HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրում խանդոտ տղամարդը սեռաակտիվացման դեղով սատկացրել է կապիկին (տեսանյութ)

Արմավիրի կենդանաբուսաբանական այգին ամեն տարի՝ ապրիլի 1-ին, նշում էր այգու ամենասիրված կապիկի՝ Ջիմբոյի ծննդյան օրը: 2011թ. ապրիլի 1-ին ևս մեծ շուքով նշել են Ջիմբոյի ծնունդը և նրա պատվին տոնական տորթ թխել, սակայն հաջորդ օրը կապիկին հայտնաբերել են սատկած:

Ջիմբոյի ծննդյան օրը գազանանոց էր այցելել 3 ընտանիք: Ինչպես «Հետքին» պատմեց այգու տնօրեն Արմեն Թադևոսյանը, Ջիմբոն «ակտիվ տղամարդ» է եղել: Նրա ծննդյան օրը այցելուներից մի խանդոտ տղամարդ կենդանուն տվել է մեծ քանակությամբ սեռաակտիվացման դեղամիջոց, քանի որ կապիկը սիրահարված է եղել այդ տղամարդու կնոջը: Հենց այդ դեղն էլ Ջիմբոյի սատկելու պատճառ է եղել:

«Կարող եմ ասել, որ տղամարդու ու կնոջ կռվի պատճառ է եղել, և դեղը տվել է տղամարդը, որն իր կնոջ հետ եկել էր: Բոլորը սիրում էին Ջիմբոյին: Նա շատ էր սիրում գեղեցիկ աղջիկներին: Եղել են դեպքեր, երբ 15-20 աղջիկներ են եկել գազանանոց, նրանցից ընտրել է մեկին և սիրահարվել է: Ինչքան էլ մյուսները Ջիմբոյին տային իր սիրած ուտելիքները, նրանց ուշադրություն չէր դարձնում և զբաղվում էր իր «ընտրյալ» աղջկանով»,- պատմում է Արմեն Թադևոսյանը:

Ջիմբոն ամսվա ընթացքում սիրահարվել է առնվազն մեկ անգամ: Նա անհանգիստ շարժումներ է արել, երբ «սիրած» աղջիկն անհետացել է տեսադաշտից: «Բարձրանում էր վանդակի վերևի մասը, որպեսզի գտնի նրան: Աստված չաներ, ինչ-որ մի տղա փաթաթվեր այդ աղջկան, ամբողջ վանդակը քիչ էր մնում շուռ տար. այնպես էր ցնցում, ուժեղ ձայներ էր հանում, որ տղան բաց թողեր աղջկան»,- ավելացնում է այգու տնօրենը:

Արմեն Թադևոսյանի խոսքերով՝ եթե տարիներ անց իր սիրած աղջիկը նորից գազանանոց էր գալիս, Ջիմբոն նրան անմիջապես ճանաչում էր և նորից սկսում աղջկան իր ուշադրության կենտրոնում պահել:

Ջիմբոյին թաղել են հենց իր ճաղավանդակի հարևանությամբ: Իսկական թաղում են կազմակերպել, իսկ այս տարի կանգնեցվելու է նաև կապիկի արձանը:

Արմավիրի կենդանաբուսաբանական այգուն «Հետքը» մի քանի անգամ անդրադարձել է: Այստեղ կենդանիների ճաղավանդակների հարցը շատ լուրջ է, քանի որ մեծ վանդակներ պատրաստելու նյութերը շատ թանկ են, և կենդանիներին ստիպված տեղավորում են փոքր վանդակներում: Մեկ ճաղավանդակ կառուցելու համար կարող է պահանջվել 5-ից ավելի տարի:

Կենդանիների խնամքով զբաղվում է բացառապես Թադևոսյանների ընտանիքը՝ հայրը, մայրը, տղան և աղջիկը: Յուրաքանչյուրն ունի իր կենդանին, որին խնամում է:

«Լույսը բացվում է, սկսում ենք աշխատել կենդանիների հետ մինչև ուշ երեկո: Տարածքը 8 հա է, որտեղ կան քիչ հանդիպող ծառատեսակներ: Ջրի խնդիր ունենք: Բետոնապատեցին իմ հողամաս եկող առանձին խողովակը և ջուրը տվեցին գյուղացիների հետ: Բայց մայր առվով միշտ չէ, որ ջուր է հոսում. մինչև տարածքը ջրում ենք, հոգիներս դուրս է գալիս, քանի որ նույն ջուրն օգտագործում են նաև գյուղացիները»,- ասում է Արմեն Թադևոսյանը:

Այգու տնօրենի խոսքերով՝ պետական ոչ մի աջակցություն չի ստանում: Միայն Արմավիրի քաղաքապետարանն է, որ տարեկան 300-800 հազար դրամ է տրամադրում, ինչն էլ ծախսվում է կենդանիների կերի վրա: Իսկ շաբաթը երկու օր Մարշալ Բաղրամյանի զորամասից այգու համար բերում են սննդի մնացորդներ:

Տնօրենի ասելով՝ վերջերս է իմացել, որ գազանանոցի ճակատագրով մտահոգ մարդիկ դիմել են բնապահպանության նախարարություն, որպեսզի աջակցություն ստանան, սակայն նախարարությունից պատասխանել են, թե կենդանաբուսաբանական այգին մասնավոր սեփականություն է և աջակցություն կարող է ստանալ միայն քաղաքապետարանից ու մարզպետարանից:

60 տեսակի կենդանի ունեցող գազանանոցը ամեն տարի բնություն է բաց թողնում կենդանիների, որպեսզի նրանք չվերանան: Օրինակ՝ եկող գարնանը 8 կրեա են բաց թողելու:

«Մարդիկ չպետք է այդ կրեաներին բռնեն, տանեն եփեն ուտեն կամ սատկացնեն: Այլ պետք է ձեռք չտան, որովհետև բնության մեջ արդեն շատ քիչ են հանդիպում»,- հավելում է Ա.Թադևոսյանը:

Գազանանոցի մուտքը վճարովի է, սակայն ոչ բոլորի համար. վճարում է նա, ով հնարավորություն ունի: Սկզբում տոմսն արժեցել է 30 դրամ, բայց մի քանի ամիս է՝ 150 դրամ է:

Տնօրենը թանկացման պատճառն այսպես բացատրեց. «Մի 25.000 դոլարանոց «Ջիպով», տարիքով մի մարդ եկավ թոռնիկի հետ և ուզում էր ներս մտնել: Դե, եթե հնարավորություն ուներ, պիտի գոնե 100 դրամ վճարեր, բայց ինքն ասաց, թե 11 տարեկան երեխուց չի կարելի գումար վերցնել: Ես էլ ասացի, որ ավելի լավ է գնաք անվճար նայեք, քանի որ հնարավորություն չունեք: Իհարկե, բարկացա, և հաջորդ օրվանից գինը սահմանեցինք 150 դրամ»:

Մեկնաբանություններ (2)

ann
ed humora? mek tari anc haytnabervecin spanytjan nor hangamangner) che kapike mexga, bahc de shaaat apush hodvata
nanul
et dexi anunn@ cheq gri?))))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter