HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրկին չհամոզեցիք․ Էդուարդ Շարմազանովի և Արմեն Աշոտյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթին

Երեկ Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է իր կառավարման 100 օրը։ Այսօր ՀՀԿ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանն արձագանքել են Նիկոլ Փաշինյանի ելույթին։ Դրանք նույնությամբ ներկայացնում ենք․

Էդուարդ Շարմազանով․ Չփորձեք մատ թափ տալ պատգամավորների վրա

Երեկ Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքին, ինչին շաբաթներ շարունակ պատրաստվում էր ողջ կառավարությունը, ակնկալում էի լսել վարչապետ Փաշինյանի կառավարության հարյուր օրվա գործունեության հաշվետվությունը, սակայն հերթական անգամ հիասթափություն ապրեցի, քանի որ լսեցի ոչ թե հաշվետվություն, այլ ՀՀ-ում գործադիր իշխանության վախճանի մասին հաղորդում:

Հարթակում կանգնած Փաշինյանը ոչ թե ՀՀ վարչապետն էր, այլ հարյուր օր առաջ միտինգներ կազմակերպող ընդդիմադիր ամբոխավարը: Նրա խոսքը Լյուդովիկոս 14-ի, ֆրանսիացի յակոբինյանների, բոլշևիկ տրոցիկստների և բռնապետերի մտքերի խառնուրդ էր: Սա ոչ թե հաշվետվություն-ելույթ էր արվածի եւ չարվածի մասին, այլ սպառնալիքների տարափ. Փաշինյանը` ամեն երկրորդ խոսքին վկայակոչելով բազմության աջակցությունը, սպառնաց բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն այլ կարծիքր ունենալ՝ հռչակելով իր եւ հավաքվածների տեսակետը միակ եւ բացարձակ ճշմարտություն:

Փաշինյանը սպառնաց դատավորներին, ընդդիմախոսներին, կոպտորեն խախտեց անմեղության կանխավարկածը ,զրոյացրեց պետական ինստիտուտները,և փողոցը հռչակեց որոշում կայացնող միակ մարմին,ինչպես միջնադարյան նովգորոդյան վեչեն էր: Վերջապես ոգեւորությամբ հայտարարեց այն, ինչի համար քննադատում էր նախկին իշխանություններին`իր սեփական իշխանությունը պահելու համար նա պատրաստ է փոխել անգամ Սահմանադրությունը: Ինչպես ֆրանսիական բուրբոնների մասին էին ասում՝ Փաշինյանը այս 100 օրերի ընթացքում ոչինչ չի մոռացել, բայց ոչինչ էլ չի սովորել: Շանտաժը և պոպուլիզմը շարունակում են մնալ նրա հիմնական գործիքները: Իսկ հիմա ըստ հերթականության:

Հանրահավաքին Փաշինյանը զուգահեռներ է տանում երևանյան հրապարակի և աթենական դեմոկրատիայի, միգուցե իր և Պերիկլեսի միջև, և հիացմունքով նշում, թե հնարավոր է ապագայում ինչպես հիացել են աթենական դեմոկրատիայի հաղթանակներով, այնպես էլ հիանան իր շարժման հաղթանակով: Սակայն պատմաբաններով շրջապատված Փաշինյանը տեղեկացված չէ, որ աթենական դեմոկրատիան տխուր վախճան ունեցավ՝ պարտվելով հին Սպարտային: Ուստի բերված օրինակը շատ անհաջող էր: Փաշինյանը ինքն իրեն և հրապարակում հավաքվածներին հռչակեց իշխանության միակ և անփոխարինելի կրողը, իր վրա վերցնելով միակ դատավորի եւ որոշում կայացնողի գործառույթը: Եթե միջնադարում տխրահռչակ Լյուդովիկոսը ասում էր`պետությունը ես եմ,ապա Փաշինյանը ավելի հեռու գնաց՝ նշելով, որ պետությունը իմն է: Ակնհայտ է, որ Փաշինյանը նեղն է ընկել և նյարդային է, աջ ու ձախ շանտաժ է անում և սպառնում՝ շտապ օգնության կանչելով ԱԱԾ-ին: Ժամանակն է սթափվելու, չի կարելի ժողովրդի մի հատվածի էմոցիոնալ ֆոնը շահագործելով `արկածախնդրության գնալ:

Կրկնում եմ սա ժողովրդավարական Հայաստանն է և 21րդ դարը,այլ ոչ թե շանտաժով ձեռք բերված դիկտատուրա: Որքան էլ հրապարակում հավաքվածների էներգետիկան բարձր էյֆորիկ ֆոն ապահովվի Փաշինյանի համար, գլխավորը բարձր գոռալը չէ,այլ արդյունավետությունը,գլխավորը հայհոյանքը և ատելությունը չէ,այլ ձեռքբերումները, գլխավորը սրա-նրա վրա մատ թափ տալը, մուննաթ գալն ու ականջահաճո լոզունգներով զգայուն բազմությանը գրգռելը չէ , այլ սթափությունը չկորցնելը, գլխավորը ճղճղոցով բարձր էմոցիոնալ ֆոն ապահովելն ու ասմունքելը չէ, այլ ռեալ պոլիտիկը: Մենք ծանոթ ենք իրենից ավելի կլասով բարձր ասմունքողների արկածախնդրությանը: Եթե բազմությանը կարողանում եք դեռեւս կերակրել պոպուլիզմով, մենք չենք տրվելու զգացմունքային ռոմանտիկ տրամադրություններին:

100 օր առաջ պրն Փաշինյան, դուք շահարկեցիք արյունահեղությունից, եղբայրասպանությունից ամեն գնով խուսափելու մեր դիրքորոշումը եւ շանտաժով հասաք ձեր ուզածին: Հիշեցնում եմ, այսօր դուք ոչ թե ընդդիմադիր ամբոխավար եք, այլ իշխանություն, դուք եք պատասխանատու երկրում տիրող իրավիճակի համար եւ չփորձեք մատ թափ տալ ու սպառնալ պետական ինստիտուտներին եւ պատգամավորներին, դատավորներին եւ այն քաղաքացիներին, ովքեր այլ տեսակետ ու կարծիք ունեն, չփորձեք ոտնահարել օրենքն ու պետությունը:

Ձեր իշխանության հարյուր օրվա ընթացքում արդեն իսկ վտանգավոր միտումներ են որդեգրվել. խոսքի, այլակարծության իրավունքի ոտնահարում, անմեղության կանխավարկածի ոտնահարում, այլախոհների անվտանգության սպառնալիք, ՀՀ պետական ինստիտուտների և օրենսդրության ստորադասում սեփական շահերին, ազգային և քրիստոնեական արժեհամակարգի փլուզման փորձեր, բացահայտ հարձակում հայ ավանդական ընտանիքի և Հայ Առաքելական եկեղեցու դեմ, պղծության և այլասերության բացահայտ քարոզ, ահաբեկչության խրախուսում`ՀՀ ոստիկանության գնդապետին և ենթասպաներին գնդակահարած ահաբեկչական խմբավորման մի շարք անդամների ազատ արձակում, սարքած դատական գործեր`քաղաքական իջեցված պատվերով, որոնք դեռ չմեկնարկած ջախջախվում են, կրկնակի թանկացումներ: Այս ցանկը շարունակելի է:

Ահա այն «ձեռքբերումների» մի մասը ,ինչին հասել է Փաշինյանի իշխանությունը հարյուր օրվա ընթացքում:

Հ.Գ. Պարոն Փաշինյան, հարյուր օր անց վերահաստատում եմ կարծիքս,Դուք ոչ ՀՀ վարչապետ կարող եք լինել, ոչ էլ`առավել ևս ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար: Կրկին չհամոզեցիք:

Արմեն Աշոտյան․ Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք

Կառավարության գործունեության 100 օրվա ամփոփումը ստվերվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի միտինգային ելույթով: Դժվար է ասել, արդյոք միտումնավոր կերպով է երկրի վարչապետը, շեղելով ուշադրությունը իր ղեկավարած կաբինետի անհաջող, իսկ երբեմն, բացահայտ ձախողված աշխատանքից, անթույլատրելիորեն ավելացնում ավտորիտարիզմի չափաբաժինը, թե հանրահավաքի նախապես ազդարարված թաքուն առաքելությունը (պատասխան Լավրովի հայտարարությանը) կորցրեց իր արդիականությունը:

ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ուժգին հարված էր Հայաստանի պետականությանը: Հետևողական կերպով էրոզիայի ենթարկելով պետական ինստիտուտները, կառույցներն ու մեխանիզմները, պետությունը փոխարինելով “ԵՍ ու Ժողովուրդը” առաջին հայացքից ականջահաճո, իսկ իրականության մեջ հակապետական բանաձևով: Հայաստանը տոտալ դեինստիտուցիոնալիզացիայի փուլում է. վարչապետը փորձում է իրենով փոխարինել օրենքները, դատարանները, ներդրումային միջավայրը, գերատեսչություները և այլն:
Օրեր առաջ Հայաստանի նոր իշխանություններին անվանեցի թավշյա խունտա, ինչին հետևեց պետական քարոզչամեքենայի ինտենսիվ գործադրումը: Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը լավագույնս հաստատեց իմ տրված գնահատականը: Ճնշումների գործադրմամբ իշխանության եկած, ուժային կառույցների գործադրմամբ սեփական իշխանությունը ամրացնելու փորձեր անող, երկրում այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն ձևավորող իշխանության ղեկավարը երեկ հարձակվեց իշխանության մյուս ճյուղերի՝ օրենսդիր և դատական մարմինների վրա:

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

Ակնհայտ էր դառնում, որ վարչապետը հետևողականորեն հետ է կանգնում Ստեփանակերտում մայիսի 9-ին հնչեցրած կոշտ ձևակերպումներից բանակցային ձևաչափի փոփոխության հետ կապված և գործընթացը վերադարձնում նախկինում եղած հունին՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն, կարգավորման սցենարի քննարկումից առաջ վստահության մթնոլորտի վերակագնման և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ և լիարժեք կատարման (Վիենա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) անհրաժեշտություն: Այսինքն 100 օրվա ընթացքում Արցախյան հիմնախնդրի կարգավորման նոր բանաձևի փախողված փնտրտուքից հետո վարչապետը այնուհանդերձ գոնե ակներև վերադարձավ մեր իշխանության օրոք մշակված դիվանագիտական ձևակերպումներին:

Սակայն երեկվա հավաքին երկու տարակուսելի ու վտնագավոր էլեմենտ առաջացավ: Նախ, Նիկոլ Փաշինյանը փորձեց սենսացիոն ակնարկներ անել բանակցային գործընթացի պատմության մասին: Եվ քանի որ կիսատ-պռատ մոտեցումները ու պոպուլիզմը այս հարցում ճակատագրական կարող են լինել, ակնկալում ու պահանջում եմ, որ այդ ջինը դուրս գա շշից ամբողջությամբ, և Փաշինյանը հրապարակի ողջ բանակցային գործընթացի տեղեկատվությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած:

Երկրորդ խիստ վտանգավոր էլեմենտը, դա Արցախյան հիմնախնդրի հնարավոր կարգավորման բանաձևը Հայաստանի Հանրապետության մայրքաղաքի հրապարակում հաստատելու մասին խոստումն էր: Պարոն վարչապետ, հիշեք մեկընդմիշտ, որ կարգավորման ցանկացած բանաձև պետք է ստանա նախ Ղարաբաղի ժողովրդի հավանությունը:

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

100 օրվա ընթացքում գործող իշխանությունները հետևողականորեն մսխում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կապիտալը: Քանիցս խոսվել է հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածության մասին: Ընդամենը երեք դրվագ հիշեցնեմ. ՀԱՊԿ-ի վարկաբեկման գործընթացը, ՌԴ ԱԳ նախարարի աննախադեպ կոշտ հայտարարությունը և, ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանի ԱԳ նախարարին չընդունելը Լավրովի կողմից:

Երեկ վարչապետը նաև ասաց, որ Բրյուսել կատարած իր այցը չի քննադատվել: Թարմացնեմ ՆԻկոլ Փաշինյանի հիշողությունը: ԵՄ ղեկավար մարմինների հետ իր հանդիպումներն այնքան անհաջող էին և անարդյունավետ, որ անգամ ինքը բարձրաձայն խոսեց այդ մասին հենց օդանավակայանում: Հիշեցնեմ նաև, որ Հայաստան-ԵՄ ուժի մեջ մտած համաձայնագրով առ այսօր ՈՉ ՄԻ գործողություն չի իրականացվել:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ԱՄՆ նախագահի հետ հանդիպում կազմակերպելու լոբբիստական ջանքերը, իհարկե, տեղին են, բայց դրա մասին բացեիբաց բարձրաձայնելը մանկամտություն է: Եթե Թրամփ-Փաշինյան հադիպում ունենալու հույսը ԱՄՆ կոնգրեսականների ստորագրություններն են, բա որտե՞ղ մնաց այդ դեպքում իշխանափոխությունից հետո Հայաստանի հանդեպ իբր մեծացած ուշադրությունը և Նիկոլ Փաշինյանի ժպիտի մոգական ուժը՝ Թրամփերի զույգին Բրյուսելում բարևելուց:

Ամփոփելով վերհիշյալը, ընդունեմ, որ սխալվում էի, երբ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասացի, որ մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ: Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք: Անգամ շարքային:

Մեկնաբանություններ (11)

Առաջ Հայոց Աստված
Արժանապատիվ և հպարտ քաղաքացիներ, այս լույսի արագությամբ պատմության աղբամանում հայտնված բազում հանցագործություններ կատարած խմբակի կառկառուն ներկայացուցիչները մասնավոր են ժամանակ առ ժամանակ իրենց մասին հիշեցնում՝ իրենց իսպառ արժեզրկումը վերսրին արժեվորելու կամ գոնե այդպիսի տպավորություն թողնելու ակնկալիքով: Սա պարզունակ ծուղակ է: Իհարկե, արթուն ու զգոն մնալով հանդերձ, սրանց հետ կապված բոլոր թեմանները պետք է փակենք և միասնաբար լծվենք սուրբ ու մնայուն հայրենաշինության գործին: Առաջ Հայոց Աստված:
Իվետտա Գնդոյան
Պարոնայք հանրապետականներ եթե փորձեք ճիշտ գնահատել անցյալը, ապա կհասկանաք որ այսօրվա բանդերլոգների իշխանության պատասխանատուն դուք եք։ Դուք թույլ տվեցիք որ ՀՀՇ-ի կադրը անցնի 5% շեմը ու մտնի խորհրդարան։
Լուսիկ
Անգամ սրանց դեմքերն են հոգնեցրել, ուր մնաց մտքերը: Առանց կարդալու էլ, կարելի է ենթադրել ինչ մաղձ են թափելու: Չեն եղել երբեք քաղաքական գործիչ, այլ միայն Սերժի ենթականեր (шаг вправо, щаг влево - отстрел), հիմա փորձելու են հագնել ընդդիմադիրի շապիկ: Ո՞վ կհավատա հիշելով անցյալը:
Մինասյան Լեւոն
Սրանք դեռ ճլվլում են, չեն գիտակցում որ ոչ մեկի պնգլին պետք չէ իրենց համոզվել չհամոզվելը
Սամվել Հովասափյան
Ցանկանում եմ միայն մի հարց ուղղել պարոններ՝ Շարմազանովին և Աշոտյանին, արդյո՞ք դուք մասը կազմելով անցած իշխանություններին, գիտեի՞ք այն բոլոր հանցագործությունների մասին, որոնք այսօր բացահայտվում են, թե՞ ո'չ... Եթե չգիտեի՞ք, ապա շատ ապաշնորհ եք, իսկ եթե գիտեիք, ապա այսօր ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս, այդպես խոսել և նոր իշխանություններին դասեր տալ, նույնիսկ սպառնալ: Ի՞նչ իրավունքով: Ո՞վ է ձեր թիկունքում կանգնած, որ այդպես հոխորտում եք: Միթե՞ չնկատեցիք, որ ձեր շեֆին պաշտպանելու համար ընդհամենը 10 հոգի էին հավաքվել և ծիծաղաշարժ ցույց էին անում...
Ռուբեն
Հարգելի «Յանի ինչ», Ձեր նշած 7 մեկնաբանողներն էլ ազատ անկախ դեմոկրատական երկրում ապրող մարդիկ են և իրենց կարծիքն են գրում: Հարցը նրանում է, որ ՀՀԿ-ում կան «սիրված» դեմքեր, որոնց խոսքերը լսելիս (կամ կարդալիս) և նրանց նկարները տեսնելիս, շատերի մոտ արդեն ալերգիա է առաջանում: Մարդիկ էլ մեկնաբանություններ են գրում, որպեսզի իրենց ալերգիան շատ չխորանա: Այլ կերպ ասած, ամեն ինչ արվում է հանուն առողջության:
Վաչե
Նայում եմ այս երիտասարդների մտահոգ , ժամանակից շուտ հոգնած դեմքերին և անկեղծորեն ափսոսում եմ, քանի որ նրանք գրագետ, բանիմաց մարդիք են և կարող էին ազնվորեն և արդյունավետ ծառայել երկրին ու ժողովրդին։ Սակայն իրեց դարն ապրած կլանի պարագլուխները այսօր էլ սուտ խոստումներով և զանազան կոմպրոմատներով արգելափակում են շատերի մուտքը նոր պայմանների հանրային կյանք և մտադիր են իրենց հետ, խաչ քաշել նաև նրանց ապագայի վրա։ Բոլոր երտասարդ ՀՀԿ ֊ականներին խորհուրդ եմ տալիս ․ քանի դեռ ուշ չէ ձեր մեջ ուժ գտեք, հրաժարվեք հանցագործ կլանին ապավինելուց, ինտեգրվեք այսօրվա հանրային կյանքին, ձեր կարողությունն ու եռանդը ի սպաս դրեք երկրի հետագա զարգացմանը։
Յանի ինչ
Խոսքս ուղղում եմ նախորդ 7 մեկնաբանողներին: Իսկ ինչու եք վիրավորում մարդկանց? Մարդ են, իրենց կարծիքն ունեն, թող բարձրաձայնեն: Ազատ, անկախ, դեմոկրատական երկրում ենք ապրում: Թող ասեն, էլի: Չի կարելի, ինչ է?
Բայց դե.....
Սիրո և համերաշխության հեղափոխության առողջ ոգուն հավատարիմ մնալով՝ չեմ ցանկանում որևէ մեկին անձնապես վիրավորել, բայց պիտի հետևյալը գրեմ: Տո այ, իրականության զգացողությունն իսպառ կորցրած, ժամանակավրեպ թշվառնե՜ր, դու՛ք դեռևս ո՛չ ամոթ ունեք, ո՛չ էլ տարրական արժանապատվություն: Հակառակ դեպքում նվազագույնը պիտի լռեիք և հաղթանակած Հայ Ժողովրդին ձեր գոյության մասին չհիշեցնեիք: Բայց դե.....
Դավիթ Հարությունըան
կարդացի էս անհեթեթ հայտարարությունը զութ նրա համար, որ ցանկանում էի գոնե մի փոքր օբյեկտիվ խելամիտ քննադատության նշույլ գտնել, սակայն ինչի ականատեսը, որ եղա, ասեմ, շաատ նման էր անբարոյական ու աշխարհի ու ազգի դեմ չարացած կախարդ պառավների զազրախոսության, միթե ձեր շեֆը չէր, որ քնում էր ԵՏՄ գագաթնաժողովին,․ միթե ձեր շեֆի վրա չէին մատ թափ տալիս նազարբայեվները, միթե ձեր շեֆի վրա չէին նետվում ֆրանսիական պոմիդօրները, իսկ իրավապահները մի կերպ էին զսպումժողովրդին, ումից լեղապատառ փախավ, միթե մոռացաք,որ ֆոկուսներ էիք անում ու բառախաղերով խաբում ժողովրդին, պարտադիր, բայց ոչ պարտադրված, դուք չէիք հովանավորե՞լ որ լֆիկները հարկեր քիչ մուծեին, թե էդ երևի պետական բյուջեից չէր գողացվում, թե երևի տեղյակ էլ չէիք, որ մանվելները տուշոնկա էին գողանում, կա այդպիսի ծավալի մի գործ, որը կվրիպեր ԱԱԾ ուշադրությունից, ու էլի ուզում ե՞ք որ Վարչապետը ձեզ համոզի ինչ որ բանում, նախ ձեռք բերեք հասկանալու ընդունակություն, որ հետո նոր կարողանաք համոզվել, որ վերը նշվածները լինելով մի փոքր մասը ձեր իշխանության կողմից կատարված հանցագործություններից,պարզապես խոսելու իրավունք չի տալիս և դեռ փորձում եք մանիկուլյացիաների ու կռուտիտների միջոցով ուզում եք ներկայացնել որպես ազատ խոսքի հալածա՞նք, ծիծաղելի է պարզապես, ուղղակի շարմազանով ամուր գրկեք ձեր շեֆերին դաշնակցեք թալանչի մյուս ձեր պես հալածյալներին և եղեք աշոտյան․․․
Սաքո
Այ ուսյալ մտնողներ, ձեր տերն արդեն ասաց որ Նիկոլը ճիշտ էր, էլ ինչ եք փրփուր կրակում: Մի ուրիշ ձաձա եք գտել, որ ձեզ ծնկներին նստացնի?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter