HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

«Ֆլեշ»-ը վտանգում է իր ամենաթանկ կապիտալը` բարի համբավը

Արարատ Ծովյանն իր ընտանիքը պահում է ակնոց վերանորոգելով: Պուշկինի 15 հասցեում գտնվող նրա կենցաղսպասարկման օբյեկտը քանդվել է պետության' Հյուսիսային պողոտա ստեղծելու կարիքը հոգալու համար: Որպես փոխհատուցում' նրան տրվել է 8.200 ԱՄն դոլարին համարժեք դրամ եւ Պուշկինի 15ա շենքին հարող 20քմ տարածք, ուր հնարավոր էր կառուցել կենցաղսպասարկման կետ եւ շարունակել աշխատանքը:

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ (թիվ 2320-Ա որոշում, 01.12.2003թ.) վարձակալության իրավունքով, 10 տարի ժամկետով Ա. Ծովյանին է տրվել Պուշկինի 15ա շենքին հարող 20քմ տարածք: Նա, ըստ կարգի, կնքել է հողի վարձակալության պայմանագիր, ստացել վարձակալության իրավունքի վկայական, հետո' շինթույլտվություն, նախագծել օբյեկտը, համաձայնեցրել քաղաքապետարանի հետ եւ սկսել շինարարությունը: «Շինարարության ընթացքում մի քանի անգամ իմ շինարարաներին մոտեցել են ինչ-որ մարդիկ եւ ասել. «Իզուր մի սարքեք, «Ֆլեշ»-ին խանգարում է, մեկ է քանդվելու է»»,- պատմում է Ա. Ծովյանը:

Ա. Ծովյանին տրված տարածքին է հարում նաեւ Պուշկինի 19 շենքը, որն այժմ պատկանում է «Ֆլեշ» ՍՊԸ-ին: Ընկերությունը, շենքի բնակիչներին փոխհատուցելով, գնել է շենքը, ամբողջովին քանդել եւ հիմա այնտեղ կառուցվում է շինություն, որտեղ գործելու է «Ֆլեշ» ընկերությանը պատկանող «Հայկապբանկ»-ը:

«Ֆլեշ» ՍՊԸ-ն այսօր Հայաստանի խոշորագույն նավթամթերք ներմուծողն է: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տվյալներով' վերջին 2 տարում «Ֆլեշ»-ը զբաղեցնում է նավթամթերք ներմուծողների ցուցակի երկրորդ տեղը' ապահովելով ՀՀ տարածքում սպառվող դիզվառելիքի ամբողջ ծավալի 25-28%-ը:«Ֆլեշ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու նախագահն է Բարսեղ Բեգլարյանը: 200-ից ավելի աշխատատեղ ունեցող այս ընկերությանն է պատկանում ՀՀ նավթամթերքի շուկայի ավելի քան 1/4 մասը: Բացի այդ, «Ֆլեշ» ՍՊԸ-ն «Նաիրիտ» գործարանի հիմնական բաժնետերն է: «Ֆլեշ»-ի սեփականատերը' Բարսեղ Բեգլարյանը, տնտեսական գործունեություն է ծավալել նաեւ ԼՂՀ-ում:
Արարատ Ծովյանի' արդեն քանդված կիսակառույցը

2005թ. մարտի 10-ին «Ֆլեշ» ընկերության տեխնիկայով քանդվել է Ա. Ծովյանի կիսակառույցը: «Քանդել են, շինանյութի մի մասով իրենց բանվորների համար սանհանգույց եւ հանդերձարան են կառուցել, մի մասն էլ օրը ցերեկով բարձել են մեքենան ու տարել»,-ասում է Ա. Ծովյանը:

«Ֆլեշ» ընկերությունն այլ կերպ է ներկայացնում տեղի ունեցածը. «Իր կիսակառույցը մենք չենք քանդել, այլ քանդել է քաղաքապետարանը: Երբ մենք քանդում էինք մեր գնած շենքը, որպեսզի նորը կառուցենք, քանդման աշխատանքների ժամանակ կանգնած էին նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, քաղաքապետարանի երկու վարչության պետեր (չմտաբերեց, թե որ վարչությունների-Ա.Ե.) եւ երկու ոստիկան: Քաղաքապետարանի ներկայացուցիչներն ասացին, որ քանդենք նաեւ Ա. Ծովյանի կիսակառույցը, քանի որ քաղաքապետի այդ որոշումը սխալ է, ճարտարապետորեն սխալ հողհատկացում է, բացի այդ' կիսակառույցը իր նախագծին չի համապատասխանում: Այնպես որ, դա քանդել է քաղաքապետարանը, այլ ոչ թե «Ֆլեշ»-ը. ուղղակի քաղաքապետարանը մեզնից խնդրեց մեր էքսկավատորը, մենք էլ տվեցինք, դրա համար նկարներում կա «Ֆլեշ»-ի տեխնիկան»,-ասում է «Ֆլեշ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Մուշեղ Էլչյանն ու ավելացնում,-հիմա էլ Ա. Ծովյանը կարող է գալ ու կառուցել իր օբյեկտը, մենք իր տարածքի հետ գործ չունենք, բայց հիմա մենք կխոչընդոտենք, որովհետեւ մեզ կխանգարի այդ կառույցը»:

Հակառակ Մ. Էլչյանի պնդման, թե այդ տարածքի հետ իրենք գործ չունեն' տեղում պարզ դարձավ, որ հենց Ա. Ծովյանի տարածքում արդեն կառուցված է ապագա բանկի նախամուտքը, որի ներքեւում էլ նախատեսված է ավտոկանգառ: Մ. Էլչյանի ասելով' քանդելուց հետո քաղաքապետարանի ներկայացուցիչները խնդրել են «Ֆլեշ»-ին օգնել Ա. Ծովյանին, որպեսզի աղմուկ չբարձրանա, քանի որ նաեւ «Ֆլեշ»-ին էր ձեռնտու, որ այդ տարածքն ազատ լինի:
Արարատ Ծովյանի տարածքում կառուցվում է «Հայկապբանկ»-ի նախամուտքը

«Եթե իսկապես Ա. Ծովյանն օբյեկտը կառուցել է նախագծից շեղվելով, ապա քաղաքապետարանը կամ քաղաքաշինական պետական տեսչությունը նրան պետք է վարչական տուգանքի ենթարկեր կամ զգուշացներ, որ կառույցը պետք է բերել նախագծային վիճակի: Սակայն նման բան չի եղել: Ես փաստաբանական հարցում եմ արել քաղաքապետարան եւ պատասխան ստացել, որ Ա. Ծովյանի սպասարկման օբյեկտը կառուցվել է քաղաքաշինական անհրաժեշտ փաստաթղթերի առկայությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից չի իրականացվել օբյեկտի քանդումը»,-մեկնաբանեց Ա. Ծովյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Բացի այդ, երբ Պուշկինի 19 շենքի նախկին բնակիչների բողոքով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունն ուսումնասիրել է Ա. Ծովյանին տրված տարածքի օրինականությունը, պարզել է, որ այն օրինական կառույց է եւ շինությունը կառուցվում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

«Սկզբում ես հավատացի «Ֆլեշ» ընկերության աշխատակիցներին եւ հիմնադրին, որ ինձ տարածք կտան իրենց կառույցից, սակայն երբ հերթը հասավ պայմանագիր ստորագրելուն, նրանք ձգձգեցին ու չստորագրեցին: Անգամ պայմանագիր ենք մշակել հենց ընկերության իրավաբանի հետ, սակայն նրանք չցանկացան որեւէ փաստաթուղթ ստորագրել: Ես բազմիցս դիմել եմ ՀՀ նախագահին, Նախագահի վերահսկողության ծառայությանը, ՀՀ գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Երեւանի քաղաքապետին, սակայն ոչ մի պատասխան չեմ ստացել, ոչ ոք չի փորձում պարզել, թե ինչ է կատարվում եւ պաշտպանել իմ իրավունքները»,-բողոքում է Ա. Ծովյանը:

«Ֆլեշ» ՍՊԸ-ն պնդում է, որ Ա. Ծովյանի կիսակառույցը քանդվել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի եւ քաղաքապետարանի երկու վարչությունների պետերի հրահանգով ու ներկայությամբ: Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Գ. Խանգելդյանը գրավոր հարցմանը պատասխանել է, որ քաղաքապետարանը չի իրականացրել այդ օբյեկտի քանդումը: Բացի այդ, կա Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության ուսումնասիրությունը, որը նույնպես ապացուցում է, որ քաղաքապետարանն այդ կիսակառույցը քանդելու ոչ մի օրինական հիմք չէր կարող ունենալ: Այս ամենից կարելի է ենթադրել հետեւյալը' կամ «Ֆլեշ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Մ. Էլչյանը զրպարտում է քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներին, կամ գլխավոր ճարտարապետ Ս. Դանիելյանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը' օրինական այդ կիսակառույցը «ճարտարապետորեն սխալ» համարել միայն այն պատճառով, որ առնչվել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի շահերին: Երեւանյան ապօրինի եւ «ճարտարապետորեն սխալ» կառույցների առատության մեջ գլխավոր ճարտարապետը նկատել է հենց այս օրինական կիսակառույցը: Հետաքրքիր է' գլխավոր ճարտարապետը «լիազորվա՞ծ» էր բանավոր կերպով սխալ եւ չեղյալ համարել քաղաքապետ Ե. Զախարյանի ընդունած գրավոր որոշումը, կամ քաղաքապետը կհանդուրժե՞ր նման վերաբերմունք, եթե այն չառնչվեր «Ֆլեշ» ՍՊԸ-ի շահերին:

Ա. Ծովյանը սպասում է Գլխավոր դատախազության ուսումնասիրության արդյունքներին: Դատախազությունը պետք է որոշում կայացնի քրեական գործ հարուցելու կամ բողոքը մերժելու մասին: Մերժման դեպքում Ա. Ծովյանը պատրաստվում է բողոքարկել վերադաս մարմին կամ վերաքննիչ դատարան:

««Ֆլեշ»-ն Ա. Ծովյանին մեկ այլ տեղ հող էր առաջարկում կամ որոշակի գումար, իսկ նա չուզեց: Հիմա մենք էլ ոչինչ չենք առաջարկում: Քաղաքապետարանն է քանդել, թող քաղաքապետարանն էլ փոխհատուցի նրա վնասը»,-պնդում է Մ. Էլչյանը:

Նա, հավանաբար, փորձում է «չվնասել» «Ֆլեշ»-ի կարգախոսը' «Բարի համբավն ամենաթանկ կապիտալն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter