HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

«Մոդեռն սրճարան»` դասական երաժշտության հաշվին

Հոկտեմբերի 18-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան մոտ հավաքված երաժիշտները պահանջում էին անհապաղ կանգնեցնել Կամերայինի շքամուտքից մինչեւ Աբովյան փողոց տարածվող սրճարանային համալիրի շինարարությունը, քանի որ այն խանգարում է երաժիշտների աշխատանքին:

«Կամերայինի շենքի մեծ մասն ապակեպատ է եւ ձայնամեկուսացված չէ: Շենքի շրջակա այգին ծառայում է ոչ միայն որպես այգի, այլ' որպես յուրատեսակ ձայնամեկուսիչ, տարիներ շարունակ մենք այստեղ աշխատել ենք, եւ դահլիճը եղել է հնարավորինս լուռ: 2002թ. մեր անդորրը խանգարեց շենքի ետնամասում գտնվող «9-րդ ալիք» սրճարանը, իսկ այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներից արագընթաց կառուցվում է նոր սրճարանային համալիր: Եթե մենք չկարողանանք կանգնեցնել այս շինարարությունը եւ թողնենք այն հասցնեն ավարտին, ուրեմն կարող ենք համարել, որ Կամերային երաժշտության տունն այլեւս չի կարող աշխատել որպես դասական երաժշտության համերգասրահ»,-ասաց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:

1999թ. Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որոշմամբ Օղակաձեւ զբոսայգու 3-րդ հատվածը (այստեղ է գտնվում Կամերային երաժշտության տունը) վարձակալության է տրվել «Ֆլորա լենդ» ընկերությանը: Հետագայում «Ֆլորա լենդ»-ը այգին մաս-մաս վաճառել է տարբեր ընկերությունների: Հիմնական մասը տրվել է նրան, ով նախաձեռնել է սրճարանային համալիրի կառուցումը (մեր նախնական տվյալներով' համալիրի սեփականատերը մի հայտնի գործարար է): Այգում տեղադրված ցուցանակը տեղեկացնում է, որ այգու ընդհանուր բարեկարգման ծրագրով նախատեսվում է «մոդեռն սրճարան Աբովյան փողոցի վրա' սրճարան, բիստրո, բար, ջրավազան, սանհանգույց, շվաքարան, խաղահրապարակ, ավտոհանգրվան»: Սրճարանային համալիրի նախագիծը հաստատել է Երեւանի ներկայիս գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը:

«Ժամանակն է սթափվել եւ մտածել ոչ այնքան ստամոքսի մասին, այլ' հոգու: Բոլոր երկրները ծաղկեցնում են մշակույթը, մենք էլ ըստ արժանվույն ներկայացնում ենք հայ մշակույթը: Նվիրյալները մինչ այսօր հայ մշակույթը պահում են բարձր, պատշաճ աստիճանի վրա, բայց այսօր կարող է նաեւ հայտնվեն փողոցում ու կամաց-կամաց վերջին մոհիկաններն էլ գնան այստեղից, որովհետեւ մենք այնտեղ իսկապես պետք ենք: Ես կոչ եմ անում լրջորեն մտածել այս հարցի շուրջ»,-հավաքվածներին ասաց կոմիտասագետ, հայտնի սոպրանո Աննա Մայիլյանը :

«Ես իսկապես ուզում եմ հավատալ, որ մեր այսօրվա հավաքը արդյունք կտա, եւ կարգելվի այս շինարարությունը: Սովետական Միության ժամանակ եթե նման բան լիներ, կառավարությունը ոչ մի վայրկյան չէր մտածի, կբերեր բուլդոզերը ու հողին կհավասարեցներ այս կառույցները, ես հիմա էլ եմ ուզում հավատալ, որ մեր նախագահը դա պետք է անի եւ կարող է անել»,-հույս հայտնեց օպերային երգչուհի Արաքս Դավթյանը :

Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մշտապես աշխատում են Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ երգչախումբը, Կոմիտասի անվան պետական քառյակը եւ «Տաղարան» համույթը: Այն Երեւանում գործող դասական երաժշտության երկու համերգասրահներից մեկն է, եւ այստեղ են հյուրընկալվում աշխարհահռչակ երաժիշտներն ու միջազգային փառատոնների մասնակիցները:

«Ապրիլին մենահամերգով մեր հյուրն էր աշխարհահռչակ Չիլինգարյան կվարտետը: Անգլիացիներն առաջին անգամ էին այս դահլիճում նվագում եւ կիսահումորով, մի քիչ էլ հեգնանքով ասացին' ճիշտ այն տպավորությունն է, որ նստած ես տոնավաճառի մեջտեղում: Իսկապես այդ տպավորությունն է. «9-րդ ալիք»-ի երաժշտությունն ամեն օր նյարդայնացնում է մեզ, ինչքան կարելի է զանգով ասել' իջեցրեք երաժշտության ձայնը: Պետք է հարցին տալ ոչ թե ժամանակավոր, այլ' հիմնավոր լուծում, որ գալիք սերունդներն էլ նույն խնդրի առաջ չկանգնեն»,-ասում է Արամ Ղարաբեկյանը:

«Ես բավականին հաճախ եմ այստեղ ելույթ ունենում, բոլոր երաժիշտներն էլ կարող են վկայել, որ հնարավոր չէ ելույթ ունենալ, մանավանդ ակապելլային երաժշտության ժամանակ, երբ զուգահեռ պոպ երաժշտության ձայներ են: Երաժիշտը չի կարողանում կենտրոնանալ իր երաժշտության վրա, եւ արվեստը տուժում է: Վերջապես պետք է մարդիկ վեր կանգնեն սրճարանային քաղաքականությունից եւ մտահոգվեն մշակութային քաղաքականությամբ»,-բողոքում է Աննա Մայիլյանը:

Ի պաշտպանություն երաժիշտների' Կամերային տան այգում ընթացող շինարարության դադարեցման պահանջով ուրբաթ օրը' հոկտեմբերի 21-ին, բողոքի ակցիա են կազմակերպելու նաեւ էկոլոգները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter