Այգիներն ու բանջարանոցները ոռոգելու պատճառով խմելու ջուրը Զորական չի հասնում. գյուղացիները ջուր են կրում հարևան համայնքներից
Լարիսա Փարեմուզյան
Տավուշի մարզի Զորականի գյուղամիջյան ճանապարհներին հանդիպեցինք ձորից ավանակներով ջուր բերող այլ գյուղացիների:
Արկադի Մարտիրոսյանն ասում է` խմելու ջուր կրելու համար է ավանակ գնել։
«Մենք ամռանը միայն տեղատարափ անձրևներից հետո ենք խմելու ջուր ունենում, այն էլ` շոկոլադի գույն»,- ասաց ուսուցչուհի Արևիկ Բաղիրյանը: Արևիկը պատմեց, որ 13 տարեկանից Զորականի ջրամատակարարման ծանր վիճակի մասին գյուղացիների խնդրանքով դիմումներ է գրել պետական զանազան մարմիններին:
Զորականում հող մշակելու համար չի հերիքում նաև ոռոգման ջուրը: Գյուղի 450 հա վարելահողից գյուղացիները մշակում են ընդամենը 70 հա-ն: Սոնա Թամրազյանի պնդմամբ, տարվա մեջ 2-3 անգամ են Զորականին ոռոգման ջուր տալիս: Սոնայի դեղձի այգին արդեն չորացած էր, ծառերի վրա մի քանի մանր դեղձեր էին երևում:
Զորականի վարչական ներկայացուցիչ Սուրեն Մարտիրոսյանի խոսքով, Զորականի վարելահողերի մոտ 40, իսկ տնամերձերի` 50- 60 տոկոսն է ոռոգվում: Անցած տարիներին գյուղում երկու ջրագիծ և ոռոգման ներքին ցանց է կառուցվել, սակայն դրանք չեն բավարարում Զորականի ամբողջ վարելահողերի և տնամերձերի ոռոգմանը:
Հինգ օր խմելու ջուր չունենալուց հետո զորականցիներն օրերս ջրամատակարարման իրենց ծանր վիճակի մասին սոցիալական ցանցերով տեղեկացրել են Տավուշի նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանին։
«Խնդիրը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ է կապված: Ըստ բնակիչների` որոշ բնակավայրերում խմելու ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով: Երեկոյան շատ կարճ ուսումնասիրությունից հետո ջուրը հասավ Զորական, և հետագայում էլ կոնստրուկտիվ կլինի մեր խոսակցությունը ջրի տնօրինության հետ, և ինձ թվում է`արդյունք կունենանք: Թե ինչ պարբերականությամբ զորականցիները կստանան խմելու ջուր, այս պահին մենք հետազոտությունների փուլում ենք: Վերջում կհասկանանք, եթե գյուղացիները իրավացի են, որ խմելու ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով, այդ հարցը պետք է կոնկրետ լուծում ստանա»,- «Հետք»-ին ասաց Զորական այցելած մարզպետ Վահե Ղալումյանը:
Սուրեն Մարտիրոսյանի խոսքով, Զորականը 1 կմ երկարությամբ ջրագիծ ունի, որից օգտվում են գյուղի 50-60 ընտանիքներ: Սուրեն Մարտիրոսյանը եղել է Զորականի նախկին գյուղապետը: Վերջինս պատմեց, որ Զորականի խմելու ջրի ջրամատակարարման խնդիրն արմատապես լուծելու համար 2014թ.-ին գյուղապետարանի հետ կնքած պայմանագրով «Հայջրմուղկոյուղին» որոշել է կառուցել 1 կմ երկարությամբ ջրագիծ և պոմպակայան: Ըստ նախկին գյուղապետի՝ աշխատանքերը «Հայջրմուղկոյուղին» անավարտ է թողել` պատճառաբանելով, թե Զորականը խմելու ջրի ներքին ցանց չունի: Պատվիրատուն անիմաստ է համարել նոր ջրագծի և պոմպակայանի կառուցումը: Զորականցիները դիմել են կառավարություն:
«Այդ ժամանակ որոշվեց, որ «Հայջրմուղկոյուղին» կկառուցի պոմպակայան եւ մեկ կմ երկարությամբ ջրագիծ, ավարտից հետո Հայաստանի տնտեսական զարգացման հիմնադրամի միջոցներով 2015թ.-ին կառուցել գյուղի խմելու ջրամատակարարման ներքին ցանց»,- պատմեց Ս. Մարտիրոսյանը:
Ծրագրի իրականացման համար նախատեսվել է հիմնադրամի 85 մլն դրամ ներդրում: Համայնքի ներդրումային գումարը կազմել է 6,4 մլն դրամ: Ս. Մարտիրոսյանի ասելով, Զորականի գյուղապետարանը, պայմանագրի համաձայն, ժամանակին փոխանցել է շինարարության 1-ին փուլի համար նախատեսված համայնքի 3 մլն դրամ ներդրումը: Ծրագիրը, Ս․ Մարտիրոսյանի պատմելով, ավարտին չի հասցվել: «Հայջրմուղկոյուղին» կառուցել է միայն 1 կմ երկարությամբ ջրագիծ, սակայն Զորականի գյուղապետարանին ներկայացրած կատարողական ակտում ցույց է տվել, թե կառուցել է նաև պոմպակայան։
«Ես այդ ակտը չստորագրեցի, որովհետև նրանք Զորականում ոչ պոմպակայան են կառուցել, ոչ էլ պոմպ են տեղադրել: Իրենք պատճառաբանում են, թե մենք հող չենք տրամադրել: Եթե հող չենք տրամադրել, բա այդ 1 կմ երկարությամբ ջրագիծն ում տված հողի վրա են կառուցել»,- ասաց Ս. Մարտիրոսյանը: Վերջինս պնդեց, թե իր ներկայացրած փաստերը կարող է հիմնավորել փաստաթղթերով:
Հայաստանի տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից չի կառուցվել նաև գյուղի ջրամատակարարման ներքին ցանցը: Համայնքների խոշորացումից հետո հիմնադրամը համայնքի ներդրած 3 մլն դրամը հետ է վերադարձրել արդեն խոշորացված Կողբ համայնքի բյուջե:
Համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը հայտնեց, որ այս պահին Զորականում ջրի ներքին ցանց է կառուցվում. «Երևի 10 օրվա ընթացքում կավարտենք ջրագծի կառուցումը»,- ասաց նա:
Ս. Մարտիրոսյանի ասելով, ջրի ներքին ցանցի նախահաշվային արժեքը կազմում է 22 մլն դրամ: Նոր կառուցվող ներքին ցանցը ջրով կապահովի գյուղի ավելի ցածրադիր թաղամասերից մինչև գյուղամեջ ընկած տարածքում բնակվող բնակիչներին: Ջուր կստանան Զորականի դպրոցը, հանդիսությունների սրահը, մանկապարտեզը, վարչական շենքը»,- բացատրեց Ս. Մարտիրոսյանը: Ջրագիծը պետք է բարձրանա գյուղի ամենաբարձր դիրքում գտնվող թաղամաս: Սակայն, Սուրեն Մարտիրոսյանի ասելով, այդ ջրագծով Զորականի ջրամատակարարման խնդիրը նույնպես արմատապես չի լուծվի:
«Հիմա ժողովուրդը պայքարում է գյուղը ջուր հասցնելու համար: Ամբողջ Զորականը ջրով սնվում է մեկ կետից՝ գյուղի դպրոցից ներքև գտնվող 500 մմ տրամաչափի խողովակից: Այն սպասարկում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Թումանյանի ջրմուղկոյուղին: Հիմնականում այս սեզոնին, այս էլ քանի տարի է, ոչ թե միայն մեր գյուղի, նաև Հաղթանակ և Պտղավան գյուղերի ջրի ճանապարհին գտնվող այգիներն ու բանջարանոցները ոռոգվում են մեր խմելու ջրով, որի պատճառով բնակչությանը ջուր չի հասնում: Ջրագծերի ու ներքին ցանցի խնդիրները լուծելուց առաջ, նախ պետք է լուծել խմելու ջուրը Զորական հասցնելու խնդիրը»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Մեկնաբանել