HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Օրինակա՞ն, թե՞ ապօրինի գանձումներ

«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնը պարտադրում է վճարումներ, որոնք սահմանված չեն օրենքով: Ես հրաժարվել եմ 26 մլն դրամ պարտադրված վճարումից»,-բողոքում է «Ռադիո Հայ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արամ Մկրտչյանը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) «Ռադիո Հայ» ՍՊԸ-ին տվել է Հայաստանի Հանրապետության 20 քաղաքներում սահմանված հաճախություններով ռադիոծրագրեր հեռարձակելու արտոնագիր (Լիցենզիա 99, 24.02.2005թ.): Յուրաքանչյուր հաղորդակի գրանցման եւ շահագործման թույլտվություն տրամադրելու համար «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» (ՀՀԿ) ՓԲԸ-ն ռադիոկայանից պահանջում է կատարել վճարումներ, որոնք 20 ռադիոկայանի դեպքում կազմում են 26 մլն դրամ:

«Մենք աշխատում ենք ՀՀ կառավարության մշակած եւ ընդունած դրույթներով եւ գնացուցակով: Ամեն բան օրենքի շրջանակում է»,-բացատրում է ՀՀԿ ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Վերդյանը:

1998թ. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը հիմնադրել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՓԲԸ: Ընկերությունը կարգավորում է ՀՀ ռադիոհաճախության տիրույթի բաշխումն ու օգտագործումը, բաշխման ռադիոէլեկտրոնային միջոցների եւ բարձր հաճախության սարքավորումների ներմուծումն ու շահագ ո րծումը եւ այլն: Կենտրոնն առաջնորդվում է կառավարության կողմից հաստատված գնացուցակով: Մինչ այսօր կենտրոնն աշխատում է նույն լիազորություններով, չնայած 2004թ. ՊՓԲԸ-ն դարձել է ՓԲԸ, որն իր գործառույթներով չի կարող մեկ այլ հիմնարկի պարտադիր պահանջներ ներկայացնել: «Դա էական չէ: Այդ հարցը կառավարությունը պետք է կարգավորեր: Իսկ մենք միշտ աշխատել ենք կառավարության որոշումների հիման վրա, եւ ոչ մի շրջանցում չի եղել»,-կարծում է Ա. Վերդյանը: Սա ՀՀԿ-ի գործունեությանն առնչվող միակ չկարգավորված հարցը չէ:

2000թ. ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն' հեռուստառադիոընկերությունների արտոնագրման եւ վերահսկողության գործառույթներն իրականացնում է ՀՌԱՀ-ը: Օրենքի 48-րդ հոդվածի համաձայն' ՀՀԿ-ն, օգտվելով Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ներկայացրած ցուցակից, կազմում է ՀՀ տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված եթերային հաճախությունների ցանկը եւ պարբերաբար տրամադրում ՀՌԱՀ-ին:

Մինչեւ հաճախությունը ՀՌԱՀ-ին հանձնելը ՀՀԿ-ն չափումներ ու հաշվարկներ է կատարում տվյալ հաճախության գործունեությունն ապահովելու համար: Հետո, այդ ամբողջ հաշվարկների հիման վրա , ՀՄՄ-ը մի քանի անգամ ստուգումներ է կատարում եւ, եթե ամեն բան համապատասխանում է, կոորդինացնում է տվյալ հաճախությունը մեր երկրի համար:

«Բացի այն, որ մինչեւ տվյալները ՀՄՄ-ին ուղարկելն ենք բազմաթիվ աշխատանքներ կատարում, մենք նաեւ վճարում ենք կոորդինացման համար: Հիմա մենք հեռուստառադիոհաճախությունները տալիս ենք ՀՌԱՀ-ին այն ակնկալիքով, որ ում տրվի հաճախությունը, նա գալու է այդ վճարումները կատարի, նոր ստանա հաճախությունը: Միշտ էլ հաճախությունը ստացողը վճարել է կատարված աշխատանքի համար: ՀՌԱՀ-ը տալիս է ընդամենը այդ հաճախությունն օգտագործելու արտոնագիրը, մնացած հարցերը պետք է մեր հետ կարգավորվեն»,-ասում է Ա. Վերդյանը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը սահմանում է. «Հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար արտոնագրատերը մուծում է տարեկան եթերավճար, որի չափը հաշվարկվում է' ելնելով միայն հաճախության սպասարկման համար անհրաժեշտ ծախսերից»:

«Մեզ պարտադրում են վճարել այն աշխատանքի համար, որ արվել է մինչեւ հաճախությունը ՀՌԱՀ-ին ներկայացնելը: Օրենքում չկա նման կետ: Մենք պարտավոր ենք կատարել օրենքից բխող յուրաքանչյուր պահանջ: Օրենքը մինչեւ հաճախության արտոնագրատեր դառնալը հաճախության վրա կատարված աշխատանքի փոխհատուցման համար ոչ մի վճար չի սահմանում»,-ասում է Ա. Մկրտչյանը:

«Ռադիո Հայ»-ը ՀՌԱՀ-ի առջեւ պարտավորություն ունի' ՀՀ 6 քաղաքներում մինչեւ սեպտեմբեր պետք է հեռարձակումը սկսվեր, ինչը «Ռադիո Հայ»-ը չի կարող անել' առանց ՀՀԿ-ի հետ առաջացած խնդիրների լուծման: Իսկ ՀՀԿ-ի տնօրենն այլ առաջարկ ունի. «Եթե վստահ են, որ ճիշտ են, թող դիմեն դատարան: Դատարանում կպարզենք' ո՞վ է ճիշտ, ո՞վ' սխալ: Եթե անգամ մինչ այժմ մեր աշխատանքում անհարթություններ են եղել, հունվարից կվերանան»:

2006թ. հունվարից «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ն վերաձեւակերպվելու եւ աշխատելու է որպես պետական ոչ առեւտրային կազմակերպություն (ՊՈԱԿ) (Կառավարության թիվ 1807-Ն որոշում, 06.10.2005թ.): «Հունվարից բոլոր վճարումները կլինեն որպես պետական տուրք, եւ մեզ պետք կլինի ընդամենը այդ վճարման կտրոնը: Ինչպես հեռուստառադիոհաճախությունները տալիս ենք ՀՌԱՀ-ին, մնացած հաճախություններն էլ տալու ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Իրենք մրցույթ կհայտարարեն, ով շատ վճարի, նրան էլ կտրվի հաճախությունը»,-կառավարության որոշումը մեկնաբանեց Ա. Վերդյանը:

«Ռադիո Հայ»-ը բողոքներ է գրել ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարություն եւ Գլխավոր դատախազություն։ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից ոչ մի պատասխան չի ստացվել, չնայած վաղուց անցել է նամակին պատասխանելու օրենքով սահմանված ժամկետը։ Դատախազությունը բողոքն ընդունել է վարույթ եւ ուսումնասիրում է: Իսկ «Ռադիո Հայ»-ը պատրաստվում է հայց ներկայացնել ՀՀ տնտեսական դատարան' ընդդեմ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter