HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցների համար չկան հավասար պայմաններ

Ընդամենը մի քանի օրից' նոյեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է «այո» կամ «ոչ» ասեն երկրի գլխավոր փաստաթղթում' Սահմանադրությունում կատարված փոփոխությունների նախագծին: Սա Հայաստանում իրականացվող սահմանադրական փոփոխությունների երկրորդ փորձն է: Փոփոխությունների առաջին գործընթացը ձախողվեց 2003թ.-ին: «Գործընթացը երկրորդ անգամ տապալվելու դեպքում Հայաստանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ ԵԽ-ի հետ»,-սա այն հիմնական կարգախոսներից մեկն է, որն օգտագործում են իշխանության ներկայացուցիչները եւ ժողովրդին կոչ անում «այո» ասել փոփոխություններին: «Ոչ» քարոզողները վստահեցնում են, որ փոփոխությունները չանցնելու դեպքում ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, քանի որ դա կլինի ժողովրդի կամքի արտահայտությունը:

Ի՞նչ են մտածում սովորական քաղաքացիները. ներկայացնենք մեր հարցման մասնակիցների կարծիքները: Հարցման արդյունքները վկայում են, որ մեր քաղաքացիներն այնքան էլ ոգեւորված չեն փոփոխություններով:

Վարդան Խաչատրյան-23 տ., օպերատոր. «Հանրաքվեի չեմ գնալու, ժամանակ չունեմ անիմաստ բաներով զբաղվելու համար: Նախագծին էլ չեմ ծանոթացել նույն պատճառով: Ցանկություն չունեմ մասնակցելու քաղաքական որեւէ միջոցառման: Ամեն ինչ անիմաստ է: Ես դեմ եմ իշխանություններին եւ նրանց ցանկացած նախաձեռնության, սակայն ընդդիմությունն էլ ցույց տվեց, որ ի վիճակի չէ տեր կանգնել մեր ձայներին: Նման իրավիճակում իմաստ ունի՞ գնալ հանրաքվեի»:

Ռուզաննա Սարգսյան-39 տ., մանկավարժ. «Ծանոթ չեմ սահմանադրական փոփոխությունների նախագծին եւ չեմ պատրաստվում գնալ հանրաքվեի: Ես այս իշխանություններին չեմ վստահում: Բոլոր օրենքներն էլ, այդ թվում' Սահմանադրությունը, գրվում են իշխանությունների համար: Այնպես որ, հանրաքվեին իմ մասնակցել-չմասնակցելուց բան չի փոխվի: Այսպես, թե այնպես, հանրաքվեն կեղծվելու է: Նախքան հանրաքվե անցկացնելը իշխանությունները թող մտածեն ժողովրդի վստահությունը վերականգնելու մասին»:

Որոշ ընտրողների զայրացնում են հատկապես քարոզարշավն ու սահմանադրական փոփոխություններին նվիրված հեռուստահաղորդումները. «Սահմանադրական փոփոխություններն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում: Ես որեւէ հարցում այս իշխանություններին չեմ վստահում եւ դեմ եմ նրանց կողմից իրականացվող ցանկացած նախաձեռնություն: Ինչպիսի Սահմանադրություն էլ ընդունվի, այս վարչակարգի օրոք չի գործելու: Ինձ չի հետաքրքրում նաեւ իրականացվող քարոզարշավը: Բոլոր հեռուստաընկերություններն իշխանությունների խոսափողն են, նրանց լսել անգամ չեմ ուզում»,-ասում է 53-ամյա բուժաշխատող Շուշանիկ Մովսեսյանը:

Քարոզարշավից դժգոհողները հիմնականում նշում են, որ այն միակողմանի է, ճնշող եւ թույլ չի տալիս, որպեսզի մարդն ինքնուրույն որոշում կայացնի:

«Գնալու եմ հանրաքվեի եւ «ոչ» եմ ասելու: Ինձ համար պարզ չէ, թե այս նախագիծը որքանով կգործի: Վերջին տարիները ցույց տվեցին, որ մեր երկրում բոլորը թքած ունեն Սահմանադրության եւ օրենքների վրա: Փոփոխություններին ծանոթացել եմ ԶԼՄ-ից: Քարոզարշավն ընթանում է միակողմանի' «այո»-ի օգտին, եւ նողկանք է առաջացնում: «Ոչ» համեմատաբար ավելի ակտիվ քարոզում են մարզերում, սակայն միեւնույն է' չկա մի ամփոփիչ գրքույկ, որը մարդկանց օբյեկտիվ եւ հստակ ներկայացնի այս նախագծի թերություններն ու առավելությունները»,-բողոքում է 19-ամյա ուսանող Արթուր Ղազարյանը:

Ոմանք փոփոխություններին պատրաստվում են «այո» ասել միայն նրա համար, որ այն արժանացել է Եվրախորհրդի ( ԵԽ ) Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը. «Մանրամասն ծանոթ չեմ փոփոխություններին, սակայն գնալու եմ հանրաքվեի եւ «այո» եմ ասելու: Ես վստահում եմ ԵԽ-ին, եւ եթե նրանք ասում են, որ փոփոխություններն առաջընթաց են գործողի նկատմամբ, նշանակում է պետք է «այո» ասել: Հեռուստատեսությամբ էլ են բավականին լավ քարոզարշավ կազմակերպում: Եթե մենք իսկապես ուզում ենք ԵԽ-ի լիարժեք անդամ դառնալ, ապա պետք է կատարենք մեր ստանձնած պարտավորությունները եւ մի քայլով էլ մոտենանք նրանց»,- ասում է 29-ամյա մանկավարժ Նաիրա Սարգսյանը:

Որոշ լավատեսներ էլ պատրաստ են «այո» ասել սահմանադրական փոփոխություններին, սակայն իրենց քաղաքացիական պարտքը չեն կարող կատարել զուտ տեխնիկական պատճառներով. «Ես ծանոթ եմ փոփոխությունների նախագծին, սակայն հանրաքվեին չեմ մասնակցելու, քանի որ շատ հեռու եմ ապրում իմ ընտրատեղամասից: Փոփոխություններին ծանոթացել եմ իմ նախաձեռնությամբ, բայց ոչ խորությամբ: Ես շատ լավ ծանոթ եմ գործող Սահմանադրությանը, եւ փոփոխություններին թռուցիկ ծանոթանալն էլ ինձ համար բավարար էր' համոզվելու, որ այն առաջընթաց է գործողի նկատմամբ: Կարծում եմ, որ նախագծով իսկապես կրճատվել են նախագահի լիազորությունները, ընդլայնվել են ԱԺ-ի եւ կառավարության լիազորությունները, բարելավվել է նաեւ դատական համակարգը, մասնավորապես Արդարադատության խորհրդի ձեւավորումը»,-կարծում է 31-ամյա հաշվապահ Արթուր Մարտիրոսյանը:

Ընտրողների մի հատված, թեեւ առաջընթաց է տեսնում նախագծում, սակայն մտավախություն ունի, որ այն կարժանանա գործող Սահմանադրության ճակատագրին' կմնա իբրեւ թղթին հանձնված լավ ցանկություն. «Ծանոթ եմ թռուցիկ: Գիտեմ, որ փոփոխություններով մարդու իրավունքներն ավելի լավ են պաշտպանված: Ես չէի սպասում, որ քարոզչությունն այսքան լավ կարող էին կազմակերպել: Նույնիսկ հեռախոսահամար կա, որ կարելի է զանգահարել եւ համապատասխան տեղեկություններ ստանալ: Ես ուրախ եմ փոփոխությունների համար, սակայն ինձ մտահոգում է այն հանգամանքը, որ դրանք չեն գործի: Չեմ կարծում, որ մեզ Սահմանադրությունը փոխի: Առաջին հերթին մեր մտածողությունը, մենք պետք է փոխվենք»,-ասում է 32-ամյա կենսաբան Վարսենիկ Սարգսյանը:

Որոշ քաղաքացիներ չեն պատրաստվում մասնակցել հանրաքվեին' «խնայելով իրենց առողջությունը»: 45-ամյա Եկատերինա Դադիյանը, որը տնային տնտեսուհի է, ասում է. «Փոփոխություններին ծանոթ չեմ: Ես այնքան հիասթափված եմ այս երկրից, որ որեւէ մեկին չեմ հավատում: Նախքան փոփոխություններ իրականացնելը թող ժողովրդի վստահությունը վերականգնեն: Ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա ես դիտմամբ չեմ հետեւում: Առողջությունս չի ներում այդ հիմարությունները լսեմ: Մյուսներին էլ խորհուրդ եմ տալիս նույն կերպ վարվել»:

Թոշակառուների մեծ մասին հետաքրքրում է, թե այս փոփոխությունները կնպաստե՞ն իրենց թոշակների բարձրացմանը, թե՞ ոչ: 73-ամյա Սուրեն Սահակյանն ասաց. «Հայ-հայս գնացել է, վայ-վայս է մնացել: Ծանր տեղս ինչու՞ թեթեւացնեմ: Ոչ մի տեղ էլ չեմ գնա»:

Կան նաեւ մարդիկ, ում համար հանրաքվեի արդյունքները պարզ են ի սկզբանե:

Սաթենիկ Բատիկյան-51տ., կենսաբան. «Ծանոթ չեմ եւ չեմ էլ ուզում ծանոթանալ: Հանրաքվեի չեմ գնալու: Համոզված եմ, որ ինչպես բոլոր նախորդ ընտրությունները, այնպես էլ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կեղծվելու է: Ես հասկանում եմ, որ իմ ձայնը ոչինչ չի փոխելու, եւ կեղծարարություններին մասնակից դառնալու ցանկություն ամենեւին չունեմ»:

Անահիտ Փիլոսյան-21 տ., ուսանող. «Հանրաքվեի չեմ գնալու: Որքանով ծանոթացել եմ փոփոխություններին, դրանք իրականության մեջ չեն կարող զարգացում ապահովել: Եթե նույնիսկ այդ փոփոխություններն իսկապես բարեփոխում լինեին, ես վստահ չեմ, որ իմ ձայնը որեւէ կերպ կարող է ազդել հանրաքվեի արդյունքների վրա: Ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես նախատեսել են իշխանությունները: Ինձ նաեւ մտահոգում է այն հանգամանքը, որ հանրաքվեին չգնալու դեպքում իմ ձայնն ավելի հեշտ կլինի կեղծել, սակայն չեմ գնալու: Փոփոխություններին ծանոթացել եմ «Առավոտ» օրաթերթից: Քարոզչությունից շատ դժգոհ եմ: Այն հիմնականում կատարվում է «այո»-ի օգտին, եւ թույլ չեն տալիս, որ մարդն ինքնուրույն կողմնորոշվի: «Այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցների համար չկան հավասար պայմաններ»:

Ընտրողների բավականին մեծ մի զանգված փոփոխությունների «ոչ» է ասում միայն երկքաղաքացիության արգելքի վերացման պատճառով. «Փոփոխություններին մասամբ եմ ծանոթ: Հանրաքվեին անպայման մասնակցելու եմ, որպեսզի «ոչ» ասեմ: Միայն երկքաղաքացիության դրույթը բավական է, որ այս նախագծին «ոչ» ասեն: Սա ամենավտանգավոր դրույթն է, որի հետեւանքներին դեռ հետո ականատես կլինենք: Իմ կարծիքով' Սահմանադրության լավ կամ վատ լինելն էական չէ, միեւնույն է' իշխանություններն այն խախտելու են»,-համոզված է 60-ամյա ինժեներ Արշավիր Սիմոնյանը:

Սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս ավելի «գործնական» հարցեր են առաջ քաշում նրանք, ում համար միեւնույն է, թե ինչ փոփոխություններ են առաջարկվում: Օրինակ' Օպերայի տարածքում արեւածաղիկ վաճառող կանանցից մեկը, որը չցանկացավ հայտնել իր անունը, փորձեց պարզել. «Եթե էդ փոխեն, էլ ստեղ բան-ման չե՞նք ծախելու», իսկ նրա շուրջը պտտվող մուրացկաններից մեկն ավելացրեց. «Փող տուր, կասեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter