HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սա ալեկոծում էր, որին քիչ բան է հետեւելու

Այս կարծիքին է Վրաստանի նախկին արտգործնախարար Իրակլի Մենաղարաշվիլին Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլու պաշտոնանկության եւ դրան հաջորդած իրադարձությունների մասին:

Սովորաբար արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում են երկար տարիներ' գոնե այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվում երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը կամ պաշտոնանկ չի լինում երկրի ղեկավարությունն իր ողջ կազմով: Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլուն պարզապես ազատեցին զբաղեցրած պաշտոնից: Կտա՞ք արդեն տարածված կարծիքներից տարբերվող բացատրություն:

Ես քիչ տեղեկություններ ունեմ այդ մասին, ուստի կարող եմ իմ որոշ մտքերը հաղորդել: Թեեւ արտգործնախարարի պաշտոնանկությունը կամ հրաժարականը դժվար թե կարելի է դասել ոչ քաղաքական իրադարձությունների շարքին, բայց, որքան ես գիտեմ, Սալոմե Զուրաբիշվիլուն զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին Վրաստանի ղեկավարության որոշումը քաղաքական բնույթի չէր: Դրա անմիջական պատճառը, որքան տեղեկացված եմ, կապված էր Վրաստանի խորհրդարանի եւ արտգործնախարարության միջեւ անհամաձայնության հետ, բխում էր նախարարության գործելաոճին, աշխատանքների կազմակերպման մեթոդներին հավանություն չտալուց: Եթե գործը հասել է նման արմատական որոշման, ուրեմն աշխատանքի թերացումը պարզապես այլեւս անընդունելի էր այն խորհրդարանի համար, որտեղ մեծամասնություն են կազմում Վրաստանի նախագահին սատարող ուժերը: Ըստ էության' նկատողությունն ու իրավիճակը բարելավելու մասին պաշտոնական երաշխավորականները համարվեցին ոչ բավարար միջոցներ: Որքանո՞վ է նման քայլը ճիշտ, եւ կամ ինչպե՞ս այս պաշտոնանկությունը կանդրադառնա Վրաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքների վրա: Կարող եմ ասել, որ դա երկրի արտաքին քաղաքական գծի փոփոխման չի հանգեցնի, բայց, ըստ էության, կփոխվի արտգործնախարարության ներկազմակերպական կյանքը:

Ինչպե՞ս եք մեկնաբանում այն հանգամանքները, որ առաջին' իր պաշտոնանկությունից հետո նախկինում հանրային քաղաքականությամբ չզբաղված գործիչը մարդկանց բողոքի ցույցի է հրավիրում եւ անում է քաղաքական սուր հայտարարություններ, երկրորդ' հաջորդ օրը Թբիլիսիի փողոցներ են դուրս գալիս բազմաթիվ մարդիկ' մի գործչի կոչով, որը լայն հանրության հետ նախկինում առնչություններ չի ունեցել: Դարձյալ գործում է ոչ թե «հանունի», այլ «ընդդեմի» սինդրո՞մը :

Ընդհանրապես, շատ են սպեկուլյատիվ խոսակցություններ վարում այդ «հանունի եւ ընդդեմի» շուրջ: Վրաստանի ղեկավարության ներսում զարգացող գործընթացները հիմք չեն տալիս խոսելու ապագայում պառակտման կամ այլ լուրջ բարդացումների մասին: Սա ավելի շատ զգացմունքների ալեկոծում էր եւ միանգամայն հնարավոր է, որ ամեն ինչ հենց հոկտեմբերի 20-ի ցույցով էլ ավարտվի: Սա, ցավոք, նաեւ վրացական հանրային քաղաքականության ոգուն համահունչ մի բան էր: Լինում են նման ալեկոծումներ, որոնց քիչ բան է սովորաբար հետեւում: Այս պահի դրությամբ Վրաստանում ստեղծված քաղաքական կառույցի կայունությունը կասկածի տակ դնելու հիմք ես չունեմ: Ինչ մնում է հարցին, թե ինչո՞ւ տիկին Զուրաբիշվիլին նման քայլ ձեռնարկեց, ապա ես էլ եմ շատ դժվարանում դրան պատասխանել: Ինձ համար էլ նրա ցույց հրավիրելը անսպասելի էր, նրա մասին ես այլ պատկերացում ունեի:

Լուս.` Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter