Ալեն Սիմոնյան. «Այս ամենը կանգնեցնել չի լինելու, թող չփորձեն, ում վրա ուզում են տեսանյութ գրեն, գաղտնալսեն»
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ևս ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ԱԱԾ տնօրեն-ՀՔԾ պետ գաղտնալսված խոսակցության դեպքին: Մինչ Սիմոնյանի ելույթը խոսել էր դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանը՝ զարմանալով, թե ինչպես է ստացվել, որ ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են:
«Խոսքը գնում է նրա մասին, որ այդ մարդիկ տիրապետում են այնպիսի ռեսուրսների, որ գնում են պետության համար նախատեսված բավական թանկ սարքեր, և գաղտնալսում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներին»,- ասաց Սիմոնյանը:
Ըստ պատգամավորի՝ տեսանյութում ակնհայտ է, որ այս օրերի ընթացքում բազմաթիվ հնչած խոսակցությունները, թե դատավորների նկատմամբ ճնշում կա, իրականությանը չեն համապատասխանում:
«Այն բանը, որ նրանք ուզում էին ապացուցել, հակառակը ապացուցեց»,- ասաց Սիմոնյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ տեսանյութ տարածելու նպատակն է եղել կանգնեցնել իրավապահ մարիմինների գործողությունները Մարտի 1-ի քննության հարցով:
«Վստահեցնում եմ՝ ամեն ինչ շարունակվելու է տեղի ունենալ օրենքի սահմաններում, և մարդիկ, ովքեր մեղավոր են գաղտնալսման համար, ովքեր մեղավոր են մարդ սպանելու համար, ովքեր որ հրաման են տվել Երևան քաղաքի շենքերի վրա կրակել, պատկերացնում եք՝ հրաման է եղել պատուհաների վրա կրակել, հրաման է եղել սպանել ոստիկան, որպեսզի արտակարգ իրավիճակը արդարացված լինի: Հասկանո՞ւմ ենք՝ ինչի մասին ենք խոսում: Այս ամենը կանգնեցնել չի լինելու, թող չփորձեն, ում վրա ուզում են տեսանյութ գրեն, գաղտնալսեն, ինչ ուզում են գտնեն, տղերք, չի ստացվելու ձեզ մոտ, ուզում է նախկին նախագահ լինի, նախկին վարչապետ լինի, ուզում է՝ դահլիճում նստած մեկը լինի»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:
Մեկնաբանել