HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այո»-ի քարոզչությունն այլասերում է ժողովրդավարությունը

Այս տղան, որը զրկված է արտահայտվելու հնարավորությունից եւ կապկպված է «այո»-ներով ու «ոչ»-երով, մեր ժողովուրդն է:

Անկախ նրանից, թե նոյեմբերի 27-ին ինչ է նա պատրաստվում ասել սահմանադրական փոփոխություններին, միեւնույն է, լինելու է այնպես, ինչպես որոշել են իշխանությունները: Ներկայացումն այսպես բացատրեցին Նորարար Փորձարարական Արվեստի (ՆՓԱԿ) կենտրոնում: «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» Ֆրանսիական հեղափոխության կարգախոսի շրջանակներում ՆՓԱԿ-ը որոշել է անդրադառնալ Հայաստանի սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Քաղաքական ցուցահանդեսում տեղ են գտել ինչպես «այո», այնպես էլ «ոչ» քարոզող աշխատանքներ:

«Ցուցահանդեսին մասնակցում են ՆՓԱԿ-ի ոչ բոլոր արվեստագետները, նրանցից ոմանք այն բոյկոտեցին: Ցուցասրահի աշխատանքներում գերակշռում է «ոչ»-ը, դեպրեսիվությունը: Մարդիկ չեն հավատում, որ այդ փոփոխությունները կարող են փոխել իրենց կյանքը: Այստեղ ներկայացված են մարգինալ արվեստագետների աշխատանքներ, որոնք պահպանում են իրենց անհատականությունը»,-ասաց ցուցահանդեսի համադրող Դավիթ Կարեյանը: Համադրողն իրեն տեսնում է լավատեսների շարքում, եւ նրա աշխատանքը, ի տարբերություն մյուսների, փորձում է հավատ ներշնչել դեպի սահմանադրական փոփոխությունները. «Արվեստագետի իրավունքները նույնպես պետք է պահպանվեն: Այսօր, ինչպես ցանկացած քաղաքացի, արվեստագետն իր վրա զգում է պետական ուժի բացարձակությունը: Ես համամիտ եմ լրագրող Գայանե Առուստամյանի հետ, որ Հայաստանում բոլորը հավատում են միայն «լավ տղաներին»»:

Ի դեպ, լրագրող Գայանե Առուստամյանը վերջին շրջանում, ինչպես ինքն ասաց, հայտնվել է գործազուրկների շարքում' ձանձրացել է լրագրությունից: «Ես լրագրող եմ, գրում եմ այն, ինչ տեսնում եմ, սակայն իմ գրածին ոչ միշտ են հավատում կամ չեն ցանկանում հավատալ: Իսկ այստեղ քո աշխատանքի իրական լինելն ապացուցելու կարիք չկա: Լուսանկարներն իրենք ամեն ինչի մասին խոսում են: Լրացուցիչ ապացույցների կարիք չկա»,-ասաց Գայանե Առուստամյանը եւ վստահեցրեց, որ ՆՓԱԿ-ն այն միակ վայրն է, որտեղ իր աշխատանքները գրաքննության չեն ենթարկվում: Լրագրողի աշխատանքը բաղկացած է մի քանի լուսանկարներից' Հարկային, Մաքսային ծառայությունների, Սահմանադրական դատարանի, Կենտրոնական բանկի շենքերի, երեք «Համմերների» լուսանկարներից: «Իմ լուսանկարած շենքերի դռները բաց են, սակայն այդ դռները մեկի համար կարող են լինել դրախտի, իսկ մյուսի համար' դժոխքի դռներ: Այդ դռներից ներս մտնողները ուղիղ կապ ունեն «Համմեր» մեքենաների հետ: Նրանք կարող են այդ մեքենայով բոլորիս վրայով անցնել: «Համմեր» մեքենան պատահական չէ ընտրված, այն հոգեբանական ազդեցություն ունի' տիրոջը իշխանության, անպատասխանատվության, ամենաթողության զգացողություն է տալիս: Կարո՞ղ եք պատկերացնել, որ որեւէ արվեստագետ «Համմեր» գնի, իհարկե' ոչ»: Գայանե Առուստամյանն իր աշխատանքն ամփոփել է ամերիկյան դոլարի ետեւում տեղ գտած «Մենք հավատում ենք Աստծուն» արտահայտությունը խմբագրելով. «Մենք հավատում ենք «լավ» տղերքին»:

«Այսօր Հայաստանի խորհրդանիշը «լավ» տղերքն են»,-ասաց լրագրողը: Նրա կարծիքով' Սահմանադրական փոփոխությունները կկեղծվեն եւ կյանքի կկոչվեն նույն «լավ» տղերքի շնորհիվ. «ՆՓԱԿ-ում տեղ եւ արտահայտվելու անսահմանափակ հնարավորություն ունեն բոլորը: Եթե Բաղրամյան փողոցը պարելու տեղ չէ, ապա այստեղ դու կարող ես ոչ միայն պարել, այլեւ' անել այն, ինչ ուզում ես»:

Ակցիայի մեկ այլ մասնակցի' Վահրամ Աղասյանի կարծիքով' սահմանադրական փոփոխությունները պետք է լինեին ավելի պարզ ու մատչելի: «Չեմ հերքում, որ փոփոխություններում տեղ են գտել նաեւ դրական տեղաշարժեր, սակայն միաժամանակ չեմ ընդունում այս իշխանություններին եւ նրանց կողմից տարվող քաղաքականությունը: Այսօր ոչ թե սահմանադրական փոփոխությունների մասին պետք է խոսենք, այլ շատ ավելի մեծ խնդիրների, որոնց վրա իշխանություններն աչք են փակում: Մենք ապրում ենք չինովնիկների ռաբիզ միջավայրում, որն օրենք չի ճանաչում: Առաջին հերթին այդ մարդկանց մտածողությունն է պետք փոխել»:

Ուսումնասիրելով սահմանադրական փոփոխությունները' ՆՓԱԿ-ի «Բեմ» երիտասարդական կազմակերպությունը պաստառների տեսքով նոր առաջարկություններ եւ դատողություններ է ներկայացնում. «Հայաստանում սահմանադրական փոփոխությունները վերջին պահին շտապելով մի բաժակ ջուր խմելու է նման: Չի բացառվում, որ այն կոկորդում մնա», «Բազմակողմանի զարգացած անտեղյակություն' միակողմանի «բարեփոխված» Սահմանադրության մասին», կամ «Հասարակական եւ քաղաքական կյանքում ինտենսիվությունը երբեք չի կարող այն դերը խաղալ, ինչն արվեստում եւ սեքսում: Փորձեք եւ կհամոզվեք»:

Պաստառներից մեկը, որն ուղղակի անգլերեն հարցադրում էր, գերադասեցինք չթարգմանել: Հեղինակների կարծիքով' այն համարժեք է այն ինտերնետային կայքերին, որոնք այսօր «այո» են քարոզում. «www.fuckeddemocracy?»: «Մենք կարծում ենք, որ «այո»-ի քարոզչությունն այլասերում եւ ապականում է ժողովրդավարությունը: Իրականում «այո»-ի ետեւում «եսիմ»-ն է կանգնած: Մի կողմից դա անտարբերություն է, մյուս կողմից' անտեղյակություն»,-գտնում է «Բեմ»-ի անդամ Նիկա Եպիսկոպոսյանը:

ՆՓԱԿ-ի տնօրեն Էդուարդ Պալասանյանի կարծիքով' անկախ իրենց տեսակետներից արվեստագետներն իրավունք չունեն անմասն մնալ սահմանադրական փոփոխություններին: «ՆՓԱԿ-ն իր կրեդոյի մեջ է մնացել նաեւ այս քաղաքական ցուցահանդեսում' հանդգնել եւ անկեղծ լինել մեր զգացմունքներում: ՆՓԱԿ-ը քաղաքականությունից զերծ կամ անմասն չէ, քանզի քաղաքականությունն արվեստագետի եւ արվեստի բաղադրիչ մասն է»,-ասաց պարոն Պալասանյանը: Չլինելով Հայաստանի քաղաքացի' պարոն Պալասանյանը խիստ մտահոգված է սահմանադրական փոփոխություններով, հատկապես երկքաղաքացիության հարցով. «13 տարի է բնակվում եմ Հայաստանում եւ խառը զգացողություն ունեմ երկքաղաքացիության հարցում: Մի կողմից ընդունում եմ, որ եթե ապրում ես այլ երկրում, չպետք է մեծ ազդեցություն ունենաս Հայաստանի ճակատագրի վրա, սակայն միաժամանակ չեմ կարող մասնակից չլինել այս երկրի ճակատագրին, քանի որ այն մեծ ազդցություն ունի իմ ճակատագրի վրա: Հուսով եմ, որ մեր քաղաքական գործիչները եւ մտավորականները կկարողանան միջանկյալ եւ ընդունելի տարբերակ գտնել' սփյուռքում բնակվող եւ հայ մնացած Պալասանյանին բավարարելու եւ միաժամանակ նրա որոշումները Հայաստանի բնակիչներին չպարտադրելու համար»:

ՆՓԱԿ-ում առաջնություն է տրվում ոչ թե խնդիրների լուծմանը, այլ դրանց բարձրաձայն արտահայտմանը: Սահմանադրական փոփոխություններին «այո» կամ «ոչ» ասելը ՆՓԱԿ-ում այնքան էլ չեն կարեւորում: «Կարեւորը հասարակության ձայնը տեղ հասցնելն է, «այո»-ի եւ «ոչ»-ի ազատ արտահայտումը»,-ասաց պարոն Պալասանյանը:

Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter