HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամ չգիտեն, կամ էլ չեն ընդունում իրականությունը

Նկատի ունենալով Վրաստանի իշխանություններին՝ այսպես բնութագրեց Վրաստանում տեղի ունեցող վերջին գործընթացները պաշտոնաթող արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլի՝ մեզ հետ երեկ տեղի ունեցած online հարցազրույցի ընթացքում:

-Ձեր պաշտոնաթողության մասին խոսելիս բերվում են տարբեր պատճառաբանություններ: Պաշտոնականի համաձայն' պատճառը Վրաստանի արտգործնախարարության աշխատանքները լավ չկազմակերպելն էր: Քաղաքական-վերլուծական շրջանակներում խոսում են ավելի լուրջ ու խորքային պատճառների մասին, մասնավորապես, որ Ձեզ թույլ չտվեցին իրագործել արտաքին-քաղաքական փոփոխություններ: Ո՞րն է, ի վերջո, իրական հիմքը:

-Ես ստիպված եմ կրկնել, որ խնդիր էի տեսնում Շեւարդնաձեի եւ այսօրվա քաղաքականության միջեւ: Տարբերությունն այն էր, որ Շեւարդնաձեի քաղաքականությունը դրսեւորվում էր միայն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ խուսանավումներով, մինչդեռ Սահակաշվիլու քաղաքականությունը, որի հետ ես համաձայն էի եւ որի համար ես եկա Վրաստան, ավելի կատարյալ էր, իմ տեսանկյունից միակ ճիշտն էր, ինչը ենթադրում էր համագործակցություն նախեւառաջ Եվրոպայի, այնուհետեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ: Այս եռանկյունին այն ռազմավարական ուղղությունն է, որը կարող է տարածաշրջանին բերել կայունություն եւ տնտեսական համագործակցություն: Պարզ է, որ երեք գործընկերներն էլ պետք է այս տարածաշրջան մտնեն իրենց շահերով եւ պաշտպանեն դրանք միայն նորմալ միջոցներով: Սա հենց նշանակում է, որ նրանցից ոչ մեկը չպետք է մյուսին արտաքսելու նպատակ ունենա: Ես այսպիսի քաղաքականություն էի վարում եւ չեմ կարծում, թե այն այլընտրանք ունի:

- Դուք կարծես թե տարանջատում եք Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը: Ինչո՞վ եք բացատրում Վրաստանի համար արտաքին քաղաքական համագործակցության նման առաջնահերթությունը, եւ Ռուսաստանի հետ ինչպիսի՞ համագործակցություն է թույլատրելի Վրաստանի համար:

- Ես ոչ մի առաջնահերթություն չեմ դնում, բայց շեշտում եմ, որ Շեւարդնաձեի քաղաքականության մեջ եվրոպական ուղղությունը չէր մտնում: Նրա քաղաքականությունը հանգում էր Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դասական խուսանավմանը: Վրաստանի նոր քաղաքականությունը որոշակիորեն նոր է, արտահայտվում է երրորդ մասնակցի ներմուծումով, ինչը առճակատման հարաբերությունները տեղափոխում է երեք գործընկերների կոոպերատիվ համագործակցության հարթություն: Այս դիրքորոշումը տարածաշրջանը «Zero sum game» վիճակից հասցնում է «Win-Win» գործընթացին:

- Վերջերս գրեթե բոլորը խոսում են Ձեր մասին՝ իբրեւ մի գործչի, որը բոլորի համար անսպասելիորեն հայտնվեց «ձիու վրա»: Որպես ի պաշտոնե ոչ հրապարակային գործիչ, ինչո՞ւ, այնուամենայնիվ, որոշեցիք զբաղվել ակտիվ քաղաքականությամբ եւ նույնիսկ հայտարարեցիք, թե պատրաստ եք գլխավորել Վրաստանի ընդդիմությունը: Թույլ կտա՞ն, արդյոք, Վրաստանի տարաբնույթ ընդդիմադիր ուժերն իրենց առաջնորդելու:

- Ես չեմ հայտարարել, թե որոշել եմ գլխավորել ընդդիմությանը: Այսօր ես այլ խնդիր ունեմ' ստեղծել քաղաքական մի ուժ, որը, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկրում, կվերահսկի իշխանություններին եւ կստիպի հաշվի նստել ընտրողների կարծիքների հետ:

- Այս օրերին Սահակաշվիլին հայտարարեց, թե նախորդ տարիների համեմատ Վրաստանում բյուրոկրատիան շատացել է: Պետք է ենթադրել, որ նա դժգոհ է իր վարչական ապարատից ընդհանրապես, այլ ոչ թե միայն ԱԳՆ-ի աշխատանքից՝ Ձեր ղեկավարությամբ: Կարծո՞ւմ եք, որ այս հայտարարությանը նոր կադրային փոփոխություններ էլ կհետեւեն:

- Իմ կարծիքով՝ գլխավորը կադրային փոփոխությունները չեն: Վրաստանի իրական խնդիրն այսօր այն է, որ իշխանությունները հեռացել են հասարակությունից, որ (քաղաքական - Լ.Բ.) մեծամասնությունը իրեն իրավունք է վերապահում ընդունել կամայական որոշումներ, առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու: Ինչպես երեւում է (ելնելով նախագահի խոսքերից)՝ իշխանությունները նույնպես զգում են, որ խնդիրը կա, բայց ճիշտ չի բնութագրում այն կամ էլ չի ուզում ընդունել գոյություն ունեցող իրականությունը:


Լուս.`' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter