HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնդում պետք է ձեւավորել հին Երեւան

Կոնդ թաղամասը հիմնադրվել է 17-րդ դարում' դարեր շարունակ գրեթե չենթարկվելով ճարտարապետական փոփոխությունների։ Տները կառուցվել են մեկը մյուսի վրա' իրենց տակ ամբարելով պատմություն՝ շինություններ, կենցաղային պարագաներ։ Կոնդում բնակվող մարդիկ սիրում են իրենց բնակավայրը' հաշվի չառնելով կենցաղային վատթար պայմանները։ Իսկ ճարտարապետ Սևադա Պետրոսյանը համոզված է, որ Կոնդով կարելի է փող աշխատել։

Գրող, պատմաբան Էդվարդ Ավագյանն ասում է. «Կոնդը մեր պատմությունն է։ 17-րդ դարում Կոնդում էին ապրում հին Էրիվանի հիմնադիրներից շատերը։ Մեծ հարգանք վայելող Աղամալյանների գերդաստանն է ապրել Կոնդում»։

Էդվարդ Ավագյանը պատմում է, որ Թափաբաշ փողոցում Աղամալյաններն ունեին երկհարկանի շքեղ առանձնատուն, որը ժամանակակիցները «ապարանք» էին անվանում։ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը կառուցվել է 15-րդ դարում, 1679 թվականի Երեւանի Մեծ երկրաշարժից քանդվել է։ 1710 թվականին Մելիք Աղամալյանը վերականգնել է եկեղեցին՝ այն դարձնելով Աղամալյանների տոհմական աղոթատեղին։ Էդվարդ Ավագյանը հիշատակում է այն պատմական փաստը, ըստ որի 1837 թվականին Կոնդում՝ Բալկաչովների առանձնատանը, հանգրվանել է Նիկոլայ Առաջին Ռուսաց ցարը։

Տարիներ անց Կոնդը լցվել է 1915 թվի Մեծ եղեռնի գաղթականներով։ Եկվորները ձևափոխել են հնաբնակների տները, կառուցել նորերը՝ համապատասխանեցնելով դրանք իրենց սովորույթներին, նմանեցնելով կորցրած հայրենի տներին։

Առեղծվածային է այն, ինչ մնացել է ներքևում, այն, ինչի վրա ապրում են ներկայիս կոնդեցիները։ Ժամանակ առ ժամանակ անցյալի մասունքներ են գտնվում Կոնդի տակից՝ նկուղներից եւ գետնանցումներից։ Կոնդի բնակիչ Արեգը, կոտրելով նկուղի փայտյա դուռը, որ անհիշելի ժամանակներից փակ է եղել, հայտնաբերել է պարսկական ճարտարապետություն հիշեցնող գեղեցիկ մի վայր։ Մատնացույց անելով նկուղի ծայրում գտնվող սև անցքը' Արեգն ասում է, որ գերեզմանոց է։ Պատմում է, թե ինչպես են եղբոր հետ մտել այդ անցքն ու վախեցած փախել։

«Եթե ձեռքդ մտցնես, կգնա, ավազ ա, ոչ թե հող։ Ամեն տեղից մի քիչ փորել եմ։ Էս կողմից մի մեծ կարաս եմ հանել' իմ բոյի»,-ասում է Արեգը։ Ճարտարապետ Սեւադա Պետրոսյանը հաստատում է, որ Կոնդի եւ Կոզեռնի (ներկայիս Բաղրամյան փողոցը) արանքում գտնվել է ամենամեծ գերեզմանոցը (ներկայիս Դեմիրճյան փողոցը)։

Կոնդում, բացի հայերից, մուսուլմաններ են ապրել, ինչի ապացույցը գոյություն ունեցող մզկիթն է։ 1915 թվականի ջարդից փախած 17 ընտանիք է ապաստանել այս մզկիթում: Նրանց ժառանգները մինչեւ հիմա էլ բնակվում են այստեղ։ Տարիների ընթացքում այն ձեւափոխվել է, եւ հիմա ուշադիր աչքից չեն վրիպի հնամենի մզկիթի անփոփոխ, դեռ կենդանի պատերը։ Մեծ գմբեթը 60-ականներին հնությունից փլվել է, իսկ փոքրը մինչեւ հիմա էլ գոյություն ունի' իր հնացած եւ խոնավ, 1.5 մետրանոց հաստությամբ պատերի ներքո ապրող բնակիչներով։

Տիկին Օլգան ասում է. «Իմ բնակարանը հին մզկիթի Մոլլայի մենախուցն է»։

Մզկիթից մի քիչ աջ կարելի է տեսնել թեյարանը (չայխանան), որտեղ նամազից հետո թեյել են մուսուլմանները։

Անահիտ տատը հիշում է, որ Կոնդում բնակված այլազգիների հետ համերաշխ ու սիրով են ապրել։ Իսկ այն հարցին, թե հիմա որտե՞ղ են, պատմում է, որ շատերը ծերացել եւ մահացել են։ Մեծ մասն էլ Բաքվի հայերի հետ 88-ին բնակարանի փոխանակում է կատարել եւ տեղափոխվել։

Կոնդը կարեւոր նշանակություն ունի այն պատճառով, որ Երեւանի հազվագյուտ հնաբնակ մասերից է, որը պահպանել է իր հին տեսքը։ Իր մեջ քաղաքային միջավայր է ունեցել, նախքան Երեւանի ձեւավորումը։ Ներկայումս ունի ուրույն անցուդարձ, յուրօրինակ ինքնակառավարման համակարգ։ Կոյուղի եւ ջուր չունենալով հանդերձ՝ Երեւանի համար անսովոր մաքուր փողոցներ ունի։

Ճարտարապետ Սեւադա Պետրոսյանը համաձայն է, որ տները կեղտի մեջ կորած են, սակայն, իր կարծիքով, ելքը հինը ջնջելը, նորը կառուցելը չէ։ Սեւադան համոզված է, որ Կոնդով կարելի է փող աշխատել։ Պետք է կենցաղային պայմանները մոտեցնել նորմային եւ ձեւավորել հին Երեւան, որը կգտնվի Պռոշյանի եւ Կենտրոնի միջև։ Զբոսաշրջիկները Պռոշյանի օբյեկտներից մեկում կուտեն, կխմեն, հետո կենտրոն կգնան հին Երևանի միջով' թեյելով վերականգնված Չայխանայում։ «Ի վերջո, ի՞նչ է Վենետիկը։ Վենետիկում նույնպես կոյուղի գոյություն չունի … Սակայն բազմաթիվ մարդիկ երազում են ընկնել Վենետիկ»,-ասում է նա։

Կոնդում բնակվող թե՛ երեխաները, թե՛ մեծերը շատ են սիրում իրենց բնակավայրը՝ հաշվի չառնելով կենցաղային պայմանները։

Յոթանասունութամյա Հրանուշ Խաչատրյանը Կոնդի իր տունը համեմատեց հեքիաթի խոնավ ու հին խրճիթի հետ, ուր բնակվում էին մայր ու որդի։ Մայրը որդուն ուղարկում է հարմարավետ տուն կառուցելու վայր ընտրելու։ Տղան, ամբողջ աշխարհը ման գալով, վերադառնում է տուն եւ մորն ասում. «Մեր խրճիթից լավը աշխարհում չկա»։

Արփի Մաղաքյան
Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter