HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպել են Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները

Սեպտեմբերի 10-ին Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, ով Երևանում է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակության կազմում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: 

Ողջունելով իր վրաց գործընկերոջը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի հետ հարաբերությունները՝ հիմնված դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա, և հանձնառու է գործնական քայլեր ձեռնարկել դրանք որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այդ առնչությամբ կարևորվեց ԱԳՆ-ների միջև ոլորտային պարբերական խորհրդակցությունների և նախարարների միջև հաճախակի հանդիպումների անցկացումը: Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները մանրամասն անդրադարձան նաև բազմակողմ ձևաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց առևտրատնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ այդ կապերի դինամիկ զարգացման համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել առկա մեծ ներուժի կիրառման ուղղությամբ: Երկկողմ կապերի հետագա խորացման նպատակով առանձնակի ընդգծվեց Տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի և Առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը:

Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ նոր կառավարությունը հանձնառու է ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա բարեփոխումների գործընթացի շարունակմանը՝ ուղղված արդարադատության, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալական և տնտեսական ոլորտներում հավասար հնարավորությունների ընձեռմանը, կառուպցիայի դեմ պայքարին: Նախարարը հավելեց, որ այս ամենը կարող է նպաստել երկու հարևան երկրների միջև հարաբերությունները էլ ավելի ընդլայնելուն:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումները և առաջնահերթությունները: Այս համատեքստում կողմերը համակարծիք էին, որ հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային մանդատ վայելող ձևաչափերի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter