HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

էն աշխարհում գոնե լավ տուն բաժին հասնի

1926թ.-ին Գյումրիում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Երկրաշարժից հետո քաղաքում ձեւավորվեցին տնակային թաղամասեր: Խորհրդային տարիներին քաղաքում ընթացող կառուցապատման գործընթացը Գյումրին չազատեց աղքատության խորհրդանիշ թաղամասերից՝ «բարաքներից», դրանք բարեհաջող դիմակայեցին 88-ի երկրաշարժը եւ ներկայումս էլ գոյություն ունեն: Գյումրիում ում էլ հարցնես Ավզնոցի, Սեւյանի եւ Տեքստիլի բարաքների տեղը, ցույց կտան: Միայն թե հիմա դժվար է հավատալ, որ դրանք ժամանակին բարաքներ են եղել, քանզի տարիների հետ բնակարան ստանալու հույսը կտրած բնակիչը տան փայտե արտաքինը թաքցրել է քարե պատերի ետեւում: Թաքցրել է փայտը, բայց ոչ խեղճությունը, որը երեւում է անգամ քարե պատերի ետեւից:

1988թ.-ի երկրաշարժից հետո Գյումրիում նորից ձեւավորվեցին տնակային թաղամասերը: Ըստ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի' այսօր Գյումրիում կա տեղահանման ենթակա մոտ 7000 տնակ. «Իմիջիայլոց, դա դեռեւս չի նշանակում, թե անօթեւանների թիվն ուղիղ համեմատական է տնակների թվին»,-շտապում է զգուշացնել պրն Մարգարյանը: 2004թ.-ի մարտի 1-ի տվյալներով, որը մարզպետարանը ներկայացրեց կառավարությանը, Գյումրիի անօթեւանների թիվը 2800 էր, մի քանի ամիս անց քաղաքապետարանը հրապարակեց այլ թիվ' 4300: «Այս իրարամերժ թվերի պատճառը մենք չենք, ինչպես որ ներկայացնում է քաղաքապետը' մեղադրելով մարզպետարանին, թե նախագահին հաճոյանալու եւ կառավարության գործը թեթեւացնելու նպատակով մենք անօթեւանների թիվը արհեստականորեն պակասեցրել ենք,-ասում է Ա. Մարգարյանը,-պարզապես մենք կառավարություն ենք ներկայացրել մինչեւ 2004թ.-ի մարտի 1-ը վերահաշվառված անօթեւանների ցուցակը: Դրանից հետո հաշվառումը շարունակվել է, թիվը աճել է' դառնալով 4300»:

Թվերի տարբերությունը 1500 է, արդյոք դա նշանակու՞մ է, որ այսքան անօթեւանի նկատմամբ պետությունը պարտավորություն չի ստանձնում: Ա. Մարգարյանը կարծում է, որ նման հարցադրումը տեղին չէ, քանզի կառավարությունը շահագրգիռ է, որպեսզի մինչեւ վերջին անօթեւանը ապահովվի բնակարանով: 2005թ.-ից քաղաքում բնակարանաշինությունը դադարել է, որեւէ քաղաքաշինական ծրագիր չի նախատեսվում նաեւ 2006-ին: Պետությունն անօթեւանների խնդիրն առայժմ աշխատում է լուծել բնակարանների գնման պետական ծրագրով, որն ավելի շուտ աջակցման նպատակ ունի: «Բնակիչը կարող է վկայագրով հատկացված գումարին լրացուցիչ գումար ավելացնել եւ գնել իր ցանկացած բնակարանը,-պարզաբանում է մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը,-կամ եթե բնակարան կգտնի վկայագրի արժեքից ավելի պակաս գումարով, մնացածը կարող է տնօրինել իր հայեցողությամբ: Ծրագրի իրականացման նպատակով, որը բնակարանով պիտի ապահովեր 350 անօթեւան ընտանիքի, կառավարությունն այս տարի հատկացրել է 1 մլրդ դրամ: Հաջորդ տարի ծրագիրը կշարունակվի»:

Ա. Մարգարյանը նշում է, որ այս ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրեն չի սպառել: «Հիմա մարզում բնակարանի գինն ավելի էժան է մեկ բնակարանի կառուցման հաշվարկային արժեքից,-ասում է Ալբերտ Մարգարյանը,-դա ոչ նորմալ երեւույթ է: Այ, երբ այլեւս հնարավոր չի լինի վկայագրով բնակարան ձեռք բերել, կարծում եմ այդ ժամանակ էլ կառավարությունը կմտածի բնակարաններ կառուցելու մասին: Ժամանակ է պետք, որպեսզի բնակարանային շուկայում անշարժ գույքի, բնակարանի կառուցման եւ վաճառքի գինը հավասարակշռվեն»: Դժվար է կռահել, թե ներկայումս ինչն է առավել մտահոգում պատկան ատյաններին. բնակարանային շուկայում գնային հաշվեկշի՞ռը, թե՞ 17 տարի տնակներում բնակարանի սպասող մարդկանց պահանջը բավարարելու խնդիրը: Բնակարանաշինությունը լիարժեք փոխարինել բնակարանների գնման վկայագրի ծրագրով, ըստ անօթեւան գյումրեցիների, սխալ է: Բոլորը չէ, որ կարող են հավելյալ գումարներ գտնել, ավելացնել վկայագրի արժեքին ու քիչ թե շատ նորմալ բնակարան գնել: Իսկ գյուղական բնակավայրերում ցածր ինքնարժեքով տան ձեռքբերումը շատ հաճախ տխուր վերջաբան է ունենում: Տարիներ շարունակ քաղաքում ապրած, աշխատանք ունեցող մարդը, չհարմարվելով գյուղական ապրելակերպին, վաճառում է տունը եւ վերադառնում Գյումրի' իր նախկին տնակային թաղամասը:

«Ֆանտաններ» կոչվող թաղամասի բնակիչ Մկրտիչ Չալիկյանը մոր, կնոջ եւ չորս փոքրահասակ երեխաների հետ այժմ բնակվում է 227/205 տնակում: 6 մետրանոց տնակում ընդամենը չորս մահճակալ է տեղավորվել:

12-ամյա որդու համար անկողին են բացում հատակին: Տնակը Մկրտիչի մորն է պատկանում, իրենք ապրում էին հարեւանությամբ, սակայն երկու տարի առաջ բնակարան ձեռք բերելով' հեռացել էին, բայց երեք ամիս անց վերադարձել նախկին բնակատեղի: Չալիկյանները 2003թ.-ին «Ուրբան» ինստիտուտի տրամադրած բնակարանների գնման վկայագրով տուն են ձեռք բերել Գյուլլուբուլաղ գյուղում: Գյումրիում բնակարանները թանկացել էին, 4500 դոլարից պակաս երկու սենյականոց չկար: «Տունը նախկինում թուրքի տուն էր էղել, բլքոզ բան էր,-պատմում է Մկրտիչ Չալիկյանը,-իրանց տվածը 3142 դոլար էր, դրանից մի 600-ը մաղարիչ ենք արել, 900 դոլարով տունը առանք, էն մնացած կեսով էլ ասի պարտքերս փակեմ ու գոնե մի տարի գյուղում յոլա գնանք, բայց չստացվեց: Ձեռքերիս փողը էնքան շուտ սպառվեց, որ մենք էլ չհասկացանք, թե ինչ եղավ: Գյուղում գործ չկար: Ես տարիներ շարունակ վարսավիր եմ աշխատել Շիրակ հյուրանոցի վարսավիրանոցում, հետո կոշկակարի արհեստ էլ ունեմ, բայց գյուղում ոչ մի արհեստս պետք չեկավ: Երեք ամիս ենք ապրել էդ տանը, հետո մի կերպ 500 դոլարով ծախեցինք, եկանք քաղաք: Առնող էլ չկար, ստիպված մեր առածից պակաս տվեցինք, որ ծախվի»:

Չալիկյանների համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել. շնորհիվ ԲԳՎ ծրագրի' նրանք այլեւս անօթեւան չեն, սակայն կրկին բնակվում են տնակում: Դեռ կապրեն, մինչեւ տարածքի ազատման խնդիր առաջանա:

Նման հույսեր է փայփայում նաեւ նույն թաղամասի 86-ամյա բնակչուհի Վարսենիկ Ալեքյանը: 2003թ.-ին քաղաքապետը նրան բնակարան է առաջարկել Երեւանյան խճուղու նորակառույցներից, սակայն Վարսենիկ տատը մերժել է. «Ասի' մեծ կնիկ եմ, մենակ եմ, ոչ երեխաներ ունեմ, ոչ մոտիկ հարազատ, ինձի էս թաղի մոտիկ շենքերից մի տուն տուր, որ գոնե հարեւաններս ինձի կարողանան նայել, պատասխանեց, թե' «սաղ բաժնել-պրծել եմ»: Վարսենիկ տատի տնակն առաջինն է դիմավորում «Ֆանտան» թաղամաս այցելողներին: Տատն արդեն հույս չունի, թե բնակարան կունենա: «Մտածում եմ' էն աշխարհում գոնե լավ տուն բաժին հասնի,-կատակում է Վարսենիկ տատը,-էսքան ապրել եմ, հո էսքան էլ չե՞մ ապրելու: Երեւի էս դոմիկից էլ տանեն թաղելու»:

Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter