HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրում են, չեն սիրում, սիրում են, չեն սիրում...

«Ես չգիտեի, որ հոգու խորքում ինձ այդքան շատ են սիրում»,-Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ նոյեմբերի 3-ին կայացած հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախագահի հայտարարությանը հետեւեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի պատասխանը. «Հայաստանում տղամարդիկ իրար չեն սիրում: Դա մեզ մոտ ուղղակի ընդունված չէ»:

Որքան էլ տարօրինակ է, սիրո մասին այս դատողությունները վերաբերում են սահմանադրական փոփոխություններին:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսված է նոյեմբերի 28-ին: Փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 1/3-ի ձայները: Այս հարցում ամենակարեւոր նախապայմանը ընտրողների իրազեկումն է: Բայց քաղաքական ուժերը սահմանադրական փոփոխությունների առավելություններն ու թերությունները պարզաբանելու փոխարեն դատողություններ են անում իշխանություններին, տվյալ դեպքում' Ռոբերտ Քոչարյանին սիրել-չսիրելու վերաբերյալ:

Օրինակ' այս տրամաբանությամբ է առաջնորդվում նաեւ ՀՀՇ-ն: Հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ' ՀՀՇ-ն հրաժարվեց ներքաշվել սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկումների մեջ եւ բավարարվեց ասելով. «Այս իշխանությունները բարոյական իրավունք չունեն մոտ գնալ Սահմանադրությանը»: Ըստ Արա Սահակյանի' իշխանություններն այնքան ապաշնորհ ու տգետ են, որ ունակ չեն ընդունել Սահմանադրություն կամ փոփոխություններ կատարել. «Նրանց թելադրում են արտաքին ուժերը»:

Փոփոխություններին դեմ արտահայտվող մյուս ուժերն այնքան էլ չեն հեռանում ՀՀՇ-ի բերած «փաստարկից», սակայն փորձում են որոշակի բացատրություններ տալ: ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը մտադիր չէ մասնակցել հանրաքվեին: «Գնալ հանրաքվեի' դա կլինի ներքաշվել իշխանության խաղի մեջ»: Պարոն Մանուկյանը հասարակությանը խորհուրդ չի տալիս նույնիսկ «ոչ» ասել փոփոխություններին: «Ճիշտ է բոյկոտելը: «Ոչ» ասել, նշանակում է կարծիք հայտնել փաստաթղթի վերաբերյալ: Բոյկոտը վերահսկելն ավելի հեշտ է, քան կեղծիքները»,-գտնում է նա: Հանրաքվեի արդյունքների կեղծման դեպքում, իսկ Վազգեն Մանուկյանը չի կասկածում, որ այն կեղծելու են, ԱԺՄ առաջնորդն առաջարկում է. «Ամենահավանական եւ սարսափելի տարբերակն այն է, որ կեղծիքներ տեղի ունենան հօգուտ «այո»-ի: Կեղծիքների մեքենան գտնվում է «այո» ասողների ձեռքին, եւ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ նրանք առանց ամոթ զգալու դա միշտ էլ օգտագործում են իրենց ուզած արդյունքը ստանալու համար: Դա ժողովրդի համար կատաստրոֆա կլինի, կմեռնի նրանց վերջին հույսը: Կեղծիքների դեպքում պետք է ապստամբություն բարձրացնել»:

Վազգեն Մանուկյանի հետ համամիտ է Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության անդամ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը. «Ճիշտ չէ սահմանադրական գործընթաց ձեռնարկել մի փուլում, երբ թեժ պայքար է ընթանում նույն կոալիցիան կազմող ուժերի միջեւ, եւ բոլորը հասկանում են, որ Հայաստանի ապագա նախագահի պաշտոնի համար մրցակցությունն արդեն սկսված է»: Պարոն Սաֆարյանի կարծիքով' նման իրավիճակում միակ ելքը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բոյկոտելն է: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նույնպես կոչ արեց բոյկոտել հանրաքվեն' նշելով, որ այդ գործընթացը որեւէ օգուտ չի տա հայ ժողովրդին. «Իսկ իշխանությունները պատրաստ են ընդունել ցանկացած որոշում, որպեսզի հանրաքվեն հանկարծ հեղափոխական գործընթացի սկիզբ չդառնա եւ, բացի այդ, դուր գան արտասահմանին եւ լեգիտիմացնեն իրենց իշխանությունը»:

Միավորված աշխատանքային կուսացությունը (ՄԱԿ), որն իրեն համարում է կառուցողական կամ չափավոր ընդդիմություն, ԱԺ արտահերթ նստաշրջանի վերջին քվեարկությունից առաջ հայտարարեց, թե պնդում է որոշ սկզբունքային հարցերի լուծման անհրաժեշտությունը: «Սահմանադրության մակարդակով պետք է կարգավորվի պետական եւ հասարակական շահերից բխող սեփականության օտարման գործընթացը, երկքաղաքացիություն ունեցող անձանց ընտրական իրավունքը, հանրաքվեի նախաձեռնող պետք է ճանաչվի ոչ միայն ՀՀ նախագահը, ԱԺ-ն, այլեւ ժողովրդի որոշակի հատվածը' անհրաժեշտ քանակով ստորագրությունների առկայության դեպքում»,-ասված էր հայտարարության մեջ: Թեեւ ՄԱԿ-ի առաջարկները նախագծի հեղինակները հաշվի չառան, եւ Գուրգեն Արսենյանն այն որակեց «մի քայլ ետ' դեպի դիկտատուրա», այսօր ՄԱԿ-ը կոչ է անում «այո» ասել փոփոխություններին:

Փոփոխությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում է հայտնել նաեւ «Մարդու իրավունքներ-96» կուսակցությունը' կոչ անելով ժողովրդին զգոնություն ցուցաբերել. «Ուշադրություն դարձրեք, թե ովքեր են սահմանադրական փոփոխությունների հիմնավորման առաջամարտիկները. նրանք, ովքեր 2003թ.-ին թույլ են տվել բազմաթիվ խախտումներ, շարունակում են խախտել երկրի սահմանադրական կարգը կամ իրենց լռությամբ աջակցում են այդ օրինախախտներին»: Ավելի կտրուկ է Կոմունիստական կուսակցության տեսակետը: Կոմկուսի անդամ Ռուբեն Թորոսյանը վստահ է, որ ժողովուրդը «ոչ» է ասելու հանրաքվեին: Ընկեր Թորոսյանի կարծիքով' Սահմանադրության հոդվածները «կռիվ են տալիս իրար դեմ»: «Մարդուն զրկել են զուգարանի իրավունքից սկսած' ընտրական իրավունքով վերջացած: Գրել են' մարդը սեփականության իրավունք ունի, բա ի՞նչ են ջարդելով դուրս շպրտում, ինչու՞ դատական մարմիններն օբյեկտիվ որոշումներ չեն կայացնում, որովհետեւ այն ժամանակ դատավորներին ընտրում էին, իսկ հիմա' նշանակում: Ով նշանակի, նրա պատվերն էլ պիտի կատարեն»,-ասաց ընկեր Թորոսյանը:

Ի տարբերություն Կոմկուսի, փոփոխությունների նախագծով ոգեւորված է Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը (ՀԺԱՄ): «Դեռեւս 1995թ.-ի Սահմանադրության ընդունման պահից ՀԺԱՄ-ը հայտարարել է, որ խորհրդարանական կառավարման կողմնակից է: Նախագծում բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել կառավարման համակարգում: Մենք բավականին լուրջ տեղաշարժ ենք տեսնում դեպի պառլամենտական համակարգը: Փոփոխությունները դեռ կշարունակվեն, եւ այդ գործընթացը չի ավարտվի նոյեմբերի 28-ի հանրաքվեով»,-գտնում է ՀԺԱՄ-ի առաջնորդ Սեյրան Ավագյանը:

«Գթություն» միության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանի կարծիքով' ոչ ոք ուշադրություն չի դարձնում նախագծի ամենավտանգավոր դրույթի վրա: Ըստ նրա' նախագծին կարելի է «ոչ» ասել միայն նրա համար, որ այն խթանում է համասեռամոլությունը: «Նախագծում նշված չէ, որ ամուսնանալ կարող են միայն հակառակ սեռի անձինք»,-պարզաբանեց պարոն Ստամբոլցյանը:

Սահմանադրական փոփոխությունների հարցում ամենալավատեսը, բնականաբար, կոալիցիոն ուժերն են: Նրանք գտնում են, որ փոփոխությունները նախադրյալներ են ստեղծում դատական համակարգն անկախության ընդունելի աստիճանի հասցնելու համար: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող ( ՀՀԿ ) ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ասում է. «Իրականում ողջամիտ մարդու համար այդ նախագծին դեմ լինելու որեւէ հիմք չկա: Դա է պատճառը, որ այս հարցում ընդդիմությունը չունի միասնական տեսակետ»: Պարոն Թորոսյանը գտնում է, որ միակ ողջամիտ փաստարկը ՀՀՇ-ն է ներկայացնում, որը հայտարարել է, թե իր համար ավելի նախընտրելի է իր ժամանակվա ընդունած Սահմանադրությունը: «Ի վերջո, ընդդիմադիրները պետք է պատասխան տան մի հարցի' իրենք ընտրում են գործո՞ղ Սահմանադրությունը, թե՞ բարեփոխված, քանի որ, ակնհայտորեն դեմ հանդես գալով նախագծին, ընտրում են գործողը»,-ասաց ԱԺ փոխխոսնակը: Տիգրան Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների հետ է կապում նաեւ ԼՂ հիմնախնդրի հայանպաստ կարգավորումը:

Նրա տեսակետն ամբողջությամբ կիսում է ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը. «Եվ այստեղ է, որ մենք պետք է շատ լավ հասկանանք, որ գոնե հենց այս փաստարկը հաշվի առնելով' սահմանադրական փոփոխությունների հարցը դուրս հանենք ընդդիմություն-իշխանություն առճակատման դաշտից»: Նույն տեսակետն իր հայտարարություններում զարգացնում է ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանը. «ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է, որ Հայաստանը ժողովրդավար լինի: Որոշ դեպքերում համաշխարհային հանրությունը հակվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքին, երբ կառավարման ժողովրդավարական ձեւերը բախվում են ավտորիտար ռեժիմներին»: Այս պատճառաբանությանբ պարոն Հովհաննիսյանը հայ ժողովրդին կոչ է անում «կողմ» քվեարկել հանրաքվեին: Ժամանակ առ ժամանակ ՀՅԴ-ն նաեւ ակնարկում է, որ փոփոխությունների նախագիծը կատարյալ չէ, եւ գտնում է, որ հանրաքվեն կարելի էր նաեւ հետաձգել: Այս հարցում հստակ է «Հզոր Հայրենիք» կուսակցության տեսակետը. «Մենք կարծում ենք, որ Սահմանադրությունը մեկ օրվա փաստաթուղթ չէ, եւ նրանից է կախված մեր պետության եւ ազգի հետագա ճակատագիրը: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք հետաձգել հանրաքվեն, որի ընթացքում հնարավոր կլինի նախագիծը ներկայացնել հանրությանը, հասարակության առողջ ուժերի ներքո իշխանության եւ ընդդիմության միջեւ ձեւավորել առողջ մթնոլորտ, բարեփոխել անվստահության մթնոլորտ առաջացնող ընտրական համակարգը, ձեւավորել հասարակական համաձայնություն եւ դրանից հետո հանրաքվե անցկացնել»: Կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր»-ը ամենաակտիվն է «այո» քարոզելու հարցում: Կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանին է վստահվել Սահմանադրական հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համակարգող խորհրդի նախագահի պաշտոնը: Այս օրերին պարոն Շահգելդյանը գերադասում է չպատասխանել լրագրողների հարցերին: Նա միայն պարբերաբար հայտարարում է. «Ամեն ինչ ընթանում է ժողովրդավարության շրջանակներում»: Պարոն Շահգելդյանի ղեկավարած խորհրդում ընդգրկված են «այո»-ի կողմնակից 24 քաղաքական ուժեր:

Ընդդիմադիր ուժերը հիմնականում համախմբված են «17+ 1»-ի կազմում, սակայն դա էլ թույլ չի տալիս ասել, որ ընդդիմությունը միասնական է հանրաքվեն բոյկոտելու կամ «ոչ» ասելու հարցում: Թեեւ ՀԺԿ-ն ստորագրել է «17+1»-ի հայտարարության տակ, սակայն Ստեփան Դեմիրճյանը հայտարարել է, որ փոփոխությունների քարոզարշավին «Արդարությունը» մասնակցելու է իր մշակած ծրագրով եւ առնչություն չունի «17+ 1»-ի գործողությունների համակարգման եւ կազմակերպման հետ: «Ոչ» ասելով նախագծին' պարոն Դեմիրճյանը չի հերքում, որ այն նաեւ դրական դրույթներ է պարունակում. «Ինչը լավ է, ընդունվել է ընդդիմության պահանջով: Կեղծիքների դեմ պայքարը բոլորիս գործն է: Եթե «ոչ» ենք ասում, «ոչ» ենք ասում ոչ թե եվրաինտեգրմանը, այլ տարբեր հանցագործություններ կատարած ապօրինի վարչակազմին»: ՀԺԿ-ն շարունակում է պնդել, որ իշխանությունները լեգիտիմ չեն եւ չպետք է սահմանադրական փոփոխություններ իրականացնեն: «Չենք սիրում Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նա չընտրված թեկնածու է: Պետք է գնալ հանրաքվեի, որպեսզի ձեր ձայները չկեղծեն: Մեր «ոչ»-ը պետք է լինի ակտիվ մասնակցությամբ»,-ասաց ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նույնպես «ոչ» է ասում փոփոխություններին: Նա նաեւ վստահ է, որ այս հարցում ընդդիմությունը միավորվելու է. «Ընդդիմության գործողությունները հստակ են. յուրաքանչյուր կուսակցություն մարզերում քարոզարշավ անցկացնելուց հետո վերադառնալու է քաղաք, եւ ակնհայտ է, որ վերջնական հանրահավաքում, որը տեղի է ունենալու Թատերական հրապարակում կամ Մատենադարանի մոտ, բոլոր «ոչ» ասողները հանդես են գալու միասնաբար: Եվ բնավ պետք չէ բացառել, որ միասնական այդ հանրահավաքը կարող է ունենալ կրիտիկական լուրջ զանգված: Այնպես որ, ընդդիմության միավորումը, անկախ գաղափարական բեւեռներից, անխուսափելի է»: Չնայած պարոն Սարգսյանի այս հայտարարությանը' քարոզչության հարցում «Արդարություն» դաշինքում միակարծիք չեն: Եթե դաշինքի մի մասը քարոզում է «ոչ» ասել կամ բոյկոտել փոփոխությունները, ապա Շավարշ Քոչարյանը գերադասում է ակտիվ «ոչ» չքարոզել. «Ինչու՞ Ռոբերտ Քոչարյանին լրացուցիչ հնարավորություն տալ հանրաքվեի տապալումն ընդդիմության վրա բարդելու համար: Ինձ համար ակնհայտ է ժողովրդի «ոչ»-ը, որ հենց իրենց' իշխանությանն ուղղված «ոչ» է եւ ցույց է տալիս նրանց մեղքի բաժինը: Եթե «ոչ» քարոզես, դրանով կթեթեւացնես նրանց մեղքի բաժինը, քանի որ կստացվի, որ «ոչ» ասացին ոչ թե իշխանությանը, այլ' հետեւելով ընդդիմության կոչին»:

Իրենց ընդդիմադիր կամ իշխանամետ համարող ուժերին հնարավոր չէ դասակարգել' «այո» կամ «ոչ» քարոզող խմբերում հայտնվելով: Օրինակ' իրեն ամենից ընդդիմադիր համարող ԱԻՄ-ը հայտնվել է «այո» քարոզողների շարքում: «Մենք «այո» ենք ասում փոփոխություններին ոչ այն պատճառով, որ այն կարծիքին ենք, թե իշխանությունները լավն են: Այս նախագիծն առաջընթաց է ապահովում եւ իշխանություններինը չէ»:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի առաջին ընթերցումից հետո նախագծի մշակման աշխատանքներում ընդգրկված «Ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը նույնպես փաստում է, որ նախագիծն առաջընթաց է գործողի համաձայն, սակայն պարունակում է մի շարք բացասական դրույթներ: Նրա «այո»-ն կամ «ոչ»-ը պայմանավորված է այն հանգամանքով, թե հանրաքվեի ընթացքում իշխանություններն ինչպիսի քաղաքականություն կվարեն: «Ես պատրաստվում եմ «այո» ասել, եթե իշխանությունները հավասար պայմաններ ստեղծեն փոփոխություններին եւ՛ «այո», եւ՛ «ոչ» ասողների համար: Հակառակ դեպքում կասեմ «ոչ»: Ես չեմ պատրաստվում աջակցել կեղծարարներին»,-ասաց նա: Վարդան Պողոսյանը վստահ է. «Իրականում փոփոխությունների այս նախագիծն իշխանությունների սրտով չէ: Պատճառն այն է, որ ԵԽ-ն այս անգամ ավելի վճռական գտնվեց իշխանությունների նկատմամբ, իսկ ընդդիմությունը կորցրեց իր շանսը: Ընդդիմությունն առաջնորդվեց այն կանխավարկածով, որ ավելի լավ է ունենալ վատ Սահմանադրություն, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ քննադատել իշխանություններին»: Պարոն Պողոսյանը հիշեցրեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ նշել էր, որ ՀՀ իշխանությունները պետք է հաշվի առնեն իրենց ներկայացված առաջարկությունները, որոնք համապատասխանում են ընդդիմության պահանջներին: Սահմանադրագետի կարծիքով' ընդդիմությունը պետք է վերադառնար ԱԺ եւ պաշտոնապես ներկայացներ իր առաջարկները: Վարդան Պողոսյանը չի կիսում այն տեսակետը, որ եթե ժողովուրդը «ոչ» ասի հանրաքվեին, ապա դրանով ամեն ինչ կվերջանա: Նա կարծում է, որ «ոչ»-ի դեպքում մինչեւ 2008թ.-ը տեսականորեն կարող ենք ունենալ փոփոխությունների ավելի լավ նախագիծ, իսկ փոփոխություններն ընդունվելու դեպքում այդ մասին երկար ժամանակ կմոռանան:

Քաղաքական ուժերի նման խայտաբղետ քարոզարշավի պայմաններում «այո»-ի եւ «ոչ»-ի հարցում իսկապես դժվար է կողմնորոշվել: Ընտրողներին մնում է մի տարբերակ' նախքան հանրաքվեի գնալը անձամբ ծանոթանալ փոփոխությունների նախագծին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter