HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել լրագրողների հարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բարձր մակարդակի բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան«Հարգարժան տիկին կանցլեր, տիկին Անգելա Մերկել,
զանգվածային լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ,
տիկնայք և պարոնայք, 

ինչպես գիտեք, սա Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի երբևէ տեղի ունեցած առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն: Այս առումով արդեն այցը կարելի է պատմական որակել, և այս հանգամանքն առավել ընդգծվում է այն ժամանակաշրջանում, որում տեղի է ունենում. ես նկատի ունեմ՝

Հայաստանում տեղի ունեցած և տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները, ժողովրդավարական փոփոխությունները: 

Ուրախ եմ, որ մենք տիկին կանցլերի հետ շատ բովանդակալից քննարկումներ, բանակցություններ ունեցանք, որոնք վերաբերում էին Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հարցերին, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերին: Ուրախ եմ արձանագրել, որ այդ օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մեր տեսակետները համընկնում են, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր երկրների հարաբերությունները հսկայական պոտենցիալ ունեն: 

Դուք գիտեք, որ Գերմանիան Հայաստանի առևտրատնտեսական երրորդ գործընկերն է աշխարհում իր առևտրաշրջանառության ծավալով և առաջինը՝ Եվրոպայում: Մենք հույս ունենք, որ այդ համագործակցության ծավալները ոչ միայն քանակական, այլև որակական առումով էական փոփոխություններ կկրեն: Մենք քննարկեցինք և եկանք համաձայնության հետևյալի շուրջ. մենք այս այցի արդյունքներով կոնկրետ գործողությունների համատեղ օրակարգ կունենանք, որոնք կվերաբերեն ամենատարբեր ոլորտներին և կոնկրետ աշխատանք կիրականացնենք այդ օրակարգի հարցերը քննարկելու և իրականություն դարձնելու համար: 

Շատ ուրախ եմ, որ տիկին կանցլերն արդեն իսկ զգացել է այն դրական մթնոլորտը, որ կա Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և անձամբ տիկին կանցլերի նկատմամբ: Այս մթնոլորտն այցի մնացած ժամանակահատվածում ավելի զգալի կլինի, որովհետև Հայաստանում իսկապես մեծ հարգանք են տածում Գերմանիայի, գերմանացի ժողովրդի և անձամբ Անգելա Մերկելի նկատմամբ»:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել. «Մեծարգո պարոն վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյան,
ես ուրախ եմ առաջին անգամ՝ որպես դաշնային կանցլեր, հյուրընկալվելու ձեր երկրում և շնորհակալ եմ ինձ ցուցաբերված ջերմ, բարեկամական ընդունելության համար: Ես այցելում եմ ձեր երկիր բավական առանձնահատուկ ժամակաշրջանում՝ ոչ միայն այն պատճառով, որ այս տարի դուք տոնում եք Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, այլև ձեր երկրում շատ փոփոխություններ են տեղի ունենում: Հայաստան այցս ես այսօր սկսել եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից. որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ մենք՝ գերմանացիներս, գիտակցում ենք, թե 1915 թվականին ինչպիսի սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ: Այս փաստը չպետք է մոռացվի ու չի մոռացվի, և Գերմանիան իր ներդրումն է ունենալու այս հիշողության պահպանման մեջ: 

Մենք հյուրընկալվել ենք Երևանում՝ քաղաքի 2800-ամյա հոբելյանի շրջանակում, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանը բարձր մշակութային և պատմական ավանդույթներ, բայց նաև բաց է նոր ապագայի առջև: Մենք անցյալ ամիսներին հետևել ենք ձեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, խաղաղ ցույցերին և թավշյա հեղափոխությանը, ինչպես այն ընդունված է ասել: Խոսեցինք նաև այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերություններն առաջիկայում: Ոչ միայն երկկողմ, այլև Եվրամիության շրջանակում մեր հարաբերությունները շատ լավն են, բայց կարող են էլ ավելի լավը լինել, և կարծում եմ, որ մենք այսօր արդյունավետ օրակարգ քննարկեցինք ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Ինձ ուղեկցում է տնտեսական պատվիրակություն, որն առիթ կունենա շփվելու տեղի հայ գործընկերների հետ: Մենք կարող ենք նաև համագործակցել ենթակառուցվածքների, թվայնացման, ռեսուրսների, ծառայությունների մատուցման ոլորտներում: Շատ կարևոր է համագործակցությունը կրթական ոլորտում. Հայաստանում գործում են դպրոցներ, որտեղ խորացված գերմաներենի ուսուցում է իրականացվում, և այս ծրագիրը կարելի է ընդլայնել: Նաև գիտական համագործակցության շատ լավ օրինակներ ունենք, բայց գերմանական գիտական հաստատությունների հետ կարելի է էլ ավելի խորացնել այս հարաբերությունները: 

Մենք քննարկեցինք նաև Գերմանիայում ապաստան հայցողների խնդիրը: Մենք բավական լավ ենք համագործակցում այս ոլորտում, բայց կարելի է ավելին անել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան բժշկական օգնություն ստանալ Գերմանիայում: 

Ուրախ եմ, որ Հայաստանը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ. ուրախալի փաստ է, որ Հայաստանը, մի կողմից, Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ մյուս կողմից էլ ցանկանում է խորացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ, և Գերմանիան կանի ամեն ինչ, որպեսզի համաձայնագրի շրջանակում առկա հնարավորություններն օգտագործվեն, և Հայաստանը խորացնի համագործակցությունը Եվրամիության անդամ բոլոր երկրների հետ: 
Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Գիտեք, Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և մենք խոսել ենք այն մասին, որ լավ կլինի, իհարկե, լուծել հակամարտությունները, բայց այն պետք է լուծվի այնպիսի մթնոլորտում, որտեղ բոլոր կողմերը պատրաստ են դրան, և Գերմանիան պատրաստ է նաև այստեղ քաղաքական պատասխանատվություն ստանձնել: 

Եվս մեկ անգամ շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Մենք այսօր այցելել ենք նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որը կրթության փիլիսոփայության հրաշալի օրինակ է, որ որդեգրել է ՀՀ-ն՝ հնարավորություն տալով երեխաներին դրսևորվել իրենց հմտությունները նորարարական տեխնոլոգիաների ոլորտում: Մենք, իհարկե, քննարկեցինք ներքաղաքական հարցեր, նաև կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող: Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություններ Ձեր դժվարին և պատասխանատու քաղաքական աշխատանքում»:
Այնուհետև ՀՀ վարչապետը և ԳԴՀ կանցլերը պատասխանել են յուրաքանչյուր կողմից երկուական հարցի:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»- Հայաստանի և Եվրամիության միջև Խոր և համապարփակ համաձայնագրի կնքումը նոր հնարավորություններ ընձեռեց, սակայն շարունակվում է դեռ մնալ կասկածի տակ վիզաների ազատականացման հարցը: Դուք արդեն նշեցիք, որ Գերմանիան այս պրոցեսում կաջակցի Հայաստանին: Կցանկանայի հասկանալ՝ ինչպե՞ս:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել - Վրաստանի և Ուկրաինայի հետ կապված, որոնց հետ արդեն ունենք Ասոցացման համաձայնագրեր, արդեն իրականացվել է վիզաների ազատականացում: Դա սերտորեն կապված է միգրացիոն հարցերում համագործակցության հետ: Այդ համագործակցությունը կարևոր է, որպեսզի Հայաստանի համար ևս այս հարցում առաջընթաց ունենանք և որոշակի քայլեր ձեռնարկենք:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք քննարկման ընթացքում արձանագրեցինք, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի մեծ թվով մարդիկ են գալիս Հայաստան, քան հեռանում, ինչը նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները՝ որպես գործընթաց, ըստ էության, ոչ թե պետք է խրախուսեն Հայաստանից արտագաղթը, այլ հայրենադարձությունը: Իհարկե, քաղաքական գործընթացների հաջողությունը կերաշխավորի նաև այս գործընթացը:

«Deutschlandfunk»- Տիկին կանցլեր, Դուք այսօր Ցեղասպանության հուշահամալիրում եք եղել և հիշել եք ցեղասպանության զոհերին: Ի՞նչ զգացողություններ ունեիք՝ ծաղիկները խոնարհելիս: Եվ եթե կարելի է, հարց պարոն Փաշինյանին. ի՞նչն է Ձեզ լավատես այդքան դարձնում, որ Դուք կարող եք արդյունավետ հավասարակշռել Եվրամիության և Ռուսաստանի հետ:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել - Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ես հարգանքի տուրք մատուցեցի Գերմանիայի Բուդենսթագի կողմից 2016 թ. հունիսին ընդունված բանաձևի ոգուն համահունչ: Կարծում եմ, որ կարևոր քայլ կատարվեց հիշողության մշակույթի զարգացման ուղղությամբ: Նաև քաղաքական կարգավորում եղավ, բայց դա ինձ համար իրավական խնդիր չէ: Ես հենց այդ մտայնությամբ եմ հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ձեր հարցի մեջ այսպիսի մի երանգ կար. եթե ճիշտ հասկացա, Դուք խոսում էիք Ռուսաստանի հետ վարվող քաղաքականությունը հավասարակշռելու մասին: Ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականութունը որևէ գործընկերոջ հետ չի վարում որևէ այլ գործընկերոջը հակակշռելու նպատակով: Մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ թավշյա հեղափոխությունից հետո շրջադարձեր տեղի չեն ունենալու, ռևերսներ տեղի չեն ունենալու: Մենք մտադիր ենք և իրականացնում ենք այդ մտադրությունը՝ զարգացնելու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նաև Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակում, մենք զարգացնում ենք հարաբերությունները Եվրամիության երկրների, այդ թվում՝ Գերմանիայի հետ: Եվ մեր քննարկման ընթացքում արձանագրվեց, որ արտաքին քաղաքական այս մոտեցումը լիարժեք կերպով ընկալելի է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից և մենք այստեղ հակասություններ ու հակակշռելու անհրաժեշտություններ չենք տեսնում: Սա է մեր քննարկման ոգին, և կարծում եմ՝ տիկին կանցլերը նույնպես կհաստատի այս դիրքորոշումը:

«Արմենիա» հեռուստաընկերությունՏիկին կանցլեր, որքանով տեղյակ ենք, տեխնիկական մակարդակով շփումներ են եղել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև համագործակցություն ծավալելու շուրջ: Հնարավո՞ր է արդյոք ապագայում ավելի գործնական քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ, և այդ համագործակցության համատեքստում ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի դերակատարությունը:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել- Հայաստանը կարող է օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել Ռուսաստանի հետ և միաժամանակ լավ համագործակցել Եվրամիության հետ: Այստեղ, իհարկե, հնարավորությունները շատ չեն: Եվրասիական տնտեսական միությունը գործնականում ազատ առևտրային գոտի է: Այդտեղ, իհարկե, կան շատ այլ տնտեսական հնարավորություններ, որոնցից կարելի է օգտվել: Ամենամոտ ապագայում, ֆորմալ առումով Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև բանակցություններ դժվար թե տեղի ունենան, բայց կարծում եմ, որ Հայաստանի լավ օրինակը կարող է ցույց տալ, որ երբևէ կարելի է նաև նման բանի դիմել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ուզում եմ ընդգծել հետևյալը. իհարկե, Եվրասիական տնտեսական միության տարածքն առանձնահատուկ տնտեսական նշանակություն ունի Հայաստանի համար, բայց մենք քննարկման ընթացքում արձանագրեցինք, որ Հայաստանն ունի նաև Եվրամիության հետ առևտրի հատուկ ռեժիմ՝ GSP+ կոչվող համակարգը, որը հնարավորություններ է տալիս ընդլայնելու առևտրաշրջանառության ծավալները: Իմ ներածական խոսքում ասացի, որ մենք խնդիր ունենք մեր առևտրատնտեսական հարաբերություններում փոփոխություն մտցնել ոչ միայն ծավալի, այլև որակի իմաստով, և մեր համատեղ օրակարգի կարևոր մաս է հենց այս ուղղությամբ որոշակի առաջընթաց ապահովելը:

«Bild» թերթ Տիկին կանցլեր, Դուք արդեն հիշատակել էիք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մինչև Ձեր այցը Ադրբեջանը մուտքի արտոնագիր չի տվել գերմանակն պատվիրակության անդամներից մեկին, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներից մեկին: Արդյոք դա չի՞ ծանրաբեռնում Ձեր այցը: Եվ պարոն վարչապետ, ինչպե՞ս եք Դուք գնահատում Ադրբեջանի գործելաոճն այս հակամարտությունում:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել Ես արդեն այս առնչությամբ արտահայտվել եմ: Մենք որոշել ենք, որ Ադրբեջանի այցի ընթացքում մեզ կուղեկցի Բունդեսթագի մեկ այլ պատգամավոր: Խոսքը վերաբերում է, իհարկե, Հարավային Կովկասում խորհրդարանական համագործակցության խմբին: Մենք եկել ենք այս որոշմանը, որովհետև մեզ համար կարևոր էր այդ բանակցությունները վարել, և միայն բանակցությունների միջոցով ընդհանրապես կարելի է հակամարտությունները լուծել. եթե մարդիկ չեն խոսում, հակամարտությունները հնարավոր չէ լուծել: Մեզ համար, ինձ համար կարևոր էր, որ այս այցելությունը տարածաշրջան տեղի ունենա: Ժամանակն իհարկե չի սպասում, և մենք պետք է ամեն ջանք ներդնենք, որպեսզի այդ հակամարտությունը հնարավորինս արագ լուծենք:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան Ես ուրախ եմ արձանագրել, որ Գերմանիան լիարժեք կերպով աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին Լեռնային Ղարաբաղի հարցի կագավորման առումով: Գերմանիան և տիկին կանցլերն անձամբ ունեն ըմբռնում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով և դրա համար անհրաժեշտ է տարածաշրջանում կարգավորման մթնոլորտ հաստատելը: Այս մթնոլորտի հաստատման առումով Հայաստանը շատ բարձր է գնահատում Գերմանիայի Դաշնային Հանրապետության ջանքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter