HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմատախիլ անել նաև դրսից

«… վճռական եմ՝ առկա արատավոր երևույթները արմատախիլ անելու հարցում»,- հունիսի 19-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իշխող քրեական ենթամշակույթի մասին և ի կատարում հանձնարարել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Արտյոմ Մխոյանին միջոցներ ձեռնարկել կառավարության որոշմամբ սահմանված քրեակատարողական հիմնարկներում ներքին կանոնակարգի պահանջները խստորեն պահպանելու ուղղությամբ` բացառելով ալկոհոլային խմիչքների և թմրանյութերի օգտագործումը, կալանավորված և ազատազրկված անձանց կողմից մոլեխաղերով, ինչպես նաև նյութական կամ այլ շահ ստանալու նպատակով թույլատրելի խաղերով զբաղվելը և սահմանել շուրջօրյա խիստ վերահսկողություն: 

Միանշանակ, ներքին կանոնակարգի խիստ պահպանումը հրամայական է, առողջ միջավայր ստեղծելը գլխավոր նախապայման և գործիք, սակայն բացի ներքին պատճառներից ու պայմաններից ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթը «սնում են» նաև արտաքին պայմաններն ու պատճառները: Եվ քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու համար կարևոր է չանտեսել արտաքին գործոնների դերակատարությունն ու միջոցներ ձեռնարկել նաև այդ ուղղությամբ:

Նախ պատճառների մասին: Քրեական ենթամշակույթն իր ազդեցությունը տարածելու ու ամրապնդելու նպատակով ձգտում է մեկուսացնել անձին իրեն բնորոշ միջավայրից և որպես կանոն, անձը, գտնվելով մեկուսացման պայմաններում, ստիպված է լինում ադապտացվել նոր միջավայրին, «խաղի կանոններին», որը չունի այլընտրանք և ազատվելուց հետո անձին դժվար է վերաինտեգրվել հասարակությանը և վերականգնել բոլոր կորսված կապերը: Փաստացի պետական քաղաքականությունն ու օրենսդրությունն ուղղակիորեն աջակցում են քրեական ենթամշակույթի կրողներին` սահմանափակելով դատապարտյալների և կալանավորված անձանց կապն արտաքին աշխարհի հետ:

Պետք է փաստենք, որ իրական կյանքում անարդարության դրսևորումներն էլ ավելի են ուժեղացնում «գողական աշխարհի» ազդեցությունը, քանի որ այդ աշխարհը ներկայացվում է որպես հարգանքի, արդարության վրա հիմնված՝ ի հակադրություն իրականությանը: Ավելին, երկրում կոռուպցիայի բարձր մակարդակը, պետական մարմինների աշխատանքի արդյունավետության ցածր մակարդակը, քաղաքացիների կողմից իրավապահ մարմինների և արդարադատության համակարգի հանդեպ վստահության բացակայության հիմնական պատճառներն են: Ըստ այդմ, պետական այրերի կողմից հանցագործությունները և անպատժելիության մթնոլորտը հաստատում են քրեական ենթամշակույթի կրողների գաղափարախոսության իրավացիությունը և ավելի ու ավելի շատ մարդիկ են դիմում այդ գաղափարախոսությանը` իրենք իրենց արդարացնելու համար:

Ըստ այդնմ, անհրաժեշտ է համալիր միջոցառումներ իրականացնել մի քանի ուղղությամբ՝ հասարակության շրջանում արդարադատության համակարգի նկատմամբ վստահության ձևավորմանը և ամրապնդմանը, որպեսզի խնդիրների դեպքում անձը, արդարություն փնտրելիս, հակված չլինի դիմելու «քրեական աշխարհին»:

Առաջին ուղղությունն երկրում սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացումն է, որոնք ուղղված կլինեն բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, սոցիալական երաշխիքների ավելացումը` երկրում գործազրկության մակարդակի նվազեցմանը, անապահովների և անօթևանների թվի կրճատման նպատակով: Կարևոր է բոլոր նախարարությունների և իրավապահ մարմինների համագործակցությունը այս հարցում:

Միջոցառումների երկրորդ ուղղությունը պետք է լինի երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և մյուս ոլորտները քրեական տարրերից ազատելը: Մինչդեռ մեր իրականությունում ճիշտ հակառակն է: Բազում փաստագրական վկայություններ կան պատգամավորների, գործադիր մարմնի ներկայացուցիների, հոգևոր առաջնորդների կապերի մասին “օրենքով գողերի” հետ:

Երրորդ ուղղությունը հասարակության մոտ նոր մոտեցումների դաստիարակությունն է: Այս ոլորտում գլխավոր դերակատարությունը պետք է ստանձնեն մշակույթի, գիտության, սպորտի ոլորտների պատասխանատուները, ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը: Մի կողմից՝ անհրաժեշտ է մարդկանց մոտ առողջ արժեհամակարգի ձևավորումը, մյուս կողմից` անհրաժեշտ է նաև աշխատանքներ իրականացնել` փոխելու հասարակության շրջանում դատապարտյալների նկատմամբ կարծրատիպային և նախապաշարմունքային վերաբերմունքը: Շատերն այն համոզման են, որ հանցագործը պետք է տառապի, նրան զրկելն իրավունքներից ճիշտ է, նախկին դատապարտյալներին աշխատանքի չընդունելը՝ արդարացի:

Որպես հասարակության վերաբերմունքի փոփոխության գործիք կարող է կիրառվել հաշտարարության ինստիտուտը, որը միաժամանակ երկու խնդիր է լուծում: Առաջինը` հանցագործություն կատարած անձը հնարավորություն է ստանում զղջալու իր արարքի համար, ներողություն խնդրելու, հատուցելու իր մեղքը և ստանալու տուժողի ներողամտությունը, երկրորդը` տուժողը դառնում է գլխավոր դերակատարը, որոշում կայացնողը,  և եթե հաջողվի համաձայնության գալ հանցագործություն կատարած անձի հետ, ապա կփոխվի նաև զոհի և որպես հետևանք նրա հարազատների, ընկերների, հարևանների վերաբերմունքը դատապարտյալի նկատմամբ:

Չորրորդ ուղղությունը քրեական ենթամշակույթի գաղափարախոսության տարածման դեմ պայքարն է, որի առաջնային թիրախը պետք է լինի զանգվածային լրատվամիջոցների կողմից քրեական ենթամշակույթի փառաբանումը, գովազդումը: Ժամանակակից մշակույթն ի դեմս հեռուստասերիալների, երաժշտության, հեռուստատեսությամբ կիրառվող բառափաշարի, միտված է գողական աշխարհի արժեքների, օրենքների լուսաբանմանը, այդ թվում վստահեցնելով, որ այդ աշխարհում այնուամենայնիվ կա արդարություն, արժեքներ, գործում են օրենքներ, պատժում են մեղավորներին և այդ պրոպագանդան ուղեկցվում է գողականների «շքեղ» կյանքի ներկայացմամբ:

Հասարակության մեծամասնությունը, հատկապես երիտասարդությունը տրվում են այդ «հերոսների» հմայքին և ձգտում է կրկնօրինակել նրանց, ինչի հետևանքով տեղի է ունենում անձի արժեքային համակարգի խեղում և նրա համար հանցագործություն կատարելը հոգեպես անհաղթահարելի չի թվում:

Հայտնի է, որ «ավելի հեշտ է կանխել, քան բուժել»: Կարծում ենք, քրեական ենթամշակույթի դեմ հաջող պայքարի հիմքում նույնպես պետք է այս մոտեցումը դրվի: Այս համատեքստում հիմնական կանխարգելիչ միջոցառումները կարող են լինել

- հակաքրեական գաղափարախոսության տարածումը, օրենքի գերակայության, օրինապահ կյանքի առավելությունների ներկայացումը և այդ գաղափարախոսության պրակտիկ կիրառումը

- հասարակության իրավական գիտակցության և իրազեկվածության մակարդակի բարձրացումը

- կազմակերպված հանցավորության արմատախիլ անելը

- քրեակատարողական համակարգի բարեփոխումը, որը պետք է ոչ միայն արժանապատիվ պահման պայմաններ ու վերաբերմունք երաշխավորի ազատությունցի զրկված անձանց, այլ առաջնային պետք է խթանի իրավախախտների ուղղումը:

Եվ այսպես, քրեական ենթամշակույթի արտաքին գործոնների անբարենպաստ ազդեցությունը վերացնելու հարցում ԱՆ-ն միայնակ անզոր է: Հաջողության և արդյունավետության համար անհրաժեշտ է համալիր գործողությունների իրականացում, համագործակցության հաստատում պետական բոլոր մամինների և ՀԿ-ների ներգրավմամբ: Վերջիններս կարող են կարևոր դերակատարություն ունենալ ինչպես օրենսդրական բարեփոխումների, այնպես էլ պրակտիկ ոլորտում, օրինակ` ստանձնելով հաշտարարի դերակատարությունը:

 Սույն հրապարակումը պատրաստվել է «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության՝ «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի նվազեցումը Հայաստանում և Վրաստանում կանխարգելիչ մշտադիտարկման մեխանիզմների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է բացառապես հեղինակը, և այն որևէ ձևով չի արտահայտում ֆինանսավորող կողմի կամ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տեսակետները։

Աղբյուրը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter