HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ֆրանսիայի ոստիկանությունը մեկ տարի առաջ սկսել է հետաքննել «Վեոլիա»-ի մասնակցությունը Ռումինիայում կոռուպցիոն գործողություններին

Ֆրանսիայի հակակոռուպցիոն ոստիկանությունը 2017թ. հունիսին հետաքննություն է սկսել ֆրանսիական «Վեոլիա» ընկերության դեմ՝ պարզելու համար, թե արդյոք ընկերությունը տեղյակ է եղել Ռումինիայում իր դուստր-ձեռնարկության՝ Apa Nova-ի կողմից ենթադրյալ կոռուպցիոն գործողություններից: Այս մասին հաղորդում է Ֆրանսիայի միջազգային ռադիոն:

Նախորդ տարվա նոյեմբերին ֆրանսիայի ոստիկանության Oclciff հակակոռուպցիոն դեպարտամենտը հետաքննություն էր սկսել առևտրական արհմիության ներկայացուցիչ Ժան-Լյուկ Տոուլիի իրավաբանական բողոքի հիման վրա:

Ռումինիայի իրավապահ մարմինները կասկածում են, որ Բուխարեստին ջուր մատակարարող Apa Nova ընկերությունը 2008-2015 թվականներին գնումներում հաղթելու համար 12 միլիոն եվրո կաշառք է տվել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ ընթացքում Ռումինիայի մայրաքաղաքում ջրի սակագինը թանկացել է 125 տոկոսով:

Ըստ Ժան-Լյուկ Տոուլիի՝ հենց «Վեոլիա»-ն է հանդիսանում Apa Nova-ի թույլ տված հակաօրինական գործողությունների հիմնական նախաձեռնողը, քանի որ Apa Nova-ում բաժնետոմսերի 78 տոկոսը պատկանում է «Վեոլիա»-ին:

Այս գործով Ռումինիայում 9 մարդ ենթրկվել է քրեական հետապնդման: Նրանցից երկուսը ընկերության ֆրանսիացի տնօրեն Բրունո Ռոշը և նրա հետնորդ Լորան Լալագն են: Մյուս 4-ը Apa Nova-ի ղեկավար կազմի ռումինացի անդամներն են: Հետապնդված մյուս անձինք են Ռումինիայի Ազգային-լիբերալ կուսակցության ներկայացուցիչ Վլադ Մոիսեսկուն, քաղաքապետի նախկին խորհրդական Կոստին Բերեովանուն և գործարար Օսվիդիու Սեմենեսկուն:

Հիշեցնենք, որ «Վեոլիա» ընկերությունը գործունեություն է ծավալում նաև Հայաստանում՝ խմելու ջուր մատակարարելով մայրաղաք Երևանին և 314 գյուղերի: Նախորդ շաբաթ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, նույն ընկերության «Արևելք» մասնաճյուղի տնօրեն Կարո Օհանյանը և «Արևմուտք» մասնաճյուղի տնօրեն Արամ Սահակյանը իրենց մերձավորների անվամբ հիմնադրված ու փաստացի նրանց պատկանող ընկերությունների հետ շուկայականից, ինչպես նաև ՀՀ-ում սահմանված սակագներից անհամեմատ բարձր գներով կնքել են շուրջ 3 միլիարդ 731 դրամ արժողությամբ պայմանագրեր, որոնց կատարման շրջանակներում՝ հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով յուրացրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Բացի այդ, ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը կաշառք տալու դիտավորությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 2017թ. օգոստոսի 26-ին գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր 4 մլն 239 հազար դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8 մլն 359 հազար դրամին համարժեք՝ 15 338 եվրո, որն ընդհանուր կազմել է 12 մլն 598 հազար դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 2017թ. նոյեմբերի 22-ին համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11, 414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է` առանձնապես խոշոր չափերով) և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության համար։

 

Մեկնաբանություններ (1)

Զավեն Մարտիրոսի Աղաբեկյան / Բեկյան/
Վեոլիան ոչ միայն կոռումպացված, այլև անբարոյական հիմնարկ է, նրանք խաբեությամբ ինձ ներքաշեցին յուրահատուկ <<թրենինգի>> մեջ՝ ես խաբվելով մեկ ամիս իմ գիտելիքները հաղորդեցի իրենց յուրային մարդուն, որից հետո ինձ գործից ազատեցին պայմանավորված ժամկետից շուտ։ Նույնիսկ չամաչեցին՝ իմ բաժնի աշխատակցին հանձնարարել էին, որ սենյակում չեղած ժամանակ սա <<քամի>> իմ համակարգչի մեջ եղած ինֆորմացիան / ինձ խոստովանեց հիշյալ աշխատակիցն ինքը։ Ես վիճակագրական բաժնի պետն է, 30 տարվա աշխատող։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter