HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցումային արդարադատությունը Հայաստանում. միջազգային փորձագետ դոկտոր Նադիա Բերնազը խոսում է գործընթացների ու մարտահրավերների մասին

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ Երեւան) անցկացվեց Զորյան ինստիտուտի կողմից կազմակերպված Անցումային արդարադատության միջազգային սիմպոզիումը: Սամսոն Մարտիրոսյանը զրուցել է սիմպոզիումի խոսնակներից մեկի՝ Ուեգընիգըն համալսարանի իրավագիտության դոցենտ դոկտոր Նադիա Բերնազի հետ: Դոկտոր Բերնազն իր գործունեությունը սեւեռում է բիզնես սեկտորի եւ մարդու իրավունքների փոխազդեցության վրա՝ քննելով մեծ կորպորացիաների ազդեցությունը մարդու իրավունքների վրա, կոռուպցիայի եւ «սպիտակ օձիքավոր» հանցագործության դեպքերը:

Հ. - Դոկտոր Բերնազ, շնորհակալություն Հայաստան այցելելու եւ Ձեր ներկայացման համար: Դուք նշեցիք, որ անցումային արդարադատությունն ունի չորս բաղադրիչ՝ արդարադատություն, ճշմարտություն, փոխհատուցումներ եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Այս սցենարում Ճշմարտության հանձնաժողովներն են, որ պատմում են եղելությունն ու ձեւավորում հանրային կարծիքը՝ պատմելով ամեն ինչ այնպես, ինչպես տեղի է ունեցել: Ովքե՞ր են ներգրավված այս հանձնաժողովներում: Ովքե՞ր են ճշմարտության մասին խոսողները: Դա հանրայի՞ն համակցություն է, պետակա՞ն, թե՞ երկուսը մեկում:

Դր. Բերնազ - Ամեն ինչ կախված է հանձնաժողովներից: Ցանկացած նմանատիպ գործընթացում քննարկում է տեղի ունենում այն հարցի շուրջ, թե ովքեր կարող են խոսել, մասնակցել, քանի որ նույնիսկ այս գործընթացներում, որոնք պակաս մասշտաբային են եւ ավելի քիչ կառուցվածքային, քան դատական գործընթացները, նույնպես կարիք կա որոշակի կազմակերպչական եւ կառուցվածքային որոշակիության: Եկեք անդրադառնանք Pr. Shabas’-ի դեպքին Սիեռա Լեոնեում, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ խոշտանգվեցին ու սպանվեցին, տեղի ունեցան սարսափելի ոճրագործություններ, մարդիկ կորցրեցին իրենց տները, երեխաներին, նրանց կանայք բռնաբարվեցին եւ այլն... Այնուամենայնիվ փրկվածներից ոչ բոլորն են հնարավորություն ստանում պատմելու իրենց պատմությունը. Անհրաժեշտ է կարգավորել ակնկալիքներն ու որոշել, որ միայն շատ քիչ թվով մարդկանց թույլ կտրվի խոսել:

Իհարկե, շատերը կան՝ խոսելու պատրաստ, բայց հնարավոր չէ յուրաքանչյուրին հատկացնել ընդամենը 30 վայրկյան ու ակնկալել, որ պատմությունը պարզ կներկայացնի նաեւ այն, ինչի միջով այլ մարդիկ նույնպես անցել են: Պետք է ընտրություն կատարել: Ճշմարտության հանձնաժողովներում հիմնականում բոլորն այն մարդիկ են, ովքեր եղել են կամ հանցագործի կարգավիճակում (վառ օրինակ է Հարավաֆրիկյան դեպքը, որտեղ հանցագործները համաներման դիմաց ճշմարտությունը բացահայտեցին), կամ զոհի դերում: Պետական մարմինների նախկին եւ ներկա ներկայացուցիչները նույնպես կարող են մասնակից լինել: Կախված այն բանից, թե ինչպիսին է խնդրո առարկան, շատ տարբեր կարող են լինել շահառուները: Այստեղ մեկ այլ խնդիր է առաջ գալիս. արդյո՞ք կարելի է լսել միայն համայնքային ղեկավարներին: Քանի որ համայնքային ղեկավարները հիմնականում տղամարդիկ են, կանանց ձայնը հետին պլան է մղվում: Ինչպես տեսնում եք, տարաբնույթ հարցեր են առաջանում եւ ճիշտ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է բավականին բարդ շրջանակներ հաղթահարել: Այնուամենայնիվ, այն բանից, թե ինչ որոշում է ընդունվում, պետք է հասկանալ, որ բոլորին լսել հնարավոր չէ: Անհրաժեշտ է պահել հավասարակշռությունը՝ ղեկավարներին, ովքեր ավելի շատ տեղեկատվություն ունեն, եւ բոլոր մակարդակներում ներգրավված մարդկանց լսելու միջեւ:

Հ. - Այստեղ կարծես թե ներկայացվածության խնդիր նույնպես կա: Եթե մենք ենք պատմում պատմությունը, ուրեմն ով է այն պատմելու, եւ եթե մեկը մյուսների անունից է խոսում, ուրեմն մենք ներկայացվածության խնդիրը կունենանք, այն էլ անցումային արդարադատության այսպիսի նուրբ գործընթացում:

Դր. Բերնազ - Ճիշտ է, եւ ես կարծում եմ որ կարելի է նաեւ ձեւակերպել այսպես. Դու պատմում ես պատմությունը՝ հուսալով, որ այն պատմում է ողջ պատմությունը: Իրականում պատմաբանների, ինձ նման իրավաբանների եւ հենց անցումային արդարադատության գործընթացներում մասնագիտացված գիտնականների միջեւ բանավեճ կա այս հարցի հետ կապված: Եթե ասվի՝ ահա սա է ճշմարտության պատմությունը, այսպես ենք պատմելու այս մասին ապագայում, հենց այսպես է ձեւավորվելու պատմությունը, պատմաբանները համաձայն չեն լինի եւ կպնդեն, որ միայն մի պատմությամբ, որն, անշուշտ, ունի իր կողմնակալությունը, անհնար է հավաստել, որ դա է ճշմարտությունը: Ես կողմ չեմ այս մի կարծիքի պատճառով գործընթացը կասեցնելուն, բայց այդ անելու մեջ կա նաեւ որոշակի կարեւորություն, քանի որ կատարյալ պահին եւ/կամ սցենարին սպասելու դեպքում ընդհանրապես արդյունք չի գրանցվի:

Հ - Դուք խոսեցիք նաեւ բիզնեսների, կորպորացիաների եւ մասնավոր սեկտորի՝ իրենց կատարած հանցագործությունների եւ այլ հանցագործություններում իրենց ներգրավվածության համար հաշվետու լինելու կարեւորության մասին: Հայաստանում կան օլիգարխներ, որոնց մասին ժողովուրդը գիտի: Գիտի նաեւ նրանց կամ նրանց մտերիմ շրջանակների հետ ուղղակիորեն կապված հանցագործությունների պատմությունները: Մենք գիտենք նրանց շքեղ կենսակերպի մասին ու կարելի է ասել, որ օիգարխներն իրենք դարձել են հենց այդ խոշոր կորպորացիաները: Ինչպե՞ս կարող են մարդիկ, ովքեր շատ տարբեր ձեւերով տուժել են հանցագործ օլիգարխների կողմից, անձնապես ներգրավված լինել նրանց հաշվետու դարձնելու գործընթացներում:

Դր. Բերնազ -  Եթե Ճշմարտության հանձնաժողով է ձեւավորվել, ուրեմն այս մարդիկ որեւէ կերպ պետք է լսելի լինեն: Նրանք կարող են դատական գործընթացներում նորգրավված լինել որպես տուժողներ, վկաներ կամ նրանց կարելի է որեւէ կարգավիճակ տալ, որը հնարավորություն կտա պատմելու իրենց պատմությունը: Այս հարցերի հանրային քննարկումները նույնպես կարեւոր են: Մարդկանց ներգրավելը, ովքեր բարձրաձայնում են, կարող է օգնել այլոց՝ նույնպես խոսելու իրենց հուզող հարցերի մասին: Բացարձակ անհրաժեշտություն չէ անհատապես լսելի լինելը, կարեւորն այն զգացումն է, որ ղեկավարներին հուզում է քո պատմությունը եւ այն կարեւոր է:

Հ - Եկեք խոսենք քաղաքական «կայունության» եւ անցումային արդարադատության մասին: Մեր վարչապետը, փոխվարչապետները եւ Ազգային ժողովում Ելք խմբակցության ղեկավարը շեշտը դրել են պոտենցիալ ներդրողներին «չվախեցնելու» եւ չվանելու վրա՝ նշելով, որ մենք քաղաքական կայունության կարիք ունենք, որպեսզի կարողանանք գրավել խոշոր ներդրողներին: Ինչպե՞ս են սրանք փոխկապակցված:

Դր. Բերնազ -  Կարծում եմ՝ «այս կամ այն» սցենարից խուսափելու համար կարեւոր է վերաձեւակերպել աշխարհին եւ օտարերկրացի ներդրողներին հղված հաղորդագրությունը: «Մենք հետայսու ունենալու ենք այս ռադիկալ օրակարգ եւ դուք ստիպված եք այսուհետ այդ կերպ ապրել եւ եթե ձեզ սա չի գոհացնում, կարող եք գնալ» ասելու փոխարեն կարելի է ասել՝ փորձում ենք կայունություն եւ օրենքի գերակայություն ապահովել, կան միջազգային չափորոշիչներ, մեզ համար մարդու իրավունքները գերակա կարեւորություն ունեն, կոռուպցիան խնդիր է եւ մենք փոփոխություններ ենք անում, որոնք անհրաժեշտ են՝ ձեր ակտիվներն ավելի ապահով դարձնելու համար: Եվ այո, սա նշանակում է, որ այն ամենը, ինչ նախկինում թույլատրված էր, չի շարունակվելու եւ երկարաժամկետ սպեկտրում սա բարենպաստ ազդեցություն է ունենալու երկրի կայունության վրա: Ամեն դեպքում, պետք է հիշել, որ միշտ կլինեն ներդրողներ, ում կվախեցնի ու կվանի փոփոխությունը եւ որոշ կորպորացիաներ կդադարեցնեն գործունեությունը: Բայց այլ ներդրողներ, ովքեր արժեւորում են երկրի կայունությունը, որն ապահովվում է օրենքի գերակայությամբ՝ Մարդու իրավունքների եւրոպական դատարանի հովանու ներքո՝ կգան: Կարծում եմ՝ ավելի հավանական է, որ ընկերությունները ներդրում կանեն կայուն ժողովրդավարական երկրներում, քան որեւէ երկրում, որն ընդհանրապես վերահսկողությունից դուրս է:

Հ - Եթե մենք դռներ բացենք համաշխարհային կապիտալի ազատ հոսքի առաջ եւ պնդենք, որ պետությունն ամեն ինչ կանի նրանց ներդրումները պաշտպանելու համար, արդյո՞ք այստեղ չի առաջանա խնդիր, որ Հայաստանը դառնա մի վայր, որտեղ կորպորացիաները կարող են անել ինչ ուզեն.

Դր. Բերնազ - Ներդրումների մասին օրենքներում էսպիսի մի միտում կա, ըստ որի՝ ավելի ու ավելի շատ ներդրումների մասին պայմանագրեր նշում են աշխատանքային եւ մարդու իրավունքների խնդիրները, որոնց պիտի հատուկ ուշադրություն դարձնեն պայմանագրերի կողմերը: Եւ սրան վերաբերող նախադեպեր արդեն կան, որոնք ոլորտում նոր զարգացումների մասին են փաստում: 

Հ - Ի նկատի ունեք՝ հնարավոր է աշխատանքային կամ այլ իրավունքներ ներառել ընկերությունների հետ առանձին պայմանագրերում՝ այսպիսով ի սկզբանե ընդգծելով այն օրենքներն ու կանոնները, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել:

Դր. Բերնազ - Այո, հնարավոր է այսպես անել, եւ կան նման օրինակներ: Այս հարցն ունի երկու կողմ: Նախ՝ կան որոշակի ազատություններ, որոնք կորպորացիաների կողմից ներառվում են պայմանագրերում՝ ընդունելով, որ կան բաներ, որոնք այլեւս նորմ չեն, շատ բաներ են փոխվել:

Երկրորդ հերթին՝ հարցը նրանում է, որ պետությունը պիտի ընդունի, որ մարդու իրավունքները պաշտպանելու պարտականություն ունի, եւ պետությունը կարող է ապագայում մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդել օրենսդրության միջոցով: Եղել են դեպքեր, երբ պետությունները չեն ունեցել մարդու իրավունքների պաշտպանության ուժեղ մեխանիզներ, եւ սա խնդիրներ է առաջացրել ներդրումային արբիտրաժային դատական հարցերում: Օրինակ՝ Արգենտինայում կառավարությունը ցանկանում էր ապահովել ջրի հասանելիություն իր ամենաաղքատ բնակչության համար, եւ որոշեց օրենսդրական մեխանիզմով ստիպել մասնավոր ընկերություններին ջուր մատակարարել աղքատ բնակչությանը: Այդ ընկերություններն ասացին, որ Արգենտինան խախտել է ներդրումային պայմանագիրը, քանի որ ի սկզբանե նրանք չունեինք ամենաաղքատ բնակչությանը ջրով ապահովելու պարտավորություն: Այսպիսով՝ այս ընկերությունները դատի տվեցին Արգենտինային եւ Արգենտինան պարտվեց: Այս ընկերությունները տպավորություն էին ստացել, որ միջավայրը երբեք չի փոխվելու, եւ երկիրը՝ մարդու իրավունքների իր օրակարգով, այս դեպքում՝ Արգենտինան՝ բոլորի համար ջրի հավասար հասանելիություն ապահովելու կարիքով, պատժվեց: Վախենալով բազմամիլիոնանոց գործերը տանուլ տալուց՝ երկրները սկսեցին տատանվել՝ արդյո՞ք արժի փոխել օրենքները: Արդեն առկա պայմանագրերի հետ կապված շատ բան անել հնարավոր չէ, բայց կարելի է այս հարցերի մասին մտածել երկարաժամկետ սպեկտրում ու ցույց տալ ներդրողներին՝ ինչպիսի չափանիշներ են գործելու այն երկրներում, որտեղ նրանք գործունեություն կծավալեն: Համոզված եմ, որ ամեն դեպքում շատ ընկերություններ կգան ներդրումներ անելու:

Հ -  Ո՞րն է սոցիալական արդարության եւ ակտիվների վերականգնման միջեւ կապը: Ձեր ներկայացման մեջ նշեցիք, որ երկրները ակտիվների վերականգնման համար պետք է բարձր ստանդարտներով իրականացնեն քրեական դատավարություններ, ինչը կարող է տեւել տարիներ: Այս դեպքում ինչպե՞ս է ակտիվների վերականգնումը տեղավորվում սոցիալական արդարության շրջանակի մեջ, եւ ե՞րբ է սոցիալական արդարությունը քայլեր ձեռնարկում, չէ՞ որ ակտիվների վերականգնումը միայն երկար ու բարձր ստանդարտներով քրեական դատավարություններով չի պայմանավորված եւ արդարությունն էլ շատ ավելի լայն իմաստ ունի:

Դր. Բերնազ - Անկեղծ ասած՝ ես չեմ կարող պատասխանել այս հարցին: Մեխը նրանում է, որ այս ամենը չի արվում միայն գումարները ետ բերելու համար, այլեւ առաջ նայելու, որն ամենակարեւորն է այստեղ: Սովորական դատավարական գործընթացների եւ անցումային արդարադատության մեխանիզմների՝ ներառյալ դատավարությունները, միջեւ տարբերությունն այն է, որ այս պարագայում դատավարությունների դեպքում դեպի ետ ենք նայում/գործում, իսկ անցումային արդարադատություն իրականացնելիս նայում ենք առաջ՝ ապագային: Իսկ թե երբ է սոցիալական արդարությունը մուտք գործում պրոցեսի մեջ՝ չգիտեմ:

Բայց, իհարկե, այն պետք է մուտք գործի: Ինձ համար խոշոր ընկերություններին անցումային արդարադատության գործընթացներում ներառելը շատ պրակտիկ պատճառ է, քանի որ նրանք, որպես կանոն, շատ ավելի մեծ գումարներ ունեն, քան անհատները: Այսպիսով՝ նրանց ներգրավելով հնարավոր է ավելի մեծ գումարներ վերականգնել, քան մի կոռումպացված քաղաքական գործչի՝ դատավարությամբ: Սոցիալական արդարության մասով այս մեխանիզմները ներգրավում են ընկերություններին, որոնք օգնում են գործն առաջ տանել: Չնայած ես ունեմ որոշ վերապահումներ ցանկացած դեպքում, երբ խոսքը գումարներին է վերաբերում: Կոտ դ’Իվուարից մի օրինակ կա, երբ խոշոր ընկերությունը թափոնների էր վերածել աղտոտված նյութերը, ինչի արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ հիվանդացան, մահվան որոշ դեպքեր գրանցվեցին: Ի վերջո գործը հասավ Լոնդոնի Արդարադատության Վերին պալատ, ինչը նշանակում է, որ դատավճիռ չեղավ: Ընկերությունը վճարեց գումար, հավանաբար միլլիոններ, չգիտենք որքան, քանի որ գործը գաղտնի էր, հետո շատերը գոհունակություն էին հայտնում, թե որքան լավ է ամեն ինչ պատասխանատվություն կրելու տեսանկյունից: Իրականում ավելի ուշ հետազոտությունները ցույց տվեցին, թե որքան գումարների չարաշահումներ էին եղել, իսկ արդյունքում այն մարդիկ, ովքեր տուժել էին աղտոտման արդյունքում, երբեք չստացան որեւէ ֆինանսական կամ այլ տեսակի օգնություն:
Այն, ինչ ընկերություններն անում են Աֆրիկայում, երբեք չէին անի Եվրոպայում: Նրանք գնացել են այնտեղ, քանի որ այդ մարդիկ թեւաթափ են, աղքատ են, եւ նրանց իրենց կառավարությունները չեն պաշտպանում: Վերադառնալով Ձեր հարցին՝ ես միշտ կասկածելի եմ համարում այսպիսի մեծ ֆոնդերի, ներդրողների դեպքերին, քանի որ գումարների սխալ օգտագործման հնարավորությունն այնքան մեծ է, որ ամբողջ պրոցեսի վրա ստվեր է գցում, եւ սա շատ ամոթալի է: Ընկերություններին հանրային պայմանագրեր կնքել արգելելը նրանց հաշվետու դարձնելու շատ լավ մեխանիզմ է: Սա, իհարկե, վերաբերում է առաջ նայելուն, սա թույլ չի տա վերականգնել բոլոր ակտիվները, բայց առնվազն կիմանանք, որ այն ընկերությունները, որոնք հայտ են ներկայացնում պայմանագրերի, այն ընկերությունները չեն, որ ներգրավված են եղել կոռուպցիոն սխեմաների եւ սարսափելի գործերի մեջ:

Հ - Պետությունն անցումային արդարադատության իրականացման հիմնական երաշխավորն է՝ այս նոր կառավարությունը, որ եկել է հեղափոխության արդյունքում եւ սկսել փոփոխություններ անել: Մենք հիմա գտնվում ենք մի կարգավիճակում, որտեղ դեռ կան մարդիկ՝ միջին մակարդակի պետական գործիչներ եւ այլոք, ովքեր նախկինում շահ են ունեցել կոռուպցիոն դրսեւորումներից եւ նրանք դեռ շարունակում են աշխատել: Հին մարդիկ կան այս նոր համակարգում եւ նոր կառավարությունը պատրաստակամ է անցումային արդարադատություն իրականացնելու: Արդյո՞ք այս իրադրությունը հակասում է անցումային արդարադատության գաղափարին:

Դր. Բերնազ - Սա շատ տարածված է հատկապես փոքր երկրներում. հնարավոր չէ փոխել բոլորին: Փորձագիտական օգնության կարիք կա, մարդկանց կարիք կա: Իհարկե, այս մարդիկ իրենց դերն են խաղացել, բայց նրանք նաեւ գիտեն, թե շատ բաներ ինչպես են արվում եւ կապեր ունեն: Չես կարող բոլոր տեղերում նոր մարդկանց նշանակել. Ինչպե՞ս գտնել այդքան մարդու:

Կարելի էր ասել, որ բոլոր տեղերում կարող են նշանակվել մարդիկ, ովքեր Հայաստանում չեն ապրել մի քանի տարի ՝ հայկական սփյուռքը, բայց սա նույնպես խնդրահարույց է - արդյո՞ք մարդիկ կընդունեն սա: Չեմ կարծում: Ավելի մեղմ անցումային մեխանիզմների (քան դատավարություններն են) դրական կողմն այն է, որ դրանք թույլ են տալիս թիմի մեջ ներառել մարդկանց, ովքեր ոչ շատ խանդավառված են, ոչ էլ շատ ընդդիմացող: Ի նկատի ունեմ՝ բոլոր մեծ կազմակերպություններում, ինչպիսին է կառավարությունը, միշտ կլինեն մարդիկ, ովքեր ուղղակի զուգահեռ են ապրել, բոլորը չէ, որ ունեն սկզբունքներ եւ արդարության մասին ուժեղ պատկերացումներ: Այս մարդիկ ցանկացել են ունենալ հարմարավետ կյանք: Կարելի է ասել, որ նրանք բոլորը կաշառակեր են եղել, բայց նրանց կարելի է փոխել, եւ հենց այդպիսին է այլ երկրների փորձը:

Մի կողմից՝ կան մարդիկ, ովքեր դարձի չեն գա, բայց կա նաեւ այն խումբը, որն իսկապես առաջնորդում է, եւ կան մարդիկ, ովքեր ճիշտ առաջնորդության դեպքում առաջ կգնան: Ահա թե ինչու է առաջնորդությունն այսքան կարեւոր: Չի կարելի ռեպրեսիվ մոտեցում ցույց տալ, քանի որ դա կվախեցնի այդ միջին օղակի պաշտոնյաներին, ովքեր, ընդհանուր պատկերը նայելիս, այդչափ պատասխանատու չեն կատարվածի համար: Նրանք անթերի անհատներ չեն, բայց երբ նրանց հնարավորություն տրվի իրենց երկրի համար բարին գործել ճիշտ կոնտեքստում, նրանք այդ հնարավորությունը բաց չեն թողնի: Սա անչափ դժվար է անել, բայց սրան համարժեք այլընտրանք չկա:

Հ - Դուք եւ այլ խոսնակներ խոսեցիք անցումային արդարադատություն իրականացնելու ռեսուրսների պակասի մասին, եւ սա համընկնում է այն իրավիճակի հետ, երբ պետությունները փորձում են խոշոր ընկերություններին դարձնել հաշվետու իրենց հանցանքների համար, բայց չունեն անհրաժեշտ ռեսուրսներ, քանի որ դրանց մեծ մասը հենց այդ կորպորացիաներին է պատկանում:

Դոկ. Բերնազ - Այո, սա իսկապես իմ ոլորտի խնդիրներից մեկն է: Դեպքեր են լինում, երբ աղքատ համայնքներն ամբողջ աշխարհում փորձում են դատավարական պրոցեսներով «հաղթել» ամենահարուստ ընկերություններին, ինչպիսիք են նավթային կորպորացիաները: Այս անհամաչափության խնդիրը լուծելու միակ ձեւն է՝ ստեղծել արդարադատական համակարգ, որն անապահով համայնքներին թույլ կտա  բողոքներ ներկայացնել՝ իրավաբանական խորհրդատվություն ստանալով: Սա շատ մեծ խնդիր է, որ լուծում չունի. կապիտալիզմ՝ զենքերի եւ հզորության անհավասարություն:

Կարելի է նոր բաներ մտածել այս հարցը կարգավորելու համար, օրինակ այնպես, ինչպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է ապահովում արդար դատավարության իրավունքի մասին հոդվածով եւ մյուս բոլոր հոդվածներով, որոնք այս հարցին են վերաբերում: Կա սրա մյուս կողմը, որ խոշոր կորպորացիաներն իրենց իրավաբաններին կարող են մեկ ժամում 2000 դոլար վճարել, այնինչ սա այն գումարն է, որ մարդիկ մեկ տարում են վաստակում: Այնուամենայնիվ, այս ոլորտում ամեն ինչ փոխվում է եւ հիմա շատ ավելի շատ են միջազգային դեպքերի, զարգացող երկրներում տուժածների եւ Գլոբալ հյուսիսի կորպորացիայի մասին քննարկումները՝ դատավարական գործընթացները ցույց են տալիս թե ինչպես կարելի է լուծել նմանատիպ խնդիրները: Իրադրությունը դանդաղ փոխվում է: 

Կարող եք դիտել Դր. Բերնազի ամբողջական ելույթը այստեղ

Հետեւեք Դր. Բերնազին Թվիթրում

Հետեւեք Հետքին եւ Սամսոն Մարտիրոսյանին Թվիթրում

Անգլերենից թարգմանեց Արփինե Գինոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter