HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տնակներից վտարում են վարձով ապրելու պայմանով

78-ամյա թոշակառու Լենա Վարդանյանը հաշմանդամ աղջկա հետ 17 տարի է ապրում է Գյումրիի «Բարեկամություն» այգու 234 տարածքի 170 տնակում: Տղան 7 տարի առաջ աշխատանք գտնելով' ընտանիքով տեղափոխվել եւ վարձով բնակվում է Երեւանում: Անօթեւանների հերթացուցակում Վարդանյանները 29-րդն են: Շատ ուրախացան, երբ իմացան, որ այգու տարածքը' 7 հա, քաղաքապետարանը հատկացրել է մի կազմակերպության եւ հուշահամալիր է կառուցվելու երկրաշարժի զոհերի հիշատակին:

«Մտածինք' համ լավ բան են անում, համ էլ մենք առիթից կօգտվենք, գոնե առաջնահերթ բնակարան կստանանք,-անկեղծանում է Լենա տատը,-բայց մեզի մենակ վարձով բնակարան կառաջարկեն, էն էլ ցրտերը ընկան, նոր: Ես թոշակով ապրող մարդ եմ, հաշմանդամ երեխա ունեմ, 60.000 դրամ պարտք եմ արել, 6 խմ փայտ եմ առել: Ղուկասյան Վարդանին ասի' բա էս փայտն ի՞նչ անեմ, ինձի պատասխանեց, թե. «Դու դոմիկիցդ ել, մենք քու փետը կծախենք»:

«Ես անեծքի բուն չեմ ուզում դառնալ, դրա համար էլ կսպասենք, մինչեւ տարածքը զբաղեցնող տնակատերերը բնակարան ստանան, հետո նոր շինարարություն կիրականացնենք»: Սա «Գյումրի-վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ Մուրադ Մուրադյանի հայտարարությունն է: Այս կազմակերպությունը «Բարեկամություն» այգում որոշել է կառուցել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Այս այգում երկրաշարժից հետո տեղադրվել են դոմիկներ, ուր ապրում է 31 մարդ: Գյումրիի քաղաքապետը 17 տարի բնակարանի սպասող անօթեւաններին տնով ապահովելու խոստում է տվել:

Այս տարվա օգոստոսի 5-ին «Բարեկամություն» այգում բնակվող 5 տնակատերեր քաղաքապետարանից գրություն-առաջարկ են ստացել, որտեղ նշված պայմաններով նրանք պիտի լքեին «Բարեկամություն» այգու տարածքը: Բնակիչները մերժում են առաջարկը, քանզի որպես փոխհատուցում առաջարկվողը ոչ թե բնակարան էր նորակառույց շենքում, այլ մեկ տարի վարձով ապրելու կամ Երեւանյան խճուղի 141 վթարային շենքում ազատ բնակարաններ տնօրինելու տարբերակ: Քաղաքապետարանը բնակիչների վտարման հայցով դիմել է դատարան: Հայցը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանը մերժում է: «Նախ' հիմքեր չկային նման հայց վարույթ ընդունելու, քաղաքացիները չունեին որեւէ պայմանագիր քաղաքապետարանի հետ,-պարզաբանում է դատավորը,-ես օգոստոսի վերջին հանդիպեցի եւ խոսեցի բնակիչների հետ:

Վերջիններս, իհարկե, ուզում են առիթը օգտագործելով, որ տարածքի շուտափույթ ազատման խնդիր կա, բնակարան ստանալ, սակայն բոլորս էլ գիտենք, որ քաղաքում շինարարություն չկա, «Բնակարանների գնման վկայագիր» պետական ծրագրում էլ չեն կարող ընդգրկվել, գոնե այս տարի: Վթարային շենքում բնակեցնելը եւս խնդրի լուծում չէր: Մանավանդ, որ Երեւանյան խճուղի 141 շենքում բոլոր բնակարանները զբաղված են: Միակ տարբերակը վարձակալական հիմունքներով բնակարաններն էին, որ այս պահին կարող էր առաջարկել քաղաքապետարանը»:

Առաջին ատյանի դատավոր Էդվարդ Մանուկյանը խորհուրդ է տալիս քաղաքապետարանի ներկայացուցչին փոխել բնակչին առաջարկվող պայմանները: Նախ' բնակարանները պիտի գտներ քաղաքապետարանը, ոչ բնակիչը, հետո էլ' տրվելիք վարձը ամիսը 10.000 դրամից պիտի դառնար 20.000 դրամ: Սկսված բանակցությունները բնակիչների համար անհայտ պատճառներով երկու ամսով ընդհատվում են: Վերջիններս էլ կարծելով, թե այս տարի այգու տարածքում շինարարություն չի լինելու, հանգիստ խղճով պատրաստվում են ձմռան:

Բնակիչների լսածով' արագ տեմպերով սկսված փորման աշխատանքների նպատակը ոչ թե օր առաջ շինաշխատանքներ իրականացնելն է, այլ դեկտեմբերի 7-ին Գյումրի այցելող ՀՀ նախագահին ցույց տալը, թե գործ են անում:

«Բայց ինչի՞ մեր հաշվին,- դժգոհում է 234/169 տնակի բնակիչ Վիկտորյա Խաչատրյանը,-մենք իմացել ենք, որ էդ կազմակերպությունը էդքան փող չունի, իրանք հայտարարել էին, որ համալիրը դրամահավաքի միջոցով պիտի կառուցեն: Կամ եթե պիտի հաստատ աշխատանքները սկսեին, ուրեմն թող գոնե մինչեւ հոկտեմբեր մեր հարցը լուծեին»: Բնակիչները համաձայն են դուրս գալ տնակներից միայն բնակարան ստանալու պայմանով:«Եթե մենք հիմի գնացինք վարձով ապրելու, մի տարի հետո լրիվ դուրսը կմնանք,-իր տեսակետն է պարզաբանում տիկին Վիկտորյան,-կամ մի քանի ամիս դրանք վարձ կտան, հետո չեն տա ու մեզ կհանեն փողոց կշպրտեն, կամ էլ եւս 17 տարի կյանքներս կմաշենք որպես վարձակալներ: Էսօր տուն տվողը մարզպետարանն է, բա որ մի տարի անց մարզպետն ասի' «Գնացեք, ով որ տուն է խոստացել, այսինքն' Վարդան Ղուկասյանը, թող ինքն էլ տուն տա, էդ վախտ ի՞նչ ենք անելու: Համ էլ մենք իմացել ենք, որ ով որ առնում է տարածքը, ինքն էլ պիտի մեզ բնակարանով ապահովի: Եթե կազմակերպությունը փող չունի, թող քաղաքապետարանը տուն առնի, տա: Հեռուստաեթերներից Վարդանը մենակ իրա միլիարդանոց բյուջեից կխոսա, էդ բյուջեի մեջ հեչ մեզի նմանների համար նախատեսված կետ չկա՞»:

«Գյումրի-վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ Մուրադ Մուրադյանը, ով հուշահամալիրի կառուցման ծրագրի հեղինակն է, ոչ մի տարօրինակ բան չի տեսնում, որ փորման աշխատանքները սկսել են նոյեմբերի վերջին ու ցանկացած պահի կարող են դադարեցվել տեղումների հետ կապված: Հիմնական աշխատանքները կսկսվեն գարունը բացվելուն պես: Նա բնակիչների դիրքորոշումը որակեց «կապրիզ, ուրիշ ոչինչ»:

«Բարեկամություն» այգում ներկայումս բնակվում է 31 անօթեւան: Սակայն առաջնահերթ տեղահանման ենթակա է 5 տնակ: Ընտանիքներից երեքն արդեն համակերպվել են վարձով ապրելու մտքի հետ, Լենա տատին մեկ անգամ եւս հրավիրել են քաղաքապետարան' խնդիրը քննարկելու, իսկ Վիկտորյա Խաչատրյանի ընտանիքին թույլատրել են տնակում ապրել մինչեւ գարուն. «Որ թողեցին մնանք, ի՞նչ օգուտ: Էդ փոսը պիտի փորեն, հասնեն մինչեւ դռանս դեմը: Դուռը բացեցինք, ընկնելու ենք մեջը,-տարակուսում է տիկին Վիկտորյան,-ջուրս արդեն կտրել են, մի շաբաթ հետո էլ լույսի ու հեռախոսի գծերը կկտրեն, կհայտնվենք բլոկադայի մեջ: Իրանք իրանց բնակարանների մեջը էդպես էլ դոմիկ ապրողի ղադրը չիմացան, քիչ էլ մնա ազգի դավաճան կհանեն, թե իբր դեմ ենք ազգանվեր էս սուրբ գործին: Թող անեն, ո՞վ է դեմ, բայց ոչ մեր հաշվին, կարող են մի դրամահավաք էլ անեն, մի շենք սարքեն, էս 31 անօթեւանին դնեն մեջը: Թե չէ էլ ուժ չունենք մի 17 տարի էլ անտուն մնալու»:

Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter