HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Ո՞վ» և «ո՞ւմ հետ» հարցերը պատուհաս են դարձել մամուլի համար

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները նախորդների նման չեն լինելու. կմեծանա հասարակական վերահսկողությունը, և ամեն ինչ կլուսաբանվի: Այլ հարց է, թե դա ինչ ազդեցություն կունենա ընտրությունների արդյունքների վրա: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

Նրա կարծիքով՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մեծ խառնաշփոթ է. լրագրողները փորձում են ներս մտնել տարբեր բաց դռներից, ինչը հիմք է դառնում տարբեր ասեկոսեների, ենթադրությունների, մեկնաբանությունների համար:

Հ.Ավետիքյանի խոսքերով՝ վերջին 4 տարվա ընթացքում շատ բան է փոխվել. ակտիվացել են ինտերնետն ու սոցցանցերը: Ընտրությունների ժամանակ նույնպես խառնաշփոթ է լինելու, բայց այժմ շատացել են խաղացողները: Եթե խաղում են լրատվամիջոցները, խաղում են նաև քաղաքական ուժերը, սակայն այսօր փոխվում են նաև խաղի կանոնները:

Հ.Ավետիքյանի խոսքերով՝ հեռուստաընկերությունները ուղղորդված են, և ընտրությունների ժամանակ կկատարեն իրենց քարոզչական դերը, սակայն ամբողջ գործընթացը վերահսկել նրանք չեն կարող: Հստակ ուղղորդված է նաև գովազդը:

«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի համոզմամբ՝ հստակ որոշված է, թե որ ԶԼՄ-ները պետք է զբաղեցնեն www.circle.am վարկանիշային կայքի առաջին 12-ից 13-րդ տեղերը, իսկ կայքի բոլոր տվյալները խեղաթյուրված են: Այդ ԶԼՄ-ներն ունեն իրենց հստակ առաքելությունը և ցանկանում են թելադրել իրենց քաղաքականությունը: Իսկ տարբեր նորաբաց կայքերը ապահովում են ոչ թե բազմազանություն, այլ միմյանց կրկնօրինակում են:

Հ.Ավետիքյանի խոսքերով՝ Հայաստանում տպագիր մամուլը երբեք այնքան վատ վիճակում չի եղել, որքան այսօր: Տպագիր մամուլը, որն ունի որոշակի ազատություններ, չի կարողանում դրանք իրացնել: Նվազել են նաև լավ աշխատելու հնարավորությունները:

Մ.Մովսեսյանի խոսքերով՝ մամուլը պետք է պատասխանի «ո՞վ», «ե՞րբ», «ի՞նչ», «որտե՞ղ» հարցերին: Այնինչ այսօր այն պատասխանում է երկու հարցի՝ «ո՞վ» և «ո՞ւմ հետ»: Նրա կարծիքով՝ այդ հարցերը դարձել են պատուհաս և խոչընդոտում են մամուլի գործունեությանը:

Հ. Ավետիքյանը հույս ունի, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո ԶԼՄ-ների դաշտում պատկերն ավելի կհստականա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter