HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ-ի խորհրդի նիստին

ՀՀ նախագահ, Երևանի պետական համալսարանի  խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին: Խորհրդի կողմից հաստատված օրակարգը ներառել է ԵՊՀ ռեկտորի հաշվետվությունը 2010-2011թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ, ինչպես նաև համալսարանի 2011թ. եկամուտների և ծախսերի կատարողականի ու 2012թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատման վերաբերյալ հարցերը:

Մինչ օրակարգին անցնելը, նախագահն անդրադարձել է տարիներ առաջ ԵՊՀ ուսանողների և երիտասարդ գիտնականների հետ իր հանդիպումների արդյունքում սկիզբ դրված և հաջողությամբ իրականացվող մի քանի ծրագրերի. «Առաջին այդպիսի ծրագիրը եղավ արտասահմանյան 20 առաջնակարգ բուհերում սովորող հայ երիտասարդների ուսման վարձերի հոգսը հոգալը, և այսօր 148 երիտասարդներ,  ովքեր սովորում են աշխարհի լավագույն բուհերում, «Լույս» հիմնադրամի շահառուներն են:

Երկրորդ այդպիսի ծրագիրը երիտասարդ գիտնականների, մանկավարժների, դասախոսների, նկարիչների, լրագրողների համար բնակարանային ապահովման ծրագիրն է, որի մի մասն արդեն իրականացվել է: Մինչև 2013թ. մայիս ծրագրի այդ փուլը կավարտենք, որի արդյունքում 1300 երիտասարդ մտավորականներ ապահովված կլինեն իրենց համար մատչելի բնակարաններով:

Հաջորդ ծրագիրը երիտասարդ գիտնականների համար մի հիմնադրամի ստեղծումն էր, որի մասին նրանց հետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվել ենք, և այդ ծրագիրն արդեն գտնվում է իրականացման փուլում: Բացի այն ծրագրերից, որոնք իրականացնում է պետությունը, այս ծրագիրը հավելյալ խթան կհանդիսանա երիտասարդ գիտնականների համար: ԵՊՀ մյուս այդօրինակ ծրագիրը լաբորատորիաների վերազինումն էր: Այս ուղղությամբ մենք մեր պարտավորությունները կատարել ենք և սպասում ենք նոր առաջարկությունների»,- ասել է նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ ցանկը կարելի է շարունակել՝ թվարկելով ևս մի շարք ծրագրեր, սակայն կարևորը դրանց քանակը չէ, այլ այն, որ համալսարանի կոլեկտիվը, ուսանողները, դասախոսները չեն սահմանափակվում միայն ներբուհական խնդիրներով:

Նախագահը նշել է, թե ուրախ է, որ հանդիպումների ժամանակ բարձրացվում են հարցեր, որոնք կենսական են և կարևոր նաև ընդհանուր կրթության և գիտության համար: Երիտասարդների հետ հանդիպումները օգտակար և արդյունավետ համարելով՝ Սերժ Սարգսյանը վերահաստատել է դրանք շարունակական դարձնելու իր պատրաստակամությունը:

Այնուհետև խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը, որոնք զեկուցել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Համալսարանի 2010-2011թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվության շրջանակներում ռեկտորը ներկայացրել է նշված ժամանակահատվածում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքը, ԵՊՀ 2010-2014թթ. զարգացման ռազմավարական ծրագրի՝ 2010-2011թթ. ուստարվա գործողությունների, ինչպես նաև ԵՊՀ-ում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների ծրագրի 2011թ. գործողությունների կատարողականները:

Հիշյալ հարցերի շուրջ զեկույցները լսելուց և քննարկելուց հետո, խորհուրդը հավանություն է տվել ներկայացված հաշվետվություններին: ԵՊՀ 2010-2011թթ. ուսումնական տարվա գործունեությունը գնահատվել է բավարար:

Խորհուրդը հավանություն է տվել ԵՊՀ 2011թ. եկամուտների և ծախսերի վերաբերյալ ռեկտորի հաշվետվությանը ևս՝ համալսարանի 2011թ. ֆինանսական գործունեությունը գնահատելով բավարար: Նիստում հաստատվել է ԵՊՀ 2012թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը (բյուջե): Նույն որոշմամբ ԵՊՀ ռեկտորին հանձնարարվել է 2012թ. ծախսերը կատարել հաստատված բյուջեին համապատասխան: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter