HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ամենալավ բարեկամը

Հայաստանում BAFA ( Bay Area Friends of Armenia) անունն այսօր շատ քչերին է հայտնի: BAFA նշանակում է «Սան-Ֆրանցիսկոյի ծովածոցի Հայաստանի բարեկամներ» (Տ ե՛ս նաեւ www.bafa.org ): Կազմակերպությունը ճանաչված չէ այն պարզ պատճառով, որ, ի տարբերություն մյուսների, թեեւ հսկայական աշխատանք է կատարում, սակայն երբեք այդ մասին չի բարձրաձայնում: BAFA-ի շնորհիվ 15 տարի շարունակ Հայաստանում իրենց գոյությունը կարողանում են պաշտպանել մոտ 900 ընտանիք, որոնց համար 1993-ից մինչ 2004-ը ծախսվել է 728.100 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Սա Հայաստանում գործող 4 բարեգործական ճաշարաններին տրամադրվող գումարն է միայն, որը BAFA-ի բարեգործության ընդամենը մի մասն է կազմում: Հայաստանում BAFA-ի ամենամեծ ներդրումը բժշկության ոլորտում է: BAFA-ն Հայաստանում համարվում է արթրոսկոպիկ վիրահատությունների հիմնադիրը: Կազմակերպությունը ստեղծվել է 1990թ.-ին Սան-Ֆրանցիսկոյում' ամերիկահայ հայտնի օրթոպեդ Ֆրանսուա Անթունյանի նախաձեռնությամբ:

«Այսօր դժվար կլիներ պատկերացնել Հայաստանի օրթոպեդիայի ներկայիս մակարդակը, եթե չլիներ BAFA-ն: 1988թ. երկրաշարժից հետո մինչ օրս կազմակերպությունն աջակցում է Հայաստանին' կազմակերպում եւ իրականացնում է բժիշկների վերապատրաստման ծրագրեր եւ Հայաստանի բուժկենտրոններին մատակարարում նորագույն սարքավորումներ»,-նշեց Սուրբ Ներսես բժշկական կենտրոնի Օրթոպեդիայի եւ սպորտային տրավմայի բաժնի վարիչ Հայկ Ավագյանը: Վերջին 15 տարիներին BAFA-ի ցուցաբերած աջակցության շնորհիվ Հայաստանում օրթոպեդիան մեծ առաջընթաց է ապրել:

1990թ.-ից BAFA-ն տարեկան երկու անգամ արտերկրից բժիշկների այց է կազմակերպում Հայաստան, որոնք բազմաթիվ վիրահատություններ են իրականացնում: 1988թ. երկրաշարժից հետո 20 օրթոպեդիկ պաթոլոգիաներով երեխաներ բուժման մեկնեցին ԱՄՆ-ի լավագույն կլինիկաներ: 1993-1998թթ.-ին ԱՄՆ-ում վերապատրաստվել են 4 հայաստանցի բժիշկներ' 2 օրթոպեդ եւ 2 ընդհանուր վիրաբույժներ:

BAFA-ի աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ Երեւանի հիվանդանոցներում բացվել են երկու օրթոպեդիկ բաժանմունքներ' Էրեբունու եւ Սուրբ Ներսես բժշկական կենտրոններում: Նորագույն տեխնոլոգիաների եւ մոտեցումների շնորհիվ այս երկու կենտրոններում կատարվել են տարբեր ծանրությունների մոտ 7 հազար վիրահատություններ, մոտ 600 ծնկան եւ կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորումներ, 3 հազարից ավելի ծնկան, սրունք-թաթային հոդի եւ 3-4 հազար կոտրվածքների վիրահատություններ ու հետտրավմատիկ կամ ձեռքբերովի արատների բուժում:

BAFA-ի բարեգործության մաս է կազմում նաեւ վատ տեսողությամբ տարեցներին եւ երեխաներին ցուցաբերած աջակցությունը: Այս ծրագիրն իրականացվում է հիմնականում BAFA-ի ֆինանսավորած բարեգործական ճաշարանների այցելուների եւ դպրոցականների շրջանում:

Աչքերի զննումից հետո ակնոցի կարիք ունեցողներին անվճար ակնոց է տրամադրվում: Երեւանի հիվանդանոցներից մեկում արդեն ստուգվել են մոտ 170 ընտանիքի անդամներ, որոնցից 100-ը ակնոց է ստացել: Հաջորդ զննումը նախատեսվել է անցկացնել Երեւանի Էրեբունի համայնքի բարեգործական ճաշարանի այցելուների, ինչպես նաեւ ճաշարանի աշխատակիցների շրջանում:

BAFA-ի գործադիր տնօրեն Ջոն Հալեբյանը ցավով նշեց, որ Հայաստանում մարդիկ բարդույթավորված են եւ հրաժարվում են ակնոց կրել: Այս երեւույթը հիմնականում տարածված է գյուղերի մեծահասակների շրջանում, նրանք հատկապես իրենց աղջիկներին են արգելում ակնոց կրել: Առողջապահության ոլորտին զուգահեռ, ուսումնասիրելով Հայաստանի քաղաքներն ու դրանց բնակիչների սոցիալական վիճակը՝ 1990թ.-ին BAFA-ն որոշեց հիմնադրել 4 բարեգործական ճաշարաններ, որոնցից ամենամեծը Նոր Հաճնում է:

«Մեր ընտանիքը բաղկացած է 5 անձից: Ունենք 3 երեխա: Ամուսինս Արցախյան պատերազմի մասնակից է, հաշմանդամ: Այսօր ի վիճակի չէ աշխատել: Ես նույնպես վատառողջ եմ եւ չեմ աշխատում: Ընտանիքիս վիճակը հատկապես ծանր է ձմռանը: Տան խոնավությունից եւ թերսնումից մեծ աղջիկս ողնաշարի հիվանդություն է ձեռք բերել, փոքր աղջկաս ձեռքերը ցրտից ուռչում են եւ չի կարողանում նույնիսկ գրիչ բռնել: Իմ երեխաները մեծացել են ճաշարանի կերակուրով: 14 տարի շարունակ մեր ընտանիքն ապրում է ճաշարանի շնորհիվ»,- ասում է Նոր Հաճնի բնակիչ Կարինե Մարգարյանը: Ճաշարանի տրամադրած կերակուրով ընտանիքը սնվում է ամբողջ օրվա ընթացքում: Այս ընտանիքը Նոր Հաճնում միակը չէ, որն իր օրվա հացը ստանում է ճաշարանից:

Այցելուներից ոմանք անհարմար են զգում ճաշարանից օգտվելու համար, սակայն այլ ելք չունեն. «Մոտ 2 տարի է այցելում ենք ճաշարան, կարիքն է ստիպում: Ամաչում ենք: Աշխատանք չկա: Ստիպված ենք գալիս: Տղաներս մեծ են, ամաչում են գալ, իսկ աղջիկս դեռ փոքր է եւ շատ բան չի հասկանում: Օրվա մեջ մի անգամ ենք ճաշարան գալիս, տղաներիս բաժին կերակուրը տուն եմ տանում, սնունդն իսկապես որակով է եւ մեզ բավարարում է ամբողջ օրվա ընթացքում: Շաբաթ- կիրակի օրերին հավաքարարություն եմ անում Նոր Հաճնի վարսավիրանոցներից մեկում, գորգ եմ լվանում, որովհետեւ այդ օրերին ճաշարանը չի գործում, եւ մի կերպ պետք է օրվա հացը հայթայթենք»,-նշեց երեք երեխաների մայր Լենա Պողոսյանը:

Ճաշարանի այցելուների մեծ մասը թոշակառուներ ու միայնակ տարեցներ են: 75-ամյա Էլյա Միքայելյանը ճաշարանից օգտվում է շուրջ 10 տարի. «Շատ գոհ եմ: Թոշակը ուշացնում են, եւ եթե ճաշարանը չլինի, չգիտեմ ինչ կանեմ, ես որեւէ հարազատ չունեմ»:

Ոմանք էլ, ինչպես Արտավազդ Հարությունյանը, ճաշարան սկսել են այցելել վերջին տարիներին՝ ընտանիքի սոցիալական վիճակի կտրուկ վատթարացումից հետո. «Մոտ 2 տարի է օգտվում եմ ճաշարանից: Նոր Հաճնում աշխատանք չլինելու պատճառով տղաս մեկնել է Կրասնոդար' երեխաների ապրուստը հոգալու համար: Ընտանիքիս վիճակը շատ ծանր է: Թոշակս հավաքում եմ, հազիվ գազի վարձ եմ տալիս: Եթե ճաշարանը չլինի, մենք քաղցից կմահանանք»:

Այսօր Նոր Հաճնում բարեգործական ճաշարանից դեռեւս չեն կարողանում օգտվել բոլոր նրանք, ում համար օրվա հաց վաստակելը մեծ եւ անլուծելի խնդիր է: Ճաշարանի տնօրեն Բաբկեն Հակոբյանը նույն քաղաքի բնակիչ է եւ անձամբ ճանաչում է ճաշարանից բոլոր օգտվողներին: Նրա կարծիքով՝ այցելուների թիվը կարելի է հասցնել 350-360-ի. «Դրանք այն մարդիկ են, ովքեր իսկապես այս ճաշարանի կարիքն ունեն: Ճաշարանը շաբաթվա ընթացքում աշխատում է 5 օր: Նոր Հաճնում օրական ճաշարան են այցելում 280-300 մարդ»:

Ճաշարանի յուրաքանչյուր այցելուի օրական ծախսը մեկ ամսվա կտրվածքով կազմում է 25-ից 30 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Նոր Հաճնի ճաշարանն ունի 6 աշխատակից: Այս առումով լուծված է նաեւ նրանց աշխատանքի հարցը: Խորհրդային տարիներին Նոր Հաճնը ուներ 11 հազար բնակիչ եւ համարվում էր Հայաստանի ամենաթանկ քաղաքներից մեկը: Այսօր քաղաքի բնակչությունը նվազել է 2-3 անգամ: Եղած գործարաններն աշխատում են իրենց հզորության ընդամենը 10-ից 20 տոկոսով:

BAFA-ի բարեգործական ճաշարանները գործում են նաեւ Երեւանում եւ Աշտարակում: «ՀՕՖ»-ի բարեգործական ճաշարանների ծրագրի ղեկավար Ռաֆիկ Մարտիրոսյանը նշեց, որ BAFA-ն բարեգործական ճաշարանների ծրագիրը սկզբնական շրջանում նախատեսել էր 2 տարվա համար. «Ծրագիրը շարունակվեց, քանի որ տարեցտարի ավելանում է միայնակ ծերերի եւ անապահով ընտանիքների թիվը: Նրանց մեծ մասն արդեն վաճառել են իրենց բնակարանները եւ հայտնվել են փողոցում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ նոր Հաճնում դեռ կա 150-ից 200 մարդ, որոնք խիստ անապահով են եւ անվճար սնունդ ստանալու կարիք ունեն»:

Բացի սննդից, անապահով ընտանիքների երեխաները նաեւ կրթության կարիք ունեն, ինչը հատկապես դժվար է ապահովել աղետի գոտում: BAFA-ի բարեգործության հաջորդ ոլորտը կրթությունն է:

Երկրաշարժից հետո Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի երեխաները երկու հերթափոխով տեղավորվել էին փայտե տնակներում: Ձմռանը դասերն անց էին կացվում վառարանի շուրջ, որի անսարքության պատճառով, ինչպես երեխաներն են հիշում, հաճախ դասերն ընդհատվում էին:

«Ցուրտ էր, վառարանով էինք դասարանը տաքացնում, որը հաճախ բռնկվում էր, պատուհանները կոտրված էին: Ցուրտ օրերին հաճախ դասեր չէինք անցկացնում, բուքը լցվում էր դասարան: Այնուհետեւ տեղափոխվեցինք նոր եւ հարմարավետ դպրոց, որը վերանորոգել է æոն Հալեբյանը»,-պատմում է 6-րդ դասարանի աշակերտուհի Արմինե Կարապետյանը:

3-րդ դասարանի աշակերտներից մեկը' Ժորա Համբարյանը, հպարտ է հատկապես դպրոցի դահլիճով. «Հին դպրոցում սպորտդահլիճ, ոչինչ չկար, իսկ նորում համ սպորտդահլիճ կա, համ Վերջին զանգի դահլիճ, որտեղ քեֆ ենք անում: Նենց լավ է: Նոր դպրոցում հեռուստացույց, ամեն ինչ կա»:

BAFA-ի շնորհիվ Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի Ռաֆիկ Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցն այսօր մարզում լավագույնն է: Դպրոցի նախկին տնօրեն Ռաֆիկ Հարությունյանը, որի անունով անվանակոչվել է դպրոցը, այսօր հիշում է. «Երկրաշարժը մեծ արհավիրք էր: Մենք անմիջապես դասերը շարունակեցինք վրանային պայմաններում, եւ երեխաները կարողացան ավարտել 88-89թթ.-ի ծրագրերը: Այդ տարիներին մեծ եղավ BAFA-ի օգնությունը:

Նրանք իրենց վրա վերցրին դպրոցի վերանորոգման ծախսերի 10 տոկոսը, որը համայնքը ոչ մի կերպ չէր կարողանում հայթայթել: Մենք բազմաթիվ կազմակերպությունների էինք դիմել, խնդրել, սակայն որեւէ մեկից այդպես էլ օգնություն չստացանք:

BAFA-ի շնորհիվ 2000թ.-ից մենք ունենք վերանորոգված դպրոց: BAFA-ն մեզ ապահովել է նաեւ գույքով: Շնորհակալ ենք նաեւ դպրոցն ինտերնետային կապով ապահովելու համար»:

BAFA-ի բարեգործությունը խիստ անհրաժեշտ եւ անգնահատելի է համարում նաեւ Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը եւ վստահեցնում, որ եթե չլիներ այդ կազմակերպությունը, ապա մինչ օրս երեխաները կշարունակեին դպրոց գնալ փայտե տնակներում. «Գյուղի համար շատ կարեւոր է նման դպրոց ունենալը: Գյուղացիների մեծ մասն այսօր անապահով են: Գյուղի տղամարդկանց 70 տոկոսն աշխատանք չունենալու պատճառով մեկնել է արտագնա աշխատանքի: Անապահով ընտանիքների երեխաներին դպրոցն անվճար ապահովում է գրենական պիտույքներով: BAFA-ի աջակցությունն իսկապես փոխել է գյուղի երեխաների կյանքը»:

Իր բարեգործական առաքելության ընթացքում BAFA-ն դարձել է Հայաստանի բազմաթիվ դպրոցների ամենալավ բարեկամը: Յուրաքանչյուր բարեկամության սկիզբ մի հետաքրքիր պատմություն է:

«1999թ.-ի փետրվարին, երբ ստանձնեցի դպրոցի տնօրինությունը, տեսա, որ դպրոցն անմխիթար վիճակում է եւ վերակառուցման կարիք ունի: Իմ հարազատներն ապրում են Սան-Ֆրանցիսկոյում եւ ինձ ասացին, որ կա մի կազմակերպություն, որը պատրաստ է օգնել մեզ: Նկարներ ուղարկեցի եւ դրական պատասխան ստացա: Անցած 6 տարիների ընթացքում, երբ նեղն եմ եղել, միշտ դիմել եմ նրանց, եւ BAFA-ն երբեք չի մերժել»,-ասում է Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը:

BAFA-ի աջակցությամբ դպրոցում կյանքի է կոչվել «Հույսի կամուրջ» ծրագիրը: Այսօր 27 հաշմանդամ երեխաներ կարողանում են դպրոց այցելել եւ կրթություն ստանալ իրենց հասակակիցների հետ միասին: Ծրագրի նպատակը հաշմանդամ եւ առողջ երեխաների միջեւ խտրականության վերացումն է:

BAFA-ի տրամադրած գումարներով դպրոցը կարողացել է գնել ավտոբուս եւ վարձել վարորդ, որը հաշմանդամ երեխաներին ամեն առավոտ բերում է դպրոց, իսկ դասերից հետո տանում տուն: BAFA-ի միջոցներով հաշմանդամ երեխաների համար նախատեսվել են նաեւ հատուկ դասարաններ' նրանց հետ լրացուցիչ աշխատելու համար: Հաշմանդամ երեխաներն առանց որեւէ մեկի օգնության ազատ կարողանում են տեղաշարժվել դպրոցի տարածքում: Այս ծրագիրը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ:

«Սա մի կազմակերպություն է, որն իսկապես սիրում է Հայաստանը: Ավելի լավ բարեկամ չեմ կարող երազել»,- եզրափակում է տիկին Բախշյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter