HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Նաջարյանների գործն արդեն 2 տարի պտտվում է ՀՀ արդարադատության համակարգում

Ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների բողոքը կրկին չբավարարվեց: 2005թ. օգոստոսի 30-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը կարճեց քրեական գործով վարույթը' Գրիգոր Իգիթյանի արարքում խարդախության հանցակազմի բացակայության պատճառով: Հիշեցնենք, որ Նաջարյանները Գ. Իգիթյանին առաջադրել են խարդախությամբ իրենց գույքին տիրանալու մեղադրանք: (Տես նաեւ' Նաջարյանները ստիպված են դիմել ծայրահեղ քայլի)

«Այս դատական գործը չի ավարտվում, դատական պրոցեսն անընդհատ ապարդյուն կրկնվում է: Մենք ամեն անգամ վերադառնում ենք նախկինում հայտնված մի կետի: Օրենսդրական ոչ մի սահմանափակում չկա, հնարավոր է 10 անգամ նախաքննություն սկսել, ուղղակի ցավալի է, որ կրկնվող նախաքննությունների ընթացքում էլ ոչ մի փոփոխություն չի լինում»,-ասում է Նաջարյանների փաստաբան Հրայր Ղուկասյանը:

Կարճման որոշումն ընդունելուն նախորդել էին հետեւյալ գործողությունները. 2005թ. մայիսի 18-ին դատախազությունը վերսկսել էր գործի քննությունը, իսկ մայիսի 19-ին æորջ Նաջարյանին ճանաչել էր տուժող: Մայիսի 30-ին Նաջարյանների ներկայացուցիչները' փաստաբաններ Աշոտ Պողոսյանն ու Հրայր Ղուկասյանը, երկու միջնորդություն էին ներկայացրել' իրենց որպես տուժողի ներկայացուցիչ ներգրավել քննչական գործողություններում եւ Գ. Իգիթյանին' որպես մեղադրյալ, ներգրավել գործի վարույթում:

«Ուզում էինք քննչական գործողություններում ներգրավվել, որովհետեւ վկաներին կանչում էին հարցաքննության եւ գործին չվերաբերող թեմաներ շոշափում' մի քիչ սպառնում ու կրկնում, թե վկաներից յուրաքանչյուրը պատասխանատվության է ենթարկվելու: Այս միջնորդությունը մերժվեց: Երկրորդ միջնորդությունը չմերժվեց, բայց հավասարազոր էր մերժման' միջնորդության լուծումը հետաձգվեց մինչեւ էական հանգամանքների առկայությունը, թե ի՞նչ հանգամանքների, իհարկե, չնշվեց»,-բացատրեց Հ. Ղուկասյանը:

ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Ա. Նադիրյանի' Նաջարյանների ներկայացուցիչներին քննչական գործողություններում չներգրավելու որոշումը վերջիններս բողոքարկել են քննիչի վերադասին' վարչության պետ Անդրանիկ Միրզոյանին, սակայն բողոքը կրկին մերժվել է: Հետո Նաջարյանների ներկայացուցիչները դիմել են դատարան, որն էլ օգոստոսի 16-ին մերժել է բողոքը: Մինչ նրանք այս որոշումը օգոստոսի 31-ին կբողոքարկեին Վերաքննիչ դատարան, դատախազությունը օգոստոսի 30-ին կարճել է գործը' Գրիգոր Իգիթյանի արարքում խարդախության հանցակազմի բացակայության պատճառով:

Նաջարյանների ներկայացուցիչները այս անգամ արդեն կարճման որոշումը բողոքարկել են վերադաս մարմին' ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերի վարչության պետ Անդրանիկ Միրզոյանին:

«Սա ընթացակարգ է, որ մենք անցնում ենք: Երեւի կրկին կմտնենք դատարան, կփորձենք ապացուցել, որ նախորդ երեք ու կես ամիսների ընթացքում ընդհանուր հաշվով ոչինչ չի արվել: Իրականում անելու շատ քիչ գործ կար, պետք էր ուղղակի ճիշտ կառուցել գործը: Ես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ առկա ապացույցներով կարելի է 2 շաբաթում ավարտել գործը, ուղղակի չեն ավարտում: Այստեղ արդեն բարի կամքի դրսեւորման հարց է, ուրիշ խնդիր չկա. դատախազությունն ուղղակի չի ավարտում այս գործը եւ պարզ էլ ցույց է տալիս, որ չի ուզում եւ չի ավարտում»,-կարծում է Հ. Ղուկասյանը:

Արդեն երկու տարի է Նաջարյանները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները ՀՀ դատարաններում: Նրանք էլ, համաձայն 1992թ. Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ ստորագրված Ներդրումների փոխադարձաբար խրախուսման եւ պաշտպանության մասին պայմանագրի, դիմել են ԱՄՆ պետդեպարտամենտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter