HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Թրամփի նախընտրական շտաբի նախկին պետը մեղադրանքի 18 կետերից 8-ով մեղավոր է ճանաչվել

Ամերիկյան Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի դաշնային դատարանը մեղադրական եզրակացության 18 կետերից 8-ով մեղավոր է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին պետ Փոլ Մանաֆորթին: Մյուս 10 կետերով ատենակալները չկարողացան ընդհանուր հայտարարի գալ: Դատարանը օգոստոսի 29-ին կքննի, թե ինչպես շարունակել դատավարական հետագա գործընթացը:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Մանաֆորթը մեղավոր է ճանաչվել բանկային խարդախությունների գործով առաջադրված մեղադրանքի 9 կետերից 2-ով, հարկերից խուսափելու բոլոր 5 կետերով և արտասահմանյան հաշիվների հայտարարագրումից խուսափելու կետով: Դատավճիռը կհրապարակվի ավելի ուշ:

Քննությամբ հաստատվել է, որ ամերիկացի լոբբիստը չի վճարել 15 միլիոն դոլար կազմող եկամտի հարկերը: Այդ գումարը նա ստացել էր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա Ռեգիոնների կուսակցության օգտին լոբբինգ անելու համար:

69-ամյա Մանաֆորթը իրեն մեղավոր չի ճանաչել: Ինչպես նշել է նրա փաստաբանը, Մանաֆորթը դիտարկում է դատական հետագա գործընթացներում իր հետագա գործողությունները:

Մանաֆորթի գործով ցուցմունք է տվել 27 անձ: Գործի շրջանակներում առանցքային է եղել լոբբիստի նախկին օգնական Ռիք Գեյթսի ցուցմունքը, որում նշել էր, թե ինչպես է օգնել Մանաֆորթին փողերի լվացման գործում և թե ինչպես է այդ փողերի մի մասը գողացել:

Փոլ Մանաֆորթը մի քանի ամիս շարունակ գլխավորել է Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը: Նախորդ տարվա հոկտեմբերին դատախազ Ռոբերտ Մյուլերը մեղադրանք է առաջադրել նրան ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործի շրջանակներում: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Մանաֆորթին առաջադրված մեղադրանքները առնչություն չունեն Դոնալդ Թրամփի կամ նրա նախընտրական շտաբի հետ:

ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործի վերաբերյալ արևմտյան ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել այն մասին, որ Փոլ Մանաֆորթը 2016 թվականի հուլիսի 9-ին հանդիպում է ունեցել ռուս իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ, ով կապեր ունի Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ՝ նախկինում ներկայացնելով նաև Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) շահերը: Իրավաբանի և լոբբիստի հանդիպմանը ներկա են եղել նաև Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, և որդին՝ Դոնալդ-կրտսերը: Վեսելնիցկայան նախապես խոստացել էր, որ հանդիպմանը քննարկելու են Հիլարի Քլինթոնի գործունեության խոցելի կողմերը, սակայն ինչպես հետո հայտնի դարձավ, կողմերը խոսել են նաև «Մագնիտսկու» օրենքի և ամերիկացիների կողմից ռուս երեխաների որդեգրման արգելքի մասին:

2016 թվականի օգոստոսին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Փոլ Մանաֆորթը սեփական ցանկությամբ հրաժարվել է իր նախընտրական շտաբի պետի պաշտոնից: 

Լուսանկարը՝ JIM LO SCALZO/EPA-EFE/SHUTTERSTOCK

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter