HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյան. «Հայաստանի տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է տնտեսական առաջընթացի կառուցվածքի և գաղափարաբանության մասին իր գլխավորած կառավարության պատկերացումները՝ ընգծելով, որ Հայաստանի տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսություն «լոկոմոտիվի» դերում տեսնում է բարձր տեխնոլոգիական ապրանքների արդյունաբերությունը: Վարչապետը հայտնեց, որ այս ոլորտի հետ կապված ներդրումային հետաքրքրություններ կան, և ցանկություն հայտնեց, որ այդ հետաքրքրությունները ավելի ակտիվանան:

Գործադիրի ղեկավարն ասաց, որ տեխնոլոգիական ապրանքների արդյունաբերությունը նորմալ պայմաններ կստեղծի ռազմաարդյունաբերության զարգացման համար, ինչն էլ որոշակիորեն կարող է բարձրացնել Հայաստանի անվտանգության մակարադակը:

«Բարձր տեխնոլոգիական արտադրանքը բարձր վճարվող աշխատատեղերի ստեղծում է ենթադրում, ինչը նույնպես շատ կարևոր է»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը զուգահեռ կառավարությունը մտադիր է աջակցել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:

«Տնտեսության առաջընթացի կառուցվածքի մասին մեր պատկերացումներում միշտ պետք է ունենանք մի դատարկ տեղ, որը պետք է բացենք նոր գաղափարների համար, որոնք կարող են լինել փորձարարական ճյուղերը»,- նշեց գործադիրի ղեկավարը՝ առանձնացնելով բիոտեխնոլոգիաների ոլորտը, և կոչ արեց այդ ոլորտում մասնագիտացած սփյուռքահայերին իրենց ընկերությունների դուստր ձեռնարկությունները բացել Հայաստանում:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև Հայաստանում ադամանդագործության և ոսկերչության զարգացումը՝ շեշտելով, որ կառավարությունը պատրաստ է ամեն ինչով աջակցել այդ ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին և գործարարներին: Անդրդառնալով թեթև արդյունաբերության թեմային՝ վարչապետը հայտնեց, որ այս ոլորտում որոշակի աշխուժություն է նկատվում: 

«Հայաստանում ներդրումային հետաքրքրություն կա նաև տեքստիլ արդյունաբերության ոլորտում՝ նոր արտադրություններ հիմնելու միտումով: Կառավարությունը պետք է աջակցի այդ արտադրություններին արտաքին շուկա դուրս գալու համար»,- ասաց գործադիրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտ է բոլոր քայլերը ձեռնարկել Հայաստանում անասնագլխաքանակի ավելացման համար, քանի որ կա արտահանման անսահմանափակ պոտենցիալ: Փաշինյանն առանձնացրեց նաև սննդի արդյունաբերության ոլորտը՝ ընդգծելով գինեգործության առաջընթացը՝ մինչևնույն ժամանակ նշելով, որ արտադրության ծավալները այդքան էլ մեծ չեն:

Վարչապետը նշեց, որ միայն հայաստանյան շուկայի վրա հույս դնելով հնարավոր չէ աշխատատեղեր ստեղծել և բարձր աշխատավարձեր ապահովել, այդ պատճառով անհրաժեշտ է միշտ հաշվի առնել, որ Հայաստանի տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter