HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Քրեական գործ է հարուցվել «Լեռնային Հայաստան» առողջարանի տնօրենին առնչվող դեպքի առթիվ

Պաշտպանության նախարարության «Լեռնային Հայաստան» առողջարանի տնօրեն, Սերժ Սարգսյանի նախկին թիկնապահ Կորյուն Եղիազարյանին առնչվող դեպքի առթիվ հարուցվել է քերական գործ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նախաձեռնությամբ՝ նյութեր են նախապատրաստվում: Գործը քննվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնում:

Վաղարշապատի քննչական բաժնից «Հետք»-ին հայտնեցին, որ գործը հարուցվել է ՔՕ 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով. «Շորթումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»:

Ընթերցողներին հիշեցնենք, որ ԿՀԴՊԳՎ-ն սկսել է զբաղվել գործով «Հետք»-ի հրապարակումից հետո, որում Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ Աշոտ Նաջարյանը պատմել էր, թե ինչպես է շուրջ ինը տարի առաջ «Սերժի Արո» անունով հայտնի Կորյուն Եղիազարյանը խլել իր բիզնեսը՝ գազալցակայանը:

Գազալցակայանը գտնվում է Ոսկեհատ գյուղում: Աշոտ Նաջարյանը սկսել է շփվել Կորյուն Եղիազարյանի հետ այն ժամանակ, երբ որոշել է Ոսկեհատում գտնվող իր բենզալցակայանը վերափոխել գազալցակայանի: Եվ քանի որ գազալցկայանների ոլորտում մոնոպոլիա հաստատած գեներալ Մանվել Գրիգորյանի օրոք առանց «մեջքի» հնարավոր չէր բիզնես անել, որոշել է դիմել «Սերժի Արո» անունով հայտնի Կորյուն Եղիազարյանին: Պատմության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ համառոտ այն զարգացել է այսպես: Սկզբում Կորյուն Եղիազարյանը համաձայնել է համագործակցել և գազալցակայանի շահույթից տոկոս ստանալ, բայց մինչ նախկին բենզալցակայանը կվերակառուցվեր գազալցակայանի, կոնֆլիկտ է առաջացել կողմերի միջև: Աշոտ Նաջարյանի հաղորդմամբ՝ այն ժամանակ, երբ գալացակայանն արդեն պատրաստ էր գործելու, Կորյուն Եղիազարյանը իրեն ծեծով ու զենքի սպառնալիքով ստիպել է նոտարի մոտ ստորագրել առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա՝ սեփականացրել է գազալցակայանն ու զբաղեցրած հողատարածքը: Պայմանագիրը ստորագրելուց հետո, ըստ Ա․ Նաջարյանի, Կորյուն Եղիազարյանն ու նրա յուրայինները իր մեքենայի մեջ, հակառակ իր ցանկության, թողել են 50 հազար դոլար ու հեռացել։ 

Կադաստրից ձեռք բերած առուվաճառքի պայմանագրից երևում է, որ գազալցակայանի գնորդը եղել է ոչ թե անմիջապես Կորյուն Եղիազարյանը, այլ «Լի Գազ» ՍՊԸ-ն, որի բաժնետերերից մեկը եղել է Կ. Եղիազարյանի որդին, մնացածը՝ նրա յուրայինները:

Վաղարշապատի քննչական բաժնից «Հետք»-ին տեղեկացրին, որ քրեական գործում «շատ մարդկանց անուններ են շոշափվում»: Թե ովքեր են այս պահին անցնում գործով, քննիչ Արշակ Կիրակոսյանը չհայտնեց՝ նշելով, որ քննությունը նոր է սկսվել, և այս պահին անուններ հրապարակելը ճիշտ չէ: Գործի քննությունը, ըստ Ա. Կիրակոսյանի, բարդ է լինելու, քանի որ ներառում է առուվաճառքի գործարքներ:

Քննությունը, ենթադրաբար, բարդացնելու է նաև այն հանգամանքը, որ Կորյուն Եղիազարյանին առնչվող «Լի Գազ» ՍՊԸ-ի սեփականատերերը նոտարի մոտ իրականացված վերևում նշված գործարքից հետո փոխվել են: Այժմ ՍՊԸ-ի միակ բաժնետերը կաթողիկոսի եղբոր՝ Ոսկեհատի գյուղապետ Գևորգ Ներսիսյանի կինն է՝ Սոնիկ Ներսիսյանը, իսկ գազալցկայանի տնօրենն էլ նրանց որդին է՝ Համբարձում Ներսիսյանը: Աշոտ Նաջարյանի խոսքով՝ «Լեռնային Հայաստան»-ի տնօրեն Կորյուն Եղիազարյանը գազալցակայանն ու հողատարածքը իրենից խլելուց հետո վերավաճառել է կաթողիկոսի եղբոր ընտանիքին մոտ 500 հազար դոլարով:

Կադաստրից մեր ձեռք բերած փաստաթղթերից երևում է նաև, որ ենթադրյալ առանձնապես խոշոր չափերով շորթման առարկա դարձած այս գույքի վրա այժմ կա գրավի իրավունք՝ խոշոր վարկային պարտավորությունների դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter