HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հավերժ տնակատերեր

Գյումրիի «Ավտոկայան» տնակային թաղամասում կոշկակար Մուշեղին բոլորը ճանաչում են: 13 տարի Մուշեղ Կիրակոսյանի ընտանիքն այստեղ է ապրել: Երբ 2002թ.-ի սեպտեմբերին բնակարանամուտ էին տոնում «Մուշ-2» թաղամասում, մտքներով անգամ չէր անցնում, թե մեկ տարի անց կրկին դառնալու են «դոմիկի» բնակիչ:

«Սեպտեմբերի 26-ին տեղափոխվեցինք նոր բնակարան, մի քանի ամիս անց հայրս հիվանդացավ,-պատմում է Մուշեղը,-ընձի կթվա հենց էդ տնից էղավ: Մոնոլիտ-բետոնե շենք էր, ջեռուցում չկար, մեր ստացած 3 սենյականոց բնակարանի ընդամենը մի սենյակն էինք կարողանում տաքացնել: Հայրս հիվանդ էր, էդ տանը վիճակն ավելի վատացավ, տեղափոխեցինք հիվանդանոց, իսկ հետո վիրահատության հարցը մեջտեղ եկավ»:

Կիրակոսյանները ստիպված էին վաճառել բնակարանը, որտեղ ընդամենը մեկ տարի էին բնակվել: Մտածում էին գումարի մի մասով հիվանդանոցային ծախսերը հոգալ, ավելացած գումարով էլ երկու սենյականոց բնակարան գնել: Սակայն Գյումրիում թափ առած «Բնակարանների գնման վկայագիր» ծրագրի շնորհիվ բնակարանների գները կրկնակի աճել էին, ու իրենց ունեցած գումարով մեկ սենյակնոց անգամ չէին կարող ձեռք բերել:

«Էն ժամանակ, այսինքն' 2003-ին, մենք բնակարանը վաճառեցինք 3.800 դոլարով,-պատմությունը շարունակում է Մուշեղի կինը' Վարդուհին,-տարբեր տեսակի ծախսեր հոգալուց հետո ձեռքներիս մնաց 2000 դոլարից էլ պակաս գումար, էդ ժամանակ տներն արդեն թանկացել էին, մեկ սենյականոցը վաճառում էին 2.800-ից 3.500 դոլարով: Բնակարան գնել չկարողացանք, ու որպեսզի դուրսը չմնանք, 300 դոլարով մեր նախկին թաղում «դոմիկ» առանք, մնացած գումարն էլ կամաց-կամաց ծախսեցինք»:
Կիրակոսյանների ընտանիքում մեծանում է երեք երեխա: Երեքն էլ ծնվել են դոմիկում: Երեխաներից մեծը 11 տարեկան է, փոքրը' 3: Կիրակոսյանների եկամուտը մեծ չէ' երեխաների նպաստն ու Մուշեղի համեստ վաստակն է, մի կերպ յոլա են գնում:

«Տուն մտնող գումարն էնքան քիչ է, որ կուտակելու, տուն առնելու կամ սարքելու մասին խոսք լինել չի կարող,-մտահոգվում է տիկին Վարդուհին,- որեւէ մեկին պահանջ ներկայացնել էլ չենք կարող: Մենք պետությունից մեր հասանելիք բնակարանը ստացել ենք արդեն, պիտի չվաճառեինք, բայց հանգամանքները մեզնից զորեղ էին: Չնայած, որ աշխատանք ունենայինք, շատ հնարավոր է, որ էդ քայլին չգնայինք, ու հիմի երեխեքս տուն կունենային: Մեկ-մեկ լոտո կառնինք, էն էլ հեչ բան չի խաղա»:

Կիրակոսյանների նմանները քիչ չեն Գյումրիում: Միայն թե այս մասին առայժմ չի բարձրաձայնվում, քանի դեռ անօթեւանների մի ստվար բանակ սպասում է բնակարանի իր հերթին:
Նմանատիպ իրավիճակում հայտնված ընտանիքները տնակ են ձեռք բերում քաղաքի երկու խոշոր տնակային թաղամասերում, որոնք իրացման տեսանկյունից առայժմ չեն հետաքրքրում իշխանություններին:

Իրականում, կրկնակի անօթեւանի պիտակը կրող ընտանիքները չեն էլ կարող լինել իշխանությունների մտահոգության առարկան, քանզի պետությունը նրանց հանդեպ իր պարտքը կատարել է, եւ նրանք դուրս են մնում բնակարանի սպասող ընտանիքների հերթացուցակից:

Հաշվի առնելով այս տխուր իրողությունը, Կարմիր Խաչի ֆինանսավորմամբ կառուցված շենքերը 2000թ.-ին բնակիչներին բաշխվում էին պայմանագրային կարգով, ըստ որի բնակիչը պարտավոր էր տնակը վերադարձնել պետությանը, եւ 5 տարվա ընթացքում արգելվում էր բնակարանի առք ու վաճառք կատարել:

2001թ.-ին Գյումրիի քաղաքապետարանին կից ստեղծվեց մի կառույց, որը զբաղվում է հանձնված տնակների տեղահանման ու քանդման գործընթացով: Ըստ երեւույթին, կառույցն այնքան էլ նախանձախնդրորեն չի վերաբերվում իր աշխատանքին, քանզի մարդիկ շարունակում են ձեռք բերել քանդման ենթակա տնակները բնակության նպատակով: Կիրակոսյանները նշեցին, որ բնակարան ստանալիս իրենք տնակը հանձնել են, որն անմիջապես քանդվել է:

Գյումրին երբեւէ կձերբազատվի՞ տնակներից: Այս հարցադրմանը տարիներ շարունակ տրվել է լավատեսական «այո» պատասխանը: Սակայն 1988-ի դեկտեմբերի 7-ի ահեղ երկրաշարժից (որը խլեց 25 000 մարդու կայնք) 17 տարի անց էլ տնակները քաղաքի անբաժան մասն են կազմում:
Երկու խոշոր տնակային թաղամասերը' «Ավտոկայան» եւ «Ֆանտաններ» կոչվող, թերեւս դեռ մի քանի տարի կպահպանեն իրենց գոյությունը: Ներկայումս Գյումրիում տնակներում ապրող ընտանիքների թիվը հայտնի չէ: Նրանք ժամանակին, որպես փոխհատուցում, պետությունից ստացել են բնակարան, սակայն կարիքից դրդված կամ այլ պատճառներով վաճառել են ու կրկին հայտնվել տնակում: Սրանք հավերժ տնակատերեր են' իրենց կամքով, ոչ պարտադրված:

«Ի՞նչ պիտի անեին, եթե այս տնակը չկարողանային գնել» հարցին ամուսինները միայն ուսերը թոթվեցին. «Պատկերացում չունեմ, թե ապագայում ինչ է լինելու, ամեն գիշեր էդ մտածմունքն է»,-պատասխանեց Վարդուհին:

«Ի՞նչ են անելու, երբ հերթը հասնի տնակային թաղամասերի իրացմանը» հարցի պատասխանը չունի տնակում բնակվող ոչ մի ընտանիք:

Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter