիոն դրամ էր պահանջում իր գյուղի բնակչից, իսկ զրպարտության համար՝ 2 միլիոն դրամ, ինչպես նաև դատական ծախսերը:

Դատավոր Վ. Հովնանյանը գյուղապետի ֆինանսական պահանջը բավարարեց մի փոքր մասով» և «Չնայած ինքը՝ գյուղապետը, նշված արտահայտությունը հայցադիմումում որպես հիմք բերելով, ընդգծել է, որ այն որպես հռետորական հարց է տրված»:

Գյուղապետը պնդում է, որ իր գյուղի բնակիչ Գևորգ Մելքոնյանին (որի՝ գյուղապետի հետ ունեցած դատական վեճն է լրագրողը լուսաբանել իր հոդվածում) ինքը ֆինանսական պահանջ չի ներկայացրել, իսկ լրագրողը իր հոդվածի վերնագրով և նշված արտահայտությամբ զրպարտել է իրեն:

Գյուղապետը դատական հայց է ներկայացրել «Հետքի» լրագրողի դեմ՝ պահանջելով նույն թերթում հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, վիրավորելու համար նույն թերթով ներողություն խնդրել իրենից և լրագրողից հօգուտ իրեն բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև դատական ծախսերը:

Նախնական դատական նիստի սկզբում հայցվոր Վանո Եղիազարյանն իր պահանջը պնդեց ամբողջությամբ:
Պատասխանող կողմը՝հանձինս «Հետքի» լրագրող Ադրինե Թորոսյանի, պատասխանողի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանի և Տիգրան Եգորյանի, չընդունեց հայցվորի ներկայացրած պահանջը:

Հայցվորը իր հերթին բացառեց դատարանի՝ պատասխանողի հետ հաշտվելու առաջարկությունը: Պատասխանող կողմը նույնպես առայժմ այս հարցում նախաձեռնողականություն չցուցաբերեց:

Վանո Եղիազարյանը նախնական դատական նիստին արդեն դատարան էր ներկայացել ավարտական ճառով: Իր իրավական դիրքորոշումն արտահայտելու համար փորձեց օգտվել այդ փաստաթղթից՝ միջնորդելով դատարանին. «Եթե թույլ կտաք, կներկայացնեմ ուղղակի»: Փաստաթղթի մի օրինակն էլ հանձնեց դատարանին:

Պատասխանողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը առարկեց նախնական դատական նիստին ավարտական ճառի ընթերցման կապակցությամբ:

«Կհասցնենք ավարտական ճառեր ընթերցել,-նկատեց փաստաբանը,-առայժմ նախնական նիստում ենք գտնվում, պետք է դատաքննությանը նախապատրաստենք գործը: Որպեսզի կողմնակալ ընկալումներ, վերաբերմունք նիստերի դահլիճում չստեղծվեն, կարելի է առաջ չընկնել ընթացակարգից»:

Վանո Եղիազարյանը փաստաթղթից օրենքի մի քանի դրույթ մատնանշեց, որոնք, ըստ նրա, կիրառելի են սույն հայցադիմումի հետ կապված:

Քննարկվեց ապացուցման բեռը կողմերի միջև բաշխելու հարցը: Հարցի վերաբերյալ կողմերը կարծիքներ հայտնեցին: Վանո եղիազարյանն ասաց, որ զրպարտության գործերով պատասխանողն է կրում ապացուցման պարտականությունը: Դարձյալ պնդեց, որ պատասխանողը պետք է պատասխանատվություն կրի հոդվածում հրապարակված այն արտահայտության համար, որ գյուղապետը իր գյուղի բնակչից 1 միլիոն դրամ է պահանջել վիրավորանքի համար, «արածել» բառի համար և 2 միլիոն դրամ՝ զրպարտությունների համար, և դատարանն էլ մի փոքր մասով է բավարարել նրա պահանջը:

Դատավորը փորձեց ճշտել՝ գյուղապետը նշված արտահայտությունները զրպարտություն է դիտել, թե վիրավորանք, գյուղապետը պատասխանեց՝ երկուսն էլ:

«Այդ բառը չի կարող դիտվել և վիրավորանք, և որպես զրպարտություն. կա հստակ պրակտիկա, ինքներդ վկայակոչեցիք Եվրոպական դատարանի նախադեպերը: Այդ մասին ընթացքում»,-նկատեց պատասխանողի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը:

Պատասխանողի ներկայացուցիչները դատարանին ներկայացրին «Դատալեքս» ինտերնետային կայքից հանված՝ ըստ հայցի Վանո Եղիազարյանի ընդդեմ Գևորգ Մելքոնյանի գործով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը՝ նախնական որոշումներով այն մասին, որ Վանո Եղիազարյանն ի սկզբանե պահանջ է ներկայացրել՝ Գևորգ Մելքոնյանից վիրավորանքի համար որպես փոխհատուցում պահանջելով 1 միլիոն դրամ և զրպարտության համար 2 միլիոն դրամ:

Գյուղապետը չի մուծել պահանջված պետական տուրքը, ինչի պատճառով հայցը վերադարձվել է: Երկու անգամ էլ գյուղապետը փոխհատուցման նույն դրամական պահանջն է ներկայացրել: Նշված փաստաթուղթը՝ որպես ապացույց, փաստաբան Լուսինե Հակոբյանը հանձնեց դատարանին:

Հայտնելով պատասխանող կողմի դիրքորոշումը՝ ապացուցման բեռի վերաբերյալ, փաստաբան Լուսինե Հակոբյանը նշեց, որ հայցվորը պետք է կրի այն փաստի ապացուցման պարտականությունը, որ իր մատնանշած արտահայտություններն արատավորող են իր պատվի և արժանապատվության համար:

Ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ դատարանը հետևյալ որոշումը կայացրեց. պատասխանողը պետք է կրի ըստ հայցվորի՝ զրպարտություն պարունակող տվյալների փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը, ինչպես նաև զրպարտություն համարվող տեղեկությունների տպագրման նպատակի ապացուցման բեռը, թե ինչ նպատակով է այդ տեղեկությունները հրապարակել հոդվածում: Իսկ հայցվորը պետք է ապացուցի, որ իր կողմից վիրավորանք և զրպարտություն համարվող արտահայտությունները իր անձը անվանարկող, վիրավորող տվյալներ են:

Այսքանից հետո հայցվոր Վանո Եղիազարյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ հայցապահանջը որոշ մասով փոփոխելու վերաբերյալ: Փոխելով գումարի բռնագանձման իր նախնական պահանջը՝ 1 միլիոնը դարձրեց 1 լումա: Իսկ մնացած մասով պնդեց հայցապահանջը:

Հայցի առարկայի փոփոխության հիմքով գործի քննությունը հետաձգվեց՝ պատասխանողին ժամանակ տալով հայցադիմումի լրացմանը պատասխան ներկայացնելու: Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 14-ին՝ ժամը 15.00-ին:

Լուսանկարում` փաստաբաններ Տիգրան Եգորյանը եւ Լուսինե Հակոբյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter