HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկքաղաքացիությունը կհամախմբի՞ համայն հայությանը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի»: Սա գործող Սահմանադրության 14-րդ հոդվածի 2 -րդ մասն է, որը միանշանակ մերժում է երկքաղաքացիությունը:

Նորանկախ Հայաստանում երկքաղաքացիության հարցը մշտապես եղել է քաղաքական օրակարգում: Բերվել են թե՛ դեմ, եւ թե՛ կողմ բազմաթիվ փաստարկներ: Որպես կողմ փաստարկ նշվում է մեծ սփյուռք ունենալը, հայ ժողովրդի առավել մեծ զանգվածին Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին մասնակից դարձնելու անհրաժեշտությունը, ներդրումների ծավալների ավելացումը եւ այլն: Երկքաղաքացիությանը դեմ արտահայտվողները նշում են այլ պետությունների եւ նրանց քաղաքացիների' Հայաստանի քաղաքական կյանքին մասնակից դարձնելու, մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա ազդելու անթույլատրելիությունը եւ այլն: Երկքաղաքացիության դեմ եւ կողմ արտահայտվողներն ընդհանուր եզրահանգման չեն եկել նաեւ Սահմանադրական փոփոխությունների նախագծում: Թեեւ փոփոխությունների նախագծից հանվել է գործող Սահմանադրության երկքաղաքացիությունն արգելող դրույթը, սակայն Սահմանադրության մակարդակով չեն ամրագրվել երկքաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները: Նախագծի' երկքաղաքացիությանը վերաբերող միակ դրույթում' 30.1 հոդվածի 4-րդ մասում, նշված է. «Երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են օրենքով»։

Այս դրույթը լիովին բավարարում է «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը ( ՀՅԴ ) : Ինչպես ՀՅԴ անդամներն են ասում, իրենց մեծ դժվարությամբ է հաջողվել կոալիցիայի անդամներին համոզել երկքաղաքացիությունն արգելող դրույթից հրաժարվել: ՀՅԴ-ն այնպես վստահ է, որ սահմանադրական փոփոխությունները կյանքի կկոչվեն, որ արդեն աշխատում է երկքաղաքացիության մասին օրենքի վրա: «Երկքաղաքացիության մասին օրենքը 70-80 տոկոսով պատրաստ է»,- տեղեկացրեց ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը: Պարոն Ռուստամյանը չի հերքում, որ երկքաղաքացիության ընդունումը խնդիրներ է առաջ քաշելու. «Դա նշանակում է, որ պետք է մտածեն, գլուխները պետք է ցավա, որպեսզի երկքաղաքացիության միջոցով մեծացնենք մեր մարդուժը: Ժամանակին գլխացավից խուսափելու համար վերցրել ու գլուխն են կտրել: Աշխարհում ընդամենը 9 միլիոն ենք եւ չենք կարող մեզ շռայլություններ թույլ տալ: Մարդուժից է կախված երկրի հզորությունը: Եթե մեկը լուրջ պարտավորություններ է իրականացնում իր երկրի նկատմամբ, ապա նույն վերաբերմունքին պետք է արժանանա նաեւ պետության կողմից»: Պարոն Ռուստամյանի կարծիքով' երկքաղաքացիությունը շնորհ է, որը յուրաքանչյուր ոք պետք է վաստակի: «Նա, ով պետք է երկքաղաքացիություն ստանա, պետք է ապացուցի իր նվիրվածությունը պետությանը»,-ասաց նա: Իսկ ինչպե՞ս. ՀՅԴ-ն դեռ մտածում է: Պարոն Ռուստամյանը չի բացառում, որ երկքաղաքացիությունը կարող է ամրագրվել եւ բացվել «Քաղաքացիության մասին» օրենքում: Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ երկքաղաքացիություն կա աշխարհի բազմաթիվ երկրներում: «Այսօր մենք մտածում ենք սփյուռքի հայերին քաղաքացիություն տալու մասին, սակայն անտեսում ենք, որ ամեն տարի հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ հրաժարվում են իրենց քաղաքացիությունից: ՀՀ-ից արտագաղթած քաղաքացին լիարժեք աշխատանք ունենալու համար պետք է հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից: Խնդիրներ ունեն նաեւ արտագաղթածների երեխաները, այն պարզ պատճառով, որ չի կարող համատեղվել քաղաքացիություն շնորհելու' արյան եւ հողի սկզբունքը»,-նշեց նա:

Մեր օրենսդրությամբ որդեգրվել է քաղաքացիություն շնորհելու արյան սկզբունքը: Այսինքն' եթե երեխայի ծնողները ՀՀ քաղաքացիներ են, ապա նա ինքնըստինքյան դառնում է ՀՀ քաղաքացի: Իրավիճակը բարդանում է, երբ ՀՀ քաղաքացու երեխան ծնվում է այնպիսի երկրում, որտեղ գործում է հողի սկզբունքը: «Ի՞նչ անի այդ երեխան: Մեջտեղից պատռվի՞»,-ասաց Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ անդամ Լեւոն Մկրտչյանը գտնում է, որ երկքաղաքացիության սկզբունքը 1995թ.-ի Սահմանադրությամբ չամրագրելը մեզ զրկել է համահայկական էներգիայի կուտակման հնարավորությունից: Նրա կարծիքով' «Երկքաղաքացիության մասին» օրենքը պետք է հստակ պատասխանի մի քանի հարցերի' որո՞նք են երկքաղաքացիների իրավունքներն ու պարտավորությունները, երկքաղաքացիություն կշնորհվի միայն հայազգի՞ քաղաքացիներին, թե՞ ՀՀ բոլոր քաղացաքացիներին, երկքաղաքացիությու՞ն, թե՞ բազմաքաղաքացիություն: «Եթե մարդը, կոնկրետ օրենսդրության պահանջներին համարժեք, ունի նստակեցության ցենզ, վճարում է հարկեր, հայրենիքի հանդեպ կատարել է իր պարտականությունները, ծառայել է բանակում, ինչու՞ նա չպետք է ունենա ընտրելու կամ ընտրվելու իրավունք»,-ասում է Լեւոն Մկրտչյանը: Որքան էլ պարոն Մկրտչյանը ողջունում է երկքաղաքացիությունը, սակայն այն կարծիքին է, որ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, պետության առաջին դեմքերի, այդ թվում' նախարարների վրա պետք է տարածվի երկքաղաքացիության արգելքը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ, խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Գալուստ Սահակյանը երկքաղաքացիությանը խորհրդանշական իմաստ է տալիս. «Փոփոխությունների նախագծում երկքաղաքացիության արգելքի վերացումը քաղաքական փոխզիջման արդյունք էր: Երկար մտածելուց եւ քննարկելուց հետո կոալիցիան ընդունեց ՀՅԴ-ի առաջարկը: Եթե նույնիսկ օրենքով ամրագրվի, որ երկքաղաքացիներն ունեն ընտրելու կամ ընտրվելու իրավունք, ապա դա չի գործի: Երկքաղաքացիությունն ավելի շատ կապված է մեր ազգային խնդիրների, եւ ոչ թե իրավական նորմերի հետ: Եթե ԱՄՆ քաղաքացին երկքաղաքացիություն ստանա, ԱՄՆ-ն թույլ չի տա, որ նա մասնակցի ՀՀ ընտրություններին կամ ծառայի հայկական բանակում»: Պարոն Սահակյանը գտնում է, որ աշխարհի փորձը ցույց է տվել, որ երկքաղաքացիությունը չի արդարացվում: Նա չի կիսում այն տեսակետը, թե երկքաղաքացիներին ընտրելու իրավունք տալով' ՀՀ նախագահի ընտրության վրա կարող են վճռական ազդեցություն ունենալ այլ պետությունները. «Դա ոչ գրագետ քաղաքական բանաձեւ է ու ավելի շատ տաֆտալոգիա է: Խնդիրը վերաբերում է տնտեսական գործընթացներին: Այսինքն' Բուշը կարո՞ղ է գալ Հայաստան եւ ՀՀ նախագահ ընտրվել: Եթե այդքան սնանկ մտածողություն ունենանք, հեռանանք ազգային արժեքներից, ապա ամեն ինչ էլ կարող է պատահել»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով' այս պայմաններում սահմանադրական փոփոխություններն անընդունելի են: Ինչ վերաբերում է երկքաղաքացիության ինստիտուտի որդեգրմանը, ապա այն առանձնապես չի անդրադառնա երկրի տնտեսության զարգացման վրա: «Քանի դեռ դաշտն առողջ չէ, երկքաղաքացիությունը չի կարող նպաստել ներդրումների ծավալի, հարկերի վճարման ավելացմանը: Այն սփյուռքահայերը, ովքեր Հայաստանում տնտեսական գործունեություն են ծավալում, չեն սպասում երկքաղաքացիության ընդունմանը: Տնտեսության զարգացմանը կարող է նպաստել վստահության մթնոլորտի ձեւավորումը եւ հայաստանաբնակ եւ արտերկրի հայերի համար հավասար մրցակցային պայմանների ստեղծումը»: Թաթուլ Մանասերյանի կարծիքով' երկքաղաքացիության կարիք առաջին հերթին ունեն այն հայերը, որոնք վերջին տարիներին արտագաղթել են Հայաստանից եւ չեն կարող իրենց կապերը խզել երկրի հետ: «Այսօրվա իշխանությունը նախ Հայաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու խնդիր ունի: Միայն դրանից հետո իշխանությունները կարող են վստահություն ներշնչել, որ ի վիճակի են պաշտպանել նաեւ այլ քաղաքացիների շահերը»: Այդուհանդերձ, երկքաղաքացիության սկզբունքի որդեգրման դեպքում տնտեսագետ Մանասերյանը մեծ վտանգ է տեսնում. «Ոչ բոլորը բարի եւ անկեղծ նպատակներով կուզենան ստանալ ՀՀ քաղաքացիություն: Իսկապես պետք է հաշվի առնել այն անձի մտավոր կարողությունները, նպատակները, Հայաստանի Հանրապետությանը ծառայելու պատրաստակամությունը, որը ցանկանում է ՀՀ քաղաքացիություն ստանալ: Ոչ ոք չի կարող բացառել, որ այդ հանգամանքից կօգտվեն ազգությամբ հայ գործակալները»:

Եթե մյուս քաղաքական ուժերը երկքաղաքացիությունն ընդունում են մասամբ կամ որոշ վերապահումներով, ապա ՀՀՇ-ն կտրականապես դեմ է:

ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանի կարծիքով' երկքաղաքացիության ընդունման դեպքում Հայաստանին ամենամեծ վտանգը սպառնում է ՌԴ-ից: «Երկքաղաքացիությունն ընդունելի է բոլոր եվրոպական երկրներում, եւ այդ դրույթը սահմանվում է միջպետական պայմանագրով: ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ այդ պայմանագիրը կկնքվի շուտափույթ, քանի որ այն առաջին հերթին բխում է Ռուսաստանի շահերից: Սահմանադրական փոփոխություններն ընդունվելուց հետո ՌԴ-ում Հայաստանի ու ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատները կսկսեն անձնագրեր բաժանել: Դրա արդյունքում Ռուսաստանի առնվազն 2,5 միլիոն քաղաքացի, մասնակցելով Հայաստանի ընտրություններին, կկատարեն Ռուսաստանի պատվերը: Ըստ էության' մեր պետությունը վերանալու է»: Ըստ Դավիթ Շահնազարյանի' պետության նախապայմանն այն է, երբ այդ պետության քաղաքացիներն իրենք են ձեւավորում իրենց իշխանությունը: «Սփյուռքահայերն ավելի ակտիվ են մասնակցում ընտրություններին, քան Հայաստանի քաղաքացիները: Իսկ Ռուսաստանում մենք գիտենք, թե ինչպես են անցնում ընտրությունները: Այնտեղ ազատ, արդար ընտրություններ չկան»,-նշեց պարոն Շահնազարյանը: Նա նաեւ վստահ է, որ Հայաստանի ընտրությունների ընթացքում ՌԴ-ում ավելի շատ ընտրատեղամասեր կստեղծվեն, քան Հայաստանում:

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, վկայակոչելով միջազգային փորձը, նշեց. «Միջազգային փորձը եւս վկայում է, որ պետությունների մեծամասնությունը բացասական դիրքորոշում ունեն երկքաղաքացիության ինստիտուտի նկատմամբ: Այդ դիրքորոշումը պայմանավորված է երկքաղաքացիություն ունեցող անձանց համար ստեղծվող բարդություններով: Երկքաղաքացիություն ունեցող անձինք իրավական կախվածության մեջ են գտնվում միաժամանակ տարբեր պետություններից եւ երբեմն ստիպված պետք է լինեն կատարել այդ կախվածությունից բխող, սակայն իրար բացառող տարբեր պարտականություններ' զինվորական ծառայություն, հարկերի վճարում, հանրային ընտրովի պաշտոնների զբաղեցում եւ այլն»:

Պետություններից շատերը պայմանագրեր են կնքում ոչ թե երկքաղաքացիության կիրառման, այլ երկքաղաքացիության դեպքերի կանխման վերաբերյալ, որով երկքաղաքացիություն ունեցող անձանց պարտադրվում է ընտրել երկրներից մեկի քաղաքացիությունը: Պետությունների մեծամասնությունն իր քաղաքացիների առնչությամբ չի ճանաչում ոչ մի իրավունք, որը բխում է այլ պետության քաղաքացիությունից:

Երկքաղաքացու որեւէ իրավունք Սահմանադրության նախագծում սահմանված չէ, դրանք պետք է ամրագրվեն օրենքով: Սահմանադրության փոփոխությունների նախագիծը որեւէ հստակություն չի մտցրել նաեւ երկքաղաքացիների քաղաքական իրավունքների հարցում: Վարդան Պողոսյանը տեսականորեն չի բացառում, որ առաջիկա տարիներին երկքաղաքացիների թիվը գերազանցի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց թվին, եւ երկքաղաքացիներն ունենան նաեւ ընտրական իրավունք, եթե նույնիսկ երբեւէ ապրած չլինեն Հայաստանում, եւ այդ ընտրողների ձայները կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա:

Երկքաղաքացիության հնարավոր բացասական հետեւանքներից խուսափելու համար, սահմանադրագետի կարծիքով, անհրաժեշտ էր Սահմանադրությամբ ամրագրել. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զատ այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց՝ Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի եւ հանրային մի շարք այլ պաշտոններում ընտրվելու եւ նշանակվելու արգելքը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զատ այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց ընտրելու իրավունքի համար, որպես նախապայման, սահմանել ընտրություններից որոշակի ժամանակ առաջ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվելու պահանջ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter