HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում իրականացվել է երկու ծրագիր

Ենթակառուցվածքային ծրագրերին զուգընթաց «Հայաստան» համահայկական հիմնադրամը նաեւ տարբեր ծավալի կրթական ծրագրեր է իրականացնում Հայաստանում ու Արցախում: Այդպիսի երկու ծրագիր իրականացվել է Վանաձորում Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի հովանավորությամբ:

131 սան ունեցող թիվ 30 մանկապարտեզին տրամադրվել է կահույք, հանգստի ու ժամանցի պարագաներ: Բարեկարգվել է խաղահրապարակը, որտեղ տեղադրվել է տաղավար եւ անհրաժեշտ սպորտային գույք:

Երկրորդ ծրագիրն իրականացվել է Վանաձորի մանկատանը, որտեղ համակարգչային դասասենյակ է հիմնվել: Ներկայումս մանկատանը տարբեր տարիքային խմբերի 102 երեխա է ապրում` մի մասը ծնողազուրկ, մյուսներն էլ` սոցիալապես անապահով ընտանիքներից: Մանկատան սաներից 60-ը հաճախում է հանրակրթական դպրոց, 20-ը` քոլեջ ու բարձրագույն ուսումնական հաստատություն:

Դժվարություններ տեսած այս պատանիներին համակարգչային գիտելիքները կօգնեն ավելի վստահ կյանք մտնել եւ մրցունակ լինել աշխատանքային շուկայում:

Համակարգչային դասասենյակը վերանորոգվել ու կահավորվել է արդի պայմաններին համապատասխան: Տրամադրվել  է համակարգչային տեխնիկա, այդ թվում` վերջին սերնդի տասը համակարգիչ, UPS, բազմաֆունկցիոնալ սարք (տպիչ, սքաներ, պատճենահանող սարք), ինչպես նաեւ ուսումնական DVD սկավառակներ: Ներդրվել է անվճար օպերացիոն համակարգ, ստեղծվել համակարգչային ներքին ցանց, որը հնարավորություն կտա հետագայում միանալ համացանցին:  

Իսկ «Ինստիգեյթ» ճարտարագիտական կենտրոնը պարտավորվել է մանկատան սաների համար տեղում անցկացնել անվճար համակարգչային դասընթացներ, ինչպես նաեւ վերապատրաստել համապատասխան մասնագետի, ով հետագայում կդասավանդի երեխաներին:

«Մենք կարեւորում ենք ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, սակայն նախընտրեցինք, որ մեր առաջին ձեռնարկներն ուղղված լինեն մանկական հաստատություններում կրթական արդի պայմանների ստեղծմանը, ինչը նոր հեռանկարներ կբացի երիտասարդ սերնդի համար: Հունահայ համայնքը հավատում է, որ գիտելիքներով զինված` Վանաձորի մանկատան սաները պատրաստվածությամբ չեն զիջի իրենց հասակակիցներին, իսկ մանկապարտեզի փոքրիկ հայորդիներն իրենց առաջին քայլերը կանեն գեղեցիկ ու ապահով պայմաններում»,- ասել է Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի ատենապետ Վաչե Տեր-Կարապետյանը:

Համակարգչային սենյակի ստեղծումը Հիմնադրամի երկրորդ ծրագիրն է այս հաստատությունում. անցյալ տարի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի նախաձեռնությամբ վերանորոգվեցին մանկատան 10 սանհանգույցները: Այս մասին հայտնում են Հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter