HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տաշիր համայնքի ճանապարհների նորոգման համար անհրաժեշտ է 6,1 մլրդ դրամ

Դիանա Ղազարյան

Վանաձորցի Արամ Խեչոյանը զբաղվում է շրջիկ առևտրով: Տարիներ շարունակ տասը օրը մեկ հաճախականությամբ երթևեկում է Տաշիր-Մեղվահովիտ-Բլագոդարնոյե-Կաթնառատ ճանապարհով:

Ճանապարհի ողջ երկայնքով մեծ փոսեր են, որոնք նրա մեքենան դժվարությամբ է հաղթահարում:

«Ընդհանրապես, կարելի է ասել մեքենան չի դիմանում, մենք ենք մեքենային դիմանում»,- ասում է Արամը:

Տաշիր-Մեղվահովիտ-Բլագոդարնոյե-Կաթնառատ 10 կմ երկարությամբ ավտոճանապարհը հանրապետական նշանակության է։ Այս ճանապարհին ամենամոտ գյուղը Բլագոդարնոյեն է։ Տաշիրից դեպի այս գյուղ ճանապարհն անանցանելի է։

Բլագոդարնոյեի վարչական ղեկավար Աշոտ Ավետիսյանը համայնքի բնակիչներից մշտապես դժգոհություն է ստանում Տաշիրից իրենց գյուղ տանող ճանապարհի վիճակի վերաբերյալ: Ճանապարհը վաղուց չի վերանորոգվել, միայն փոսալցման աշխատանքներ են արվել:

Բլագոդարնոյեին հաջորդող գյուղը Կաթնառատն է։ Երկու գյուղերի միջև հեռավորությունը մոտ 6 կմ է: Այս ճանապարհը բարվոք վիճակում է, քանի որ 2009 թվականին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել է: Տարիների ընթացքում ճանապարհի որոշ հատվածներում ասֆալտը քայքայվել է, այժմ փոսալցման աշխատանք է իրականացվում:

Կաթնառատ համայնքի վարչական ղեկավար Ռուբիկ Ղազարյանն ասում է, որ Տաշիրից դեպի իրենց գյուղ տանող 16 կմ երկարությամբ ճանապարհը (այն անցնում է Բլագոդարնոյե գյուղով-հեղ․) հիմնանորոգման կարիք ունի։

«Երեսուն-քառասուն տարի պայքարել ենք, որ այդ հատվածն ասֆալտապատեն, միշտ վերանորոգում են արել, ու չի եղել: Ձմեռային ամիսներին տարի է լինում, որ ամիսներով փակ են լինում ճանապարհները», - նշեց Ղազարյանը:

Նրա փոխանցմամբ՝ վերջերս Լոռու մարզպետարանում քննարկման ժամանակ հաշվարկվել է, որ Տաշիրից մինչ Կաթնառատ ճանապարհի հիմնանորոգման համար 50 մլն դոլար է անհրաժեշտ: Վարչական ղեկավարը, սակայն, վստահ է ՝ ճանապարհը կարելի է ավելի քիչ գումարով հիմնանորոգել՝ որոշ հատվածներում փոսալցման աշխատանքներ իրականացնելով:

Տաշիր-Մեղվահովիտ-Բլագոդարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհ

Երեք գյուղեր տանող այս ավտոճանապարհը ձմռան ամիսներին օրեր շարունակ անանցանելի է լինում, մինչ օգնության է հասնում հատուկ տեխնիկան: Ճանապարհի նորոգման համար, ըստ Տաշիրի համայնքապետարանի նախնական հաշվարկների՝ անհրաժեշտ է 1 մլրդ 500 մլն դրամ: Սակայն ֆինանսական բավարար միջոցների բացակայության պատճառով նշված ճանապարհի նորոգման ծրագիր 2018թ. բյուջեով նախատեսված չէ:

Տաշիր-Դաշտադեմ ավտոճանապարհ

Դաշտադեմն Ադրբեջանից բռնագաղթած հայերով բնակեցված գյուղ է:  Տաշիրից Դաշտադեմ գյուղ տանող ճանապարհը 10 կմ է, այն ամբողջովին գրունտային է: Այս ճանապարհը երբևէ չի ասֆալտապատվել, անգամ Խորհրդային Միության տարիներին: Տաշիրի համայնքապետարանից «Հետք»-ին հայտնեցին, որ համայնքային նշանակության այս ճանապարհի վերանորոգման համար ֆինանսական միջոցներ չունեն։

Դաշտադեմի վարչական ղեկավար Մարինե Խռոյանի խոսքով` իրավիճակը որոշ չափով բարելավվել է տարիներ առաջ, երբ համայնքի և բնակիչների օգնությամբ քարեր են լցվել ճանապարհի փոսերում: «Նույնիսկ մի փոսի մեջ երևի երկու-երեք մեքենա քար ենք լցրել»,- ասում է նա:

Փոսալցումը Մարինե Խռոյանը լուծում չի համարում։ Ասում է` ճանապարհը պետք է ասֆալտապատվի, քանի որ հաճախ տեղացող անձրևները լցված ավազը քշում, տանում են:

Դաշտադեմ գյուղի տարածքում է Ղարաղաչ կոչվող սարը, որտեղ գարնանը այլ գյուղերի ֆերմերներն իրենց անասուններին բերում են արոտի, իսկ սեպտեմբերի վերջին օրերին` հետ տանում գյուղ:

Դաշտադեմ այցի ժամանակ հանդիպեցինք Լեջանի բնակիչներին, ովքեր կաթը Ղարաղաչ սարից տեղափոխում էին: ««Վիլիսը» այլևս չի դիմանում այդ փոսերին և խորդուբորդ ճանապարհին, զոռով գնում ենք, էլի: Մեքենա չի մնում, սաղ ջարդուխուրդ է եղել»,- ասում է լեջանցի Սենոկ Մաշկալյանը:

Լոռու մարզի խոշորացված Տաշիր համայնքի ճանապարհային ցանցը կազմված է հանրապետական, միջպետական, համայնքային և միջհամայնքային նշանակության ճանապարհներից, որոնք բոլորն էլ նորոգման կարիք ունեն։

Ավտոճանապարհները՝  կմ-ով

Տաշիրի համայնքապետարանի տվյալներով՝ խոշորացված Տաշիր համայնքի ճանապարհների նորոգման և հիմնանորոգման համար անհրաժեշտ է 6,1 միլիարդ դրամ, իսկ միջհամայնքային 10 կմ Տաշիր-Դաշտադեմ ճանապարհի հիմնանորոգման նախահաշիվ Տաշիրի համայնքապետարանը դեռևս չունի:

Տաշիր բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Այն ընդգրկում է Տաշիր քաղաքային, Բլագոդարնոյե, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Մեդովկա, Մեղվահովիտ, Նովոսելցովո, Սարատովկա գյուղական համայնքները:

Համայնքապետարանից հայտնում են, որ մինչեւ տարեվերջ վերանորոգվելու են Տաշիր-Մեդովկա-Լեռնահովիտ և Բլագոդարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհները։

 

տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter