HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սեյրան Մարտիրոսյան. «Համայնքի զարգացման համար պետք է «գոմաղբից» այն կողմ տեսնել»

«Եթե տվյալ գյուղն աշխարհում առաջին տեղն է գրավում գոմաղբի արտադրությամբ, ես այդտեղից եզրակացություն եմ անում, որ այդ գյուղում գործերը շատ վատ են»: Վաղամեռիկ փիլիսոփա Սուրեն Ավետիսյանից մեջբերելով այս տողերը՝ փորձագետ Սեյրան Մարտիրոսյանը նկատում է, որ ավելի դիպուկ երեւի հնարավոր չլիներ ասել, հատկապես ներկայիս որոշ գյուղական համայնքներ այցելելուց եւ տեղում խնդիրներին ծանոթանալուց հետո:

«Եթե դու ձգտում ես բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով առաջինը լինել գոմաղբի արտադրության մեջ, ապա զարգացման քո տեսլականն էլ գոմի պատերից՝ էլի ուղիղ ու հարաբերական իմաստով, այն կողմ չի անցնելու: Որոշ խոշորացված համայնքներում հենց այդ պատկերն ենք մենք արձանագրել: Վերջերս Շիրակի մարզի Արփի խոշորացված համայնքում էինք եւ ասեմ, որ եթե նայում ես անցած երկու տարվա ընթացքում ինչ է փոխվել կամ դեպի ուր պետք է զարգանա համայնքն, ըստ իրենց 5-ամյա ծրագրի, ապա ինչ-որ շատ տխուր պատկերի ես հանդիպում»,- նկատում է Սեյրան Մարտիրոսյանը:

2016թ-ի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Արփի խոշորացված համայնքի կազմում ընդգրկվել էր 8 գյուղ (Ալվար, Աղվորիկ, Զառիշատ, Գառնառիճ, Զորակերտ, Արդենիս, Շաղիկ, Ծաղկուտ) եւ 5 բնակավայր (Արավետ, Եղնաջուր, Դարիկ, Լորասար, Երիզակ): Բնակավայրերից երեքում՝ Արավետ, Լորասար եւ Երիզակ, չկա բնակելի հատված՝ տարածքը վերածված է խոտհարքի եւ արոտավայրի, Դարիկում բնակվում է մեկ ընտանիք, իսկ Եղնաջուրում՝ 8: Խորհրդային տարիներին նշված 13 գյուղերն եղել են բնակելի՝ այստեղ ապրել են ադրբեջանցիներ:

Շիրակի մարզում խոշորացված համայնքներից ամենասակավամարդ համայնքը Արփին է՝ 2103 բնակիչ: Համայնքի կենտրոնը Բերդաշենն է (367 բնակիչ): Սակավամարդ համայնքում, ի տարբերություն այլ համայնքների, մշակվող հողատարածքներն ավելի շատ են՝ վարելահող 5939 հա, արոտ 11.524 հա, խոտհարք 2748: Համայնքի անասնագլխաքանակն եւս փոքրերից չէ՝ խոշոր եղջերավոր՝ 6520 գլուխ, մանր եղջերավոր՝ 5046 գլուխ: Ինչպիսի՞ ծրագրեր են կարողացել իրականացնել խոշորացված համայնքում եւ ո՞ր ծրագրերն են ձախողել անցած 1 տարի 8 ամիսների ընթացքում: «Հետք»-ին տված հարցազրույցում, ինչպես նաեւ հետագայում փորձագետների հետ հանդիպման ժամանակ, արփեցիները շեշտել էին ճանապարհների հարթեցումն ու փոսալցումը, գյուղտեխնիկայի ձեռք բերումը:

«Օգոստոսի 8-ին հանդիպում էր կազմակերպվել արփեցիների հետ: Ներկա էր համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանը, գյուղապետարանի ողջ անձնակազմը, նաեւ վարչական ղեկավարներ, մի քանի քաղաքացի եւ ավագանու անդամներից ընդամենը երկուսը, թեպետ մեր նպատակն հիմնականում հենց ավագանիների հետ հանդիպում-քննարկումներն են: - ասում է Սեյրան Մարտիրոսյանը-Ինչպես նախորդ դեպքերում, ներկաներն էլ հիմնականում գոհ էին խոշորացումից ու որպես արդյունավետության ցուցիչ մատնացույց էին անում միջհամայնքային ճանապարհները, որոնք անցանելի են, հարթեցված են եւ շեշտում են, որ երբ ինքնուրույն միավոր էին, ապա դա անելու հնարավորություն չունեին ու չէին էլ ունենա, եթե պետությունը նախաձեռնություն չցուցաբերեր»: Փորձագետի կարծիքով՝ եթե որոշ համայնքների դեպքում խոշորացումը վիճարկելի էր ու կարելի էր  «ձեռք չտալ» նրանց ինքնուրույնությանը, ապա Արփիի դեպքում արդարացված է՝ հսկայական տարածքի վրա ցրված փոքր, խեղճ գյուղեր, որոնց ընդհանուր բնակիչների թիվը չի հասնում 3000-ի:

Չգործող խանութ Բերդաշենում

Սակայն ասել, թե այդ միավորումից շատ բան է փոխվել խոշորացված համայնքի բնակիչների կյանքում, սխալ կլինի, թեկուզ միայն այն բանի համար, որ ղեկավարումը ստանձնել են նույն այն մարդիկ, որոնք նախկինում ղեկավարել են տարածաշրջանի գյուղերը: «Այսինքն չկա մտածողության փոփոխություն,- պարզաբանում է զրուցակիցս,- վարչական ղեկավարներ նշանակվել են կամ նախկին համայնքապետերը, կամ համայնքի ղեկավարին հաճո մարդիկ: Պատասխանատվությունը քչացել է՝ փողը շատացել, մտածողությունը նույնն է՝ գործելակերպը կրավորական՝ ինչ որ վերեւից թելադրեցին: Դրա համար շատ կարեւորում ենք քաղհասարակության ակտիվացումը, որ հասարակ բնակիչները գիտակցեն սեփական համայնքի ղեկավարմանն իրենց մասնակցության անհրաժեշտությունը»:

Արփի համայնքի ավագանու 7 անդամից ընդդիմադիր համարվում է միակ կին անդամը՝ Նաիրա Աբրահամյանը: Սեյրան Մարտիրոսյանն այս հանգամանքը դրական է գնահատում: Գուցե շատ բան այս պահին չի կարող փոխել այդ մեկ ձայնը, սակայն նրա մասնակցությունը օրակարգ ձեւավորելիս, առաջարկվող հարցերի շուրջ բանավեճ ծավալելու կարողությունը որոշակի զգոնություն կարող է ապոհվել համայնքային իշխանության համար: Փորձագետը, որպես օրինակ բերում է 2012-2016թթ. Գյումրու ավագանու կազմում Լեւոն Բարսեղյանի գործունեությունը: Վերջինիս շնորհիվ հասարակությունը հնարավորություն էր ունենում ծանոթանալու բազմաթիվ վիճահարույց որոշումների հետ:

«Մեր հետ կայացած հանդիպմանը ներկա էր նաեւ նախկին կին ավագանի Եվգենյա Քարամյանը, ով շատ ակտիվ մասնակցում էր քննարկման ողջ ընթացքում, հարցեր էր տալիս եւ հասկացվում էր, որ համայնքում «ընդդիմադիր» կոչվող հատվածի ներկայացուցիչն է: Եվս մեկ կնոջ ներկայություն պետք է գնահատեմ դրական, դա աշխատակազմի քարտուղար Աղունիկ Հազրյանն է, որ նախկինում ղեկավարել է Ամասիայի շրջանի Արեգնադեմ համայնքը, գիտի ինչ բան է քաղաքացիական հասարակությունը եւ ձգտում է ակտիվորեն համագործակցել: Սրանք փոքր սերմեր են, բայց ինչ-որ տեղ հույս են ներշնչում, որ կարող են պտուղ տալ այդ համայնքում: Իհարկե ուրախալի կլինի, երբ որակական փոփոխություն հետագայում կարողանանք գրանցել երիտասարդների շրջանում»,- նկատում է Սեյրան Մարտիրոսյանը: Որպես դրական քայլ՝ զրուցակիցս նշում է արտագնա նիստերի անցկացումը նաեւ մյուս փոքր բնակավայրերում, որն այլ խոշորացված համայնքներում չէր հանդիպել:

Փորձագետը Արփի համայնքի 5-ամյա զարգացման ծրագիրը բնորոշում է թույլ, շարքային եւ ոչինչ չասող փաստաթուղթ: Զարգացման ծրագրում բացակայում է մի շատ կարեւոր կետ՝ կապված «Արփի լիճ» ազգային պարկի հետ, դա էլ այն դեպքում, որ խոշորացման ժամանակ 8 գյուղի միավորումը պայմանավորում էին հենց պարկի տարածքում գտնվելու եւ վերջինիս զբոսաշրջային հնարավորություններից օգտվելու հանգամանքով: «Եթե այդ մասին մտածող լինեին, ապա կսկսեին Արդենիս լճից, որ ռեկրեացիոն գոտի է ու կարող էին զարգացնել, ոչ թե թույլ տային որ վերածվեր կոյուղաջրերի թափման վայրի: Սա նշանակում է, որ սկզբում Արդենիս համայնքում, հետո արդեն Արփի խոշորացված համայնքում իրավիճակի թելադրողն եղել են խոզերը՝ ամենակարող, հարցեր լուծող, ընդհուպ մինչեւ ընտրություններում ունեցած դերակատարումով: Երբ վերլուծում ես, թե ինչպես է պատահում, որ ասենք խոշորացված համայնքի ղեկավար է դառնում ոչ թե ամենամեծ բնակավայրի՝ Բերդաշենի համայնքապետը, այլ համեմատաբար փոքրինը՝ Արդենիսինը, վերեւում ասածս կարծում եմ լիովին տեղավորվում է այդ համատեքստում»:

Բերդաշենի այրված դպրոցը

Սեյրան Մարտիրոսյանն ասում է, որ համայնքը ճանաչելի դարձնելու համար պետք է մտածել փառատոնների անցկացման մասին՝ օգտագործելով տարածաշրջանի հնարավորություններն ու բնական հարստությունը: «Այսինքն նստել-մտածել, թե պիտի դրսից գան իրենց համար ինչ-որ բան անեն, որ իրենք լավ ապրեն, դա այլեւս չաշխատող տարբերակ է: Ես որ մտա համայնքապետարան, աստիճաններին նստած մարդկանց տեսա: Դա նրանց մեծագույն սիրո ու հարգանքի նշանը չէր առ այդ կառույց, պարզապես ուրիշ տեղ չկար հավաքվելու: Մենք գտնվում էինք խոշորացված համայնքի կենտրոնում, որը չունի մշակույթի տուն, համայնքային կենտրոն, որեւէ խանութ, մանկապարտեզ, անգամ դպրոց: Եթե համայնքների միավորումը պետք է արտահայտվեր լոկ բյուջեների գումարումով եւ ինչ-որ մի քանի աշխատատեղերի կրճատումով, ընդամենը թեթեւացներ կառավարության հոգսը՝ հարաբերվել ոչ թե 916,  այլ ասենք մի 400-ով պակաս մարդկանց հետ, ապա այստեղ միանշանակ անհնար է խոսել խոշորացման մասին որպես դրական երեւույթի: Ամենակարեւորը, որ տեղի չի ունեցել՝ մտածողության փոփոխությունն է: Իսկ համայնքի զարգացման համար պետք է, որ ղեկավարները «գոմաղբից» այն կողմ տեսնեն»:

Հ.Գ. - Բերդաշենի 2012թ-ին այրված դպրոցի հետ կապված «Հետք»-ին Արփիի համայնքապետարանից փոխանցեցին, որ դեռեւս 2017թ-ին ունեն պատասխան, որ նախատեսված են վերանորոգման աշխատանքներ՝ ընդգրկված ՀՀ կառավարության կողմից հաստատված 2018-20թթ.-ի միջնաժամկետ ծախսային ծրագրում՝ 555 մլն դրամ նախահաշվային արժեքով: Աշխատանքները մեկնարկելու են 2019թ-ին: Դիմումատուները Բերդաշեն համայնքի բնակիչներն էին, որոնք մշտապես բողոքում էին աշակերտներին ավտոբուսով հարեւան Զորակերտ գյուղի դպրոց տեղափոխելու դեմ:

Մեկնաբանություններ (2)

Հովհաննես Հովհաննիսյան
Եթե մեր համայնքում ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն է, դրանում ոչ մի վատ բան չկա,առավել ևս որ դրան նպաստում է նաև բնակլիմայական պայմանները, արոտավայրերի,վարելահողերի և խոտհարքների առկայությունը: Ըստ այդմ էլ համայնքում գոյանում է մեծ քանակությամբ գոմաղբ, որը ի դեպ և վառելիք է համայնքի բնակիչների համար (հիշեցնեմ որ համայնքը գազաֆիկացված չէ, և չկա ջեռուցման այլ աղբյուր), և շատ էֆեկտիվ օրգանական պարարտանյութ:Մեկնաբանությունը...
Սամվել Թանգամյան
Հարգելի պարոն Մարտիրոսյան ՝ Ձեր կարծիքով գյուղի զարգացումը առանց անասնապահության ոնց եք պատկերացնում Համայնքը չի կարող զարգանալ առանց անասնապահության ,իսկ անասնապահությունը առանց գոմաղբի չի լինի: Համայնքի երկարատև ձմռան բնակչության միակ ջեռուցման միջոցը գոմաղբն է Մեր համայնքի չկան գործարաններ և ֆաբրիկաներ և բնակչության ապրուստի միակ միջոցը անասնապահությունն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter