HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Երեւանցին այլեւս օդ չունի շնչելու

«Մենք օրեր առաջ ակցիայով դիմեցինք մեր պաշտոնյաներին' պահանջելով անհապաղ դադարեցնել Կամերային երաժշտության տան դիմաց կառուցվող սրճարանի շինարարությունը, սակայն ոչ մի արձագանք չեղավ, հակառակը' ավելի մեծ թափով է ընթանում այն: Մենք կորցրել ենք Օպերային հարակից կանաչ տարածքը եւ թույլ չենք տա խլել արվեստագետների ունեցած եւս մի տուն: Այդ սրճարանային կառույցը պետք է այստեղ չլինի'»,-վրդովված ասաց երգչուհի Արաքս Դավթյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դիմաց «մոդեռն» սրճարանի շինարարության դեմ հոկտեմբերի 21-ին կազմակերպված երկրորդ ակցիայի ժամանակ: (Տես նաեւ' «Մոդեռն սրճարան»' դասական երաժշտության հաշվին)

Երաժիշտների պահանջին միանալով' երկրորդ ակցիան նախաձեռնել էր « SOS Երեւան» դաշինքը: «Մենք ստեղծել ենք « SOS Երեւան» դաշինքը, որում ընդգրկված ՀԿ-ների, մտավորականների խնդիրն է պայքարել Երեւանի կանաչ գոտիների պահպանման համար: Այսօր մենք հավաքվել ենք Կամերայինի առաջ, բայց դաշինքը մտահոգ է ամբողջ Երեւանի կանաչ գոտիներով»,-բացատրեց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ æեֆրի Թուֆենկյանը:

Երկրորդ հավաքն ավելի բազմամարդ էր' ներկա էին մտավորականներ, հարակից շենքերի բնակիչներ: Ակցիային մասնակցում էր նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը, ում ղեկավարության օրոք տեղի է ունեցել Օղակաձեւ զբոսայգու այս հատվածի հողահատկացումը: «Ես մտավորականներից ամաչելով եմ եկել: Եթե չեմ սխալվում, 1998թ. ես 3 տարով այս տարածքը վարձակալության եմ տվել «Ֆլորա լենդ» ընկերությանը: Սակայն ես ոչ մի շինթույլտվություն չեմ տվել: Ես ընդունել եմ բարեկարգելու, լուսավորելու, նստարաններ դնելու որոշում: Եւ իսկապես, այդ ընկերությունն այդ ամենն արել է: Այս տարածքի հետագա ճակատագրի համար ես պատասխանատու չեմ: Ես միանում եմ այս ակցիային եւ այս գրեթե կառուցված սրճարանը քանդելու գործում ես ձեզ հետ եմ եւ առաջինը կքանդեմ»,-ասաց Ս. Աբրահամյանը' կոչ անելով մտավորականությանը չլռել ու պայքարել:

«Պետք է ազգովի ոտքի կանգնենք, Երեւանը կորցրել է իր դեմքը: Չպետք է թույլ տանք այս տարածքի հետ վարվեն այնպես, ինչպես թույլ տվեցինք վարվեն Օպերայի շուրջ: Պետք է մտահոգվենք ու ցավանք ամեն ինչի համար, այլապես վաղը կունենանք ամայի, փոշոտ, քարքարոտ ու աղբով լեցուն երկիր Հայաստան»,-ավելացրեց դերասան Սոս Սարգսյանը:

«Ամբողջ Եվրոպան այդչափ սրճարան չունի, որչափ Հայաստանը:Հայ ժողովուրդը հզոր է ու հարուստ իր մշակույթով, եթե այս սրճարանը կառուցվի, ապա դա ապտակ է արվեստագետներին: Ես արդեն չորս տարի է գալիս եմ Հայաստան եւ կամերային տանը համերգ եմ տալիս: Եթե այս սրճարանը կառուցվի, ես հաջորդ տարի չգիտեմ, թե որտեղ եմ ելույթ ունենալու: Մի' մեռցրեք արվեստագետների հանճարը, եթե մենք մշակույթով տկարանանք, կվերջանանք»,- կառավարությանը դիմեց նյույորքցի դիրիժոր Րաֆֆի Սվաճյանը:

Երաժիշտներն ավելի մտահոգ են, որ սրճարանի կառուցումից հետո հնարավոր չի լինի աշխատել Կամերային երաժշտության տանը, իսկ բնապահպան ՀԿ-ները վրդովված են. նրանց գործունեության 5 տարիների ընթացքում կարծես ոչինչ չի փոխվում, ու էլ ավելի թափով են վերանում կանաչ գոտիները: «Երեւանի կենտրոնն այլեւս մարդաբնակ չի կարող լինել, այն ամենաաղտոտված մասն է, անիմաստ է կառուցել էլիտար տներ ու այսքան ռեստորաններ, այստեղ արդեն հնարավոր չէ ապրել: Սկզբում չորացնում են կանաչը, չեն ջրում ու մշակում, հետո փոխարենը սրճարան են կառուցում: Մինչեւ ո՞ր աստիճան է իջնելու մեր բարոյական անկումը, մենք հիմա նախընտրում ենք միայն ռեստորաններ, սթրիփտիզ ակումբներ ու խաղատներ: Առաջարկում եմ Ազգային ժողովին անցկացնել լսումներ Երեւանի էկոլոգիական վիճակի, հատկապես կանաչ տարածքների վերաբերյալ, երեւանցին այլեւս օդ չունի շնչելու»,-մտահոգություն հայտնեց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

Ակցիայի ավարտին, երբ մասնակիցներն արդեն ցրվել էին, Կամերայինի տարածքում պտտվում էր Երեւանի քաղաքապետի խորհրդական Հրաչիկ Մուրադյանը: Զարմանքով հարցրինք' արդյոք նա մասնակցու՞մ էր ակցիային եւ ի պաշտոնե՞ է զբոսնում կիսակառույց սրճարանի շուրջը: Հ. Մուրադյանը նախ հետաքրքրվեց, թե ինչ ակցիա էր եւ ինչի համար, հետո ասաց, որ փնտրում է շինարարներին, որպեսզի խնդրի դադարեցնել շինարարությունը: «Շինարարներն ունեն շինթույլտվությունը, բայց եթե մարդիկ հավաքվում, ակցիա են անում, ուրեմն պետք է դադարեցնել, որ ուսումնասիրենք եւ վերանայենք»: Երբ նրան տեղեկացրինք, որ երկու օր առաջ էլ է ակցիա եղել, եւ քաղաքապետարանը որեւէ կերպ չի արձագանքել, պարզվեց, որ քաղաքապետի խորհրդականը տեղյակ չի եղել' չնայած ակցիային անդրադարձել էին բոլոր օրաթերթերն ու մի քանի հեռուստաընկերություններ: Նա ասաց, որ այս անգամ էլ տեղյակ չէր լինի, ուղղակի «զանգեցին, ասացին, որ մարդիկ են հավաքվել, ես էլ եկա: Հիմա կգտնեմ շինարարներին ու կխնդրեմ դադարեցնել, մինչեւ ուսումնասիրենք այս հարցը»,- ասաց Հ. Մուրադյանը եւ հեռացավ շինարարներին փնտրելու:

Մինչ քաղաքապետարանը «տեղեկանա եւ ուսումնասիրի», « SOS Երեւան» դաշինքը շարունակական միջոցառումներ է նախատեսում ի պաշտպանություն Երեւանի կանաչ գոտիների' ֆորում, որին մասնակցելու են ոչ միայն դաշինքի անդամները, այլ նաեւ կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հոկտեմբերի 29-ին նախատեսվում է երթ Կամերային երաժշտության տնից մինչեւ Օպերա:

«Քաղաքը քաղաք է այնտեղ զարգացող մշակույթով, որի անբաժանը մասը կանաչն է: Ծառն էլ է մշակույթ: Այսօր անխնա վերացվում է ծառն ու կանաչը,- հավաքվածներին դիմեց ճարտարապետ Արմեն Հախնազարյանը,-եթե այսպես պիտի շարունակվի, ուրեմն մենք բոլորս արժանի ենք այս վիճակին, մենք իրավունք չունենք լռելու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter