Մանվել Գրիգորյանի ընկերությունը չի վճարում վարձակալած հողամասի վարձավճարները
ԱԺ պատգամավոր, այժմ կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ն կրկին հայտնվել է դատարանում: Նրա դեմ դատական գործընթաց է սկսել Արշալույսի համայնքապետարանը: Ըստ համայնքապետարանի՝ ընկերությունը 2014թ. մարտ ամսից չի վճարել 0.396 հա մակերեսով հողամասի վարձավճարը:
Արշալույսի համայնքապետարանի և «Արշալույս» ԳԿՏ-ի միջև դեռևս 1999թ. կնքվել է 0.396 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր։ Պայմանագիրը կնքված է անորոշ ժամկետով, իսկ վարձավճարի չափը կազմում է տարեկան 11.880 դրամ: Այսինքն՝ 1քմ-ի համար` ընդամենը 3 դրամ: «Արշալույս» ԳԿՏ-ի և «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի միջև 23.04.1999թ. կնքվել է «Արշալույս» ԳԿՏ-ի և «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի միացման պայմանագիր, որից հետո նշված 0.396 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարվել է «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի վարձակալության իրավունքի պետական գրանցում։
Արշալույսի համայնքապետարանը հաշվարկել է Մանվել Գրիգորյանի ընկերության չկատարած պարտավորությունների չափը: 26.06.2018թ. դրությամբ «Արա և Այժեմնիկ» ընկերության չկատարած պարտավորությունը՝ 0.396 հա մակերեսով հողամասի վարձավճարի մասով, ընդհանուր գումարով կազմում է 68,926 դրամ, որից 50,490 դրամը չվճարված վարձավճարի գումարն է, իսկ 18,436 դրամը՝ տույժը:
Համայնքապետարանից տեղեկացնում են, որ «Արա և Այծեմնիկ» ընկերությունը վարձակալության տրամադրված վերոհիշյալ հողամասը օգտագործում է պայմանագրի պայմանների էական խախտումներով: Այն վարձակալվել է մանկական խաղահրապարակ դարձնելու նպատակով, սակայն Արշալույսի համայնքապետարանից փաստում են, որ այն չի օգտագործվում որպես մանկական խաղահրապարակ:
Ըստ հայցադիմումի՝ Արշալույսի համայնքապետարանը պահանջում է լուծել 0.396 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը և որպես հետևանք անվավեր ճանաչել պայմանագրի հիման վրա կատարված «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի վարձակալության իրավունքի պետական գրանցումը։ Իսկ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ից հօգուտ Արմավիրի մարզի Արշալույսի համայնքապետարանի պահանջում է բռնագանձել 78.305 դրամ:
Նշենք, որ հայցադիմումը մուտք է արվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել է դատավոր Նաիրա Գրիգորյանին: Վերջինս Մանվել Գրիգորյանի դուստրն է: Դատավորը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում դեռ չի կայացրել, ենթադրվում է, որ նա ինքնաբացարկ կներկայացնի, քանի որ չի կարող քննել իր մերձավորի վերաբերյալ գործը: Արշալույսի համայնքապետարանի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Ղևոնդ Պապոյանը:
Առաջին անգամ չէ, երբ Արշալույսի համայնքապետարանը նշված հողամասի վարձավճարների բռնագանձման պահանջով դիմում է դատարան: «Հետք»-ը նմանատիպ վեճի անդրադարձել էր դեռևս տարիներ առաջ:
Դատարանում նույն կողմերի միջև նման մի հայցադիմում էլ քննվել է 2013թ.: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. հունիսին որոշել էր «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ից հօգուտ Արշալույսի գյուղապետարանի բռնագանձել 87,614 դրամ` որպես վարձավճարների գումար։ Իսկ 0.396 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու և դրա հիման վրա կատարված «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին պահանջը դատարանը մերժել էր:
Այն ժամանակ դատարանը պատճառաբանել էր, թե Արշալույսի գյուղապետարանը օրենքով սահմանված կարգով նախապես առաջարկություն չի ներկայացրել «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ին պայմանագիրը լուծելու վերաբերյալ: Ուստի, նկատի ունենալով, որ համայնքապետարանն օրենքով սահմանված կարգով չի կատարել իր պարտականությունները, որն իրավունք կվերապահեր «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի հետ կնքած պայմանագրերը լուծել դատական կարգով, դատարանը համարել էր, որ հայցվորի պահանջը` հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու եւ դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին, ենթակա է մերժման։
Մեկնաբանել