HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքային իշխանությունների արհեստավարժ աշխատակազմը կարևոր դերակատարություն կարող է ունենալ խոշորացման արդյունավետությունը բարձրացնելու գործում

2018 թվականի փետրվարին Սյունիքի մարզի բազմաբնակավայր Տեղ համայնքի ավագանու անդամներ Արագած Ղուլունցը և Արարատ Շադունցը դիմում են ներկայացրել համայնքի ղեկավարին՝ հրաժարվելով ավագանու անդամի իրենց լիազորություններից։ Արարատ Շադունցը չցանկացավ մեկնաբանել հրաժարականի պատճառն, իսկ Արագածն իր քայլը բացատրում է նրանով, որ այլևս չէր ցանկանում աշխատել, քանի որ, իր կարծիքով, համայնքային իշխանությունն անգործության է մատնված։ Մյուս կողմից, նա իր զարմանքն է հայտնում այն մասին, որ դիմումը ստանալուց հետո գործող ավագանին և համայնքի ղեկավար Ներսես Շադունցը չեն հետաքրքրվել պատճառի մասին, պարզապես փետրվարից սկսած, ավագանու նիստերի գումարման մասին նրանք չեն իրազեկվել։

Համայնքային իշխանության գործունեության մասին իր դիրքորոշումն այժմ Արագածը հայտնում է համայնքի նստավայր Տեղ գյուղում վերջին շաբաթներին կազմակերպվող հանրահավաքներում, որի մասնակիցները պահանջում են համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հրաժարականը։ Այս պահանջով բնակիչներից ոմանք երկու անգամ փակել են դեպի Արցախ տանող ճանապարհը:

Մարզի մեկ այլ համայնքի՝ Տաթևի համայնքային իշխանության ղեկավար Մուրադ Սիմոնյանի  հրաժարականի պահանջով մայիսին հանրահավաք էին կազմակերպել նաև Շինուհայրում, Հարժիսում։

Ի թիվս այլ պահանջների, ցուցարարները հայտարարում էին, որ գործող համայնքապետն աշխատում է համայնքի բնակչության մեծամասնության կամքին հակառակ՝ նշանակվելով Սյունիքի մարզպետարանի կողմից:

Քննարկման այլ առիթի թողնելով Տեղ, Տաթև համայնքներում երկու կողմերի ներկայացրած փաստարկները, նշենք ընդհանուր մի միտում, որն ուղղակիորեն կապված է համայնքային իշխանությունների աշխատակազմերի բնականոն գործունեության ապահովման հետ։

Տեղ համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող բնակիչներից մեկի՝ Արարատ Ղուլունցի խոսքով հիմնական պատճառն այն է, որ ըստ նրա, ձևավորվել է ուռճացած աշխատակազմ, որն անգործության է մատնված։ Նա միջոցների անտեղի վատնում է համարում այն, որ համայնքային իշխանության աշխատակազմում նախատեսված է համայնքի ղեկավարի տեղակալի, խորհրդականի, ռեֆերենտի, օգնականի հաստիքներ։

Ընդհանուր հաշվով, համայնքապետարանի և համայնքային ենթակայության հիմնարկների աշխատողների աշխատավարձը կազմում է համայնքի բյուջեի 60 տոկոսը, ընդ որում, վերոնշյալ հաստիքների աշխատավարձի համար նախատեսվում է տարեկան մոտ 10 միլիոն դրամ կամ բյուջեի 6 տոկոսը։

Տաթև համայնքի աշխատակազմի քարտուղար Մարատ Գերասիմյանը ևս նշում է, որ իրենց համայնքապետարանի աշխատակազմն այսօր փաստացի  աշխատում է ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ, սակայն պատճառը, ըստ նրա, «տեխնիկական է»։

 «Հանրապետությունում առաջիններից մեկը մեր համայնքը խոշորացվեց․ նոր կանոնակարգեր, ընթացակարգեր մշակվեցին, սակայն համայնքային իշխանության աշխատակազմի, մասնավորապես, համայնքային ծառայողների աշխատանքների նկարագրերը մնացին անփոփոխ»,- ասում է աշխատակազմի քարտուղարը, հավելելով, որ երբեմն աշխատակիցները հրաժարվում են իրենց պարտականությունները պատշաճ կատարել, նշելով, որ այն ամրագրված չէ իրենց պայմանագրերում, պաշտոնի անձնագրերում։

«Իրավական տեսակետից նրանք արդարացի են, բայց խնդիրն այն է, որ նախկինում գործող աշխատանքային պայմանագրերն ուղղակիորեն հարմարեցվել են, առանց հաշվի առնելով համայնքի վարչատարածքային փոփոխությունների առանձնահատկությունները, դրա հետ կապված աշխատանքի ծավալի աճը»,- ասում է Մարատ Գերասիմյանը։

Աշխատակազմի քարտուղարի կարծիքով ամսական  80 հազար դրամ ստացող, օրինակ, քաղաքաշինության մասնագետի համար դժվար է մոտիվացիա գտնել, որպեսզի իրականացնի այնպիսի ծավալով աշխատանքներ, որոնք այսօր առկա են համայնքապետարանում։ «Մինչև համայնքների վարչատարածքային փոփոխությունները գյուղական բնակավայրերում հողերի չափագրումն իրականացվել է կամայական, սխալներով, առանց հաշվարկների, կարելի է ասել՝ աչքաչափով: Դրանք ուղղելու համար հիմա ստիպված ենք ոչ միայն ֆինանսական ռեսուրսներ ներդնել, այլև այդ պաշտոնում ընդգրկված մասնագետը պարտավոր է, միաժամանակ հետևելով քաղաքաշինության ոլորտում հաճախ կատարվող օրենսդրական փոփոխություններին, նաև անհրաժեշտ փաստաթղթերը, նախագծերը պատրաստել»,- ասում է աշխատակազմի քարտուղարը։  

Հաշվի առնելով նշված խնդիրները, համայնքային իշխանության նախաձեռնությամբ վերանայվում են աշխատակազմի հաստիքների, մասնավորապես, համայնքային ծառայողների պաշտոնների անձնագրերը, դրանք համալրվում նոր պարտականություններով։ Մարատ Գերասիմյանի կարծիքով խնդիրը ընդհանուր է գյուղական բոլոր համայնքներում, և իրենք մտավախություն ունեն, որ նոր պայմաններով, պահանջներով դիմողներ, հատկապես իրավաբանի, ֆինանսների մասնագետի առումով, հայտարարված համայնքային ծառայողի մրցույթներում, հնարավոր է, որ չլինեն կամ ընտրվեն մարդիկ, ովքեր իրականում չեն կարող որակյալ ծառայություն մատուցել։ Պատճառներից մեկն, ըստ աշխատակազմի քարտուղարի այն է, որ համայնքային ծառայողների մրցույթների թեստային հարցերն առավել տեսական են, որոնք հաճախ պրակտիկայում կիրառելի չեն, երբեմն չեն համապատասխանում այն պահանջներին, որոնք անհրաժեշտ են ՏԻՄ ոլորտում այս կամ այն ծառայությունը պատշաճ մատուցելու համար։

«Այս կամ այն պաշտոնի համար մրցույթի մասնակիցը կարող է անգիր անել թեսթի հարցերը կամ որոշ դեպքերում պատահականության սկզբունքով կատարված նշումը հնարավոր է համընկնի ճիշտ պատասխանի հետ։ Այս դեպքում, որքան էլ ընտրված դիմորդի համար փորձաշրջան է նշանակվում, միևնույն է, չհաջողելու դեպքում, այլընտրանք չունենալով, հարկադրված ենք նրան մշտական աշխատանքի ընդունել»,-իր մտահոգությունն է հայտնում Տաթև համայնքի աշխատակազմի քարտուղարը, ով նախկինում Հալիձոր համայնքի ղեկավարն է եղել և նրա կարծիքով մինչև համայնքների խոշորացումը, համայնքային իշխանությունների աշխատակազմի արհետավարժությունը նույնչափ չէր կարևորվում, ինչպես այժմ։ Ըստ Մարատ Գերասիմյանի, համայնքային ծառայողների մրցույթների հարցաշարերում պետք է նախատեսել նաև պրակտիկ աշխատանք  ենթադրող հարցեր։

Անդրադառնալով  համապատասխան մասնագետների խնդրին, Տեղ համայնքում խնդրի լուծման այլ միջոց են ընտրել․ աշխատակազմի երեք աշխատակից Գորիս քաղաքի բնակիչներ են։ Այս հարցը ևս համայնքի ավագանու նախկին անդամ, գործող համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող Արագած Ղուլյանի մտահոգությունների ցանկում է․ «Ամեն օր մի ավտո մարդ ա Գորիսից գալիս, համայնքապետի հետ՝ 4 հոգի, բա էդքան վառելիքն ում հաշվին է ծախսվում»,-ասում է նա։

Մարատ Գերասիմյանի կարծիքով, սակայն, բազմաբնակավայր համայնքային իշխանությունների  արհեստավարժ աշխատակազմը կարևոր դերակատարություն կարող է ունենալ խոշորացման արդյունավետությունը բարձրացնելու համար և այս դեպքում, ըստ նրա, քիչ էական է, թե համայնքային բյուջեի որ տոկոսն է ուղղվում աշխատակազմի աշխատավարձի վճարմանը, քանի որ, առանց այն էլ, աշխատանքի ծավալներն անհամեմատելի են նախատեսված հաստիքների դրույքաչափերի հետ։

Ի դեպ, աշխատանքային ծավալների ծանրաբեռնվածության հիմնավորմամբ, ընթացիկ տարվա հուլիսի 27-ին բազմաբնակավայր Գորիս համայնքի ավագանին  որոշել է համայնքապետարանի աշխատակազմում ավելացնել համայնքի ղեկավարի տեղակալի երկրորդ հաստիք, որի արդյունքում համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի վճարման համար լրացուցիչ տարեկան կծախսվի 2,5 միլիոն դրամ։ 

Վերադառնալով Տեղ համայնում քաղաքացիական անհնազանդության մասնակցի դիտարկմանը, թե համայնքապետարանի աշխատակազմն ուռճացված է, նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել է համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակի կազմման և հաստիքների և պաշտոնային դրույքաչափերի համամասնության սահմանման վերաբերյալ մեթոդական ուղեցույց, որի դրույթներն առաջարկելով՝ հաշվի են առնվում որոշ առանձնահատկություններ։ Ըստ նշված փաստաթղթի, 5001-15000 բնակչություն ունեցող համայնքներում բացի համայնքի ղեկավարի 1 տեղակալից, առաջարկվում է առավելագույնը 2, իսկ 15.001-50.000 բնակչություն ունեցող համայնքներում` 3 հայեցողական պաշտոն /հայեցողական պաշտոններ են համարվում համայնքների ղեկավարի տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների պաշտոնները/։

Նույն մեթոդական ուղեցույցով նախատեսվում է, որ աշխատակազմերի հաստիքների պաշտոնային դրույքաչափերի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել համայնքի սեփական եկամուտների չափը։

Որքանով են այս դրույթները պահպանվում նշված և առհասարակ, բազմաբնակավայր այլ համայնքներում և ինչպես են դրանք նպաստում համայնքի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը՝ հարցերի պարզաբանման համար, ըստ էության որակական հետազոտության անհրաժեշտություն կա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter